close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրավական պետության միֆը. Ռուբինա Պետրոսյան

Հասարակություն

23 Մայիսի 2022, 18:58
 Իրավական պետության միֆը. Ռուբինա Պետրոսյան

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Վերջին 4 տարիներին գործող իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ ՀՀ մայր օրենքի 1-ին հոդվածում ամրագրված` պետության գոյության համար անհրաժեշտ  առաջին երեք բաղադրիչներին լուրջ հարվածներ հասցնելուց  և դրանց էությունը հիմնովին խաթարելուց հետո վերջնական ջախջախիչ հարվածի հերթը, ողջ զինանոցի կիրառմամբ, հասել է չորրորդ՝ «իրավական պետության» բաղադրիչին: Վերջինս դեռևս առանձին ինստիտուտների, անհատների դեմքով փորձում էր փրկել իր գոյությունը և գոնե առերևույթ (prima facie) ներկայանալ այդպիսին:

Այսօր առկա է «իրավական պետության» դե յուրե ամրագրված և դե ֆակտո գործող հատկանիշների բացահայտ և ուղղակի հակազդեցության հետևյալ պատկերը:

Մասնավորապես, իրավունքի գերակայությունը, հանդիսանալով իրավական պետության էությունը, ենթադրում է, որ՝

  • Մարդու իրավունքները սահմանադրորեն ամրագրված, օրենսդրորեն երաշխավորված, համարժեք կառուցակարգային լուծումներով ապահովված ու պաշտպանված պետք է լինեն: ԴԵ ՖԱԿՏՈ՝ «ժողովրդավարության բաստիոն» հռչակված ՀՀ-ում անձը զրկվում է կարծիքի արտահայտման ազատության, հավաքների ազատության իր սահմանադրական իրավունքները անխոչընդոտ իրականացնելու հնարավորությունից և ոչ միայն:
  • Պետք է հարգվի ու երաշխավորվի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: ԴԵ ՖԱԿՏՈ՝ երկակի ստանդարների կիրառում բոլոր ոլորտներում: Ցայտուն օրինակը՝ միևնույն հանցակազմի առկայության մի շարք դեպքերում սուբյեկտով պայմանավորված ընտրվում են խափանման տարբեր միջոցներ և ոչ միայն:
  • Օրենքները և այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, լինեն կանխատեսելի, հստակ, զերծ բացերից ու երկիմաստություններից: Իրավական որոշակիությունը նաև իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլ բաղադրիչների, ապահովվում է նաև վստահությունը հանրային իշխանության և նրա հաստատությունների նկատմամբ: ԴԵ ՖԱԿՏՈ՝  հանրային իշխանությունը վայելում է միայն իրեն հարող շրջանակների վստահությունը, միևնույն հարաբերության կարգավորման համար օրինակ 1 ամսվա ընթացքում կարող են ընդունվել ուղղակիորեն իրար բացառող իրավակարգավորումներ և ոչ միայն:
  • Իշխանության իրականացումը պետք է խարսխված լինի գործառույթների և լիազորությունների ներդաշնակումը երաշխավորելու վրա: ԴԵ ՖԱԿՏՈ՝ իշխանության կենտրոնացում մեկ անձի ձեռքում և օրենսդիր, գործադիր և դատական իշխանության իրականացում մեկ աղբյուրի հրահանգներից:
  • Հանրային իշխանության իրականացման հիմքում պետք է ընկած լինի օրինականության սկզբունքը, պետք է երաշխավորվի կամայականության արգելքի սկզբունքը և հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները: ԴԵ ՖԱԿՏՈ՝ հանրային իշխանության մարմինների լիազորությունների անսահմանափակ հայեցողական ընդլայնում բոլոր ոլորտներում և ոչ միայն:
  • Պետությունը պետք է պոզիտիվ պարտականություն կրի իրավունքների երաշխավորման, ապահովման ու պաշտպանության հարցում և ստանձնի համարժեք հանրային-իրավական պատասխանատվություն, հիմնական իրավունքներին ցանկացած միջամտություն և իշխանության ցանկացած գործողություն պետք է բխի համաչափության սկզբունքից: ԴԵ ՖԱԿՏՈ՝ վերջին մոտ 20 օրերին ականատեսն ենք համաչափության սկզբունքի բացահայտ ոտնահարման, երբ խաղաղ հավաքի ազատության սահմանադրական իրավունքի իրացումը արգելվում է ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ, այդ թվում՝ անչափահասների և պատգամավորական մանդատից բխող անձեռնմխելություն ունեցող անձանց նկատմամբ վարչական ձերբակալմամբ  և ոչ միայն:
  • Իրավական վեճերը պետք է ունենան բացառապես իրավական ճանապարհով արդյունավետ լուծման անհրաժեշտ կառուցակարգեր, արդարադատությունը պետք է լինի անկախ ու անկողմնակալ: ԴԵ ՖԱԿՏՈ՝  ունենք կալանքի միջնորդություններ քննող և կալանքը որպես լռեցնող գործիք օգտագործող «ընտրյալ դատավորներ» և ոչ միայն:

Իրավական պետության և դրա գոյության համար անհրաժեշտ իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորման համար անհրաժեշտ կլիներ վերը նշված և ԴԵ ՅՈՒՐԵ ամրագրված իրավապայմանների փոխպայմանավորված ու փոխլրացնող նաև ԴԵ ՖԱԿՏՈ միաժամանակյա առկայություն: Վստահաբար չկան ոչ բացահայտ (էքսպլիցիտ) սկզբունքներ, որոնք կազմում են Սահմանադրության բաղկացուցիչ մաս և հիմք կհանդիսանան դե յուրե ամրագրված սկզունքների դե ֆակտո շրջանցման և խախտման համար:

ՀՀ Սահմանադրությունն ինքնաբավ է, ուստի, ոչ բացահայտ կամ ենթադրյալ սահմանադրական սկզբունքները չեն կարող դրա մաս կազմել և դառնալ հանրային իշխանության գործունեության ինստիտուտցիոնալ, օրենսդրական հենք:  

Սահմանադրության 3-րդ  հոդվածի համաձայն՝ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք: Սա իմպերատիվ նորմ է և ոչ թե հանրային իշխանության հայեցողությանը թողնված և առանձին դեպքերում  բարի ցանկության դրսևորման հնարավորություն:

Իրավական պետությունը պահանջում է նաև վարել «արժանապատիվ-մարդակենտրոն» քաղաքականություն և դրա գործնական արտացոլում    օրենսդրական դաշտում և հանրային իշխանության գործողություններում:

ՄԻՉԴԵՌ, ԱՅՍՕՐ ՈՒՆԵՆՔ ՍՈՍԿ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՖ: 

ՌՈՒԲԻՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԵՊՀ դասախոս,

իրավաբանական գիտությունների թեկնածու

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica