close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հպարտ եմ, որ այս գաղափարն իրագործեցիք. հիմնադրվել է Կիմ Խաչատրյանի անվանական կրթաթոշակային ծրագիրը

Հասարակություն

23 Հունվարի 2022, 21:58
 Հպարտ եմ, որ այս գաղափարն իրագործեցիք. հիմնադրվել է Կիմ Խաչատրյանի անվանական կրթաթոշակային ծրագիրը

Կիմը մարտիկ էր, գաղափարական ընկեր, ուսանող, ով միշտ պատրաստ էր իր կրթությամբ ու կյանքով պայքարել հանուն հայրենիքի, և դա էր պատճառը, որ մենք որոշեցինք հիշատակման այս ձևն ընտրել, այն է՝ ամեն տարի Կիմ Խաչատրյանի անվանական կրթաթոշակի մրցույթ հայտարարել. իր ելույթում նշեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ, Կիմ Խաչատրյանի մանկության, կուսակցական ու մարտական ընկեր, բժիշկ Հայկազ Հարությունյանը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ հունվարի 21-ին «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ազատամարտիկ, ՀՅԴ ՆԱՈւՄ-ի  անդամ, Հայկական բժշկական իստիտուտի 5-րդ կուրսի ուսանող Կիմ Խաչատրյանի անվանական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը: Առաջին մրցույթի հաղթողներն էին ՀՀ Ամերիկյան համալսարանի ուսանողուհի Արմինե Պապիկյանը, ՀՀ Կառավարման ակադեմիայի ուսանողուհի Վեռա Գալստյանը և Հայաստանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Նարե Պետրոսյանը, ովքեր և արժանացան անվանական կրթաթոշակին։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, ով նաև ՀՅԴ ՀԳՄ Ազատամարտիկների հանձնախմբի անդամ է և մասնակցել է Արցախյան առաջին գոյամարտին, իր ելույթում նշեց, որ այս պատերազմի ընթացքում, երբ արդեն որոշակի տարիք է առել, երիտասարդներին նայում է ծնողի հայացքով, դողալով է նայում։

«Հիմա ամենքս պարտավոր ենք հիշել Կիմի ու հազարավոր մյուս հայորդիների սխրանքները: Ես հույս ունեմ, որ ուժեղ ու հայրենատեր երիտասարդները շտկելու են այն վիճակը, որում այսօր հայտնվել է մեր հայրենիքը»,- ասաց Իգոր Սարգսյանը։

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հիշողության մեջ էլ Կիմը տպավորվել է որպես համեստ, դաստիարակված ու կամային անձնավորություն։ Լիլիթ Գալստյանը նշեց՝ Կիմի ու նրա նման տղաներին մենք ոչ միայն լույս ենք պարտք, այլև վրեժ ու հզոր հայրենիք, և յուրաքանչյուրս, այդ գիտակցումն ունենալով, պետք է մեր ուժերի ներածին չափով մեր ներդրումն ունենանք, որպեսզի հասնենք այդ օրվան։

Կիմ Խաչատրյանի հայրը՝ Սիմոն Խաչատրյանը, ով ևս ներկա էր միջոցառմանը, ներկաներին փոխանցեց իր հպարտության զգացումները. «Ես «Ռազմագիտություն» առարկան եմ դասավանդում և միշտ կարևորել եմ կրթության դերը մեր պետականաշինության գործում։ Երբ ինձ ասացին, որ ուսանողների մեջ գաղափար է հղացել Կիմի անունով կրթաթոշակներ տրամադրել, չեք պատկերացնի՝ ինչ հպարտություն ապրեցի։ Նրանք, ովքեր կամավորագրվել են, հենց այդ օրից, հենց այդ վայրկյանից են հերոս, ինչպես հայտնի երգում է ասվում։ Ես հպարտ եմ, որ Կիմն իմ զավակն է, հպարտ եմ, որ այս գաղափարն իրագործեցիք, հպարտ եմ ձեզանով, իմ Կիմի՛ ընկերներ»,— ասաց Սիմոն Խաչատրյանը՝ նշելով, որ նախորդիվ Կիմ Խաչատրյանի անվան մեկ այլ ծրագիր ևս իրականացվել էր կրթության ոլորտում, որի միջոցով մի շարք դպրոցների գրատախտակներ էին բաժանվել։

Սիմոն Խաչատրյանն իր խոսքը եզրափակելիս վստահեցրեց՝ Կիմի ընկերների կողմից իրականացվող այսպիսի ծրագրերն իրենց ընտանիքին շունչ և ուժ են տալիս։

 

Հիշեցնենք, որ Կիմ Խաչատրյանը զոհվել էր 2020 թ. հոկտեմբերի 31-ին՝ Արցախի հյուսիսային սահմանների պաշտպանության ժամանակ: Նա առաջնագիծ էր մեկնել ՀՅԴ կամավորական վաշտերից մեկի կազմում ընդգրկվելով։

Շնորհալի, կյանքում ազգային արժեքներով ու ավանդույթներով առաջնորդվող, հայրենիքն անսահման սիրող Կիմը ծնվել է 1995 թ. մարտի 17 ին՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում, 2001-2012 թթ. սովորել և ավարտել է Արենիի միջնակարգ դպրոցը։ 2013-2015 թթ. ծառայել ՀՀ զինված ուժերում (Մեղրիում)։ Նպատակ ուներ ուսումն ավարտելուց հետո մասնագիտական գործունեությունը ծավալել հայրենի գյուղում, հիմնել  ատամնաբուժարան։

Հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի օրը, Կիմը հրապարակել էր ուսուցչի հետ իր լուսանկարը և գրել. «Ուսուցչի օրը... Իմ կյանքին սթափ նայելու ու հայրենիքի հանդեպ պարտքի զգացում սերմանած ուսուցիչ։ Քո դասերից է, որ հիմա ամաչում եմ քաղաքացիական հագուստով ման գալ»: Իսկ ռազմաճակատ մեկնելու օրը Կիմը սոցցանցի իր էջում հրապարակել էր հետևյալ բանաստեղծությունը. 

Բախտը մեկն է զինվորի`

Կամ մահ, կամ ազատություն։

 

Վառոդդ պահիր միշտ պատրաստ ու չոր,

Նշանահատիկդ միշտ ճշտված պահիր,

Որ գնդակն անցնի ճիշտ սրտի միջով,

Եվ նրան հանձնի անաչառ մահին:

 

Կռվի մեջ չկա գթության խնդիր,

Եվ ոչ էլ խղճի գերակայություն,

Խղճիդ հետ երբեք դաշինք մի կնքիր

Այլապես խիղճդ կդառնա քեզ թույն:

 

Թշնամուցդ ավելի եղիր անողոք,

Լուծիր հնացող ցավը վրեժի,

Թող քեզ չհուզեն կական ու բողոք,

Երբ քո խնդիրը մահն է հրեշի:

 

Թող որ թշնամիդ անիծի զարկդ,

Ոսոխիդ մայրը թող քեզ նզովի,

Բազուկդ սակայն կօրհնի քո ազգը,

Եվ քաջությունդ երգով կգովի:

Ստորև ներկայացնում ենք Կիմ Խաչատրյանի՝ Yerkir.am-ին տված վերջին հարցազրույցը՝ զինվորական վարժանքի վայրից.

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica