close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխան Սաղաթելյանը թվարկեց «Դիմադրություն» շարժման հաջողությունները

Քաղաքական

14 Հունիսի 2022, 22:53
 Իշխան Սաղաթելյանը թվարկեց «Դիմադրություն» շարժման հաջողությունները

Այսօր այստեղ ենք մի շարք կարևոր հարցերի պատասխանելու, որոշումներ ընդունելու համար։ Միասին։

Այդ որոշումները պետք է ապահովեն մեր Շարժման հետագա ընթացքը, զարգացումը, նպատակների վերջնական իրագործումը։ Նպատակը նույնն է՝ կանխել Արցախի հայաթափումը և Հայաստանի թուրքացումը, չեզոքացնել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, իսկ դրան հասնելու համար նախ պետք է հեռացնել չարիքի իշխանությանը, ձևավորել ազգային  իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ և բարեկեցիկ  երկիր: Ուստի շարժման նպատակը և առաքելությունը սրբազան են, ու քանի դեռ վերը նշված հարցերը չեն լուծվել, շարժումը դադար չունի:

Բայց սկզբի համար պետք է հասկանանք, թե ինչ ունենք այս փուլում, որտեղ ենք հասել, ինչ բացթողումներ և ձեռքբերումներ կան, որոնք են ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները։

Սիրելի՛ հայրենակիցներ, կարևոր է հասկանալ, թե այս ընթացքում ինչ է արել այս հրապարակում կանգնած յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի։ Ես այստեղ ուզում եմ շատ անկեղծ լինել։

2021թ. ընտրություններից հետո Հայաստանում ստեղծվել էր մի վիճակ, երբ երկրի գլխավոր պաշտոնը զբաղեցնող անձը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից շարունակ նվաստացնում էր Հայաստանն ու Արցախը, նվաստացնում էր հայ մարդուն,  բայց դրան չէր հետևում հանրային արձագանք, ավելին` նա ասում էր, որ դրա համար ժողովրդից մանդատ ունի:

Մենք ունեինք մի վիճակ, երբ միջազգային գործընկերները կարծում էին, թե Հայաստանում վարվող քաղաքականության հանդեպ չկա դիմադրություն։

Մենք ունեինք մի վիճակ, երբ Հայաստանից լսվում էր միայն ամոթի և պարտության ձայնը։

Եվ ի՞նչ ունեցանք մենք հիմա, մեր այս օրերի արձանագրած արդյունքները՝  

  1. Լաոն՝ հասարակությունը զարթնեց։ Միայն պետական կուրությամբ տառապողը կարող է սա չնկատել։ Վերջնականապես փակվեց այն հարցը, թե  Արցախի և Հայաստանի անվտանգությունը հետաքրքրում է հանրության փոքր շերտերին: Մենք այդ հարցին հստակ պատասխանեցինք: Այս օրերին հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց: Եթե մինչ այդ մարդիկ հուսահատված էին, որ իրենք քիչ են, համախմբված չեն, ապա շարժումը համախմբեց մեր հանրության լայն շերտերին։ Մենք՝ բոլորս միասին, համոզվեցինք, որ մենք հզոր ուժ ենք և կարող ենք իրավիճակ փոխել։
  1. Միջազգային հանրությունը հասկացավ, որ այստեղ կա արժանապատիվ ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած լուծում ու զիջում պարտադրել։
  1. Ձևավորվեց ազգային գաղափարի շուրջ լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ։ Այս հրապարակը այլևս գործոն է:
  2. Թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհի համար փաստվեց, որ օրվա իշխանությունները չունեն երկիրը նոր զիջումների տանելու` ժողովրդի մանդատը:
  1. Ամբողջությամբ կազմաքանդվեցին գործող իշխանության քաղաքական և սոցիալական հիմքերը։ Իշխանության միակ հենարանը մնացել է ՔՊ-ական նեղ շրջանակը և ոստիկական բիրտ ուժը։
  2. Հանրային խոսույթում վերջնականապես ձևավորվեցին այն առաջնահերթությունները, որոնք պետք է ընկած լինեն հայկական պետականությունների հիմքում։
  3. Որքան էլ վարչախումբը հետպատերազմական ժամանակաշրջանում փորձեց հանրությանը տրամադրել նոր պարտության և աշխարհին համոզել, թե հայերը հաշտվել են տեղի ունեցածի հետ, մենք մեր շարժումով հակառակն ապացուցեցինք: Մենք ցույց տվեցինք, որ ունենք մեր 5000-ամյա երթը շարունակելու կամք, վճռականություն  և ներուժ։  
  1. Հայ ժողովուրդը սկսեց հաղթահարել պատերազմում ջախջախիչ պարտության հոգեբանական հետևանքները և կրկին բարձրաձայնել իր ազգային պահանջները։
  2. Գծվեց հստակ ջրբաժանը, մեր ժողովրդի 90 տոկոսը բացահայտ հայտարարել է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
  1. Շարժումն առնվազն այս պահին առնվազն կանխեց և խախտեց նոր կապիտուլյացիա ստորագրելու ժամանակացույցը, և դրանով է պայմանավորված Ալիևի  վախերը:
  1. Մեր շարժումը սկսեց ոտքի հանել արցախահայությանը, սփյուռքը ևս ոտքի կանգնեց: Հայաստան-Արցախ –Սփյուռք եռամիասնությունը վերականգման փուլում է:
  1. Քաղաքական ճգնաժամը դրսևորված է և փաստ, որքան էլ փորձեն այն քողարկել, սա այլևս իրականություն է: Նիկոլի հեռացման հանրային պահանջը հստակ է և աներկբա։

Մի կարևոր ձեռքբերում ևս, որի մասին քիչ ենք խոսում։ Սիրելի՛ հայրենակիցներ, այս բոլոր օրերի ընթացքում, հենց այս հրապարակում, մեր աչքի առաջ, մեր ակտիվ մասնակցությամբ, ձեր նվիրվածության և կամքի շնորհիվ ձևավորվում և բյուրեղանում է ազգային ու պետական կորիզը։ Այս կորիզը դառնալու է նոր որակի հայկական պետականության հիմքը, այս կորիզը դառնալու է մեր պետության իմունիտետը, որը պաշտպանելու է մեզ ամեն տեսակ վարակներից ու հիվանդություններից։

Սիրելի՛ հայրենակիցներ, սրանք բոլորը ձեր ձեռքբերումներն են։  Ձեզանից յուրաքանչյուրն իր հավատով, նվիրվածությամբ, պայքարի ոգով, ինքնազոհաբերությամբ ու վճռականությամբ իրավիճակ փոխեց ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, աշխարհասփյուռ հայերի շրջանում։ Սա մեծ աշխատանք է, որ մենք միասին արել ենք ու դեռ շարունակելու ենք և կրկնապատկելու, մինչև մեր հաղթական ավարտը։

Սակայն մեր գլխավոր խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Հայաստանը դեռևս ղեկավարում է մեր բոլորի համար գոյաբանական վտանգ ներկայացնողը։

Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,

ԱԺ փոխնախագահ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica