close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ է փնտրում «Զվարթնոց»-ի մաքսավորը. ՊԵԿ-ը մանրամասնում է խնդիրը

Հասարակություն

20 Հունվարի 2022, 09:02
 Ի՞նչ է փնտրում «Զվարթնոց»-ի մաքսավորը. ՊԵԿ-ը մանրամասնում է խնդիրը

«Ի՞նչ է փնտրում «Զվարթնոց»-ի մաքսավորը բոլոր ուղևորների ձեռքի ուղեբեռում» հրապարակմամբ անդրադարձել էինք «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող զանգվածային ստուգումներին և հայտնել, որ վերջին շրջանում ուղևորները բախվում են աննախադեպ մի երևույթի՝ մարդկանց համատարած քշում են «կարմիր միջանցք» և խուզարկում կամ, ժարգոնային բառամթերքով ասած, «շմոն» անում՝ ստուգելով ձեռքի ուղեբեռները: Նշված երևույթի առնչությամբ հարցում էինք ուղարկել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ են փնտրում ՀՀ ժամանող ուղևորների ձեռքի ուղեբեռներում և ինչո՞ւ են ինքնաթիռի բոլոր ուղևորներին անխտիր քշում օդակայանի  կարմիր միջանցք ու խուզարկում ուղեբեռները, ինչն առաջացնում է հերթեր, անհարմարություններ, արդյունքում՝ հենց առաջին րոպեներից մեր հանրապետությունը թողնում է բռնատիրական պետության տպավորություն և այլն: 

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը գրավոր պատասխանով ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է խնդրին առնչվող՝ ԵԱՏՄ և ՀՀ մաքսային ամբողջ օրենսդրությունը, ըստ որոնց՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տարածքում սահմանված են մաքսային հսկողության գոտիներ, իսկ ԵԱՏՄ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ենթակա են մաքսային հսկողության: Շ. Ներսիսյանը ներկայացրել է նաև ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված և ԵԱՏՄ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում կիրառվող երկուղի («Կանաչ», «Կարմիր») համակարգը՝ հավելելով, որ «Զվարթնոց» օդանավակայանում գործում է   երկուղային համակարգ, և համաձայն ՀՀ կառավարության 2003 թ. որոշման՝ եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղի ընտրած ուղևորի մոտ առկա են գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մինչև ուղևորի կողմից «Կանաչ» ուղու մուտքը հատելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը կարող է կանգնեցնել նրան և առաջարկել տեղափոխվել «Կարմիր» ուղի:

ՊԵԿ-ից խնդրել էինք տրամադրել նաև վիճակագրական տեղեկություններ, թե նման խուզարկությունների արդյունքում որքան մաքսատուրք է գանձվել 2021 թվականին՝ այն պարագայում, երբ ԵԱՏՄ երկրների դեպքում անգամ մաքսատուրք գոյություն չունի: ՊԵԿ-ն այդ առիթով հայտնել է, որ երկուղային համակարգի «Կանաչ» ուղի ընտրած և մաքսային մարմնի պաշտոնատար անձի առաջարկով «Կարմիր» ուղի տեղափոխված ուղևորներից իրականացված գանձումների առանձնացված հաշվառում չի իրականացվում, ուստի  դրա վերաբերյալ վիճակագրական տվյալներ առկա չեն։

Իհարկե, շնորհակալ ենք տիկին Ներսիսյանին՝ օրենսդրությունը նման հանգամանալից ներկայացնելու համար, բայց, այդուհանդերձ, մեզ և ուղևորներին մտահոգող հարցերի պատասխանները չկան ՊԵԿ-ի գրավոր պատասխանի մեջ: ՊԵԿ-ն իր արձագանքում, փաստորեն, չի ժխտում մեր մատնանշած երևույթը և անպատասխան է թողնում հիմնական հարցը ՝ ինչո՞ւ են բոլոր ուղևորներին քշում «Կարմիր» միջանցք և անխտիր զննում ձեռքի ուղեբեռները՝ այն դեպքում, երբ մաքսային ծառայության ներկայացուցիչները քաջ գիտեն, որ բազմաթիվ չվերթեր հենց ԵԱՏՄ երկրներից են տեղի ունեցել, որոնց հետ ՀՀ-ն գտնվում է մեկ միասնական մաքսային տարածքում: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ՊԵԿ-ի իմացությամբ, գուցե՝ չիմացությամբ, օդանավակայանում կատարվել է ինչ-որ օլիգարխ(ներ)ի խնդրանքը՝ «ինչ-որ մի շրջան ուղևորների քթից բերել, որ սեփական կենցաղային գործածման իրեր չբերեն դրսից, որ իրենք փող աշխատեն»: Գուցե ՊԵԿ-ի՝ օդանավակայանի ներկայացուցիչները որոշել են ինչ-որ մի շրջան «տակից կամ կողքից» փո՞ղ կպցնել՝ դարձյալ ուղևորների «քթից բերելու» հաշվին:

Ինչևէ: Հուսով ենք՝ ՊԵԿ-ի ղեկավարությունն առավել քան հետամուտ կլինի, որ սույն խնդիրը ընդմիշտ վերանա, օդանավակայանը ստանա քաղաքակիրթ տեսք, իսկ քաղաքացիները ծառայություններից օգտվեն հարգանքի և արժանապատվության մթնոլորտում:

 

Վ. Սարգսյան

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica