close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարսից՝ Արցախ

Քաղաքական

13 Հոկտեմբերի 2021, 17:29
 Կարսից՝ Արցախ

Հայոց բազմադարյա պատմության մեջ ողբերգական, բայց առավել ամոթալի ամսաթվերից մեկը 1920 թ. հոկտեմբերի 30-ն է, այն օրը, երբ թշնամուն հանձնվեց Հայաստանի Հանրապետության գոյության համար կարևոր պատվար Կարս բերդաքաղաքը: Ինչու և ինչպես ընկավ Կարսը` շատ է խոսվել, հատկապես վերջին 30 տարվա ընթացքում:

Այն մասին, որ Կարսի անկման գլխավոր պատճառը դասալքությունն էր, խոսվել է բազմիցս, և որ այդ դասալքության քարոզին լծված էին հայ բոլշևիկները, նույնպես փաստ է, բայց որ ժողովուրդն ու զինվորականությունը չգիտակցեցին Կարսի կարևորությունը Հայաստանի Հանրապետության հետագա գոյության և հենց ի՛ր` հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար, քիչ է խոսվում: Ինչո՞ւ և ինչպե՞ս Սարդարապատում ավելի ծանր պայմաններում հաղթանակ տարած ժողովուրդը հրաժարվեց կռվել Կարսի համար…

Պատմական դառը ճշմարտությունն այն է, որ բերդաքաղաքի պաշտպանության կոչված հայկական զորքի երիտասարդ հրամանատարը՝ գնդապետ Մազմանյանը, հակագրոհի հրահանգ էր տվել իր զինվորներին, որոնք, սակայն, հրաժարվեցին ենթարկվել իրենց հրամանատարին ու… դիմեցին դասալքության: Այս մասին Ս. Վրացյանը գրում է. «….Համաձայն տրված հրամանի, հոկտեմբերի 30-ի առավոտյան մեր զորքերը պիտի անցնեին հակահարձակման…. Սակայն առաջին գունդը մերժեց կատարել հրամանը և տեղից չշարժվեց: Հուսահատ և անզոր գնդ. Մազմանյանը ամենքի աչքի առաջ մաուզերի երկու գնդակից ինքնասպանություն գործեց….»1: Սակայն անգամ պատվախնդիր սպայի ինքնասպանությունը հայոց զորքին չսթափեցրեց, և նույն օրը՝ հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, Կարսն ընկավ, ինչն էլ իր կնիքը դրեց հետագա իրադարձությունների վրա, որոնք Հայաստանի համար աղետալի էին:

Կարսի անկումը շղթայական ռեակցիայի ազդեցություն ունեցավ, և մի քանի օր անց՝ նոյեմբերի սկզբներին, հանձնվեց նաև Ալեքսանդրապոլը։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու համար նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադար կնքվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։ Իսկ դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը իշխանությունը հանձնեց բոլշևիկներին՝ վայր դնելով իր լիազորությունները:

Թվում էր, թե Կարսում էին հավաքվել հայրենասեր բազմաթիվ հայ երիտասարդներ, բայց «Այդ «հայրենասեր» հայ երիտասարդները, հայտնվելով դիրքերում, վճռական պահին նախ սկսում էին գոռալ, թե. «….Մեր ընկեր բոլշևիկների դեմ մենք կռվել չենք ուզում, եկող թուրքերը մեր ընկերներն են», հետո ցուցադրաբար գցում էին զենքը և դիմում փախուստի, հորդորելով մյուս զինվորներին հետևել իրենց օրինակին»2: Հայկական բանակի վրա, ինչպես արդեն ասացինք, իր ազդեցությունն էր ունեցել հայ բոլշևիկների քայքայիչ քարոզչությունը, որի նպատակն էր ամեն կերպ հասնել Հայաստանի Հանրապետության պարտությանը: Դրա մասին է վկայում նաև նրանց հղված «Հույժ գաղտնի» վերնագրված հեռագիրը, որն այսօր պահվում է Հայաստանի ազգային արխիվում: Այդ հեռագրում կարդում ենք. «Հայաստանի կոմունիստների (բոլշևիկների) կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցության բոլոր կազմակերպություններին, թե՛ թիկունքում, թե՛ ռազմական գոտիներում և հատկապես Կարսի գարնիզոն մեկնող բոլշևիկներին անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում…. ինչպես նաև թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով՝ Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի: Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատության համար՝ ընդդեմ իմպերիալիզմի (Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի): Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա՝ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և դրանով իսկ կվտանգի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև՝ Արևելքի խորհրդայնացումը: Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը: Այս նպատակի համար պետք է.

Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, դրանք են. ա) կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին, բ) ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիրքերը վերադառնան թիկունք, գ) չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց: Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասքյարը հեղափոխական ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին` ազատվելու իմպերիալիստական գործակալ դաշնակցությունից: Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով՝ Հայաստանը ընդմիշտ կկապվի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին և սովին, ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործի:

Ծանոթություն – Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել:

Հայաստանի կոմ. կուս. կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի. Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան: Նո. 218, Բաքու, 1920 ՍԵՊ. 20»3:
Հայ բոլշևիկները, իհարկե, պարտաճանաչորեն գլուխ բերեցին իրենց հանձնարարված գործը: Հոկտեմբերի 31-ին թուրքերը Կարսում էին… Ներխուժելով Կարս` թուրքերը, ինչպես բնորոշ է իրենց, իսկական կոտորած կազմակերպեցին: Այդ օրերին գերված Ա. Բաբալյանի վկայությունն է մեզ փոխանցում Ս. Վրացյանը. «….Հայերը ենթարկվում էին կոտորածի, գեղեցիկ կանայք տարվում էին հարճության, տղամարդիկ քշվում էին Թուրքիայի ներսը: ….Մեր գերության հինգերորդ օրը մեզ այցելեցին չորս հայեր՝ ուղեկցությամբ մի քանի տաճիկ սպաների, զարդարված կարմիր լաթերով: Կարսի հայ կոմունիստներն էին դրանք. պտտում էին հանրակացարանները և իրենց թշնամիներին մատնում տաճիկներին: Հեղկոմների անդամներ էին….»4: Հանուն արդարության պետք է ասենք նաև, որ Կարսի անկման մեջ իր մեղքի բաժինն ուներ նաև ռազմաճակատի հրամանատարությունը, որը անհեռատեսություն դրսևորեց և շուրջ 2500 արևմտահայ զինվորներին, որոնք չէին ընդունում ո՛չ թուրքերին, ո՛չ էլ բոլշևիկներին, Կարս քաղաքում կենտրոնացնելու փոխարեն, բաշխեց ռազմաճակատով մեկ, մինչդեռ նրանք կարող էին Կարս քաղաքում լուրջ դիմադրող ուժ լինել թուրքերի դեմ: Բացի այդ` վճռական պահին դեպի Կարս արշավող Կարաբեքիրի զորքին թիկունքից հարված չհասցրեց գնդապետ Հասան Փաշայանի զորամասը, կրավորական կեցվածք էր ընդունել Կարսի բերդի շտաբի պետ Վահան Տեր-Առաքելյանը, և այս համապատկերում իր բարձունքում չէր նաև ժամանակի ամենահեղինակավոր զինվորականներից մեկը՝ գեներալ Դանիել Բեկ-Փիրումյանը: Կարսի հանձնումից կարճ ժամանակ անց թուրքերի ձեռքն անցավ նաև Ալեքսանդրապոլը, ինչն առաջ բերեց հայ բոլշևիկների անզուսպ ոգևորությունը, որի մասին վկայում է թուրքերին ուղղված նրանց ողջույնի խոսքը. «Ալեքսանդրապոլի պրոլետարիատը և չքավոր գյուղացիությունը՝ ազատված հայկական դարավոր լծից, հղում է եղբայրական և սրտալի ողջույնը Թուրքիայի կոմունիստական կուսակցությանը… Կեցցե Թուրքիայի կոմ. կուսը: Կեցցե Կարմիր հեղափոխական Արևելյան բանակը: Կեցցե կոմունիզմը: Կեցցե Սովետական Հայաստանը:

Ար. Տեր-Մարտիրոսյան, Մկ. Խաչիկյան
Նոյեմբեր 1920»5:
Կարսի հանձնումը չափազանց ծանր նստեց Հայաստանի վրա. նախ՝ երկիրը կորցրեց իր անկախությունը, ապա` 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով Հայաստանը զրկվեց մի շարք տարածքներից, նույն թվականի հուլիսի 5-ին Արցախը ապօրինաբար կցվեց Ադրբեջանին, Կարսի պայմանագրով Նախիջևանն արդեն տրվել էր այդ երկրին, Հայաստանին մնաց միայն Զանգեզուրը, այն էլ` Նժդեհի գլխավորությամբ մղված երկարատև ու հերոսական պայքարի շնորհիվ:

Կարսի ամոթից 100 տարի անց, թվում էր, թե հայ ժողովուրդը, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դասեր են քաղել այդ ողբերգական իրադարձություններից, բայց… Հայոց պատմության մեջ ոչ պակաս աղետալի ու ամոթալի էր 2020 թ․ նոյեմբերի 9-ը:

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: 44 օր հայկական բանակն ու կամավորները կենաց-մահու կռիվ էին տալիս հայրենիքի պաշտպանության համար, իսկ նրանց թիկունքում երկրի քաղաքական ղեկավարությունը գաղտնի գործարքների մեջ էր դարավոր թշնամու հետ: «Դրօշակ»-ի 2020 թ. 10-րդ համարում հրապարակված Կարսի անկմանը նվիրված մեր հոդվածում գրել էինք. «Այսօր Հայաստանի մերօրյա հանրապետության համար 1990-ականներին ազատագրված Արցախն ունի նույն կարևորությունը, ինչ Առաջին հանրապետության համար Կարսը, և, ցավոք սրտի, այսօր էլ կան հասարակական ու քաղաքական շրջանակներ, որոնք շարունակական քարոզչություն են տանում այն ուղղությամբ, որ «այս թուրքը նախկին թուրքը չէ», «թուրքը բարեկամ է»` այս կոչերը համեմելով չափազանց գայթակղիչ խաղաղության խոստումով՝ միաժամանակ ծաղրելով Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարն ու վտանգավոր համարելով ազգ-բանակ հայեցակարգը»6:

44 օր հաղթանակի վերաբերյալ հավաստիացումներ լսող հանրությանը հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմեց Շուշին պաշտպանելու կոչով. ««Թշնամին գտնվում է այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, և գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին, ինչպես ասում են` ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին, և ուզում եմ, որ գիտակցենք այս պահը»,- նշեց Հարությունյանը` կոչ անելով միավորվել ու միանալ Շուշիի պաշտպանությանը:

Ըստ նրա` ադրբեջանական ուժերը լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ. – «Որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը»,- հորդորեց Արցախի նախագահը` շեշտելով, որ սա ոչ թե խուճապային ելույթ է, այլ հակառակը` ինքը հավատում է հաղթանակին»7:

Բերդաքաղաք Շուշիի պաշտպանությունը, ըստ պաշտոնական տվյալների, տևեց մինչև նոյեմբերի 9-ը: Մի կողմից Շուշին պաշտպանելու կոչ անող ու կամավորներ, ոստիկանական զորք և զինվորներ Շուշի ուղարկող իշխանությունը մյուս կողմից Շուշիի պաշտպանների թիկունքում այն հանձնել էր թշնամուն: Արցախի դավադրաբար հանձնումը կատարվեց Հայաստանի՝ թշնամու ձեռքին հայ բոլշևիկներից ոչ պակաս գործիք դարձած իշխանության ձեռքով, որի ղեկավարը 2020 թ. նոյեմբերի 9-ին հերոսաբար կռվող բանակի և նրա մեջքին ամուր կանգնած հայության թիկունքում դավադիր գործարքի մեջ մտավ թշնամու հետ և կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրեց:

2020 թ․ նոյեմբերի 9-ին հայ ժողովրդի թիկունքում կնքվեց, այսպես կոչված, հրադադարի համաձայնագիր, որը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն 1994 թ. մայիսի 12-ի զինադադարի պայմանագրի՝ Արցախի Հանրապետությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթի կողմ չէ, և, ի տարբերություն մայիսի 12-ի զինադադարի պայմանագրի, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագիրը Հայաստանի Հանրապետությանը դրեց ծանր դրության մեջ, Արցախի Հանրապետությունը կորցրեց իր տարածքի 75 %-ը, որի մեծ մասը պարզապես հանձնվեց թշնամուն: Այդ փաստաթղթում սահմանված է հետևյալը. «1. 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:

3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

5. Հակամարտության Կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն:

6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ:

8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»8:

Այս փաստաթղթով Հայաստանը ոչ միայն կորցրեց Արցախի տարածքի 75 %-ը, այլև թուրքը, ավելի քան հարյուր տարի առաջ նախ Արամի, հետո Նժդեհի շնորհիվ վիժեցված պանթյուրքիզմի ծրագրին հետամուտ, հայտնվեց իր համար անհասանելի երազանք դարձած Զանգեզուրում: Շուշիի և Արցախի կորստով Հայաստանի Հանրապետությունը կանգնած է կործանման վտանգի առաջ, քանի որ Հայաստանի Հանրապետության դարպասները բացված են թշնամու առաջ, թշնամին, փաստորեն, նոյեմբերի 9-ից հետո առանց ջանք թափելու ստանում է այն ամենը, ինչ ուզում է՝ Սոթք, Որոտան, Երասխ, Նոր Այգեձոր, Կութ, և ՀՀ այլ գյուղերին իշխող բարձունքները առանց դիմադրության հանձնվել են թշնամուն: Այս ամենով չբավարարվելով` թշնամին պահանջում է միջանցք Մեղրիով, ինչը կկտրի Հայաստանի Հանրապետությունը Իրանի Հանրապետությունից և օղակի մեջ կվերցնի Հայաստանը:

Ի՞նչ անել փրկելու համար Հայաստանի Հանրապետության մնացորդացը: Իհարկե, գլխավոր պայմանը պետական դավաճանություն գործած անձին պետության ղեկավարի պաշտոնից հեռացնելն է, ինչը, ինչպես տեսնում ենք, բավականին բարդ է, քանզի նա դեռ անելիքներ ունի թշնամու շահերը սպասարկելու տեսանկյունից, միաժամանակ հայ հասարակության մի որոշ հատված (թերևս արդեն ոչ մեծաթիվ) դեռևս չի ընկալել տեղի ունեցած ակնհայտ դավաճանության փաստը: Այնուամենայնիվ, հաշվարկված գործողությունների և ճիշտ քայլերի շնորհիվ դեռևս որոշակիորեն պահպանված պետական ինստիտուտների հիմքի վրա կարելի է կրկին ոտքի հանել հայկական պետականությունը, ինչը օրակարգային հարց է, և կարծում ենք` ոչ այնքան երկար ժամանակ անց հնարավոր կլինի ամբողջական իշխանափոխությամբ պետականության առողջացման, ինչու չէ, նաև վերականգնման գործընթացի սկիզբը դնել: Հայաստանի Հանրապետության հետագա գոյության համար անհրաժեշտ են ամուր Սյունիք և ապահով Արցախ, հետևաբար պետք է հնարավորինս արագ դասեր քաղել սխալներից և կանգնեցնել հայոց պետականության անկումը. հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:

——————————————————————————————————————————————————————————————————————————————

Ծանոթագրություններ

1. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993, էջ 508-509:
2. Հարությունյան Վ., Կարսի հանձնումը: Զինվորական դավադրության վարկածը, «Վէմ» համահայկական հանդես, Եր., 2018, թիվ 4 (64), էջ 317-318:
3. ՀԱԱ, ֆ. 1022, ց. 3, գ. 275, թ. 1:
4. Վրացյան Ս., նշվ. աշխ., էջ 509:
5. ՀԱԱ, ֆ. 1022, ց. 2, գ. 189:
6.Մելքոնյան Ա., Կարսի անկումը. պատճառներ և դասեր, «Դրօշակ», Եր., հոկտեմբեր, 2020, թիվ 10 (1644), էջ 44:
7. https://www.azatutyun.am/a/30919562.html.
8. https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/.

Օգտագործված աղբյուրների և գրականության ցանկ

ա) Աղբյուրներ
1. ՀԱԱ, ֆ. 1022, ց. 2, գ. 189:
2. ՀԱԱ, ֆ. 1022, ց. 3, գ. 275, թ. 1:

բ) Գրականություն
1. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993:
գ) Մամուլ
1. Հարությունյան Վ., Կարսի հանձնումը: Զինվորական դավադրության վարկածը, «Վէմ» համահայկական հանդես, Եր., 2018, թիվ 4 (64):
2. Մելքոնյան Ա., Կարսի անկումը. պատճառներ և դասեր, «Դրօշակ», Եր., հոկտեմբեր, 2020, թիվ 10 (1644):

դ) Համացանցային նյութեր
1. https://www.azatutyun.am/a/30919562.html.
2. https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/.

Անի Մելքոնյան


Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica