close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիմա թվաքանակն է որոշում՝ լինի՞ Արցախը, թե՞ ոչ, լինի՞ ՀՀ-ն, թե՞ ոչ

Քաղաքական

17 Մայիսի 2022, 19:15
 Հիմա թվաքանակն է որոշում՝ լինի՞ Արցախը, թե՞ ոչ, լինի՞ ՀՀ-ն, թե՞ ոչ

Ժողովրդավարական ներկայիս պահանջների մի մասն ուղղակի մեծ վտանգ է դարձել մեր ազգային պետության եւ ընդհանրապես հայկական պետականության համար: Մեկ անգամ եւս այդ մտքին ես հանգում՝ հետեւելով այս օրերին սկիզբ առած հանրահավաքներին ու բողոքի ցույցերին: Հայկական երկու հանրապետությունները համառորեն ծանր փորձությունների տանող, նրանց գոյությունը մեծ սպառնալիքի տակ ներքաշող եւ իր զանցանքներն այլեւս չթաքցնող իշխանությունների հեռացումը պահանջող քաղաքացիական զանգվածը նպատակին արագորեն չի հասնում թվաքանակի պատճառով: Հիմա թվաքանակն է որոշում՝ լինի՞ Արցախը, թե՞ ոչ, լինի՞ Հայաստանի Հանրապետությունը, թե՞ ոչ: Սա իրոք ժողովրդավարական բացահայտ սպառնալիք է մեր ազգային լինելությանն ու միասնությանը: Մենք հայտնվել ենք չափազանց արտառոց իրավիճակում. ամենքիս գլխին կախված ակնհայտ վտանգները ետ վանելու համար պետք է… փողոցում ցույցի ելնի շատ ավելի մեծ բազմություն, այնպիսին, որի դեմ ոստիկանական եւ այլ ուժեր այլեւս անզոր լինեն պայքարելու, երբ այդ ուժերի պայքարի իրական տեղը երկրի սահմաններն են: Այսինքն՝ հանրահավաքային ու ցուցարարական հոծ զանգված չունենալու պատճառով մենք հանկարծ կարող ենք կորցնել հայկական մեր երկու հանրապետությունները: Բայց սա կատարյալ անհեթեթություն է:

Այսօր մեր ազգային պետության ու միասնականության թիվ մեկ թշնամին ներկա իշխանությունն է, նրա բոլոր քայլերը, դավադրաբար, գիտակցված-համակարգված ձեւով թե տգիտորեն, խարխլում են հայկական ոգով ու արժեքներով կառուցված մեր պետական կազմավորումները: Իսկ պետությունները կարող են գոյել ու զարգանալ, նախեւառաջ, լավ կառավարման շնորհիվ եւ մյուս այն լծակներով, որ գտնվում են իշխանության ձեռքին: Որքան էլ զգաստ ու նվիրյալ լինի հանրությունն իր պետության ու երկրի հանդեպ, նա չի կարող առանց կառավարչական միջոցների լիովին պահպանել հայրենի տիրույթները: Այս տեսանկյունից եւս հրատապ է ներկա իշխանության օտարումը հայկական քաղաքական ու հանրային դաշտից: Հայրենիք եւ ազգային պետություն պահպանելուն ուղղված բոլոր միջոցներն ընդունելի են ու պահանջված, ժողովրդավարական ոչ մի նորմ չի կարող խոչընդոտել հայրենապահությանն ու ազգապահպանությանը:

Մի կարեւոր նկատառում եւս. աշխարհի գրեթե բոլոր հանրություններում ազգային ուժերը մեծամասնություն չեն կազմում. ըստ սոցիոլոգների՝ նրանց թիվը սովորաբար տատանվում է 1/3-ի սահմաններում: Սակայն հենց նրանց գոյությամբ ու գործունեությամբ է պետությունը կայանում որպես ազգային միավորում, եւ երբ հարկ է լինում, արտակարգ իրավիճակներում, նրանց կոչին միանում են բազմահազար օրինավոր քաղաքացիներ, որոնք նույնպես ունեն ազգային նկարագիր, սակայն առօրյա կյանքում հանդես են գալիս սովորական քաղաքացու նկարագրով: Ցանկալի է, որ մեր օրինավոր քաղաքացիները միանան ազգային ուժերին եւ մեր երկրին վերադարձնեն կառավարական ու քաղաքական բոլոր այն միջոցները, որոնք մեզ օգնելու են լինել որպես միասնական, տոկուն եւ կենսունակ ազգ ու երկիր: Եվ որպեսզի ազգային ուժերի համար չլինի այլ քայլերի դիմելու անհրաժեշտություն:

                                                                                                    Հրանտ Ալեքսանյան   

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica