close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երիտասարդական ֆորում՝ նվիրված Կամավորների միջազգային օրվան. Մասնակցել է ԿԳՄՍ փոխնախարարը

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2021, 17:23
 Երիտասարդական ֆորում՝ նվիրված Կամավորների միջազգային օրվան. Մասնակցել է ԿԳՄՍ փոխնախարարը

Դեկտեմբերի 5-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կամավորների միջազգային օր։

Այս առիթով «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի և ՄԵԿ երիտասարդական հարթակի հետ համատեղ անցկացրել է «Հայաստանում կամավորության զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու հնարավորությունները» երիտասարդական ֆորումը: Ֆորումին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Միջոցառմանը մասնակից երիտասարդներին ողջունել և նրանց շուրջ երեք տասնյակ հարցերին պատասխանել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը։

Իր ելույթում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ երիտասարդության շրջանում կամավորության մշակույթի խթանումը պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարության առանցքային խնդիրներից է։

«Կամավորական աշխատանքը երիտասարդներին հնարավորություն է տալիս բարելավել իրենց մասնագիտական հմտությունները, ձեռք բերել անհրաժեշտ փափուկ հմտություններ, ինչպես նաև աշխատանքային փորձ։ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է կամավորության ինստիտուտի զարգացումը և կրթության և երիտասարդության ոլորտներում իր ծրագրերի միջոցով խթանում է երիտասարդների ներգրավվածությունը կամավորական աշխատանքներում»,- հարցուպատասխանի ընթացքում նշել է նախարարի տեղակալը։

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի՝ շահագրգիռ քննարկումների ընթացքում ձևավորվել է այն տեսակետը, որ կա օրենքի մշակման և ընդունման անհրաժեշտությունը։ 2018 թվականի ընթացքում 15-ից 74 տարեկան ՀՀ բնակչության 11.3 տոկոսը կատարել է կամավոր աշխատանք:

«Կամավոր աշխատանքների համար օրենսդրական հիմքերի ամրագրմամբ հանրապետության մի շարք սոցիալական և կրթության ոլորտի խնդիրների լուծման համար կստեղծվեն մեծ հնարավորություններ», - ասել է փոխնախարարը։

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը կարևորել է երիտասարդների մասնակցությունը քննարկմանը, քանի որ երիտասարդները այդ օրենքի հիմնական շահառուներն են և պետք է հնարավորություն ունենան մասնակցելու նախագծի քննարկման բոլոր փուլերին։

Երիտասարդների հետ շուրջ երկու ժամ տևած քննարկման և հարցուպատասխանի ընթացքում արծարծվել են օրենքի նախագծին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ կամավորների ապահովագրության, կամավորության խրախուսման մեխանիզմների, կամավորներին արտոնություններ տրամադրելու, կամավորության որակի գնահատման, կամավորների իրավունքների պաշտպանության, մարզերում կամավորության խթանման և այլ հարցեր։

Երիտասարդական ֆորումն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն՝ հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում։

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica