close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երրորդ համաշխարհային պատերազմի ամենաիրական վտանգը՝ Կուբայից 60 տարի անց. ՆԱՏՕ-ն զորքեր է տեղակայում ՌԴ սահմանների մոտ

Աշխարհ

24 Հունվարի 2022, 17:52
 Երրորդ համաշխարհային պատերազմի ամենաիրական վտանգը՝ Կուբայից 60 տարի անց. ՆԱՏՕ-ն զորքեր է տեղակայում ՌԴ սահմանների մոտ

ՆԱՏՕ-ի դաշնակիցները ուժերը պատրաստության վիճակի են բերում և լրացուցիչ տեխնիկա ուղարկում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի տեղակայման վայրեր՝ Ռուսաստանի հետ լարվածության աճի ֆոնին. ասվում է դաշինքի պաշտոնական կայքում:

Մասնավորապես՝ Դանիան ռազմանավ է ուղարկում Բալթիկ ծով և պատրաստվում է չորս F-16 կործանիչներ ուղարկել Լիտվա։ Իսպանիան նավեր է ուղարկում՝ ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին միանալու համար և դիտարկում է կործանիչները Բուլղարիա ուղարկելու տարբերակը։ Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ զորքեր ուղարկել Ռումինիա։ Նիդերլանդները ապրիլից Բուլղարիա կուղարկի երկու F-35 կործանիչ, ինչպես նաև մեկ նավ և ցամաքային ստորաբաժանումներ կբերի ՆԱՏՕ-ի պահեստային արձագանքման ուժերի համար։

«Ես ողջունում եմ դաշնակիցներին, որոնք լրացուցիչ ուժեր են տրամադրում ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները բոլոր դաշնակիցներին պաշտպանելու համար, այդ թվում՝ Դաշինքի արևելյան հատվածի ուժեղացման միջոցով: Մենք միշտ արձագանքելու ենք մեր անվտանգության միջավայրի ցանկացած վատթարացմանը, այդ թվում՝ ուժեղացնելով մեր հավաքական պաշտպանությունը»,- այս առիթով ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը։

Իր հերթին` ՌԴ-սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորակազմի ավելացմանն արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«ՆԱՏՕ-ի հայտարարությունները զորքերի ավելացման և ուժերն ու միջոցները դեպի արևելյան թև քաշելու մասին ուժեղացնում են անվտանգության ոլորտում լարվածությունը։ Ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին, մենք ձեզ հետ տեսնում ենք այն հայտարարությունները, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքը հրապարակում է կոնտինգենտի ավելացման և արևելյան թևում ուժերն ու միջոցները կենտրոնացնելու մասին: Այս ամենը հանգեցնում է նրան, որ լարվածությունն աճում է», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը:

«Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի չի ունենում այն պատճառով, ինչ մենք՝ Ռուսաստանը, անում ենք։ Այս ամենը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների արածի պատճառով և այն տեղեկատվության, որ նրանք տարածում են», - ընդգծել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտում լարվածության աճին նպաստում է նաև «տեղեկատվական հիստերիան», որը ԱՄՆ-ն ու դաշինքում նրա դաշնակիցները սկսել են։

Հիշեցնենք, որ արևմտյան ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածում ՌԴ-ի` Ուկրաիանայի վրա հարձակվելու վերաբերյալ: Իր հերթին, ՌԴ-ն սա որակում է որպես անհիմն մեղադրանքներ` միևնույն ժամանակ Բելառուսի հետ համատեղ լայնածավալ զորավարժություններ սկսելով:

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հավանաբար, Կուբայի` 1962 թ. ճգնաժամից ի վեր երրորդ աշխարհամարտի ամենամեծ սպառնալիքն է. այդ ժամանակ միջուկային հարվածների պատրաստ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը կարողացան իրավիճակը թուլացնել:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica