close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է գտնենք ուղիներ Հայաստանին սպառնացող վտանգները հաղթահարելու համար․ Արմեն Ռուստամյան

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2021, 15:05
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է գտնենք ուղիներ Հայաստանին սպառնացող վտանգները հաղթահարելու համար․ Արմեն Ռուստամյան

Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի են ունենում լուրջ գործընթացներ, և մեր պետական, պաշտոնական քննարկումների համար առանձնացված հարթակներում կարծես այդ կարևորությամբ խնդիրները չեն քննարկվում և մենք միշտ ականատես ենք լինում երկրորդական, երրորդական նշանակություն ունեցող հարցերի քննարկման, երբ որ ունենք շատ հստակ զգացում Հայաստանին և հայությանը սպառնացող վտանգների՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը «Հայաստան» դաշինքի կազմակերպած՝ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի բացմանը։

«Աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ են․ Հայաստանը մտել է մի գործընթացի, հորձանուտի մեջ, որտեղից թե ինչպես դուրս կգա՝ դրանից կախված է լինելու մեր սերունդների ապագան»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նա վստահեցրեց, որ այդ կարևորությունն է իրենց բերել նշված թեմայի ձևակերպմանը․ իսկապես Հայաստանի, Արցախի և հայության առջև կանգնած են սպառնալիքներ և վտանգներ, և դրանց արձանագրման անհրաժշտությունն այսօր իսկապես հրատապ է։

«Մենք ոչ միայն պետք է արձանագրենք դա, այլ նաև փորձենք հասկանալ, թե ինչ ուղիներ կան դրանք հաղթահարելու»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

 

Yerkir.am-ն ստորև ներկայացնում է ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթն ամբողջությամբ. 

Տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն առերեւույթ միտված նորօրյա գործընթացում Հայաստանը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջեւ, այն է՝

Խաղաղություն շնորհիվ Հայաստանի ուժեղացման, թե ի հաշիվ Հայաստանի թուրքացման։

Հարավային Կովկասի տարածաշրջանում դերակատար երկրների շահերի բախման եւ բեւեռացման որպես հետեւանք՝ կատարվում է ազդեցության գոտիների նոր վերաբաշխում։

Ավանդաբար այսպիսի գործընթացում անմիջական մրցակցությունը ծավալվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչը դրսեւորվում է միաժամանակ, թե նրանց ունեցած գրեթե նույն հավակնություններով նույն տարածքների նկատմամբ, թե իրավիճակային բնույթ ունեցող ընդհանուր հակառակորդների ի հայտ գալով։

Թե ինչպիսի տեսք կունենա մեզ համար տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր քարտեզը կախված է նրանից, թե մինչեւ որտեղ կհասնի Թուրքիայի ծրագրերի նեոօսմանական ռազմավարական խորությունը։

Սակայն իրականությունն այն է, որ սա մարտահրավեր չէ միայն Հայաստանին ուղղված, այլ Թուրքիան իր ռազմավարական շահերի գոտի է հռչակել շուրջ 70 պետություն, որտեղ բնակվում են թրքալեզու ժողովուրդներ։ Իսկ այն երկրները, որտեղից կարող են բխել սպառնալիքներ նեոօսմանական ծրագրերին թիրախավորված են որպես պանթուրքիզմի խոչընդոտներ։ Ահա ռազմավարական այս մակարդակի վրա է, որ դրսեւորված է Հայաստանի հետ այս կամ այն չափով աշխարհաքաղաքական շահերի եւ սպառնալիքների ընդհանրություն ունեցող երկրների շրջանակը։ Այս շրջանակն ի դեպ տարածաշրջանում ներառելով անմիջական դերակատարներ Ռուսաստանին եւ Իրանին տարածվում է դեպի արեւելք՝ մինչեւ Չինաստան եւ Հնդկաստան, իսկ դեպի արեւմուտք՝ մինչեւ միջերկրածովյան ավազան։

Եվ հենց այս երկրների ռազմավարական շահերից նաեւ չի բխում , որ Հայաստանը կորցնի իր աշխարհաքաղաքական նշանակությունը եւ պանթուրանական աքցանի մեջ ընկնելով՝ հայտնվի վերջնականապես այսպես կոչված «աշխարհաքաղաքական պարկում»։

Այդ «պարկից» Հայաստանը հանող եւ աշխարհաքաղաքական «գծի» վրա պահողը այսօր Սյունիքն է։

Սա է Հայաստանի թուրքացման աշխարհաքաղաքական հետեւանքը, երբ աշխարհին այլեւս ոչնչով հետաքրքիր չես, իսկ պետության նոմինալ գոյությունը պայմանավորված է բացառապես Թուրքիայի բարեհաճությամբ։

Սա թույլ չտալն է նաեւ Սյունիքով ու Արցախով Հայաստանի, որպես աշխարհաքաղաքական գործոնի պահպանման եւ ամրապնդման ներկա սերնդի պատմական առաքելությունը։

Քանզի ակնհայտ է, որ նեոօսմանիզմը , որպես ռազմավարություն որդեգրած Թուրքիան խաղաղության, տնտեսական կամ այլ ոլորտներում փոխգործակցության անվան տակ սովորաբար թաքցնում է իր քաղաքական էքսպանսիա իրականացնելու եւ տվյալ տարածքում լիարժեք վերահսկողություն հաստատելու բուն նպատակը։ Օրինակները քիչ չեն եւ հենց մեր անմիջական հարեւանությամբ։

Այսպիսով կարելի է արձանագրել, որ թուրքացումը իր տարաբնույթ դրսեւորումներով թուրքական այսպես կոչված «փափուկ ուժի» մարտավարության էությունն է, որի նպատակն է տարբեր ոլորտներում փոխգործակցության անվան տակ հասնել տվյալ երկրի Թուրքիայից առավելագույն կախվածության եւ պանթուրանական ծրագրերի անխափան իրագործման։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը աշխարհաքաղաքական այս վերդասավորումների բարդագույն ժամանակահատվածում կանգնած է վերստին թուրքացման սպառնալիքը չեզոքացնելու եւ մեր սերունդների անժամանցելի իրավունքները պահպանելու հրամայականի առջեւ։

Քանզի թուրքացման գնով ստացած խաղաղության լավագույն արդյունքը դա ազգային բովանդակությունից զուրկ, սեփական կենսական շահեր չունեցող եւ թուրքական բարեհաճությանը հանձնված պետության առերեւույթ գոյությունն է։

Այսինքն՝ հանուն խաղաղության թուրքացման վերջնարդյունքը անփուսափելիորեն հայոց անկախ պետականության փլուզումն է։

Հայկական անկախ պետականության փլուզմանն է հանգեցնելու նաեւ Արցախի հայաթափումը։ Հայաստանի անկախությունը ձեռք է բերվել արցախյան ազատամարտի պայմաններում եւ հիմա այս վերջին պատերազմից հետո դժվար չէ պատկերացնել, թե ինչ կմնար Հայաստանի անկախությունից, եթե չլիներ արցախյան ազատամարտի մեր հաղթանակը։ Այդ հաղթանակը Հայաստանի այս կառավարությունը այսօր վեր է ածել պարտության եւ անմիջապես, որպես հետեւանք ստացել է խնդիր, թե ինչպես պահպանել Հայաստանի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը։

Հետեւաբար չտեսնել փոխկապակցվածությունը Արցախի հայկականության եւ Հայաստանի ինքնիշխանության՝ նշանակում է գնալ երկուսն էլ կորցնելու ճանապարհով։

Հայաստանի թուրքացումը եւ Արցախի հայաթափումը այս պատերազմից հնարավորինս արագ առավելագույնը ստանալու թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակն է։

Ուստի Հայաստանին եւ Արցախին սպառնացող անմիջական վտանգը հենց դա արձանագրող հնարավոր ամբողջական կապիտուլիացիան է։ Այս վտանգն ավելի իրական է դառնում գործող վարչախմբի մինչ օրս դրսեւորած ժողովրդի թիկունքում ժողովրդի ճակատագիրը որոշելու հակաօրինական գործելաոճի պայմաններում։ Գաղտագողի, կատարված փաստի առաջ կանգնեցնելու միջոցով ժողովրդին կործանարար զիջումներ պարտադրելը այս վարչախմբի անխախտ ձեռագիրն է դարձել։

Այսպես եղավ, երբ պատերազմը շարունակելու կործանարար հետեւանքերը թաքցվեց հաղթական պաթոս առաջացնելու միջոցով։

Այսպես կարող է լինել հիմա, երբ կենսական զիջումներ ենթադրող հերթական կապիտուլիացիոն գործընթացը խլացվի տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելու վարչախմբի ամպագոռգոռ եւ ոչ պակաս պաթետիկ կոչերով։

Ժողովուրդը չի կարող թմբիրի մեջ սպասել մինչեւ ամեն ինչ իր թիկունքում ավարտին հասցվի, երբ անցած կլինեն անշրջելիության բոլոր հանգրվանները։

Իսկ որ արդեն ստեղծվում են անշրջելի վիճակներ, վկան՝ սահմաններում տիրող իրավիճակն է ։

Զորօրինակ գոյություն չունի սահմանազատման եւ սահմանագծման մասին որեւէ վերջնական համաձայնություն կողմերի միջեւ, բայց Ադրբեջանն արդեն մեր իսկ թողտվությամբ դիրքեր գրավելով, կանխորոշում է սահմանազատման հետագա ընթացքը։

Վերահաս այս վտանգների դեմն առնելու ճանապարհը համահայկական միասնությամբ ազգային դիմադրություն առաջացնելն է։

Դիմադրության պլատֆորմը պետք է ձեւավորել Հայաստանի թուրքացման եւ Արցախի հայաթափման սպառնալիքների ամբողջական գնահատման եւ դրանց հաղթահարման մարտավարական հստակ սկզբունքների մատնանշման հիման վրա։

Ներկայացվող հարցաշարը կոչված է ծառայելու հենց այս խնդրի լուծմանը։

 

Արմեն Ռուստամյանի ելույթի տեսագրությունը՝ ստորև․

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես
Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ
2 Դեկտեմբերի 2021, 17:12 Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica