close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարսի անկումը. (թուրք-բոլշևիկյան դավադրություն)

Մշակույթ

23 Նոյեմբերի 2021, 15:05
 Կարսի անկումը. (թուրք-բոլշևիկյան դավադրություն)

Արդյո՞ք ապագայի հայ բանաստեղծը ողբալի անհրաժեշտություն պիտի զգա գրելու «Արցախի անկումը» թեմայով: Դա կատարյալ ողբերգություն կլիներ ոչ թե սոսկ հայ պոեզիայի, այլ առաջին հերթին ողջ հայ ժողովրդի համար: Եվ դա ինչ-որ չափով կանխելու նպատակով ես հրապարակում եմ իմ «Կարսի անկումը», որ այլևս թույլ չտրվի պատմական անմիտ ողբերգության կրկնություն:

                                                                                                                   Ալբերտ Մուշեղյան

 

1991 թ. ապրիլի 30-ին՝ Արցախի Գետաշեն բնակավայրում խորհրդային (ռուսական) ռազմական ուժերի և Ադրբեջանի ՕՄՕՆ-ի համատեղ հակահայկական «Օղակ» գործողության առթիվ 

«Եվ ովքե՞ր էին դրանք, և ո՞վ էր դրանց ղեկավարը... կամ «վերի գլուխը». – արյունարբու մի սկյութ, ռսացած մի մոնղոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վագոնով հայրենիք վերադարձած՝ չին զորքերու և անվարտիք ավարներու օգնությամբ ներսերում խլել էր արդեն իշխանությունն ու հանձնել այն գերմանացիներին՝ այդպիսով գլուխ բերելով իր այն խոստումը, որ տվել էր արյունարբու Վիլհելմ կայսեր՝...»:

                                                                                                                                 Եղիշե Չարենց 

 

Օրհասական ու բախտորոշ քսան թվին,

Երբ ամենուր խլըրտում էր ու անկում,

Հայոց ազգին մի նենգ հարված էլ տվին՝

Հոկտեմբերին ընկավ պատվարը կանգուն (1):

 

Յոթը հարյուր հրանոթով մարտական

 Ու տասնըմեկ հազար զինվոր-սպայով՝

Ընկավ Կարսը՝ Հայոց բերդերի հսկան,

Ու կարսեցին փախավ ողբով ու վայով:

 

Յոթը հազար թուրք հրոսակ անարի

Դեռ չէր տեսել այդքան գերի ու ավար.

Ինչպե՞ս ընկավ Կարսա բերդը անառիկ,

Ու անձնատուր եղավ զորքը զինավառ:

 

Շատ է եղել, որ արծիվը ճանկի լոր –

Առակի մեջ է լոկ լինում հակառակ.

Ամոթալի պարտությունները բոլոր,

Ո՛չ, չեն եղել սրա նման խայտառակ:                                                        

                                                

Արկերով լի յոթը հարյուր գոռ մարտկոց,

Բայց չըթնդաց մի թնդանոթ ողջ բերդից.

Հնչեց միայն մի հուսահատ կրակոց –

Անձնասպան եղավ հերոսն ամոթից:

                     

Ըմբոստացավ, չուզեց պատիվն անարգել,

Թշնամու դեմ հանեց բերդից գումարտակ,

Բայց զինվորը հրաժարվեց կրակել, -

Իր գնդակից ընկավ իբրև նահատակ:

 

Այդ գնդապետ Մազմանյանն էր՝ հուսահատ,

Գերադասեց մահը դավից խայտառակ.

Բայց ապրեցին ճամարտակներ հուզառատ

Եվ գործիչներ՝ քաղաքագետ, բամբառակ:

 

Եվ ապրեցին իմաստակներ դանդալոշ՝

Կառավարող, բայց իսկապես կառապան,

Էլ ի՜նչ Համո, էլ ի՜նչ գեներալ Ալոշ,

Երբ ազգովի խաղալիք ես անպաշտպան:

 

Բերդը ժայռ էր, ոչ թե մի գուղձ անպիտան –

Ինչպե՞ս լափեց ժայռը ժեռատ բորենին,

Այս գաղտնիքը գիտեն երկու նոր տիտան,

Երկու փաշա միայն՝ Քեմալ ու Լենին:

 

Առաջնորդը սիրում էր դեռ ջահելուց

Շրջապատել իրեն ուշիմ հայերով,

Բայց հյուսիսի նոր հիսուսը այդ սիրուց

Հային մատնեց Հուդայի պես համբույրով:

 

Եղավ, ինչպես մեծ Պուշկինի օրերում՝

Հայ կամավոր գնդերի հետ ուս-ուսի

Ռուսաց զորքը հասավ, առավ Էրզըրում (2),

Բայց ուրիշ էր ցավն ու դավը հյուսիսի:

 

Նիկոլ ցարը երազում էր երկու բան (3)՝

Արևմտյան Հայաստանը դատարկել,

Արածանի գետը կոչել Նոր Կուբան՝

Եփրատիայի կազակություն հիմնարկել:

 

Ցարը հանեց գերմանական զորքի դեմ

Երկու հարյուր հազար պատանդ հայ զինվոր,

Բայց կռվում էր Հայոց հողում թուրքի դեմ

Հազիվ միայն տասը հազար կամավոր:

 

Ընկավ ցարը, - առաջնորդը եկավ մեծ.

Հայը մնաց երկու քարի արանքում,

Թումանյանը, որդեկորույս կարկամեց (4)

Նոր ընկերի ու հին ցարի արանքում:

 

Ու կոչ հնչեց մթագնումի այն ժամին,

Երբ ամբոխը լույս ու հույս չի նշմարում

«Հայրենի՜քն է ձեր ոխերիմ թշնամին,

Հայրենիքը մատնեք փրկիչ թշնամուն»:

 

Երբ թշնամու փակ վագոնով պլոմբած՝

Եկավ զավթեց գահը Հուդան թրքասեր.

Ռուս զինվորը քնա՞ծ էր խոր, թե՞ հարբած,

Երբ սահմանը անցավ Վիլհելմը Կայզեր:

 

Նոր ընկերը՝ լոկ անազգի մի ելունդ,

Փիլիսոփան, որ լոկ պաշտեց մատերիան,

Լենին պապին, որ հար մնաց անսերունդ,

Չէր իմացել՝ ով է Պուշկին ու Տերյան:

 

Երբ շանսատակ եղավ Թալեաթը վեզիր,

Խելագարվեց կարծես Հուդան բոլշևիկ.

«Այնպես քեզնից ոխըս հանեմ, ո՛վ զազիր,

Որ մոռանաս Արարատ ու հայրենիք»:

 

Նոր ընկերը՝ հեղափոխիչն աշխարհի,

Նվեր տվեց Կարսը կարմիր Քեմալին,

Իսկ կարսեցին՝ ջահել պոետ նոր դարի,

Դյուրահավատ երգեց «Լենինն ու Ալին»:

 

Մայր Արաքսից մինչև Եփրատ՝ հայերին

Մի նոր եղեռն նյութեց Հուդան սիոնիստ,

Թուրքին բաշխեց մեր բյուրակնյա Նաիրին

Եվ Արարատ լեռը վսեմ, վեհանիստ:

 

Եվ Մոսկովյան դաշնագրով դավադիր

Արևելյան Հայաստանն էլ կես արին՝

Թուրքին տվին Կարս, Արդահան ու Իգդիր,

Նախիջևանն ու Արցախը՝ թաթարին:

 

Իսկ օսմանը՝ քոչվոր ծնունդ թուրանի,

Թղթով զավթեց լեռն Արարատ անառիկ,

Ողջ Արմենիա երկիրը մեր ծիրանի, -

Հայը՝ քոչվոր, ոչխարապահը՝ բնիկ:

 

Ու այն օրից լեռը մնում է գերված,

Որ մենք Ազատ Մասիս էինք անվանում.

Աշխարհ գիտե, հենց Սուրբ Գրքում է գրված,

Որ Այրարատ երկրին է նա պատկանում:

 

Ճերմակել է վշտից, ոչ թե տարիքից,

Եվ խորհում է մտքում լեռը հանճարեղ.

«Չլինի՜ թե մարդ-գազանի չարիքից

Աստված երկնից ուղարկի նոր ջրհեղեղ»:

 

Նիկոլ ցարի չորս դուստրերին լուսաշող (5),

Այս Լենինը մահավճիռ արձակեց.

Իսկ Թալեաթին միլիոնուկես հայ լափող՝

Շանսատակին մեծ նահատակ հռչակեց:

 

Գրված է, թե սուտ հիսուսներ կգան այլ (6)

Միլիոնուկես ազգը շինեն գորշ հոտեր,

Որ օսմանցիք դառնան անհագ մարդագայլ՝

Լույս մանուկներ ու լույս կույսեր հոշոտեն:

 

Բերդը տըվիք – եղբայրացա՞ն հայ ու թուրք,

Մարդակերին մարդանմա՞ն կարծեցիք.

Ու մորթվեցին, եղբայրությանն իբրև տուրք՝

Մի տասներկու հազար խաբված կարսեցիք (7):

 

Ու վեր ելավ գաղտնի մուտքով Կարս բերդի

Եպիսկոպոս Հովսեփյանը Գարեգին (8),

Մինչ ոռնում էր արյունախում տմարդի

Թուրք խուժանը արյան տենչով մոլեգին:

 

Եվ ակնածեց սրբի տեսքից անձնուրաց

Բերդին տիրած Կարաբեքիր գոռ փաշան`

Նշան արեց իր համհարզին զարհուրած,

Որ դադարի ցածում արյան թամաշան:

 

Եվ ուղեկցեց համհարզը սուրբ եկվորին,

Որ հասկանա, թե ի՞նչ մուտքով նա մտավ

Ու այս ձևով պատիվ տալով իր հյուրին

Անհայտ մուտքը Կարաբեքիրը գտավ:

 

Իսկ ի՞նչ եղավ այն ուղեկից քահանան,

Որ մտնելիս կախ էր գցում ոտքը կաղ,-

Այս աշխարհում ամենքը պիտ մահանան՝

Թո՛ղ որ Աստված լուսավորի միտքը կաղ:

                                   

Նոր ընկերը դավ, խարդավանք էր սիրում,

Ու հենց նրա հրահանգով սրտացավ

Ռուսաց զորքը հանկարծ լքեց Էրզրում (9)

Անճար թուրքը զենք ու ոսկի ստացավ:

 

Եվ մնացին ոսոխի դեմ ոխակալ

Գիմնազիստներ՝ լեցուն սիրո վառ տենչով,

Մոսին ուսին մշակ, ռամիկ ու մաճկալ

Եվ զինավառ մեծ հայդուկներ մարտնչող:

 

Վեհիբ փաշան քսանհինգ հազար ասկյարով

Լուսադեմին պիտի գերի հանձնվեր,

Բայց շտաբը վճիռ հանեց գիշերով,

Որ նահանջեն մեր չորս գնդերն անձնվեր:

 

Հայ գեներալ Նազարբեկովի ջանքով

Հայ գնդերը Էրզըրումից ետ բերին.

Դրա համար զինվորները ծաղրանքով

«Նազադ բեգոմ» քաջի անունը դրին:

 

Լենին-Քեմալ՝ զորք ու զենքով հայասպան,

Որ սիրում են արդարություն փողհարեն,

Թողին միայն մի սրտաչափ Հայաստան՝

Հին Նաիրի հսկա երկրի փոխարեն:

 

Հայը գաղթեց Էրզրումից գիշերով՝

Անիծելով դավն ու ոճիրը վերին.

Վեհիբ փաշան խնդում էր միշտ՝ հիշելով,

Թե ո՜նց զորքով գերի չընկավ հայերին:

 

Ու գաղթում էր ամբողջ մի ազգ տեղահան,

Իսկ թիկունքից իր նահանջող ջոկատով

Անդրանիկը, ինչպես հսկա մի վահան,

Թուրքի զորքը պահում էր ողջ ճակատով:

 

Հայաթափվեց մի պատմություն հնօրյա,

Հայաթափվեց մի հինավուրց հայրենիք,

Հին Հայասսա երկիրը մեր բնօրրան,

Ուր ծնվեցին աստվածները մեր բնիկ:

 

Եվ Նաիրին կորավ մուժում անթափանց,

Ու հնամյա քաղաքներում, շեներում

Վխտում էին բորենիներ հաղթապանծ,

Որոնք զոհին փուչ պատրանքներ չեն ներում:

 

Բայց հույս շողաց – կնքվեց Սևրի դաշնագիր՝

Տրապիզոնից մինչ Էրզըրում, Բիթլիս, Վան,

Ազատ, անկախ հռչակեցին մեր երկիր –

Հայրենազուրկ Հայոց ազգին հանգրվան:

 

Բայց անկատար մնաց հույս ու հատուցում,

Եվ հեղեցին մեր արյան դեմ՝ լոկ թանաք,                                       

Ու մոռացան Արարայի մատույցում

Հայոց խիզախ լեգեոնի հաղթանակ (10):

 

Հայը միայն խելքի գալիս է վերջում՝

Վեճից հետո, երբ այլևս չեն վիճում,

Կռվից հետո, երբ երկիր է կորցրել,

Երբ զավակներն աշխարհով մեկ է ցըրել:

 

Արդյո՞ք հայը խելքի եկել է հիմի, -

Եվ թուրքը, որ եղել է շատ տարիներ

Հային դրկից, մի օրհնըված խոսք ունի՝

«Երնեկ հայի ետին խելքը ինձ լիներ»:

 

Ո՞վ է պղծում սրբությունս գողաբար,

Թե Նաիրին լոկ մարմաջ է ուղեղի, -

Նա՛, որ ցնորքը կոչում է գաղափար,

Իսկ ընթացքը իր ազգուրաց՝ Նոր ուղի:

 

Նա, որ ուզեց լույս հանճարը քո մարել

Ու ծանակել նվիրական վերքը քո,

Ճգնում է իր գաղափարին հարմարել,

Մեծ բանաստեղծ, նաիրական երկը քո (11):

 

Թե մոռանաս, ինչե՞ր գլխով մեր անցան,

Բնօրրանիդ հուշն ու հույսը թե մարես,

Մի բուռ ազգն էլ վերջը կանես ցիրուցան,

Այս ափ հողն էլ մի օր միֆ կըհամարես:

 

1. 1920 թվի հոկտեմբերի 30-ին տարօրինակ հանգամանքների բերումով Կարսի անառիկ բերդը հանձնվեց թուրքերին: Կարսի անկմանը առանձին գրքով անդրադարձել է պատմաբան Գևորգ Յազըչյանը։ 

2. 1918-ի փետրվարի 18-ին ռուսական զորքը և հայ կամավորական գնդերը ազատագրեցին Էրզրումը: 

3. 1896 թվի սեպտեմբերին Նիկոլայ II ցարը մեկնեց Մեծ Բրիտանիա և հյուրընկալվեց Վիկտորյա թագուհու կողմից, որը նրա կնոջ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի տատն էր: Այդ ժամանակ խիստ սրվել էին Մեծ Բրիտանիայի հարաբերությունները Օսմանյան կայսրության հետ, որը կազմակերպել էր հայերի կոտորածները Մուշում և Սասունում, իսկ Նիկոլայ II-ը այդ կոտորածը կազմակերպող Կոստանդնուպոլսի ղեկավարության հետ սկսել էր քաղաքական սիրախաղ: Ցարը, սակայն, մերժեց Անգլիական կառավարության առաջարկը՝ սուլթան Աբդուլ-Համիդին փոխարինելու և Եգիպտոսը Անգլիայի ենթակայության թողնելու մասին, չնայած փոխարենը որոշ զիջումներ էր ստանալու նեղուցների հարցում: Թեև նա համաձայնեց համատեղ մշակել Օսմանյան կայսրության բարեփոխումների նախագիծ, որի մեջ նախատեսված էին նաև հայերի վիճակը թեթևացնելու միջոցառումներ, սակայն այդ նախագիծը այդպես էլ չներկայացվեց սուլթանին: Այս իմաստով շատ ուշագրավ է հետևյալ փաստը՝ 1897 թվի մարտին ռուսական զորքերը մասնակցեցին հույն-թուրքական պատերազմին հաջորդած միջազգային խաղաղապահ գործողությանը Կրետե կղզում: Այս նպատակով Կովկասի փոխարքա նշանակվեց չարագործ Գրիգորի Սերգեևիչ Գալիցինը, որին աշուղ Ջիվանին անվանում էր «գայլ և ցին»: Գալիցինը չափազանց բացասական էր վերաբերում հայ ազգային շարժմանը: Լրագրող Ալեքսանդր Ամֆիտեատրովը պատմության համար հիշատակ է թողել Գալիցինի հայատյաց և տմարդի հետևյալ արտահայտությունը. «Այնտեղ կհասցնեմ, որ Թիֆլիսում մնացած միակ հայը կլինի հայի խրտվիլակը Թիֆլիսի թանգարանում»: Գալիցինը Հայ Առաքելական եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու և հայկական դպրոցները փակելու մասին ընդունված օրենքի (1903 թվի հունիսի 12) վճռական նախաձեռնողներից մեկն էր: Ընդունված օրենքով Հայ Եկեղեցու և հոգևոր հիմնարկների անշարժ գույքը՝ ներառյալ Էջմիածնի վանքի տարածքը և դրամագլուխը փոխանցվում էին պետական կառավարման: Այս ամենը արժանի հակահարված ստացավ սոցիալ-դեմոկրատ հնչակյանների կողմից, և 1903 թվի հոկտեմբերի 14-ին Գալիցինը մահափորձի հետևանքով ծանր վիրավորվեց Թիֆլիսի մոտերքում՝ Կոջորի խճուղու վրա: Իսկ 1904 թվի օգոստոսի 11-ին նա պարգևատրվեց Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշանով՝ Կովկասը ղեկավարելու ջանքերի համար: Այս պարգևը հաստատում է, որ Գալիցինի նման ոճրագործը հովանավորվում էր Նիկոլայ II ցարի կողմից: Գալիցինը իր մահկանացուն կնքեց 1907 թվին Սանկտ Պետերբուրգում:  

4. Տե՛ս տողերիս գրողի «Հովհաննես Թումանյանի չորս որդիների եղերական ճակատագիրը» ուսումնասիրությունը - «Գրականագիտական հանդես», № 2, 2019, էջ 199–216; նաև՝ 2019 թվի հոկտեմբերի 21-25–ին Հովհ.Թումանյանի ծննդյան 150–ամյակին նվիրված ԳԱԱ Մ.Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի գիտաժողովի ժողովածու, «Գիտություն» հրատ., 2020, էջ 585-601։ 

5. 1918 թվի հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Լենինի հրահանգով իրագործվեց եղերական մահապատիժը, որին զոհ գնաց Նիկոլայ II ցարի ողջ ընտանիքը: Հեղափոխությունը չխնայեց ոչ նրա զավակներին, ոչ նույնիսկ ծառաներին: Եվ այս եղերական ոճրի հետքերը ծածկելու համար բոլորի աճյունների վրա մեծ քանակով ծծմբաթթու լցրեցին՝ նույնիսկ ոսկորները հալեցնելու համար: 1980-ական թվերին լենինգրադցի բանաստեղծուհի Կորոլյովան շատ հուզիչ բանաստեղծություն նվիրեց Նիկոլայ II ցարի ընտանիքի գնդակահարմանը, որի մեջ ցավով էր հիշատակում նրա չորս դուստրերի և իծնե անբուժելի հիվանդ որդու մասին: Ցարի դուստրերն էին՝ Օլգա (22 տ.), Տատյանա (20 տ.), Մարիա (18 տ.), Անաստասիա (16 տ.) և որդին՝ Ալեքսեյ (14 տ.): 

6. Աւետարան ըստ Մատթէոսի. Գլուխ ԻԴ. «3. Եւ մինչ դեռ նստէր ի լերինն Ձիթենեաց, մատեան առ նա աշակերտքն առանձինն եւ ասեն. Ասա մեզ՝ ե՞րբ լինիցի այդ, եւ կամ զի՞նչ նշան իցէ քոյոյ գալստեանն եւ վախճանի աշխարհիս: 4. Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Զգոյշ լերուք՝ գուցէ ոք զձեզ խաբիցէ. 5. զի բազումք գայցեն յանուն իմ, եւ ասիցեն՝ թէ ես եմ Քրիստոսն, եւ զբազումս մոլորեցուցանիցեն: 6. Լսելոց էք պատերազմունս եւ համբաւս պատերազմաց. զգոյշ լերուք՝ մի՛ խռովեսջիք, զի պարտ է լինել այնմ ամենայնի, այլ չեւ է կատարած: 7. Յարիցէ ազգ յազգի վերայ, եւ թագաւորութիւն ի թագաւորութեան. եւ եղիցին սովք եւ սրածութիւնք եւ սասանութիւնք ի տեղիս տեղիս. 8. սակայն եւ այն ամենայն՝ սկիզբն է երկանց: ... 11. եւ բազում սուտ մարգարէք յարիցեն, եւ զբազումս մոլորեցուսցեն: ... 23. Յայնժամ թէ ոք ասիցէ ձեզ՝ ահաւասիկ աստ է Քրիստոսն կամ անդ, մի՛ հաւատայցէք: ... 24. Զի յարիցեն սուտ քրիստոսք եւ սուտ մարգարէք, եւ տայցեն նշանս մեծամեծս եւ արուեստս, մինչ մոլորեցուցանել՝ թէ հնար ինչ իցէ՝ եւ զընտրեալսն.»։

7. Սարդարապատի պանծալի հերոս գեներալ-մայոր Դանիել Բեկ-Փիրումյանը գլխավոր հրամանատար Մովսես Սիլիկյանի տեղակալն էր: Ցավոք, ավտովթարի ժամանակ կոտրել էր ոտքը և 1920 թվի հոկտեմբերի 30-ին թուրք-բոլշևիկյան դավադրության հետևանքով Կարսի բերդի անկման ժամանակ գերի էր ընկել թուրքերի ձեռքը: 1921 թվի հունվարին նրան տեղափոխել են Ալեքսանդրապոլ, ապա հանձնել ռուսական 11-րդ Կարմիր բանակի ներկայացուցիչներին: Խորհրդային Հայաստանում մոլեգնող տեռորի ժամանակ բոլշևիկները նրան մեղադրեցին իրենց իսկ կազմակերպած Կարսի բերդի անկման համար և հայ բարձրաստիճան այլ սպաների հետ գնդակահարեցին Ղարաքիլիսա-Դիլիջան ճանապարհին: Գեներալի դին գաղտնի տեղափոխվել է Էջմիածին և ամփոփվել Սուրբ Գայանեի վանքին կից գերեզմանոցում: Արցախի Մահապարտների գնդի հրամանատար Պողոս Բեկ-Փիրումյանը, լսելով 1921 թվին իր հորեղբորորդի Դանիել Բեկ-Փիրումյանի գնդակահարման մասին, Երևանի Անգլիական այգում ինքնասպան եղավ՝ ատրճանակից իր բերանի մեջ կրակելով:  

8. Գարեգին Ա Հովսեփյանց (1867-1952), 1943 թվականից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ, արվեստաբան, Գերմանիայի Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության դոկտոր: 

9. Ռուս-թուրքական զինադադարը կնքվեց Երզնկայում 1917 թ. դեկտեմբերի 5–ին Խորհրդային Ռուսաստանի առաջարկով: 

10. Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Անգլիան և Ֆրանսիան Մեծ եղեռնից մազապուրծ հայերից կամավորական լեգեոն կազմեցին՝ Պաղեստինը թուրքերից ազատագրելու համար, խոստանալով դրա դիմաց Կիլիկիայում ստեղծել Հայկական պետություն՝ Ֆրանսիայի հովանու ներքո: Վճռական ճակատամարտը թուրքական բանակի դեմ տեղի ունեցավ 1918 թվի սեպտեմբերի 19-ին Նաբլուս քաղաքի մատույցներում՝ Արարայի բարձունքի համար, որտեղ հիմնականում հայկական լեգեոնի ուժերով ջախջախվեց թուրքական բանակը: Արդյունքում՝ Անգլիան ստացավ Պաղեստինը կառավարելու մանդատ, իսկ Ֆրանսիան 1919 թվին բախտի քմահաճույքին մատնեց Կիլիկիայում վերստին հավաքված ավելի քան 150 հազար հայերին և Կիլիկիան Թուրքիային հանձնելով՝ դրա դիմաց, 1921 թ. հոկտեմբերի 20-ի Անկարայի համաձայնագրով իրավունք ստացավ շահագործելու Բաղդադի երկաթուղու մի փոքրիկ տեղամաս: 

11. Եղիշե Չարենցը «Երկիր Նաիրի» վեպում (1932 թ.) տուրք է տալիս Խորհրդային կոմկուսի այն մտայնությանը, որ Արևմտյան Հայաստանը այլևս գոյություն չունի և պետք է վերջ տալ «Երկիր Նաիրի» առասպելին՝ ի հաճույս քեմալական Թուրքիայի: Իմ «Եղերերգ Եղիշե Չարենցին» բանաստեղծության մեջ («Գրական թերթ», 2018, մարտի 16) հենց սկզբից ակնարկում եմ այդ թեման՝ «Չարենցը կարմիր այն մուժը վանեց, /Երբ սթափ հոգով նայեց նա իրին, /Մեր հավաքական ուժին  դավանեց, /Ու վերածնվեց երկիր Նաիրին։»: Նույն նկատառումով էլ հայտնի հայագետ Ստեփան Մալխասյանցը պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմության» աշխարհաբար թարգմանության ներածության մեջ նրա ծննդավայրը պատմական Տարոնից (Տուրուբերան) փոխադրեց Սյունիք և 1940 թվականից սկսած մինչև օրս շուրջ 20 հրատարակություններում համառորեն կրկնվում է այս անհիմն մտացածին տեսակետը, որը ես ժխտել եմ իմ «Մովսես Խորենացու դարը» մենագրության մեջ (2007 թ., գլ. առաջին, էջ 33-44; տե՛ս նաև «Որտե՞ղ է ծնվել Պատմահայրը» - «Երկիր Ավետյաց», «Սասուն» հայրենակցական միության հանդես, 1991, հոկտեմբեր, № 11 (23), էջ 6-7):

 

 

                                                                                    Ալբերտ Մուշեղյան

Երևան, 18 նոյեմբեր 1987 թ.

 

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica