close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրել, հզորանալ. Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցը հանրությանը ներկայացրեց իր ֆոտոպատմությունը

Մշակույթ

4 Հոկտեմբերի 2021, 09:12
 Ապրել, հզորանալ. Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցը հանրությանը ներկայացրեց իր ֆոտոպատմությունը

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն, հենց իր պաշտպանական դիրքերից ամեն օր մեկ ակնթարթ անմահացնելով,ստեղծել է «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմությունը: Այն արտացոլում է ճակատում անցկացրած ամեն մի օրը, մարտնչողների առօրյան, կենցաղը, ապրեցնելու ակնթարթները, կռվի խաղաղ կողմը: 

Ֆոտոպատմության եռօրյա ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին Հայաստանի նկարիչների միությունում:

Միքայելը շեշտեց, որ մարտի դաշտում ամենակարևորը զինվորական առաքելությունն է, բայց լուսանկարչի համար ամեն մի կադրը պատմություն է դառնում, հատկապես՝ պատերազմի դաշտում: «Եթե ես ժամանակ ու հնարավորություն ունենայի, կլուսանկարեի 30, 40, 50 հազար կադր մեկ օրում, բայց ստիպված մեկ կադր էի նկարում ու փորձում ներկայացնել ամբողջ օրը՝ մեկնաբանելով որպես պատերազմի խաղաղ կողմը»,- պատմեց Միքայելն ու հավելեց, որ անդրադարձել է խաղաղ կողմին, քանի որ ամեն խաղաղության մեջ կա չնչին դաժանություն, ոչ մարդասիրական կողմ և հակառակը:

Պատերազմի ընթացքում Միքայելը շատ կորուստներ է ունեցել: Այսօր ամեն քայլ անելիս իր անմահ ընկերներից ասես հարցնի, թե ինչն է ճիշտ: «Գիտեմ, որ նրանք ցանկանում են՝ մենք ուժեղանանք, ավելի պատրաստված լինենք»,- եզրափակեց Միքայել Նազարենկոն:

Ցուցահանդեսին առաջին անգամ ցուցադրվեց նաև Նազարենկոյի «1080 ժամ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում առաջնագծում։ Ֆիլմը նաև ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ:



Ցուցահանդեսին ներկա էին ոչ միայն Նազարենկոյի ընկերները, մտերիմները, պարզապես հետաքրքրասերներ, այլև հոգևորականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Կարճամետրաժ կինոնկարը դիտելուց հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ Միքայելն ու իր որդին միասին են ծառայել:

«Սեպտեմբերի 30-ին իմ տղայի ընկերը վիրավորվել էր: Գնացինք Մարտունի: Այնտեղից ընկերներիս միջոցով գնացի որդուս տեսնելու: Ինձ ուղեկցում էր ուսանողական ընկերներիցս մի գնդապետ, որը միշտ շեշտում էր, որ շատ բան է տեսել կյանքում: Երբ  կարճ ժամանակով տեսանք տղայիս, դիրքը, հետո արդեն վերադառնում էինք, ընկերս ասաց, որ նման բան չէր պատկերացնում»,- պատմեց Դումանյանն ու հավելեց, որ այս սերունդն ապացուցել է, որ այս երկրի տերն է:

Նախարարն ընդգծեց, որ խոնարհվում է բոլոր հրամանատարների առջև: «Ֆիլմում հնչեց այն միտքը, որ կարգապահությունն ամեն ինչ է. գուցե զինվորի համար հրամանատարի խստապահանջությունը հաճելի չէ, բայց կյանք արժե: Խոնարհվում եմ այն բոլոր հրամանատարների առջև, որոնք կյանքեր են փրկել իրենց զինվորական խստապահանջությամբ»,- ասաց նա:

Դումանյանի խոսքով՝ պետք է ապրել, աշխատել, պայքարել, հզորանալ և խաղաղություն պարտադրել, խաղաղ ճանապարհով լուծել մեր խնդիրները, իսկ դրա ամենալավ ճանապարհը կրթված հասարակություն, կրթված երիտասարդություն ունենալն է: «Պետք է հաղթել գիտելիքով»,- շեշտեց նախարարը՝ մաղթելով, որ այսուհետ միայն հաղթանակների մասին ֆիլմեր նկարահանվեն:
 

 

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո: Աջակիցներն են «Ֆորմիկա Արտ» կազմակերպությունը, «Հայաստանի ազգային կինոկենտրոնը», «ՀՌՀ Ուսանողական խորհրդը» և «Oprint»-ը:

Նախագիծը կազմակերպում է «Ալամեզոն» ընկերությունը «Նկարիչների միության» հետ համատեղ:

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica