close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2022-ին ՀՀ կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն կտրամադրի Արցախին. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

24 Հունվարի 2022, 17:56
 2022-ին ՀՀ կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն կտրամադրի Արցախին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված  Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը:

Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,  վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Արցախի ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը և Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ, 

Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Մենք Արցախի հետ մեր համագործակցության շատ կարևոր  փուլում ենք: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը շատ ավելի մեծ ակտիվությամբ է մասնակցում Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Եվ, եթե ես ճիշտ եմ հիշում, Արցախի՝ 2022 թվականի տարեկան բյուջեն աննախադեպ չափեր ունի, ինչն, ըստ էության, բնական է, որովհետև հետպատերազմական  վերականգնումը, նախ, շատ կարևոր է և, բնականաբար, շատ ջանքեր պիտի մեզնից պահանջի: Եվ ես սա բնականոն եմ համարում:

Ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին: 2021 թվականին այդ թիվը գերազանցել է 100 մլրդ դրամը: Շատ կարևոր է, և մենք բազմիցս ենք քննարկել, որ հընթացս զուտ սոցիալական հնարավոր ճգնաժամի կառավարման փուլից անցնենք զարգացման տրամաբանության և փորձենք մեր համագործակցությունը տեղավորել հենց այս տրամաբանության մեջ, որ զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում:

Շատ ուրախ եմ այս քննարկման համար: Ի դեպ, այս թեմայով սա մեր առաջին այսպիսի քննարկումը չէ: Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, դրանց մի մասը զուտ աշխատանքային են եղել, չեն էլ լուսաբանվել, մյուս հատվածը նաև լուսաբանվել է: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ ծրագրերն արդյունավետ են իրականացվում:

Ուզում եմ հիշեցնել նաև, որ պատերազմից  հետո, բնականաբար, շատ մեծ մտավախություններ ունեինք՝ կապված սոցիալական վիճակի, մնացած ամեն ինչի հետ: Իհարկե, պարզ է, որ սոցիալական իրավիճակը ոչ միայն Արցախում, Հայաստանում մեր երազածի նման չէ, բայց խոսքը գնում է ընդհանուր առմամբ իրադրության կառավարելիության մասին: Մանավանդ այսօր շատ է քննարկվում նաև սոցիալական իրավիճակը, գնաճը. քովիդով պայմանավորված, ըստ էության, գլոբալ երևույթ է, և մենք չենք կարող առանձին վերցրած դիտարկել խնդիրը:         

Մեր այս ամեն ինչին ավելացան նաև պատերազմը, պատերազմի հետևանքները: Եվ այդ առումով կարող ենք արձանագրել, որ առնվազն մենք իրադրությունը համատեղ ջանքերով կարողացել ենք որոշակի կառավարելիության տիրույթում պահել, որպեսզի հետպատերազմական իրավիճակում հումանիտար ճգնաժամեր չառաջանան»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica