close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր բանակը վերանվաճում է տարածաշրջանային անվտանգության առանցքային երաշխավոր գործոնի իր դիրքերը. Արթուր Դավթյան

Քաղաքական

28 Հունվարի 2022, 15:16
 Մեր բանակը վերանվաճում է տարածաշրջանային անվտանգության առանցքային երաշխավոր գործոնի իր դիրքերը. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի 30-ամյակի առթիվ:

Ուղերձում ասվում է. «Դատախազության ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։

Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է, պետականակերտման գործընթացում մեր ժողովրդի ամենակարևոր նվաճումներից մեկը, որ կայացման իր անցած հերոսական ճանապարհով դարձել է մեր ազգային ինքնության անքակտելի մասնիկը:

Ինչպես արցախյան առաջին ազատամարտի ընթացքում, այնպես էլ 2016թ. քառօրյա և 2020թ. 44-օրյա պատերազմում մեր բանակի բազմաթիվ շարքային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ տվել են անձնազոհության ու սխրանքի, հայրենանվիրության, պետականասիրության և պարզապես մարդկային արժանապատվության այնպիսի դասեր, որոնք հպարտության և խոնարհումի խորը զգացումներ են հարուցում ցանկացած հայորդու հոգում, օրինակ ծառայում բանակի շարքերը համալրող նորակոչիկների համար և լրացնում են մեր ռազմի պատմության փառահեղ էջերը:

Հազարավոր նվիրյալ զավակների կողմից ներդրված ջանքերի, ժողովրդի կողմից զրկանքներով արված մեծ զոհողությունների գնով Հայոց բանակը շարունակում է իր ամրացման ընթացքը՝ պահպանելով նոր հաղթանակների մարտական ոգին, ամոքելով վերջին պատերազմում ստացած վերքերը, վերարժևորելով անցած ուղին, անհրաժեշտ բարեփոխումների միջոցով ամրապնդելով իր մարտունակությունը: Այն վերանվաճում է տարածաշրջանային անվտանգության առանցքային երաշխավոր գործոնի իր դիրքերը, իսկ տարբեր տարածաշրջաններում խաղաղապահ առաքելությունների շրջանակներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմով, արագ արձագանքման կարողությամբ ապացուցում է որպես կուռ, մոբիլ համակարգ լինելու ներուժը:

Իբրև պետական մեծագույն արժեք՝ Ազգային բանակը Դատախազության հատուկ հոգածության ներքո է ներքին կարգուկանոնի, կանոնադրական հարաբերությունների, իրավակարգի անշեղ պահպանման, հանցավորության դեմ պայքարի, այս ամենով հանդերձ՝ զինվորի և սպայի համար ծառայության անվտանգ, բնականոն միջավայրի ապահովման տեսանկյունից: Զինված ուժերում արատավոր և հանցածին բարքերն արմատախիլ անելը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական շահերի, զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, քրեական արդարադատության իրականացումը, մեզ համար մնում են այս ոլորտի լիարժեք առաջնայնություն՝ որպես բանակաշինության կարևոր բաղադրիչ:  

Հայոց բանակին մաղթում եմ հաջողություններ ռազմական ներուժի հզորացմանը, ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածության ապահովմանը, բովանդակային ու կառուցվածքային վերափոխումներին ուղղված բոլոր նախաձեռնություններում: Մեր զինծառայողներին՝ սկսած ժամկետայիններից մինչև բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ցանկանում եմ անվրդով ծառայություն խաղաղ երկնքի ներքո:   

Հավերժ հիշատակ հանուն մեր հայրենիքի ընկած բոլոր հայորդիներին:

Փա՜ռք մեր հերոսական բանակին»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica