close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի նախագահը հրաժարական է տվել. ևս մեկ հետընթաց Հայաստանի համար

Հասարակություն

26 Հունվարի 2022, 00:06
 Հայաստանի նախագահը հրաժարական է տվել. ևս մեկ հետընթաց Հայաստանի համար

Կիրակի առավոտյան արթնացա ցնցող, բայց ոչ անսպասելի լուրից․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է իր հրաժարականի մասին, գտնվելով արտասահմանում, ամենայն հավանականությամբ՝ Լոնդոնում, մոտ չորս տարի պաշտոնավարելուց հետո։

Նախագահին ճանաչում եմ 30 տարի: Նա շատ կրթված մարդ է՝ բազմաթիվ ձեռքբերումներով՝ ֆիզիկոս, համակարգչային մոդելավորման մասնագետ, հաջողակ գործարար, դիվանագետ և քաղաքական գործիչ (ՀՀ նախկին վարչապետ և նախագահ):

Սարգսյանը ծնունդով Հայաստանից է, ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտական աստիճաններով, իսկ այնուհետև դարձել իր մայր բուհի ֆիզիկայի դոցենտ: 1982 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և դարձել Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր։ Նա այնուհետև աշխատել է որպես այդ համալսարանի բարդ ֆիզիկական երևույթների համակարգչային մոդելավորման ամբիոնի վարիչ:

1991 թվականին՝ Հայաստանի անկախացումից անմիջապես հետո, Սարգսյանը դարձավ երկրի առաջին դեսպանը Լոնդոնում։ Նա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1996 թվականի նոյեմբերից մինչև 1997 թվականի մարտը։ Քաղցկեղից ապաքինվելուց հետո նա նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահի հատուկ խորհրդական, իսկ 1998 թվականից մինչև 2000 թվականը՝ ՎԶԵԲ-ի կառավարիչ։ Նա աշխատել է Հարվարդի և Չիկագոյի համալսարանների, ինչպես նաև մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների դեկանատում և խորհրդատվական խորհրդում:

2018-ին նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանին առաջարկեց Արմեն Սարգսյանի թեկնածությունը որպես իր իրավահաջորդ՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց քիչ առաջ, որը քննադատում էր նրա թեկնածության առաջադրումը։

Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահ դարձավ փոփոխված Սահմանադրությամբ, որը նրան տալիս էր արարողակարգային դեր՝ առանց քաղաքական որոշումներ կայացնելու իրավունքի։ Նա ուներ ընտրություն՝ կա՛մ հաստատել Փաշինյանի առաջարկած նշանակումները և խորհրդարանի կողմից ընդունված օրենքները, կա՛մ դրանք ներկայացնել Սահմանադրական դատարան։

Նախագահի պաշտոնում Սարգսյանին վստահվել էր Սահմանադրության դրույթների պահպանման ապահովումը։ Նա պետք է նրբանկատորեն նավարկեր Հայաստանի խիստ լարված քաղաքական մթնոլորտում և խիստ պառակտված հասարակությունում։ Չնայած իր պաշտոնի սահմանափակումներին, նա օգտագործեց իր միջազգային քաղաքական և գործարար լայն կապերը Հայաստանի հետ հարաբերությունները խթանելու և արտասահմանյան ներդրումները խրախուսելու համար: Նա այցելեց մեկ տասնյակից ավելի երկրներ՝ բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնելով իր պաշտոնավարման ընթացքում։

Միևնույն ժամանակ, Սարգսյանը ենթարկվել է Փաշինյանի համախոհների անխնա քննադատությանը, որոնք առիթը բաց չէին թողնում խաթարելու նրա հեղինակությունն ու գործողությունները։ Նա հարձակման է ենթարկվել նաև ընդդիմադիր խմբերի կողմից։ Շատ ավելի քիչ հասկանալի էր դավադրության տեսության սիրահար հայերի կողմից անընդհատ թմբկահարումը, որոնք նրան մեղադրում էին բրիտանական լրտես լինելու մեջ՝ առանց որևէ փաստացի հիմքի: Այս մարդիկ պետք է որ մոռացած լինեն՝ Բրիտանիան այլևս մեծ տերություն չէ։ Նա կորցրել է իր հսկայական կայսրությունը, որտեղ «արևը երբեք մայր չէր մտնում»: Ներկայումս Մեծ Բրիտանիան մի երկիր է, որն ունի իր սեփական բազմաթիվ քաղաքական ու տնտեսական խնդիրները, և այն վիճակում չէ, որ խառնվի Հայաստանի ներքին գործերին։

2019 թ. նախագահ Սարգսյանի  հետ իր աշխատասենյակում ունեցած մասնավոր հանդիպման ժամանակ նա ինձ խոստովանեց չարախոսների կողմից մշտական քննադատությունների և իր գործունեությունը խաթարելու շարունակական փորձերի մասին։

Բոլորս հիշում ենք, որ Արմեն Սարգսյանը հաջորդ օրվա թերթերից էր տեղեկացել, որ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախյան պատերազմի ավարտին ստորագրել էր կապիտուլյացիոն հայտարարությունը։ Փաշինյանը նվազագույն քաղաքավարություն չէր ունեցել՝ տեղեկացնելու Հայաստանի նախագահին իր ծանրակշիռ որոշման մասին՝ ոչ այդ հայտարարությունը ստորագրելուց առաջ, ոչ էլ դրանից հետո։

Նախագահ Սարգսյանը փորձել է հաղթահարել երեք առանձին խմբերի՝ Փաշինյանի կուսակիցների, ընդդիմության և դավադրության տեսության սիրահար ամբոխի ստեղծած խոչընդոտները։ Նրան խիստ քննադատության են ենթարկել՝ իր ստորագրության համար Փաշինյանի կողմից ներկայացված որոշ հրամանների կամ խորհրդարանի իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների դեմ առարկելու համար։ Ամենամեծ բողոքը բարձրացավ 2020 թ․ աշնանը՝ Արցախյան ավերիչ պատերազմից անմիջապես հետո, երբ նա հրապարակայնորեն հորդորեց Փաշինյանին հրաժարական տալ։

Իր հրաժարականի հայտարարության մեջ նախագահ. Սարգսյանը դժգոհել է, որ ինքը և «երբեմն ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա»:

Ավելին, իր հրաժարականի հայտարարության մեջ նախագահ Սարգսյանը մատնանշել է. «այն պարադոքսալ իրավիճակը, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն.... Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը»:

Բացատրելով իր սահմանափակ լիազորությունների պատճառով Հայաստանում «ներկայիս ազգային ճգնաժամի» դեմ պայքարելու իր անկարողությունը՝ նախագահ Սարգսյանն իր հայտարարությունը եզրափակել է զգուշացումով, որ Հայաստանը կհայտնվի «պատմության լուսանցքում։ Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք...»։

Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն այժմ նախագահի պաշտոնակատարն է մինչև նոր նախագահի ընտրությունները՝ Սարգսյանի հրաժարականից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 35 օր հետո։

Սահմանադրությունը նաև նախանշում է խորհրդարանի կողմից նոր նախագահի ընտրության գործընթացը. նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի խորհրդարանի անդամների առնվազն 25 տոկոսը։ Նախագահ է ընտրվում նա, ով ստանում է պատգամավորների ձայների առնվազն 75 տոկոսը։ Եթե ոչ մի թեկնածու չի հավաքում ձայների 75 տոկոսը, ապա անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որի ընթացքում կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։ Երկրորդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է խորհրդարանի ընդհանուր թվի ձայների առնվազն 60 տոկոսը։ Չընտրվելու դեպքում անցկացվում է երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները։ Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է խորհրդարանի ձայների պարզ մեծամասնությունը։

Նախագահի թեկնածուն պետք է լինի 40 տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող։ Նախագահի պաշտոնավարման ժամկետը յոթ տարի է։ Նա չի կարող վերընտրվել:

Նոր նախագահին կընտրեն խորհրդարանում վարչապետի կուսակիցները, քանի որ նրանք կազմում են պատգամավորների մեծամասնությունը: Ես մտավախություն ունեմ, որ Փաշինյանի կողմից կատարված մյուս նշանակումների նման, որպես հաջորդ նախագահ կընտրվի ոչ որակյալ մի անձնավորություն, ինչը մեկ անգամ ևս կհաստատի կուսակցական քաղաքականության նրա նախընտրությունն ընդդեմ ազգային շահերի։ Պետական խիստ անհրաժեշտ զսպումներ և հակակշիռներ հաստատելու փոխարեն՝ փաշինյանամետ նախագահ ընտրելն ավելի կամրապնդի բացարձակ իշխանությունը, որը վայելում է մեկ մարդ՝ վարչապետը: Նա հաստատեց մեր ամենավատ մտավախությունները, երբ 2022 թվականի հունվարի 24-ին իր ասուլիսում ասաց. «Նախագահը, կառավարությունը և խորհրդարանի մեծամասնությունը պետք է քաղաքական ներդաշնակություն ունենան»։ Այլ կերպ ասած, զսպումների և հակակշիռների փոխարեն Փաշինյանը նախընտրում է միանձնյա իշխանությունը։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica