close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անտոն քեռու ուրվականը Սուրբ Կիրակոս եկեղեցում

Հասարակություն

19 Մայիսի 2022, 14:10
 Անտոն քեռու ուրվականը Սուրբ Կիրակոս եկեղեցում

Դիարբեքիրի Գյավուր թաղի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին 7 տարվա ընդմիջումից հետո վերանորոգվել և բացվել է պաշտամունքի համար։ Բայց քանի որ Գյավուր թաղն ավերվել է, եկեղեցու բացումը դառը ուրախության պատճառ է դարձել։

Վեջդի Էրբայ

Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին այցելեցի այն տարիներին, երբ սկսեցի զգալ, որ տարածաշրջանի քաղաքականության մայրաքաղաք (ինչպես որ ես եմ կոդավորել) Դիարբեքիրը դառնում է մշակույթի և պատմության քաղաք։ Եկեղեցին ավերակ վիճակում էր, իսկ եկեղեցու սպասավոր Անտոն քեռին (Անդրանիկ Զոր) առնվազն նույնքան ավերակ վիճակում էր, որքան՝ եկեղեցին: Սպիտակ բեղերը ծխախոտից դեղնել էին։ Կուզը ցույց էր տալիս, որ նա էլ, եկեղեցու պես, հոգնած ու խարխուլ է։ Ձանձրացած և նյարդային մարդ էր և գուցե հենց այն պատճառով ինձ վրա «իր խաչը Տիգրիս նետած/մոլորված բանաստեղծության կերպարի» տպավորություն թողեց։

Խանչեփեքի եկեղեցին, չնայած իր ավերակ վիճակին, մարդու հետ է տանում հին ժամանակներ՝ հիշեցնելով հայ ժողովրդի ձայներն ու ոտնահետքերը։ Անշուշտ, դատարկության մի զգացում էլ է թողել։ Որովհետև, ինչպես Անտոն քեռին էլ հիշեցրեց, արդեն մարդ չէր մնացել։ Եկեղեցու տերերը ցրվել էին աշխարհի չորս կողմը։

Մի եկեղեցու արկածները

Փաստորեն այցելածս ավերակ եկեղեցու արկածները շատ հին էին․ այն հիմնադրվել էր 14-րդ դարում։ Այս երկարատև արկածների ընթացքում եկեղեցին կիսել է հայ ժողովրդի ճակատագիրը։ Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին, ըստ աղբյուրների, կառուցվել է 1376 թ․ 3 հազար ք.մ. տարածքի վրա։ Կենտրոնական Սուր գավառում, որտեղ հոծ հայ բնակչություն կար, 1880-ականներին այրվել էր Ֆաթիհփաշա թաղամասի եկեղեցին, որն ավելի հայտնի է որպես Խանչեփեք և Գյավուր թաղ: Հրդեհից միայն քարե կառույցն էր կանգուն մնացել։ Հայ ժողովրդի՝ երկու տարվա տրողությամբ աշխատանքներից հետո եկեղեցին վերականգնեց իր գործառույթը։

Եկեղեցու զանգակատունը փլուզվել էր 1913 թ․, կայծակի հարվածից։ Նոր զանգակատունը կառուցվել է Դավիթ Գազարյանի կողմից՝ երկու տարում։ Զանգը պատրաստվել է հայ ժողովրդի նվիրաբերած ոսկու և պղնձի խառնուրդով։ 2015 թ․ հայ ժողովրդի գլխին եկած վայրագություններից եկեղեցին էլ է տուժել: Զանգակատունը մեկ անգամ ևս քանդվել է հրետանու կրակոցից՝ պատճառաբանվելով, թե նա մզկիթի մինարեից ավելի բարձր է։

Օգտագործվում էր որպես շտաբ

Եկեղեցին, որն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանացի զինվորների կողմից օգտագործվում էր որպես շտաբ, հետագայում որոշ ժամանակ օգտագործվելու էր որպես «Սյումեր» բանկի բամբակի պահեստ, և սպասելու էր մինչև 1960 թ․, որպեսզի բացվի պաշտամունքի համար։

Դիարբեքիրում հայ ժողովրդի քանակը 1915 թվականից հետո նվազել է։ 1980 թվականից հետո սկսվել է վերապրածների մեծ արտագաղթը։ 2001 թ․ տեսածս եկեղեցին ցույց էր տալիս միայնակ մնալու ողջ ողբերգականությունը: Եկեղեցին գողերից ու գանձ որոնողներից միայնակ պաշտպանող Անտոն քեռու ներկայությունը չէր կարող կանխել ավերումը։

Եկեղեցին 2011 թ. վերականգնվել է և բացվել պաշտամունքի համար: Մոսկվայում պատրաստված զանգը 2013 թ․ հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցած արարողության ընթացքում դրվել է իր տեղում՝ զանգակատանը։ Դիարբեքիրի քաղաքապետարանը հոգացել էր վերականգնման համար անհրաժեշտ բյուջեի երեսուն տոկոսը, իսկ մնացած գումարը հայթայթել էին հայ համայնքն ու Հայոց պատրիարքարանը:

Աշխարհի բոլոր վայրերից հայեր էին եկել բացման արարողությանը։ Մարդիկ, ովքեր տարիներ առաջ ստիպված գաղթել էին Խանչեփեքից, իրենց թոռներին ցույց էին տալիս իրենց ծնված տունը և փողոցները, որտեղ անցկացրել էին իրենց մանկությունը։

Անտոն քեռին Ստամբուլում պառկած էր հիվանդանոցում։ Սակայն կարող եմ երդվել, որ նա շրջում էր այդ հրաշալի բազմության մեջ՝ իր բարեկամների հետ վերամիավորվելու աննկարագրելի երանությամբ։

2015 թ. Սուրի շրջանում բախումներ սկսվեցին։ Եկեղեցին հայտնվեց ընդհարումների կիզակետում: Հատուկ գործողությունների ոստիկանությունը եկեղեցին օգտագործում էր որպես շտաբ։ Եկեղեցին հերթական անգամ ավերվեց: Հայտնի է դարձել, որ չնայած արգելված գոտում գտնվելուն, եկեղեցուց արժեքավոր մասունքներ են գողացել։

Յոթ տարի անց՝ սպանության վայրում

2015 թ․ հակամարտության հետևանքով մեծ վնաս կրած եկեղեցին կրկին վերանորոգվել Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության կողմից։ Վերանորոգումն ավարտված եկեղեցու բացման արարողությունը տեղի ունեցավ անցյալ շաբաթվա վերջին։ Արարողությանը մասնակցեցին Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ԱԶԿ պատգամավորներ Մեհդի Էքերը, Օյա Էրոնաթը, ԺՀԿ-ի Ստամբուլի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, Դիարբեքիրի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն, ինչպես նաև Ստամբուլից և արտասահմանից ժամանած հայեր։

Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը տեղեկություններ տվեց եկեղեցու պատմության վերաբերյալ։ Նա պատմեց անցյալից մինչ օրս անցկացված վերանորոգումների մասին։  «Հուսով ենք, որ հավերժ կպահպանենք այս եկեղեցին»,- ասաց Այըքը։

Եկեղեցու ներսում և բակում նշանալից թվով բազմություն կար։ Երբ նախարարն ու նահանգապետը լքեցին եկեղեցին, ամբոխը կրճատվեց գրեթե կիսով չափ։ Բացման համար Ստամբուլից եկած հայ ընկերս ասաց. «է՜խ, ամբոխի կեսը ոստիկան էր»։

2013-ի բացման ոգին երևի թե այդ պատճառով 2022-ին չկար։ Մարդիկ մռայլ էին ու հանդիմանում էին. «Իրենց քանդածը նորոգել են ու շնորհակալություն են ակնկալում»։

Եկեղեցին Խանչեփեքի հետ մի ամբողջություն էր։ Երբ Խանչեփեքն ամենքի աչքի առաջ սպանվեց, նա մնաց մենակ, ամբողջականությունը խախտվեց, ուրախությունը վերացավ։ Եկեղեցում պետական պաշտոնյաներին շնորհակալություն հայտնելիս բակում գրեթե հնարավոր էր շոշափել այս զգացումը։ Բոլորը գիտեին, որ 7 տարի անց էլ սպանության վայրում էին:

Պարտադրողականություն, թախծոտ ուրախություն

Խոսակցություններից հասկացվում էր, որ պետական պաշտոնյաները եկեղեցին դիտում են որպես զբոսաշրջության վայր։ Հիշողության վրա բետոն են լցրել, իսկ սպանության վայրում տեղի ունեցած արարողության ժամանակ գովաբանվել է նոր հիշողությունը, որը փորձել են ստեղծել։ Խանչեփեքը, որն այլ կերպ նաև կոչվում է Գյավուր թաղ, իր դառը-քաղցր հուշով ավերվել է, նրա տեղը TOKİ-ի միջոցներով կառուցված տներ են հիմնվել, և ակնկալվում էր, որ մարդիկ պետք է ուրախանան դրանով… Ուրախության հետ միախառնված թախիծը պայմանավորված էր այդ պարտադրողական ձևից։

Համոզված եմ, որ Հալըջըօղլուի՝ հայկական գերեզմանատանը պառկած քեռի Անտոնը նողկում ու զայրանում է՝ նայելով, թե ինչ է կատարվում մի անկյունում։

Ռոբեր Քոփթաշի «Ակօս» թերթում տպագրված «Ինչ-որ տարօրինակ Անդո է մահացել» վերնագրով հոդվածից իմացա, որ դա իրականում Անտոն քեռին է եղել։ Սակայն նախընտրեցի օգտագործել հուշերիս մեջ պահպանված անունը:

https://www.gazeteduvar.com.tr/surp-giragos-kilisesinde-anton-dayinin-hayaleti-haber-1564081

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica