close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի քայլերը և ՀՀ-ի՝ Թուրքիայի հետ «լավ ապրելու» լյումպենային ծրագիրը

Հասարակություն

8 Փետրվարի 2022, 21:11
 Իրանի քայլերը և ՀՀ-ի՝ Թուրքիայի հետ «լավ ապրելու» լյումպենային ծրագիրը

Իրանցիների պատկերացմամբ Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային հանգույցը`  ՀՀ  Սյունիքի մարզով անցնելիք հյուսիս-հարավ մայրուղին է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը` անդրադառնալով այն լուրերին, թե Իրանը  որոշել է Պարսից ծոցից  Սև ծով ձգվող էներգետիկ միջանցքի համար չօգտվել Նախիջևանի տարածքից։

«Իրանցիները այդ հանգույցի կարևորագույն բաղադրիչ են դիտարկում ՀՀ Սյունիքի մարզով անցնելիք հյուսիս-հարավ մայրուղին։ Հետևաբար՝ Նախիջևանի վերաբերյալ բոլոր խոսակցությունները անտեղի  և անհիմն են. իրանցիները Հայաստանը դիտարկում են որպես այլընտրանք թուրք-ադրբեջանական` արդեն փաստացի ռազմաքաղաքական տարածքի։ Ուստի, Նախիջևանից նման ծրագրի անցկացումն իրանական այլընտրանքը չի ապահովելու։ Այդ մասին երկու անգամ  Armenpress-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ ասելով` իրանցիները դիտարկում են հայկական հյուսիս-հարավ մայրուղին որպես տրանսպորտային հանգույցի կարևորագույն բաղադրիչ։ Կարելի է այդ խնդիրը փակված համարել,  բայց դա չի նշանակում` իրանցիները  չեն պատրաստվում օգտագործել (եթե այն գործարկվի) իրանական Ջուլֆա, նախիջևանյան Ջուղա, հայկական Երասխ երկաթգիծը, Հայաստանի հետ կապն ապահովելու համար»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Անդրադառնալով`Հայաստանում Իրանի ռազմաքաղաքական, տնտեսական ներկայության հզորացմանը, իրանագետի կարծիքով` Իրանը որոշակի քայլեր է կատարում։

«Խոսքը Սյունիքի մարզում  իրանական ներկայությունը մեծացնելու մասին է, այդ ներկայության մեծացումն էլ իրականացվում է մի քանի փուլով։ Առաջինը` տնտեսական ներկայության մեծացումն է. գիտենք`Հայաստան-Իրան հարաբերություններում չափազանց կարևորվում է Մեղրու ազատ տնտեսական գոտու կենսագործունեության սկսելը, իրանցիները այդ գոտին նաև դիտարկում են ոչ միայն երկկողմ տնտեսական հարթակ Հայաստան-Իրան հարաբերությունների համար, այլև Իրան-ԵԱՏՄ տնտեսական հարթակ։ Երկրորդ` դիվանագիտական ներկայացուցչության բացումն է Կապանում. Իրանում արդեն հաստատվել է այդ դիվանագիտական ներկայացուցչության բացման ծրագիրը։ Երրորդ` իրանական ռազմական ներկայությունն է Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով, ընդ որում՝ այն հատվածներում, որտեղ ադրբեջանցիները հայտնվել են մեր տարածքների բռնազավթման հետևանքով։ Իրանական կողմը դա դիտարկում է որպես Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական նկրտումները զսպող հանգամանք։ Իրանցիներն օգտագործում են իրենց ունեցած ամբողջ գործիքակազմը»,- ասաց բանախոսը։

Ըստ Վարդան Ոսկանյանի` Իրանը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ անվտանգային սերտ գործակցություն` հաշվի առնելով հակաահաբեկչական պայքարի հնարավորությունները։ Իրանցիները սա դիտարկում են չափազանց կարևորև Հայաստանի համար  շատ օգտավետ կլինի, եթե կարողանանք անվտանգային, ռազմական տիրույթում Իրանի հետ ծավալել համագործակցություն, անշուշտ, այդ համագործակցությունը համադրելով հայ-ռուսական նման համագործակցության հետ, որ տեղի չունենա շահերի բախում։

Անդրադառնալով տարածաշրջանում թուրքական գործոնի հզորացմանը և վերջինիս  հանդեպ ցուցաբերած Իրանի վերաբերմունքին՝ իրանագետն ասաց, որ Իրանը թուրքական ծավալապաշտական քաղաքականության վրա ազդելու սահմանափակ գործիքակազմ ունի։

«Այս տարածաշրջանում Թուրքիան ունի օպերատոր` ի դեմս Ադրբեջանի, Ադրբեջանը թուրքական պետության շարունակությունն է, ինչպես ասում են Թուրքիայի կույրաղիքն է Այսրկովկասում։ Ադրբեջանի միջոցով է Թուրքիան իրականացնում այս տարածաշրջանում իր ծավալապաշտական նկրտումները։ Դրան հակազդելու համար իրանական կողմը կարիք ունի Հայաստանի օժանդակությանը։ Թե ինչ է արվում այս ուղղությամբ, դա այլ խնդիր է, բայց  իրանցիները շատ կուզենային Հայաստանին տեսնել գործընկեր, նաև Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին դիմադրելու համար։ Եթե հաշվի առնենք այն, որ թուրքական ներկայությունից խանդավառ չէ նաև ՌԴ-ն, ապա, կարծում եմ, կարող էր ստեղծվել եռակողմ համագործակցության ձևաչափ, որը միտված կլիներ առաջին` ՀՀ անվտանգության ապահովմանը, երկրորդ` միջազգային նշանակություն ունեցող տրանսպորտային ծրագրերի  իրականացմանը: Բայց, ցավոք սրտի, նման համագործակցություն չի ձևավորվում. Հայաստանի գործող իշխանությունը կարծես թե  հակված է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը։ Ընտրել են մի ուղղություն, որը, ըստ էության, չի կարող ապահովել ՀՀ անվտանգությունը։ Պատրանքները, թե Թուրքիայի հետ հնարավոր է հասնել  հարաբերությունների այնպիսի մակարդակի, որը ի նպաստ Հայաստանի կլինի, դա իրատեսական չի կարելի համարել»,- ասաց Վ.Ոսկանյանը։

Իրանագետը մանրամասնում է, թե ինչու՞ Թուրքիայի հետ հարաբերությունները իրատեսական չեն։ Ըստ նրա` ՀՀ բոլոր քաղաքացիներն անխտիր ուզում են տեսնել հզոր, զարգացող և այս տարածաշրջանում իր ուրույն դիմագիծը ունեցող պետություն. թուրքական կողմը արդյո՞ք նման պետություն ուզում է։

«Թուրքական, ադրբեջանական կողմերին որևէ դեպքում հարկավոր չէ հզոր, այս տարածաշրջանում ուրույն խոսք ասող Հայաստանի Հանրապետություն։ Ցանկացած գործընթաց, որը միտված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միջոցով Հայաստանը իբր հզորացնելու, ի սկզբանե դատապարտված է։ Մենք գործ ունենք  երկու պետականության ծրագրերի բախման հետ. հայկական պետականության ծրագիրը, որը բյուրեղացվել է դեռևս Արտաշես Մեծի տարիներից, և թուրքական պետականության ծրագիրը, որի շոշափուկները հասել են Այսրկովկաս ի դեմս Ադրբեջանի դեռևս 1918 թ., երբ այս արհեստածին պետությունը ստեղծվեց թուրքական սվինների օգնությամբ։ Ուստի հայ-թուրքական հարաբերությունների միջոցով տնտեսական զարգացման հասնելը, Հայաստանի անվտանգության ապահովումը, Հայաստանը միջազգային ծրագրի բաղադրիչ դարձնելը ակնհայտ պատրանքային բնույթ ունեն. որևէ պարագայում թուրքական կողմը նպատակ չունի նման ուղությամբ գնալու։ Ուստի մենք ունենք այլընտրանքներ, դրանք վերաբերում են Իրանին, Ռուսաստանին։ Որևէ մեկը կարո՞ղ  է ասել՝ արդյո՞ք հայ-իրանական բաց սահմանը օգտագործվում է իր ամբողջ պոտենցիալով։ Չի՛ օգտագործվում։ Իրանը տնտեսական հնարավորություններով, հումքային հնարավորություններով` Թուրքիային ոչնչով չզիջող, այլև երկրորդ հատվածում Թուրքիային բազմակի անգամ գերազանցող պետություն է։ Մեր հասարակության պարանոցին փորձում են փաթաթել Թուրքիայի հետ «լավ ապրելու» լյումպենային ծրագիրը։ Դասական օրինակ է Վրաստանը։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունի հրաշալի հարաբերություններ, բաց սահմաններ, ծով և այլն, բայց արդյո՞ք Թուրքիայի հետ առևտուր անող Վրաստանն ավելի լավ է ապրում, քան ՀՀ-ն։ Ըստ էության, օրակարգը սխալ է ձևակերպված. ՀՀ-ի համար թիվ մեկ օրակարգը պետք է լինի մեր պետության անվտանգությունը՝ հիմնված մեր դաշնակիցների և բարեկամների հետ հարաբերությունների զարգացման վրա, այլ ոչ թե թուրքական կողմի հետ սիրախաղերի գնալը»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։

Ինչպե՞ս են իրանական աշխարհում ընկալվում փաշինյանական «խաղաղության դարաշրջանի» պատկերացումները՝ հարցին իրանագետը պատասխանեց, որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ որևէ մեկը չի կարող լինել, հետևաբար, եթե Հայաստանից  ամենաբարձր մակարդակով գնում են հարաբերությունների կարգավորման, ապա իրանցիները չեն կարող վեր կենալ և հայտարարել` դեմ են դրան։

«Դիվանագիտական մակարդակում Իրանի դիրքորոշումը քաջածանոթ է բոլորիս։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղին անցնում է հետևյալ  գործողության միջով. ՀՀ բանակի ամրապնդում և մեր անվտանգային համակարգի լիարժեք վերականգնում։ Խաղաղության դարաշրջանները կարող են ի հայտ գալ բացառապես հայկական բանակի հաղթանակների պայմաններում, ոչ թե խաղաղություն մուրալով կամ աղերսելով։ Դա ոչ միայն անիրական է, այլև անպատվաբեր»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։ 

                                                                                                   Լենա Կարապետյան

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica