«Նեոօսմանիզմը» չի կարող լինել Արևմտյան Բալկանների ապագան. Դենդիաս
Տարածաշրջան

Արևմտյան Բալկանները պետք է նայեն ապագային, ոչ թե անցյալին. հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Կոսովոյի իր գործընկեր Դոնիկա Գերվալայի հետ հանդիպումից հետո։
«Տարածաշրջանի բոլոր երկրների միջև լավ հարաբերությունները կարևոր են»,- ասել է նա՝ հավելելով, որ միակ ճիշտ ճանապարհը եվրոպական ուղին է և լուսավոր արժեքների ընդունումը, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։
«Անհնար է վերադառնալ 19-րդ դար, ոչ մի կերպ հնարավոր չէ ընտրել նեոօսմանիզմը, որը կարծես թե ձևավորվում է մեր հարևանությամբ», - ասել է Դենդիասը:
Նա նշել է, որ Հունաստանը միշտ կաջակցի տարածաշրջանում համագործակցության և խաղաղության կամուրջներ կառուցելու ջանքերին և, որպես Բալկանների առաջին երկիր, որը միացել է ԵՄ-ին, իրեն պարտավորված է զգում օգնելու ողջ տարածաշրջանին` դառնալու եվրոպական ընտանիքի մաս: