close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գիրք ընդդեմ վեհ գաղափարների. «Սպիտակ թուղթ»-ը` ջնջոց, որ ջնջում է հայրենասիրությունն ու ապրումակցումը և թմրեցնում թուրքական սպառնալիքը (մաս 2)

Քաղաքական

10 Հունվարի 2022, 12:07
 Գիրք ընդդեմ վեհ գաղափարների. «Սպիտակ թուղթ»-ը` ջնջոց, որ ջնջում է հայրենասիրությունն ու ապրումակցումը և թմրեցնում թուրքական սպառնալիքը (մաս 2)

Տեր-Պետրոսյան-Լիպարիտյան թեզերը շարադրված են «Սպիտակ թուղթ»-ում.

«Արտաքին քաղաքականության օրակարգից հանել Ցեղասպանության ճանաչման եւ Ցեղասպանության հատուցումների պահանջները»:

«Հեղինակները չեն տեսնում անկախության (Արցախի) հավանականություն՝այս պատերազմից հետո, ինչպես դա եղել է նաեւ պատերազմից առաջ»:

«Հայաստանը կարգավորում է դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ու նվազեցնում կամ վերացնում իրական կամ թվացյալ գոյաբանական սպառնալիքները։ Այս հարցում Հայաստանն, անշուշտ, կունենա բոլոր միջազգային խաղացողների աջակցությունը»։

Նրանց ընդդմախոսները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, հանգուցյալ Վազգեն Սարգսյանի, նաև Հանրապետական և Դաշնակցություն, ԱԺՄ կուսակցությունների, ասում էին՝ ոչ, Հայաստանի աղքատացման պատճառը վատ կառավարումն է, Հայաստանը կարող է զարգանալ երկու հարևանների հետ փակ սահմաններով, և 1988 թվին սկիզբ առած Ղարաբաղյան շարժման նպատակն էր աջակցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, և Արցախը դուրս բերել Ադրբեջանի կազմից, և որ՝ Հայաստանը պարտավոր է շարունակել Արցախի ժողովրդի արդարացի պահանջին աջակցությունը (տե՛ս1998 թվի հունվարի 8-ին անվտանգության խորհրդում Տեր-Պետրոսյանի ելույթը ու նրա ընդդիմախոսների հակափաստարկները)։

«Սպիտակ թուղթը» շրջանցում է Տեր-Պետրոսյան-Լիպարիտյանի 1997 թվերին զիջումների գնալու անհրաժեշտության հիմնական փաստարկը՝ որ Հայաստանը փակ սահմաններով, շրջափակման մեջ չի կարող զարգանալ, քանի որ նրանց թիմին 1998-ին իշխանությունից հեռացնելուց հետո Հայաստանը իրոք զարգացավ։

Աղքատության մատնված երկիրը սկսել էր ուշքի գալ, մի քանի տարում երկրի ՀՆԱ-ն աճել էր 6 անգամ, 1998-ին 2 միլիարդ դոլար էր,  10 տարի անց՝ 2008-ին 12 միլիարդ դոլար, 2000-ականներին ՀՆԱ-ի տարեկան աճը 10,5 տոկոս էր։ 1998-ին բյուջեն 300 միլիոն դոլար էր, 10 տարի անց՝ 2 միլիարդ դոլար, տարեկան տնտեսական աճը մոտ 12 տոկոս էր (միայն անասնագործության մեջ 2000-2007 թվերին ՀՆԱ-ն աճել է 90 տոկոսով, 32 տոկոսով աճել է տավարի գլխաքանակը, մինչև թռչնամիս  ու ձու ներկրող երկրում 2000 թվից դրանց արտադրությունն այնքան աճեց, որ արտադրածի 20 տոկոսը սկսեց արտահանվել)։

1998-ին երկրում աղքատությունը 55 տոկոս էր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 22 տոկոս, 9 տարի անց՝ 2007-ին, աղքատությունն իջավ 25 տոկոսի, այսինքն՝ 2 անգամ կրճատվեց, իսկ ծայրահեղ աղքատությունը իջավ մինչև 4 տոկոս, այսինքն՝ կրճատվեց մոտ 6 անգամ։ Լայնածավալ շինարարություն ընթացավ․ կառուցվեցին աղետի գոտու ստվար մասը, Երևանի Դավթաշենի կամուրջը, Դիլիջանի թունելը, Հյուսիսային պողոտան, սովետից մնացած բազմաթիվ անավարտ շինություններ և այլն։

Տնտեսության բարելավմանը զուգընթաց, արտագաղթի տեմպերը նվազեցին այնքան, որ արտագաղթը կանգնեց, 2004-2006  թվերին  35 400-ով ավելի մարդ մուտք էր գործել երկիր, քան հեռացել։

Բանակցային գործընթացը, ի վերջո, հանգեց 2007-ին ընդունված Մադրիդյան սկզբունքներին, որը հիմնված էր նաև ինքնորոշման սկզբունքի վրա, որով անվտանգության գոտին տալու դիմաց Արցախը ստանում էր հանրաքվեով իր ապագան որոշելու իրավունք։ Հայկական կողմի հետևողականությունը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը, այս դեպքում` ի դեմս Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, ու նույնիսկ Ադրբեջանը ընկրկում են համառության ու հետևողականության առջև և ստանձնում այն գաղափարը, այս դեպքում` ինքնորոշման գաղափարը, որի տակ ստորագրել են բազմաթիվ միջազգային փաստաթղթերում։

Սակայն 2018-ի իշխանափոխությամբ կրկին իշխանության  եկան Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ժիրայր Լիպարիտյանի համախոհները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ (Փաշինյանը և նրա շրջապատը 2008-ին Տեր-Պետրոսյանի ակտիվ աջակցիներն էին, Փաշինյանն այդ շարժման երկրորդ դեմքն էր,  ՀԱԿ-ի ցուցակով ընտրվել էր պատգամավոր, և նա իր համախոհների հետ անջատվեց Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ից 2013 թվին, և երկու տարին անց ստեղծեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը), տապալեցին բանակցային գործընթացի ձեռքբերումները, Փաշինյանը հայտարարեց, որ իր սեփական կետից է սկսում բանակցությունները և, ի վերջո, երկիրը մխրճեց պատերազմի ու պարտության մեջ։

Վերադառնալով «Սպիտակ թղթին»՝ մտավորական մասնակիցները չեն ներկայացնում, ինչպես հեղինակներն են պնդում, վերլուծաբանների ողջ քաղաքական սպեկտրը, Լիպարիտյանի հայացքներին ընդդիմախոս վերլուծաբան գրեթե չկա նրանց թվում, եթե կա էլ, չենք իմանում, թե ովքեր են, կարծիքներն անդեմ են, փոխարենը գերակշռող մասը Տեր-Պետրոսյան-Լիպարիտյան գծի համախոհներն են՝ Աննա Գևորգյան, Արման Գրիգորյան, Ռաֆայել Թեյմուրազյան, Միշել Մարյանը, Թաթուլ Հակոբյան, Տիգրան Եգավյան, Վիգեն Չեթերյան և այլն։ Նույնիսկ Արցախից, ուր Տեր-Պետրոսյանը համախոհ գրեթե չունի, պեղել գտել են նրա համախոհ Վահրամ Աթանեսյանին, որ միակ մասնակիցն է Արցախից (տե՛ս նրա մասին՝«Ինչո՞ւ է ղարաբաղցի այս գործիչը ծառայում Ադրբեջանի շահերին եւ ինչ նպատակով»)։ Այսպիսով՝ հիմնականում համախոհների շրջանում հարցումներ անելով ու ստանալով ավելի շատ իրենց հայացքներին համապատասխան պատասխաններ՝  պատրանք են փորձել ստեղծել, թե ողջ վերլուծական սպեկտրը մասնակցել է գրքի ստեղծմանը, հետևաբար՝ հայ հանրությունն իրենց համախոհն է։

Կասկածելի է նաև մասնակիցների պրոֆեսիոնալիզմն ու մտավոր պարկեշտությունը, առնվազն՝ լրագրող Թաթուլ Հակոբյանի, որը, այնքան տարված լինելով նախկին իշխանությունների դեմ քարոզչությամբ, հաճախ կեղծ տեղեկություններ է տարածում, օրինակ՝ «Մեդիալաբ»-ին տված հարցազրույցում ասում է, թե ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելու պատճառը այն է, որ նախկին իշխանությունները բարձրացրել են Սևրի դաշնագրի հարցը. «Սաղ ազգով նստել, դարդ ենք անում՝ բա էս խի էսպես եղավ։ 20-25 տարի Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքում դրվում է արկածախնդրությունը, պրիմիտիվ, մանկամիտ պահանջատիրությունը, Սևրը, Վիլսոնյան  Հայաստանը, Թուրքիային պահանջներ ներկայացնելը, սրան մենք բախվելու էինք»։ Բացարձակ կեղծիք․ 20 տարի Հայաստանը ղեկավարած Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ երբեք Թուրքիային պահանջ չի ներկայացվել, Վիլսոնյան Հայաստան կամ Սևրի դաշնագրի հարց չի բարձրացվել, իսկ Գորիս-Կապան ճանապարհը փակվել էր այն պատճառով, որ Փաշինյանը 2020 թվի դեկտեմբերի 17-ի համաձայնությամբ այն տվել էր Ադրբեջանին (տե՛ս«Կառավարությունը ոչ մի կերպ չի հերքում համացանցում հայտնված զիջողական հուշագրի իրական լինելը»

Այսուհանդերձ, մասնակիցների տեսակետների մեջ սպրդել են այնպիսիները, որոնք չեն համընկնում հեղինակների գաղափարներին, սակայն նույնիսկ այդ փոքրիկ տարակարծությունը հեղինակները չեն հանդուրժել ու քննադատության են ենթարկել։ Թեև բարեխղճությունը պահանջում է մասնակցների կարծիքները քննադատության չենթարկել, քանի որ նրանք հրավիրված են, որ ներկայացվեն Հայաստանի վերաբերյալ տարբեր տեսակետներ,  կամ էլ հնարավորություն տալ քննադատությանը պատասխանել։ Օրիանկ՝ հեղինակները գրում են. «Անկարեւոր չէ այն հանգամանքը, որ մասնակիցների պատասխաններում քաղաքական-դիվանագիտական գործոնները հաճախակիորեն նշվել են որպես պարտությունը բացատրող առաջնային գործոններ: Կարելի է պնդել, որ նման կրկնությունն արտացոլում է մասնակիցների մտային կողմնակալությունը»:

45 մասնակցից ո՞րի մասին է խոսքը, այս պնդումը կարող է վերաբերել յուրաքանչյուրին կամ միայն  մեկին։

Հեղինակներն իրենց այն համոզմունքը, որ պարտության  պատճառը ոչ թե 2018-ին գունավոր հեղափոխությամբ իշխանության եկածների սխալ արտաքին ու ներքին քաղաքականությունն էր, այլ  նախորդած 20 տարիների պետական քաղաքականությունը, այնքան կրքոտ են բրդում առաջ, որ հրավիրյալ մտավորականի հակառակ հայացքները պիտակում են «կողմնապահ»։ Այսինքն՝ ճշմարտության դիրքերում են բոլոր նրանք, ովքեր համաձայն են իրենց հետ, իսկ ովքեր այլ կարծիք ունեն, որակվում են կողմնապահ։

Նույնիսկ մասնակիցներին տրվող հարցաշարը կազմված է ղարաբաղյան խնդրի տերպետրոսյան-լիպարիտյանական ոգով։ Եթե շրջենք ասույթն այսպես՝ ասա՝ ինչ հարց ես տալիս, ասեմ՝ ինչ ես ուզում, վերաբերում է նրանց հարցերին։ Օրինակ՝ նրանք այսպիսի հարց են տալիս՝ Հայաստանը պե՞տք է շարունակի պաշտպանել Արցախի անկախությունը եւ արշավը՝ դրա ճանաչման համար:

Լիպարիտյանն իր հարցազրույցներից մեկում ասում է. « Եթե հիմա Արցախի անկախություն պահանջենք՝ ավելին ենք կորցնելու»։

Արցախի ժողովրդի իղձերի պաշտպանությամբ շահագրգռված հարցաշարում այսպիսի հարց կձևակերպվեր՝ Հայաստանն ինչպե՞ս պիտի շարունակի պաշտպանել Արցախի անկախությունը եւ արշավը՝ դրա ճանաչման համար:

«Սպիտակ թուղթը» երկու նպատակ է հետապնդում։ Առաջին, ցույց տալ, որ 44-օրյա պատերազմում պարտության մեղքը ոչ թե գործող իշխանությանն էր, այլ նախկին՝ 1998-2018 թվերին Հայաստանը ղեկավարողներինը։ «Սպիտակ թուղթը» Փաշինյանի կառավարության քողարկված աջակցությունն է։

Երկրորդ՝ Հայաստանն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամանալու ուղղությամբ ամեն ջանք պետք է թափի և հրաժարվի համազգային ծրագրեր հետապնդելուց, դուրս բերի ռուսական ռազմաբազաները  ու դառնա տարածաշրջանում չեզոք երկիր։

 Մեջբերումներ.

«Վտանգավոր է ողջ մեղքը գցելը մեկ մարդու եւ նրա կուսակցության վրա, երբ խնդիրները ավելի բարդ են, քան մեկ մարդը կամ կուսակցությունը, եւ երբ աղետը հասունանում էր ավելի քան երկու տասնամյակ»:

«Վերջին քսան տարիների ընթացքում ռազմական շինարարությունն ընթացել է սխալ ուղղությամբ»:

«Ղարաբաղյան առաջին պատերազմում հայկական կողմի 1994 թ. հաղթանակը հետզհետե հանգեցրեց անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոշտ ռազմատենչ պատկերացման: 1998 թ.-ից ի վեր հայկական կողմի ռազմավարական մտածողության մեջ իշխել է այդ պատկերացումը»:

Այս ամբողջը,  թեզը, թե իբր պատերազմի ու պարտության պատասխանատուն ոչ թե գործող իշխանությունն է, այլ 1998-ից մինչև 2018 թիվը երկիրը ղեկավարողները,  Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ին ու Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաձայնության կետն է ու երկու կուսակցությունների քարոզչությունը։

Այլ կերպ ասած՝ պատերազմի ու պարտության պատասխանատուն 94 թվի հաղթանակն է, այդ պատերազմի հաղթանակը կերտողները՝ Լեռնային Ղարաբաղի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,  ապա՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը, որի օրոք եղան հաղթանակները։

Դժվար է ասել, թե աշխարհում կա՞ այլ երկիր, որտեղ պատերազմի ու պարտության համար ոչ թե գործող իշխանությանը մեղադրեն, այլ նախկին իշխանություններին։ Մինչ պրպտելը տարբեր երկրների փորձը, ևս մեկ անգամ անհրաժեշտ է հերքել այս անհեթեթ պնդումը։

Շարունակելի

 

Վահան Իշխանյան

Մաս 1-ը՝  այստեղ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica