Ինչ մենք երեկ լսեցինք, հայհոյանք էր, և ակնկալում եմ պատշաճ քրեական գործընթաց․ Արծվիկ Մինասյան
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը, երբ նեղանում է հողատու կամ հող հանձնող արտահայտությունից, մի կողմից ինձ լավատեսություն է ներշնչում․ ինչո՞ւ, որովհետև նշանակում է մարդը հասկանում է, թե ինչքան վատ բան է, բայց խնդիրն այն է, որ հող հանձնել, հող տալ, վերադարձել արտահայտությունն ինքներդ եք ամրագրել այն փաստաթղթում, որի մասին անընդհատ խոսում են ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը․ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-հայտարարությանը, որում սևով սպիտակի վրա գրված է, որ մի շարք շրջաններ, որոնք Արցախի իրավազորությունների ներքո են, ՀՀ-ը փոխանցում է կամ վերադարձնում է Ադրբեջանի Հանրապետությանը․ սրանք տարածքեր են, հողեր են, որոնք հանձնվում են թշնամի պետության վերահսկողությանը»,-ասաց նա։
«Իշխանությունն արդեն 4 տարի է՝ դուք եք, իշխանությունն արդեն 4 տարի է՝ Նիկոլ Փաշինյանինն է, 4 տարվա ընթացքում որևէ քրեական գործ հարուցվե՞լ է այդ նույն հիմնավորմամբ ։ Գլխավոր դատախազն օրուգիշեր կառավարությունում է, ինչի՞ չեք պարզում՝ ովքեր են եղել այն պետական դավաճանները, որոնք պատրաստ են եղել հողեր հանձնել։ Այն, ինչ մենք երեկ լսեցինք, հայհոյանք էր, և ակնկալում եմ, որ քրեական վարույթ իրականացնող մարմինները պետք է իրականացնեն պատշաճ գործընթաց»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։