close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրային առողջությունը չի կարող փորձարկումների առարկա դառնալ․ Էլինար Վարդանյան

Հասարակություն

22 Սեպտեմբերի 2021, 20:37
 Հանրային առողջությունը չի կարող փորձարկումների առարկա դառնալ․ Էլինար Վարդանյան

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում որոշումը, ըստ որի գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր« խմբի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որոշումն արդարացիորեն առաջ է բերել հասարակության լայն զանգվածների դժգոհությունը, որովհետև այն բավարար չափով վերլուծված և պատշաճ կերպով կազմակերպված չէ։ Այս մոտեցումը հանգեցնելու է մի շարք խնդիրների, որոնք պետք է պարտադիր քննարկման առարկա դառնան.

1.Ամբողջ աշխարհն է գնում պատվաստման ճանապարհով, և դրան այլընտրանք դեռ չկա: Բայց պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշման արդյունք պետք է լինի։ Մարդիկ պետք է մանրամասն տեղեկացած լինեն պատվաստման դրական և բացասական հետևանքների մասին։ Այն, որ պատվաստումը փաստացի ուղղակի պարտադիր է դառնում, որքան էլ առողջապահական անկեղծ նպատակներ ունենա՝ չի կարող լինել իրավունքի գերակայությունից բխող: Չի կարող մի իրավունքի ապահովման նպատակով խախտվել մի շարք այլ իրավունքներ՝ օրինակ, աշխատանք ունենալու, սոցիալական պաշտպանվածության իրավունքը։

2. Չի հասկացվում ինչով է պայամանավորված ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ բացասական արդյունքի պահանջը: Եթե դա ուղղված է վարակի կանխմանը, ապա որն է երաշխիքը, որ թեստերի միջև ընկած ժամանակահատվածում թեստ ներկայացնողը չի լինի վարակակիր: Միաժամանակ այն մոտեցումը, որ ՊՇՌ թեստը քաղաքացին 15 օրը մեկ պետք է սեփական միջոցներով կատարի, անհամաչափ գործողություն է և ցույց է տալիս իշխանության՝ իր իսկ պարտականությունները կատարելուց խուսափելու և այն ժողովրդի վրա թողնելու վարքագիծը:


3.Պարտադիր պատվաստման պահանջը ոչ բարենպաստ պայմաններ է ստեղծելու գործատուի համար: Բազմաթիվ ընկերություններ պարբերաբար ենթարկվելու են տեսչական ստուգումների: Որոշման պատճառով գործատուն, որը չի կարողանալու հարկադրել աշխատողին պատվաստվել կա՛մ պետք է ստիպված լինի հոգալ աշխատողի ՊՇՌ թեստի ծախսերը, կա՛մ, կարգավորումների համաձայն, չթողնի աշխատողին աշխատանքի: Սա լրջագույն խնդրի առջև է կանգնեցնելու գործատուին:

4.Հայաստանում կիրառվող պատվաստանյութերից ոչ բոլորն են ճանաչվում եվրոպական և աշխարհի մի շարք երկրներում։ Օրինակ՝«Սպուտնիկ» պատվաստանյութով պատվաստված անձինք խնդիր են ունենում Եվրոպա մեկնելիս, իսկ «Astra Zeneca» -ով պատվաստման հարցում շատերն ունեն վերապահումներ։ Խնդրի լուծումը կարող էր լինել «Pfizer» պատվաստանյութով պատվաստվելը, բայց ինչպես պարզվում է Առողջապահության նախարարությունում չգիտեն, թե Հայաստանը երբ կստանա «Pfizer» պատվաստանյութ, թեև հայտարարել էին, որ այն Հայաստանում կլինի աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Սա բնականաբար չի կարող իր բացասական ազդեցությունը չունենա պատվաստման գործընթացի վրա։ Մենք մարդկանց պարտադրում ենք պատվաստվել՝ առանց նախընտրելի պատվաստանյութերով ապահովելու։

5.Բազմաթիվ երկրներ գնում են կորոնավիրուսով վարակված և ապաքինված անձանց մեկ դեղաչափ պատվաստելու ճանապարհով։ Տպավորություն է, որՀայաստանում այդ մոտեցման մասին չեն էլ լսել:

6. Անթույլատրելի է տարբերակված մոտեցումը պատվաստվելու պահանջ ներկայացնելիս: Խտրականության արգելքը սահմանդրաիրավական նորմ է: Եվ չի կարող պատվաստման պահանջը չտարածվել բարձրաստիճան պաշտոնյաների վրա:

Հայաստանում իսկապես շատ դանդաղ է ընթանում պատվաստման գործընթացը՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ` կատարվել է 366779 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 237454, երկրորդ դեղաչափ` 129325, մինչդեռ աշխարհում պատվաստվել է բնակչության 32.4%-ը՝ 2519101512 մարդ։ 

Սակայն հանրային առողջությունը չի կարող փորձարկումների առարկա դառնալ: Ցանկացած որոշում պետք է լինի մանրամասն վերլուծված և հիմնավորված: Այն չի կարող կարգավորվել հապշտապ որոշումներով: Կարճ ժամանակ անց այս որոշումը կրկին վերանայելու կարիք է առաջանալու: Առավել արդյունավետ կլինի վերանայել այն՝ հաշվի առնելով բոլոր խոչընդոտները, որոնց բախվելու ենք այս որոշումն իրագործելիս:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica