close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե շրջագայությունների վրա գումար տնտեսեին, ապա թոշակները կբարձրանային 60 հազար դրամով․ Փաշինյանը լեգիտիմ չէ․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական

8 Դեկտեմբերի 2021, 13:59
 Եթե շրջագայությունների վրա գումար տնտեսեին, ապա թոշակները կբարձրանային 60 հազար դրամով․ Փաշինյանը լեգիտիմ չէ․ Անդրանիկ Թևանյան

Հարգելի՛ հայրենակիցներ

Պատերազմի ու պարտության կուսակցությունը ներկայացրել է 2022–ի պետական բյուջեի նախագիծը, որը չի կարող ընդունելի լինել երկու հիմնական պատճառով՝ կառուցվածքային և քաղաքական–բովանդակային։

Նախ կառուցվածքի մասին։ Սույն նախագիծը բացարձակապես չի համապատասխանում Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին։ Պաշտպանության ոլորտին հատկացվող գումարների չափը հուշում է, որ մեր սահմանները շարունակելու են խոցելի մնալ, բանակի արդիականացում չի սպասվում։

2022–ի բյուջեն պետք է դիտարկել հետպատերազմական տրամաբանության մեջ։ 2020–ից հետո կառավարությունը խոստացել էր բանակի վերակառուցում, ինչը ենթադրում էր համապատասխան բարեփոխումներ և դրա իրականացման համար հատկացվելիք գումարներ։ Դրանք չկան, փոխարենը պատերազմից հետո մոտ 5 անգամ ավելացվել են ծախսերն արտասահմանյան ծառայողական գործողումների համար, կրկնակի ավելացվել են ներկայացուցչական, գրասենյակային ու հագուստի համար հատկացվող գումարները։ Եթե այս ծախսերը մնային մինչպատերազմական մակարդակի վրա, ինչպես նաև կրճատվեին պարգևավճարների, պադավատների ու իշխանավորների անձնական կոմֆորտի ապահովմանն ուղղված գումարները, ապա հսկայական միջոցներ կտնտեսվեին, ինչով էլ հնարավոր կլիներ մեր հանրության ամենախոցելի շերտերից մեկի՝ շուրջ կես միլիոն թոշակառուների ամսական թոշակն ավելացնել գոնե 5 հազար դրամի չափով։ Դա կմեղմեր գների աճի ծանր հետևանքներն անապահովների համար։

Աշխարհում ընդունված է գնաճի պայմաններում գնալ ինդեքսացիայի։ Ռուսաստանն, օրինակ, իրականացնում է բյուջետային աշխատողների աշխատավարձերի ու թոշակների ինդեքսացիա՝ գնաճի հետևանքները մեղմելու համար։ Մեզ մոտ ասում են, որ մենք այդքան հարուստ չենք։ Թոշակառուների 3 տոկոսի համար ընդամենը 2․100 դրամով թոշակ բարձրացրեցին ու ասացին այլ միջոցներ չունենք։ Փաստորեն իրենց պադավատների, արտասահմանյան գործողումների ու այլ անիմաստ բաների համար բյուջեում փող գտնվում է, իսկ հենց հերթը հասնում է թոշակառուներին՝ փող չկա։ Եվ սա այն իշխանությունն է, որն իբր սիրում է բոլորին, հպարտանում բոլորով ու խոնարհվում բոլորի առաջ։

Իշխանավորների համար կարևորը փիառն է ու անձնական շահը։ Խոսքը մասնավորապես ասֆալտապատման մասին է։ Այն կապիտալի նախնական կուտակման աղբյուր է դարձել։

Թալանի, կոռուպցիայի ու պադավատապետության դեմ խոսող այս իշխանությունները կապիտալի նախնական կուտակումն իրականացնում և պաշտոնները պահում են պետական տենդերները յուրայիններին «հաղթեցնելու», խոշոր բիզնեսում ստվերային ու կասկածելի տարբերակով փայ մտնելու (Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի օրինակը վկա), իշխանության ու բիզնեսի սերտաճումն ապահովելու, նոր օլիգարխիա ձևավորելու, պետական բյուջեի միջոցները մսխելու, պետական ապարատին ու հատկապես ուժայիններին հարկատուների փողերով փաստացի կաշառելու միջոցով։

Տարիներ շարունակ պետական պարտքի ավելացումը քննադատող երեկվա հեղափոխականները 2022–ի համար նախատեսում են այն դարձնել ավելի քան 10 միլիարդ դոլար։

Ինչ վերաբերում է հարցի բովանդակային–քաղաքական կողմին, ապա այս բյուջեի նախագիծը մերժելու համար կա երկու պողպատյա հիմք՝ կառավարության ու դրա ղեկավարի ոչ կոմպետենտությունն ու ոչ լեգիտիմությունը։

Պետական բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, որը պահանջում է կանխատեսելու, հաշվարկելու, պլանավորելու և կառավարելու կարողություններ այն նախագծողներից։

2018–ի մայիսի 8–ից համոզվել ենք, որ այս որակներն իշխանության առաջին դեմքը չունի։

Տեսե՛ք․ 2020–ի պատերազմի մեկնարկին մնացել էր ընդամենը 6 օր, բայց նա սեպտեմբերի 21–ին գունագեղ ծրագրեր էր ներկայացնում 2050–ի մասին։ Այսինքն՝ պատերազմից հինգ պակաս մեր պետությունը լրիվ այլ ռեժիմի մեջ էր, իսկ հանրության գլխի տակ փափուկ բարձ էր դրվում։

Թուրքիան 2020–ի հուլիսից պաշտոնապես հայտարարում էր, որ ուղղակիորեն ներգրավվելու է Արցախի դեմ ռազմական գործողություններում, բայց հայաստանյան իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ Թուրքիան չի միջամտի պատերազմին։

Այս ամենը ցույց է տալիս, որ կառավարությունն ու դրա ղեկավարը կոմպետենտ չեն ու այդ մասով ոչ լեգիտիմ են։

Եթե նույնիսկ հիմք ընդունենք, որ հունիսի 20–ի դրությամբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը լեգիտիմության բավարար պաշար ունեին, ապա դրանից հետո ընկած ժամանակահատվածում այդ լեգիտիմությունից գրեթե բան չի մնացել։ Սա ասում եմ ոչ միայն ու ոչ այնքան ՏԻՄ ընտրությունների արդյունքներից ելնելով, որքան այլ գործոններ հաշվի առնելով։

Բանն այն է, որ հունիսի 20–ին «Քաղաքացիական պայմանագրի» ստացած մանդատն ամբողջությամբ մսխվել է։

Հարգելի՛ հայրենակիցներ

Ձեզ խաբել են, խաբում են, շարունակելու են խաբել, քանի դեռ հանդուրժում եք այս ամենը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվեց մի իշխանություն, որի լեգիտիմությունը հիմնված էր 4 խոստումների վրա։

Խոստում առաջին․ Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավը կառուցել էր նախկինների դեմ դասակարգային պայքար մղելու խոստման շուրջ։ Առողջ էր այդ խոստումը, թե ոչ, այլ խոսակցության թեմա է։ Տվյալ դեպքում էականն այն է, որ իր ընտրողների մի մասն այդ խոստման համար է քվեարկել ՔՊ–ի օգտին։ Փաստն այն է, որ իշխանությունները կադրային հարցերում օգտվում են նախկինների կադրային բանկից։ Ընդ որում՝ ընտրում են նախկիններից ու նախկինագույններից վատագույններին։ Մասնավորապես՝ տեղական ընտրություններում իշխող ուժը շատ դեպքերում ներկայանում է նախկինների կամ նրանց տասովշիկների դեմքերով։

Խոստում երկրորդ․ խորհրդանիշի վերածված մուրճով ու պողպատե մանդատով պայքարել թալանի ու կոռուպցիայի դեմ։ Չկա՛ նման բան։ Այս հարցում էլ են խաբել, քանզի իրենք են թաթախվել կոռուպցիայի մեջ՝ վերածվելով ասֆալտի օլիգարխների։

Խոստում երրորդ․ «Խաղաղության դարաշրջանի» ապահովում։ Չկա՛ նման բան։ Սա ամենամեծ բլեֆն էր, որ դրվեց շրջանառության մեջ, թե իբր Նիկոլ Փաշինյանը խաղաղության կուսակցությունն է ներկայացնում, իսկ իր ընդդիմախոսները՝ պատերազմի։ 44–օրյա պատերազմին հիմա փոխարինելու է եկել 1–օրյա պատերազմների ժամանակաշրջանը։

Երբ հարց է հնչեցվում ու մեր թշնամիներից պահանջվում պատասխանել, թե արդյոք իրենք ուզո՞ւմ են ոչնչացնել Հայաստանն ու շարունակել 1915 թվականի ցեղասպանությունը, ապա դա ևս ոչ լեգիտիմության ապացույց է։ Քանզի եթե Փաշինյանն այս հարցի պատասխանն անկեղծորեն չունի, ապա դա նշանակում է, որ նա չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել 44–օրյա պատերազմի ժամանակ ու ինչու են թուրքերը խոսում «Զանգեզուրի միջանցքից»։ Իսկ եթե նա հասկացել է ամեն ինչ, բայց նմանատիպ հարցադրումներ է հնչեցնում, ապա դա էլ է խփում իր լեգիտիմությանը։

Եվ վերջապես խոստում չորրորդ․ ապահովել փայլուն հայ–ռուսական հարաբերություններ և նախորդ շրջանի պես հակառուսական արկածախնդրության չգնալ։ Կյանքը ցույց տվեց, որ այս հարցում էլ են ընտրողին խաբել, քանզի հայ–ռուսական հարաբերությունները շարունակաբար փչացվում են։ Դրա դրսևորումներից մեկին մենք ականատես դարձանք այս տարվա նոյեմբերի 16–ին սահմանային արյունալի բախումներից հետո։ Խորհրդարանական մեծամասնության կողմից կազմակերպվեց հրահանգված հակառուսական քարոզարշավ։ Օրերս էլ իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչներից մեկն այնպիսի լյափսուս թույլ տվեց, որ Ռուսաստանի արտգործնախարարությունից ստիպված եղան ոչ դիվանագիտորեն ու կոպիտ արձագանքել՝ բացահայտելով, որ 44–օրյա պատերազմը և Արցախի պետականության կորուստը Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ու մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը սեփական զրոյական կետից վարելու արդյունք էին։

Եվ այսպես, այս 4 խոստումներից իզն ու թոզը չի մնացել։ Եվ ուրեմն ինչի՞ վրա է հիմնված այս իշխանությունը։ Հարցս հռետորական է։

Հիմա շատերի աչքերն է բացվել։ Մարդիկ հասկացել են, որ պատերազմի ու պարտության կուսակցությունը չի կարող խաղաղություն բերել, չի կարող մարդկանց կյանքը լավացնել, չի կարող գների աճի դեմ պայքարել։ Արժանապատիվ խաղաղություն և կյանքի նոր որակ կարող է ապահովել պատերազմի գինն իմացողն ու բանիմացը, այլ ոչ թե ՀՀ քաղաքացուն իբր սիրող ու նույն այդ քաղաքացուն մանրադրամի պես օգտագործողը։

Հայաստանը մշտապես գտնվելու է ցնցումների մեջ, քանի դեռ իշխանության ղեկին է պատերազմի ու պարտության կուսակցությունը։ Հետևաբար՝ պետք է դիմադրել ու փոխել։ Կամք, ուժ, գիտելիք, վճռականություն, միասնականություն, գաղափարականություն, կոմպետենտ թիմ, ազգային առաջնորդություն։ Ահա՛ այն բանալիները, որոնք դուռ կբացեն ցանկալի փոփոխությունների ու հաղթանակի համար։

Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica