close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարևոր է, որ Արցախյան հակամարտությունը տարանջատվում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից․ Աննա Կարապետյան

Քաղաքական

20 Ապրիլի 2022, 18:13
 Կարևոր է, որ Արցախյան հակամարտությունը տարանջատվում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից․ Աննա Կարապետյան

Հայկական շահերի տեսանկյունից կարևոր է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո հրապարակված Հայտարարության մեջ Արցախյան հակամարտությունը տարանջատվում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։

«Արցախի կարգավիճակին, ճիշտ է, առանձին անդրադարձ չկա, բայց եթե այս Հայտարարությունը համեմատենք վերջին շրջանում առկա գործընթացի և այդ գործընթացում դրված տրամաբանության հետ, որտեղ արդեն խոսվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի կնքման մասին, և ընդհանրապես Արցախի հիմնախնդրի մասին չէր խոսվում, պետք է արձանագրենք, որ, վերջապես, բավական երկար դադարից հետո խոսվում է Արցախյան հակամարտության առկայության և դրա կարգավորման անհրաժեշտության մասին, ինչը Հայաստանի ու Արցախի պետական շահերի տեսանկյունից բավական կարևոր և ուշագրավ է։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Արցախյան հակամարտությունը տարանջատվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից, ինչը շատ կարևոր է»,-ասաց քաղաքագետը։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասով, Աննա Կարապետյանի գնահատմամբ, Հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպմամբ Ռուսաստանը վերահաստատում է մինչ այդ Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը, որ խաղաղության պայմանագրի կնքումը դեռ հեռու է։

«Այստեղ ամրագրվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթաց պետք է լինի և Ռուսաստանը պատրաստ է այդտեղ դերակատարում ունենալ, սակայն, որևէ խոսք չկա խաղաղության պայմանագրի կամ դրա հիմքում դրվող սկզբունքների և այս ընթացքում քննարկվող այլ դետալների մասին»,-նշեց քաղաքագետը։

Հայատարարության մեջ անդրադարձ կա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչաձին՝ արձանագրելով, որ կողմերը «հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։

Աննա Կարապետյանը նկատեց, որ երկու գործընթացների միահյուսման հետ գործ ունենք։

«Մի կողմից՝ համանախագահ երկրներից յուրաքանչյուրը փորձում է իր սեփական դերակատարումը մեծացնել․ այստեղ պետք է հասկանանք, որ Արևմուտքը միասնական դիրքերից է հանդես գալիս, չնայած վերջերս ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները առանձին-առանձին Հայաստան այցելեցին, բայց այսօր խոսում ենք Արևմուտքի միասնական դիրքորոշման հետ, և նրանք, կարծես թե, փորձում են ձևաչափի փոփոխության գնալ, գործընթացն առաջ մղել  Բրյուսելի ֆորմատով՝ Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն եռակողմ ձևաչափով։ Եվ Ռուսաստանն էլ իր հերթին հակադրվում է այս գործընթացին, և նույն այս Հայտարարության մեջ տեղ գտած դրույթներն ամրագրումն են այն բանի, որ չնայած Բրյուսելում փորձ արվեց նույն՝ կոմունիկացիաների խնդիրը, նույն՝ դեմարկացիայի խնդիրը, նույն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումների ու բանակցությունների խնդիրը տեղափոխել Եվրամիության միջնորդության ձևաչափեր, բայց այս Հայտարարությամբ վերահաստատվում է, որ, ամեն դեպքում, Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա և Ռուսաստանի միջնորդությամբ պետք է այս գործընթացներն առաջ մղվեն»,-ասաց քաղաքագետը։

Դրան զուգահեռ, նշեց նա, մենք կրկին տեսնում ենք հղումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, և ստացվում է, որ մի կողմից համանախագահողները՝ այս դեպքում Արևմուտքը և Ռուսաստանը, մրցակցում են այս գործընթացներում և փորձում են միմյանց դուրս մղել, բայց մյուս կողմից  կամուրջները վերջնականապես չեն այրում և թողնում են այն թելը, որից իրավիճակի փոփոխության պայմաններում կկարողանան բռնվել և այդ ձևաչափը վերականգնել։

Հայտարարությունից Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի ավելի մեծ ինտեգրման տպավորություն է ստեղծվում։

Քաղաքագետը համոզված է, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ու այս Հայտարարության մեջ տեղ գտած տրամաբանությունը ավելի շատ Արևմուտք-Ռուսաստան մրցակցության մասին է, քան թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների։

«Կարծես թե սա Ռուսաստանի պատասխանն էր Արևմուտքի վարած քաղաքականությանը, և ցույց է տալիս, որ չնայած Հայաստանի գործող իշխանության դեպի Արևմուտք ռևերանսներին, չնայած Արևմուտքի ջանքերին՝ Հայաստանը տանել դեպի Արևմուտք, ամեն դեպքում, Հայաստանը հավատարիմ է մնալու Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերություններին և խորացնելու է այդ հարաբերությունները»,-ասաց Աննա Կարապետյանը։  

Նա պատահական չհամարեց, որ Հայտարարության մեջ տեղ են գտել դրույթներ, որոնք կարելի է մեկնաբանել որպես գնահատական ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դեպի Արևելք, և այս հարցում Հայաստանը սատարում է Ռուսաստանին։

«Այնտեղ կա նաև ձևակերպում, որ միջազգային կառույցներում Հայաստանն ու Ռուսաստանը պետք է նույն դաշտում դիտարկեն իրենց դիրքորոշումները․ սա, ըստ էության, հղում է ՄԱԿ-ում Հայաստանի անհասկանալի քվեարկություններին։ Այսինքն, սրանով Ռուսաստանը ցույց է տալիս, որ ամեն դեպքում Հայաստանն իր դաշնակիցն է և հարկ եղած դեպքում հակասությունների պարագայում Հայաստանը կանգնելու է Ռուսաստանի կողքին»,-ասաց նա։

Երբ  կնքվեց Ռուսաստան-Ադրբեջան համաձայնագիրը՝ տպավորություն ստեղծվեց, որ Ռուսաստանը փորձում է հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև և երկուսն էլ արդեն կոչվում են դաշնակից-գործընկերներ, նկատեց քաղաքագետը, բայց այս Հայտարարությամբ ընդգծվեց, որ Հայաստանն առանձնաշնորհյալ է և Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները կրկին ավելի բարձր մակարդակի վրա դրվեցին, քան Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները։

Աննա Բալյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica