close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ հիմա, հաշտեցումը՝ հետո․ Վահրամ Տեր-Մաթևոսյանը նոր մոդել է առաջադրում

Քաղաքական

25 Հունվարի 2022, 22:10
 Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ հիմա, հաշտեցումը՝ հետո․ Վահրամ Տեր-Մաթևոսյանը նոր մոդել է առաջադրում

Հայաստանի պետական ամբողջ քաղաքականության, ինչպես նաև հատուկ ներկայացուցչի նպատակը պետք է լինի հետևյալ մոդելի որդեգրումը՝ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ հիմա, հաշտեցումը՝ հետո»․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայ-թուրքական հարաբերությունների այսպիսի մոդել առաջադրեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։ 

«Այս բանաձևով եթե կարողանան առաջ ընթանալ, ապա շատ-շատ խնդիրներ հնարավոր կլինի կա՛մ նվազեցնել, կա՛մ էլ որոշակի լծակներ ձեռք բերել, որպեսզի դրանք վերահսկողության սահմաններում պահվեն»,-վստահ է նա։

Վահրամ Տեր-Մաթևոսյանը, փաստորեն, Թուրքիայի հետ «հարաբերությունների կարգավորումը» տարանջատում է «հաշտեցումից» և համարում, որ պետք է ոչ թե մտնել հաշտեցման բարդ ու դժվարընթաց բանակցություններ, այլ պարզապես կարգավորել հարաբերությունները՝ դիվանագիտական ներկայացուցչություններ բացել, երկկողմ քաղաքական ու առևտրատնտեսական կապեր հաստատել՝ զուգահեռ քննարկելով հաշտեցման ուղին, որը կարող է տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ տևել՝ Ցեղասպանության ճանաչման ու հատուցման, սահմանների ճանաչման կամ կիսաճանաչման բաղադրիչներով։

Հաշտեցման փուլում արդեն Հայաստանը պե՞տք է նախապայման առաջադրի՝ Վահրամ Տեր-Մաթևոսյանի դիտարկմամբ՝ կախված է իշխող քաղաքական ուժի օրակարգից։

«Ցեղասպանության հարցում իշխող քաղաքական ուժի օրակարգը բանակցությունների սեղանի շուրջ ես չգիտեմ, սակայն գիտեմ, որ Հայաստանի շահերից է բխում հայ-թուրքական սահմանի բացումը, իսկ սահմանի բացումը Թուրքիայի  առաջնահերթությունների թվում շատ ավելի հետին նշանակություն ունի, և իրենց համար կարգավորման գործընթացում շատ ավելի առաջնային է զգայուն պատմաքաղաքական հարցերի շուրջ Հայաստանից ձևակերպումներ կամ հայտարարություններ կորզելը։ Ուրեմն, հայկական կողմը պետք է որդեգրի «առաջնային կարգավորումը՝ հիմա, հաշտեցումը՝ հետո» բանաձևը»,-ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Սակայն դատելով հայ և թուրք բանագնացների հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունից, որն ավելի դետալային էր, քան Հայաստանինն ու Թուրքիայինը, ցավոք, նշված ճանապարհով չենք գնում։

«Կարծես էլի գնում ենք 2009-ի հայ-թուրքական արձանագրությունների մեթոդաբանությամբ՝ երկու փոխադարձ հղումներով փաստաթղթեր, հաշտեցման ու կարգավորման գործընթացը մեկ զամբյուղի մեջ դրված, որն ավելի բարդ պրոցես է։ Այդ պատճառով, եթե երկու քաղաքական ղեկավարների կողմից կա կամք դիվանագիտական հարաբերությունների ձևավորման ուղղությամբ, ապա դա պետք է անել մեկ էջի վրա՝ ընդամենը նշելով, որ երկու երկրները հաստատում են դիվանագիտական հարաբերությունները և սկսում խորհրդակցություններ»,-համոզված է Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Հակառակ դեպքում, երբ երկու կողմերը մտնեն հարաբերությունների կարգավորման ու հաշտեցման գործընթացի մեջ միաժամանակ, հաջողության հասնելու հավանականությունը էլի կբարդանա։

Այս մասին է վկայում նաև այն ինֆորմացիան, որը Թուրքիայից է գալիս․ փաստորեն, այնտեղ ևս հայերի հանդեպ բավականին բացասական մթնոլորտ կա՝ հանրային տրամադրությունները շարունակում են հակահայկական մնալ։ Հանրային կարծիքի հարցումները, որոնք այս տարվա սկզբին հրատարակվեցին Քադիր Հաս համալսարանի կողմից, բացահայտում են, որ Թուրքիայի հանրության համար Հայաստանը համարվում է անվտանգության ամենամեծ մարտահրավերը՝  հարցվածների մոտ 60 տոկոսը Հայաստանը համարում է թիվ մեկ սպառնալիքը։

«Վերջին տարիների ընթացքում առաջին անգամն էր, երբ Հայաստանը առաջին հորիզոնականում էր: Երկար տարիներ Հայաստանը եղել է եռյակի մեջ, սակայն այս անգամ Հայաստանն  ԱՄՆ-ից էլ է առաջ անցել։ Պատճառները շատ ավելի խորն են ու 13-14 տարի ադրբեջանական թեզերի անկաշկանդ հոսքը թուրքական ինֆորմացիոն տարածք, այդ գործոններից ընդամենը մեկն է»,-եզրակացրեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որը հետևեց Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպմանը, մասամբ բացում է հարցերի այն շրջանակը, որի շուրջ բանակցային գործընթացը ծավալվել է։

«Այդ առումով՝ ՌԴ հայտարարության մեջ կար այսպիսի մի ձևակեպում, որ՝ կողմերը պայմանավորվել են առայժմ քննարկել փոքր քայլերը, ապա մեծ խնդիրները թողնել ապագային։ Կարծում եմ՝ հենց այստեղ են թաքնված շատ հարցերի պատասխաններ։ Սա, իհարկե, ենթադրում է, որ առաջին փուլում հստակեցվել է մեթոդաբանությունը, որով կողմերը պետք է առաջ շարժվեն»,-նկատեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Փոքր քայլերը, նրա կարիքով, տեխնիկական բնույթի հարցերն են՝ ․ դիվանագիտական առաքելությունների հնարավոր հիմնադրում, սահմանային անցակետերի բացում, ռեժիմների սահմանում, ինչպես նաև անցակետերի բացման պրոտոկոլների ստորագրում, և նմանատիպ այլ տեխնիկական բնույթի հարցեր։

«Գրեթե վստահ եմ, որ քննարկումները գնալու են հենց այս ուղով, որին հետևելու է ծանր հարցերի քննարկումը, որը գալու է ավելի ուշ․ դրանք են հենց Ցեղասպանության հարցի քննարկումը իր բազմաշերտությամբ, մի շարք այլ ածանցյալ հարցեր, այն է՝ Ցեղասպանության ճանաչման գործընթաց, Թուրքիայի կողմից 2009 թ-ի արձանագրությունների ձևակեպումներին վերադարձ այս կամ այն փաթեթավորմամբ, և որոշ ձևակերպումների առաջ մղում, որոնք մերժվել են 2008-09 թթ.: Չեմ պնդում, որ ձևակերպումները հենց այդպես էլ տեղ կգտնեն ապագա փաստաթղթերում, բայց, կարծում եմ, այստեղ մի շարք ասպեկտներ կան, որոնք ցանկալի է, որ հայկական կողմը նկատի ունենա»,-ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Այս գործընթացում նա Հայաստանի ձեռքին նոր ի հայտ եկած մեթոդաբանական լծակ է տեսնում նաեւ Արցախի հարցում հայանպաստ առաջընթաց ապահովելու համար։

Վահրամ Տեր-Մաթևոսյանի առաջարկը հետևյալն է․ հիմա Հայաստանից ակնկալում են էական քայլեր դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ, իսկ դրանից հետո նաև տրանսպորտային միջոցների աշխատանքի ապահովում, բայց Հայաստանն այժմ ունի հնարավորություն այդ ամենը չանել՝  քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը չի լուծվել։

«Այսինքն, գլխիվայր շուռ է տրվում ամբողջ բանակցային այն զսպաշապիկը, որ տարիներ շարունակ պարտադրել են Հայաստանին․ եթե նախկինում Հայաստանից Արցախի հարցում զիջում էին ակնկալում, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, այս անգամ Հայաստանի ձեռքին է այդ լծակն ի հայտ եկել՝ պետք է դեմարկացիա-դելիմիտացիան, հաղորդակցական ուղիների բացումը երկրորդի Արցախի կարգավիճակի ճանաչմանը։ Իսկ եթե Հայաստանի այս պայմանը չբավարարեն՝ հաղորդակցական ուղիներն էլ չեն բացվի ու Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապ չի ունենա»,-նշեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Սա, իհարկե, շատ բարդ կոմբինացիա է և քաղաքական կամք է պետք այս պրոցեսի մեջ մտնելու ու բանակցային հնարները կիրառելու կամ փորձարկելու համար, որպեսզի Հայաստանի համար ցանկալի «գորդյան հանգույց» ձևավորվի, ստեղծվի  քաղաքական շահերի ու ակնկալիքների մեկ այլ շերտ։ Այն նաև կբազմազենցնի օրակարգը: Հակառակ դեպքում, սահմանազատման ու հաղորդակցության բացման երկու շատ բարդ գործընթացները կարող են այնպիսի հետևանքներ ունենալ, որոնք մի քանի սերունդ չկարողանան կարգավորել։

Աննա Բալյան

«Արծվաշեն» խայծի մասին
16 Մայիսի 2022, 23:12 «Արծվաշեն» խայծի մասին
Մի՛ շեղէք սլաքները
16 Մայիսի 2022, 22:11 Մի՛ շեղէք սլաքները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica