close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի և պարտության հետ, հաղթահարել նվաստացումը․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

29 Նոյեմբերի 2021, 11:26
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի և պարտության հետ, հաղթահարել նվաստացումը․ Իշխան Սաղաթելյան

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների այս խորհրդաժողովն անցկացվում է մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող լրջագույն մարտահրավերների առաջ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը։

«Մենք կրկին հավաքվել ենք՝ համակարգելու, համադրելու և նոր թափ տալու մեր աշխատանքներին մի իրավիճակում, երբ  մեր գործունեության առանցք հանդիսացող Արցախի Հանրապետության մեծ մասը գտնվում է թշնամու տիրապետության տակ։ Սակայն դժվար ժամանակներն են, որ լավագույնս ի հայտ են բերում իրական նվիրյալներին, ազգային էլիտային։ Այս առումով պետք է հպարտությամբ նշել, որ Հայ դատի պատասխանատու ընկերները, ատամներով սեղմելով ցավն ու կսկիծը, համատարած հուսահատության պայմաններում քայլ անգամ չնահանջեցին հայության շահերի պաշտպանության դիրքերից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ մեր հայրենիքը, հետևաբար և կուսակցությունը, դիմակայում են իրենց պատմության դժվար  փուլերից մեկը, բայց ոչ միակը։ Հարյուրամյակների ընթացքում մեր ժողովուրդը ստիպված է եղել հաղթահարել նման իրավիճակներ, իսկ հաղթահարման բանալին եղել է ստեղծված իրավիճակին ոչ համարժեք, ավելի ուժեղ և շատերի համար անհնարին թվացող պատասխաններում։

Վերահառնման յուրաքանչյուր փուլում դրվել է ոգու բարձրացման, ազգային հպարտության, աշխարհում արժանապատիվ ապրելու իրավունքի վաստակմանն ուղղված ճիգը: 1915թ․ Հայոց ցեղասպանությունից հետո ունեցել ենք Առաջին Հանրապետություն, անկախության կորստից հետո ունեցել ենք պայքար Լեռնահայաստանի համար, դիմադրություն Սյունիքում։

1960-ականների Ցեղասպանության միջազգային ճանաչման շարժումն իր բոլոր դրսևորումներով նոր կյանք և նոր թափ տվեց Սփյուռքում հայ ժողովրդի գոյատևմանը և պայքարը շարունակելուն։

Երկրաշարժից հետո ունեցանք Արցախյան ազատագրական պայքար, հաղթանակ, Հայաստանի Հանրապետություն։

«Մենք մեր պատմության վերջին 100 տարվա ընթացքում ունեցել ենք անկումներ, բայց ունեցել ենք նաև վերելքներ։ Այժմ ունենք պարտություն, բայց դա հայ ժողովրդի հավաքական պարտությունը չէ, դա իշխանության ղեկին հայտված մի խումբ մարդկանց գործունեության արդյունքն է և բոլոր այն փորձերը ներքին ու արտաքին մի շարք  ուժերի կողմից՝ հայ ժողովրդին ներկայացնել իբրև  թույլ ու չհաղթող, ձախողված և  դատապարտված ազգ պետք է ստանան  համարժեք պատասխան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նկատեց, որ հարյուրամյակներն են ապացուցել՝ այս տարածաշրջանում հայ ժողովուրդը մշտապես եղել և լինելու է գոյութենական պայքարի մեջ՝ մեր հայրենիքի այս փոքր հողակտորի, մեր անկախ պետականության պահպանման համար։ Այստեղ է, որ Դաշնակցությունը իր ողջ ներուժով ասելիք ու անելիք ունի։

«Նախ՝  պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի և պարտության հետ, հաղթահարել նվաստացումը,  կառավարել կորուստները  և ռիսկերը, վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի և փոքր պետություն լինելու հոգեբանությունը, ունենալ ազգային երազ և գնալ այդ երազի հետևից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այս օրերին Հայաստանում այսպես մտածող մարդկանց ասում են «հայդատականներ», «ոչմիթիզականներ» կամ «պաթոսով հայրենասերներ»․ իսկ ովքե՞ր են դա ասում՝ մի խումբ անհայրենիք, անսրբություն ապազգային տարեր, ովքեր մեր երկիրը կանգնեցրին այս աղետի առջև, ովքեր ժողովրդավարությունը հակադրեցին անվտանգությանը, բարեկեցությունը և խաղաղությունը  պայմանավորեցին զիջումներով, ովքեր հետևողականորեն թուլացնում են մեր ազգային դիմադրողականությունը:

Հայաստանում ստեղծված այս իրավիճակը, ասաց նա,  ժողովրդի կամքով և ազգային ուժերի առաջնորդությամբ պետք է փոխվի:

«Հայաստանի առջև այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ, իշխանությունների պնդումները, թե ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարված է՝ խաբեություն է․ ճգնաժամը գնալով  ավելի է խորանում՝ մոտենալով անվերադարձ լինելու կետին:  Անհրաժեշտ են համալիր մոտեցումներ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ նախ պետք է վերականգնել երկրում սահմանադրականությունը, կազմակերպել երկրի սահմանների պաշպանությունը:

Ելնելով նոր իրողություններից՝ մշակել հայեցակարգ, իրականացնել համակարգային բարեփոխումներ անվտանգության, տնտեսության ոլորտներում:

Կրթական և մշակութային ոլորտներում իրականացնել խորքային բարեփոխումներ, և դրանց հիմքում դնել հայրենասիրական և ազգային դաստիարակությունը։

«Մանրամասն կարելի է ներկայացնել այն ծրագրերը և քայլերը, որոնք անհրաժեշտ է մեր երկրին ստեղծված վիճակից դուրս գալու համար, բայց քանի դեռ կա այս իշխանությունը՝ այդ ամենը անարդյունք է, հետևաբար պետք է ձևավորել դիմադրություն՝ դիմադրություն թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք, դիմադրություն հայրենիքը զիջումների տանող օրվա իշխանավորներին, դիմադրություն հանրային կյանքում տեղի ունեցող ապօրինություններին, իսկ երբ հասնենք համազգային և համաժողովրդական դիմադրութան՝ թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանությունները իրենց աթոռներից»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․           

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica