close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Կարապենցի գրականությունը հատել է համամարդկային սահմանները»․ միջազգային գիտաժողով՝ արձակագրի հիշատակին

Մշակույթ

23 Սեպտեմբերի 2021, 17:35
 «Կարապենցի գրականությունը հատել է համամարդկային սահմանները»․ միջազգային գիտաժողով՝ արձակագրի հիշատակին

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ Երեւանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված արձակագիր Հակոբ Կարապենցի հիշատակին:

 ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Արշալույս Կարապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ գիտաժողովի զեկույցներում ընդգրկված են Հակոբ Կարապենցի կյանքին, գործունեությանը, ստեղծագործության տարբեր ոլորտներին նվիրված նյութեր։ Գիտաժողովին մասնակցում են անվանի գրականագետներ Հայաստանից եւ արտերկրից։ «Բանախոսները ներկայացրեցին ոչ միայն Հակոբ Կարապենց գրողին, խմբագրին ու լրագրողին, այլեւ վերաարժեւորեցին նրա այն ստեղծագործությունները, որոնք նոր ուղենիշ են գալիք շրջանի հայ գրականության համար»,- ասաց նա։

Համազգայինի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը նշեց, որ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ Երեւանի պետական համալսարանի համատեղ կազմակերպած գիտաժողովները նպատակ ունեն առավել համակողմանի ներկայացնելու գրական այն անունները, որոնք հանրության շրջանում դեռեւս քիչ են ճանաչված։ Ըստ նրա՝ Հակոբ Կարապենցն այդ անուններից ն է, եւ այս գիտաժողովը առիթ է ներկայացնելու նրա գրական ժառանգությունը եւ հասարակական գործունեությունը։

Խոսելով գիտաժողովի կարեւորության եւ Հակոբ Կարապենցի ստեղծագործական ժառանգության մասին՝ Առաքելյանը շեշտեց՝ Կարապենցի ստեղծած գրականությունը հատել է համամարդկային սահմանները։ Ըստ նրա՝ թեեւ Կարապենցի հերոսները տարբեր են, սակայն կա մեկ ընդհանրական հենք, որի վրա բարձրանում է Կարապենց գրողի ճշմարտությունը։ Առաքելյանի խոսքով՝ նրա ապրած կյանքի եւ գրականության ներդաշնակումը ընթերցողին տանում է Կարապենցի բանաձեւած ճշմարտության հետեւից եւ խորհելու առիթ տալիս յուրաքանչյուրին։ Նրա «Երկու աշխարհ» հրապարակախոսական, տեսական-վերլուծական հոդվածների ժողովածուն վկայությունն է այն իրողության, որ գրողի տողը արգասիքն է նրա անմիջական, զգացական, պոռթկուն խառնվածքի՝ առանց ավելորդ զարդարումների։

«Հակոբ Կարապենցը Սփյուռքում ստեղծագործող այն մտավորականներից է, որոնք դատապարտված էին երեւակայությամբ կերտել Հայաստանի կերպարը՝ հոգեպես կապված լինելով Հայրենիքի հետ։ Հոդվածներից մեկում ինքն իր մասին ահա, թե ինչ է գրում․ «Գրելով՝ անմահության չեմ ձգտում։ Եթե անմահության ձգտեի մեկ շնչով չէի գրի։ Առաջին տարբերակը վերջինը չէր լինի։ Կնստեի, կհղկեի, կվերախմբագրեի, մինչեւ որ անթերի լիներ գործը՝ զերծ խորդուբորդություններից, անտաշ քարերից ու մացառներից։ Այսպիսով՝ իմ տեղը կապահովեի արդի դասականների շարքում։ Սակայն ես անմիջական անցավորն եմ, եւ ներկան է իմ մտասեւեռումը։ Ինչպես ժամանակն է անսկիզբ ու անվախճան, այնպես էլ՝ իմ գրականությունը։ Ինչպես կյանքն է անակնկալներով ու վարուվերումներով, այնպես էլ՝ իմ գրական փորձերը, ուր հարազատ ու ճշգրիտ խոսքը ինձ համար ավելի կարևոր է, քան գեղեցիկ ու գեղագիտական մարզանքը»։ Հակոբ Կարապենցի գրականությանը ծանոթ ընթերցողը, համոզված եմ, հավատալու է գրողի անկեղծ այս խոստովանությանը»,- ասաց Առաքելյանը՝ ընդգծելով՝ Կարապենցը չի հավակնում բացարձակ ճշմարտություններ ասել։ Նա այն կարծիքին է, որ կյանքում ամեն ինչ հարաբերական է։ Գրողի տեսական դատողությունները փորձված ու փորձություններ անցած եզրահանգնումներն են։

«Արդիականության չափանիշը, Կարապենցի կարծիքով, գրողի դավանանքն է, որ ճշմարտություն կասենք, թե՝ մեկ այլ բան, կարեւորը հավատարմությունն է քո դավանածին։ Ճշմարտության մասին Կարապենցի պատկերացումը, որ նաեւ նրա մտքերի ու դատողությունների առանցքն է, իր խտացած ձեւակերպումն է ստացել հետեւյալ տողերում․ «Հիմնականը, ըստ իս, ճշմարտությունն է, ճշմարտությունը ասելու արիությունը, թեկուզեւ, այդ ճամփին կուռքեր տապալվեն, գմբեթներ խորտակվեն ու փլուզվեն մինչեւ այժմ հաստատուն նկատված հիմնաքարերը։ Այդ ավերակների մեջ պետք է գտնել մարդկության ծաղիկը»»,- ասաց Առաքելյանը։

Նշենք, որ գիտաժողովի կազմկոմիտեում են՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, «Համազգային» հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը, Համազգայինի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինատիտուտի առաջատար գիտաշխատող Դավիթ Գասպարյանը եւ այլք:

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica