close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առանց Հայաստանի Արցախը չի կարող գոյատեւել

Քաղաքական

22 Սեպտեմբերի 2021, 19:20
 Առանց Հայաստանի Արցախը չի կարող գոյատեւել

ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախում «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցը հանդիպել է ԱՀ խորհրդարանի  փոխնախագահ Գագիկ Բաղունցի եւ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Դավիթ Իշխանյանի հետ:

Իրավական եւ պատմական ի՞նչ հանգամանքներ նպաստեցին Հայաստանի անկախության վերականգնմանը: Հայաստանի անկախության հռչակումն ի՞նչ ազդեցություն ունեցավ Արցախի կյանքում՝ երկրում իրադարձությունների հետագա զարգացման, ժողովրդի պայքարի ու անվտանգության ապահովման տեսանկյունից:  Ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ինչպե՞ս ենք պատկերացնում Հայաստանի եւ Արցախի հետագա ճակատագիրը, ապագան, եւ ո՞րն է արտաքին ուժերին, մասնավորապես՝ թշնամի երկրներին դիմակայելու գլխավոր բանալին…

Գագիկ Բաղունց.- Հոբելյանն ընդհանրապես առիթ է հայացք ձգելու անցած ճանապարհին եւ վերարժեւորելու այն: Անկախության 3 տասնամյակների ընթացքում, անշուշտ, ունեցել ենք ինչպես նշանակալի ձեռքբերումներ, այնպես էլ՝ բացթողումներ: Բայց սեպտեմբերի 21-ը այն հիշարժան օրն է, որ պիտի անպայման միմյանց շնորհավորենք Հայաստանի վերածննդի կապակցությամբ եւ բարեմաղթանքի խոսքեր փոխանցենք:

Հայաստանի անկախացումը հնարավոր դարձավ ԽՍՀՄ-ի տրոհման արդյունքում, եւ գործող Սահմանադրությանը, եւ միջազգային նորմերի պահանջներին՝ համապատասխան՝ բոլոր 15 հանրապետությունները դուրս եկան Միության կազմից եւ ինքնուրույն որոշեցին իրենց ժողովուրդների ճակատագիրը: Ընձեռված հնարավորությունից «իրավունքի ուժով» օգտվեց եւ Հայաստանը՝ ընտրելով անկախության ուղին, ինչը տեղի ունեցավ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրադրությունում եւ, բնականաբար, իշխանություններից ոչ քիչ ջանքեր չպահանջվեցին ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու, դժվարությունները հաղթահարելու համար:

Չպետք է անտեսել այն իրողությունը, որ ՀՀ անկախության հռչակումը համընկավ Արցախում սկիզբ առած ազգային-ազատագրական շարժման հետ, ու պատմական այդ իրադարձությանը ոգեւորությամբ արձագանքեց հայ ժողովուրդը: Ամբողջ Հայաստանը աշխարհի համայն հայության հետ թիկունք կանգնեց Արցախին ու միջազգային բոլոր հարթակներում հանդես եկավ ի պաշտպանություն արցախահայության պահանջների՝ փաստացի հանդիսանալով նրա անվտանգության երաշխավորը: Ցավոք, թշնամու  սանձազերծած 44-օրյա պատերազմն անդառնալի կորուստներ բերեց մեր ժողովրդին: Հակառակորդի կողմից բռնազավթվեցին զգալի տարածքներ, հազարավոր տեղահանված ընտանիքներ հայտնվեցին ծանր կացության մեջ, եւ խոր վիշտ ենք ապրում հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս հայորդիների համար: Կարծում եմ՝ նրանց պատգամը կատարելու, հիշատակը հավերժացնելու ճանապարհը մեկը պետք է լինի՝ ազատագրված ու մայր Հայաստանին միավորված տեսնել Արցախը, ինչին անհրաժեշտ է ուղղել բոլորիս ջանքերը: Երբ երկիրը կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ, եւ նրա անվտանգությունը վեր է ամեն ինչից, հանրության միջեւ բաժանարար գծեր չպետք է լինեն, բոլոր ուժերը պետք է միավորվեն (իշխանություն թե՝ ընդդիմություն) հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման ու նրա համբավի բարձրացման, հանուն Արցախի անվտանգության ու նրա ժողովրդի վաղեմի իղձերի իրագործման:

Առիթից օգտվելով՝ եւս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ արագ կհարթվեն բոլոր տարաձայնությունները եւ միասին կկարողանանք կառուցել մեր երազած հայրենիքը:             

Դավիթ Իշխանյան.- Հայաստանի Խորհրդային Հանրապետության գոյության 70 տարիների ընթացքում անկախության գաղափարը չէր մարել մեր ժողովրդի մեջ: 1920-1991 թթ. Հայաստանն իրականում անկախ չէր, իսկ 1991 թ. կերտված ՀՀ անկախությունը տրամաբանական գործըթնաց էր՝ արցախյան ազատագրական պայքարի ֆոնի վրա եւ աշխարհաքաղաքական իրադարձությունների հորձանուտում: Այն ուներ իր իրավական հիմքերը եւ իրավական նախադրյալները: Օգտվելով հենց այդ իրավական հնարավորություններից՝ ինչպես Խորհրդային Միության մյուս բոլոր հանրապետությունները, Հայաստանը հայտարարեց իր անկախության մասին:

Մեր ժողովրդի մոտ այդ դարավոր երազանքը մշտարթուն էր դեռեւս Անիի կործանումից, Բագրատունյաց թագավորության անկումից ու Կիլիկյան հայկական պետության կորստից հետո, պարզապես դարերի ընթացքում խամրել էր ու նորից առկայծեց 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին: Ազատագրական պայքարի արդյունքում 1918-ին մենք կերտեցինք անկախ պետություն: Ցավոք, այն շատ կարճ կյանք ունեցավ:  1991 թ. ՀՀ անկախության հռչակումով հնարավորություն ունեցանք որպես անկախ պետություն հանդես գալ միջազգային մակարդակում:

Արցախյան ազատագրական պայքարը եւ ՀՀ անկախությունը միմյանց հետ փոխկապակցված են: Մենք այսօր չէ, որ այս մասին բարձրաձայնում ենք, միշտ էլ ունեցել ենք այդ գիտակցումը, որ արցախյան ազատագրական պայքարի հիմնական ողնաշարը ՀՀ-ն է, Հայաստան պետությունն է եւ առանց Հայաստան պետության, առանց նրա գործուն աջակցության Արցախը չի կարող իր երազանքներն իրականացնել:

Այսօր այդ առանցքը խախտված է, բայց 30-ամյա պատմության ժամանակահատվածում մենք ունեցանք բավականին լուրջ նախադրյալներ եւ հնարավորություններ այլ ճանապարհով ընթանալու եւ այլ իրավիճակ ունենալու: Ցավոք, այսօր կացությունն այլ է: Մեկ անգամ եւս պետք է արձանագրել, որ Արցախի հիմնահարցի լուծումը եւ հայ ժողովրդի երազանքների իրականացումը դեռեւս կես ճանապարհին են, եւ այստեղ Հայաստան պետությունն ու Հայաստանի Հանրապետությունը, որպես հայ ժողովրդի նպատակների եւ իղձերի արտահայտիչ, պարտավոր են տեր կանգնել եւ միացյալ Հայաստանի գաղափարի դրոշակակիրը դառնալ:

Այսօր վտանգված է ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի հանրապետության ճակատագիրը՝ որպես սուվերեն, ինքնիշխան պետություններ: Արցախի ճակատագրի մշուշոտ իրավիճակի հանգուցալուծման հիմնական բանալին ՀՀ հզորացման եւ քայլերի մեջ է: Արցախն իր հերթին կարեւոր դերակատարություն ունի համահայկական տիրույթում, նաեւ համաշխարհային հանրության ինքնուրույնության դրսեւորման առումով: Բայց իմ հասկացողությամբ եւ իմ պատկերացումներով, հիմնական ողնաշարը եւ հիմնական հենասյունը ՀՀ-ն է, եւ առանց Հայաստանի Արցախը չի կարող իր գոյատեւումն ապահովել:

Տարբեր տեսակետներ կան Արցախը Ռուսաստանի կազմում ներառելու, այլ իրավաքաղաքական կարգավիճակ ունենալու առումով, բայց ակնհայտ է, որ Արցախի ապագայի հիմնական օրակարգը ՀՀ-ի հետ վերամիավորումն է: Վերամիավորման գաղափարը, որպես ռազմավարական նպատակ, պետք է լինի հիմնական օրակարգային հարցը, հարցերի հարցը: Պետք է կարողանանք համատեղ ուժերով, ջանքերով դիմակայել այն նոր ազդեցություններին, որ փորձում են մեզ պարտադրել հրաժարվելու Արցախի հիմնահարցից: Ադրբեջանի, Թուրքիայի կամ արտաքին որեւէ այլ ուժի կողմից:

Միասնական օրակարգի հարցին պետք է ցուցաբերվի միասնական մոտեցում, եւ կունենանք 1988-ին որդեգրած նպատակների իրականացում, որի առաջին հանգրվանը կարելի է համարել  1991 թ. անկախության հռչակումը:


Աղբյուրը՝  hhpress.am

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica