close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ղազախստանի բունտը կարող է պայթել և Հայաստանում․ թուրքական և արևմտյան գործոնների ակտիվացումը

Քաղաքական

5 Հունվարի 2022, 22:02
 Ղազախստանի բունտը կարող է պայթել և Հայաստանում․ թուրքական և արևմտյան գործոնների ակտիվացումը

Ղազախստանում կառավարությունը հրաժարական է տվել, նախագահն իր ձեռքն է վերցել նաև Անվտանգության խորհրդի ղեկը․ բողոքի զանգվածային ցույցերը չեն դադարում անգամ ցուցարարների առաջադրած սոցիալական պահանջները կատարելուց հետո, այժմ նրանք պահանջում են ընդհանրապես գործող իշխանությունների հրաժարականը։

Զանգվածային ցույցերի պատրվակը դարձավ հեղուկ գազի գնի բարձրացումը, բայց խորքային պատճառը սոցիալական էր՝ հրահրված արտաքին ուժերի կողմից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, իրավաբան Սուրեն Պարսյանը։

«2021 թ-ը ճգնաժամի վերականգնման տարի էր նաև Ղազախստանի տնտեսության համար և այնտեղ, ինչպես ամբողջ աշխարհում գրանցվեց բարձր գնաճ։ Այդ գնաճը հատկապես վերաբերում էր վառելիքին՝ մասնավորապես բենզին, գազ, հեղուկ գազ և այլն։ Հաշվի առնելով, որ Ղազաախստանը գազ և նավթ արդյունահանող երկիր է,  տարիներ շարունակ այս երկրում նավթի և գազի գները բավականին ցածր են եղել և բավականին մատչելի են եղել բնակչության համար։ Եվ անցած տարի նրանց մոտ, ինչպես համաշխարհային շուկայով պայմանավորված, այնպես էլ իրենց ներքին էներգետիկ քաղաքականությամբ պայմանավորված՝ վառելիքի գները բարձրացան․ օրինակ, հեղուկ գազի գինը կապված է էներգետիկ շուկայի հետ՝  նրանց մոտ բորսայական եղանակով է որոշվում այդ գինը՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա, և այդ շուկայական մեխանիզմի արդյունքում վերջին 1 տարվա ընթացքում գները կրկնակի աճել են՝ 60 տենգեից հասել է 130 տենգեիի։ Ու հատկապես խոսքը Ղազախստանի այդ նավթաարդյունահանող շրջանի մասին է»,-ասաց տնտեսագետը։

130 ղազախական տենգեն մեր տարադրամով մոտ 130 դրամ է․ համեմատության համար՝ նույն հեղուկ գազը, որի պատճառով ղազախները փողոց են դուրս եկել, մեզ մոտ վաճառվում է կրկնակի թանկ՝ նվազագույնը 260 դրամով։

«Սա ժողովրդի համբերության բաժակի վերջին կաթիլն էր, վերջին կետն էր․ այս պրոցեսները սոցիալական բունտ են, որը տարածվեց ամբողջ քաղաքներով, շրջաններով։ Նշվում է հեղուկ գազը, բայց իրականության մեջ բողոքի պատճառն ավելի խորքային է՝ սոցիալական է, անցյալ տարվա գնաճով պայմանավորված։ Այսինքն, բոլոր ապրանքներն են թանկացել, ոչ միայն հեղուկ գազը։ Եվ պատահական չէ, որ երեկ, երբ կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ են նույնիսկ իջեցնել գինը և վերադարձնել նախկին՝ 60 տենգեն, բողոքի ցույցերը շարունակվում են, քանի որ մարդկանց մոտ ընդհանուր սոցիալական բողոք է, ոչ թե կոնկրետ ապրանքի գնի բարձրացման դեմ բողոք, սա ուղղակի առիթներից մեկն էր»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Սա, կարծես թե, հասկացավ Ղազախստանի իշխող ուժը և նախագահը կառավարությունը ցրեց, նոր պաշտոնակատար նշանակեց՝ դրանով փորձ անելով մեղմել հասարակական ընդվզումը։

«Ակնհայտ է, որ այս ցույցերը, լինելով սոցիալական արդարության հիմքի վրա, այնուամենայնիվ խթանվում են տարբեր ժամանակակից տեխնոլոգիաներով, այսինքն, արևմտյան տարբեր տեխնոլոգներ, տարբեր ուժեր հետաքրքրված են է՛լ ավելի սրել իրավիճակը, քանի որ սա խնդիր է Ռուսաստանի համար՝ ԱՊՀ տարածաշրջանի մասով»,-ասաց Պարսյանը։

Սա, ըստ էության, ուղղված է Ռուսաստանի դեմ և Ղազախստանում ակտիվ է ոչ միայն Արևմտյան, այլև թուրքական գործոնը՝ նշեց նա, սրանք բազմաթիվ գործոններ են, որ եթե քաղաքական էլիտան չկարողանա վիճակը ճիշտ կառավարել, հնարավոր են արմատական ցնցումներ, նաև նախագահի հրաժարական, և Ղազախստանը ուղղակի կարող են բաժանել ազդեցության տարբեր գոտիների։

«Հիմա կառավարությունը հրաժարական տվեց, վարչապետի նոր պաշտոոնակատար նշանակվեց, փորձում են հանդարտեցնել իրավիճակը։ Եթե կհաջողվի՝ կհաջողվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։ Այսպես ցրելով չի կարող հանդարտվել, կառավարությունը պետք է արմատական քայլեր իրականացնի, այսինքն, վերանայի թոշակները, աշխատավարձերը՝ սոցիալական քաղաքականությունը»,-ասաց տնտեսագետը։

Նման սոցիալական բունտեր կարող են տրաքել աշխարհի գրեթե բոլոր երկրներում, նշեց նա, քանի որ անցած տարվա աննախադեպ բարձր գնաճը, ըստ էության, մարդիկ չեն կարողացել հաղթահարել և բողոոքը կուտակվել է։

Հայաստանում նույնպես, նրա համոզմամբ, կապված գործող իշխանությունների հաճախակի փոփոխվող քաղաքական կուրսի հետ, դրսի ուժերը կարող են նորից խթանել ներքին բողոքը և կառավարության փոփոխություն իրականացնել։

«Ոչինչ չի բացառվում, ինչպես եղավ, օրինակ, Ուկրաինայում, երբ իշխանության եկավ Զելենսկին դարձյալ նույն տեխնոլոգիաների միջոցով։ Մենք չենք կարող ոչինչ բացառել,  բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ սոցիալական բունտերը 2022 թ-ի ընթացքում հաճախակի են լիննելու՝ նկատի ունենալով 21 թ-ի ճգնաժամային իրավիճակը, բարձր գնաճը, և մեր քաղաքական, տնտեսական քաղաքականությունը պետք է կառուցենք՝ ելնելով նման օրինակներից»,-ասաց Սուրեն Պարսյանը։  

Հայաստանում այս տարեսկզբից արդեն թանկանում են մի շարք ապրանքներ, պայմանավորված, ասենք, հարկային դրույքաչափերի բարձրացմամբ․ օրինակ, ալկոհոլը, ծխախոտը, դիզելային վառելիքը, բենզինը և այլն։ Դրան գումարած նաև կոմունալներն են թանկանալու․ հունվարի 1-ից 20 դրամով թանկացել է ջուրը, փետրվարի 1-ից միջինը 4,7 դրամով թանկանալու է հոսանքը, այն ժամանակ նաև թանկանալու  գազը՝ պայմանավորված կալորիականությամբ։ Այս ապրանքների սակագների աճը ուղղակիորեն ազդելու է Հայաստանում արտադրվող ապրանքների, մատուցվող ծառայությունների գների վրա, այսինքն, շղթայաբար թանկացումներ են լինելու այս տարվա ընթացքում։

«Կառավարության՝ պետական բյուջեով նշած 4 տոկոս գնաճը, ըստ էության, իրատեսական չէ, որովհետև հաշվի չէր առնվել ո՛չ ջրի, ո՛չ էլեկտրաէներգիայի գնի հնարավոր բարձրացումը։ Այս ամենը կարող է Ղազախստանի օրինակով մարդկանց փողոց հանել, բայց կարող է դա շատ բուռն զարգանալ և արագ մարել։ Քաղաքական ուժերը որքանո՞վ կկարողանան այդ պրոցեսները ճիշտ կառավարել՝ դա մեկ այլ հարց է, բայց նման երևույթներ Հայաստանում էլ կարող են լինել»,-վստահ է տնտեսագետը։

Ղազախստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ երկիր, նշեց Սուրեն Պարսյանը, և այնտեղի իրադարձությունները մեր երկրի համար հետաքրքրություն են ներկայացնում քաղաքական և տնտեսական առումով։

Աննա Բալյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica