close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձորի բերանով՝ լուսարձակները հանգցրած․ ինչպես են փրկվել Շուշիի գորգերը և ինչ են խորհրդանշում

Քաղաքական

8 Սեպտեմբերի 2021, 23:20
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձորի բերանով՝ լուսարձակները հանգցրած․ ինչպես են փրկվել Շուշիի գորգերը և ինչ են խորհրդանշում

Պատերազմի ժամանակ, երբ զորքը մտնում է մի բնակավայր, առաջին շաբաթը կռվողների ռազմավարն է, ես վիդեո ունեմ, թե ոնց են ադրբեջանցի զինվորները թալանում մեր գորգերը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում պատմեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Աստծատրյանը։

300-ից ավելի գորգ էր նա գնել Արցախի տարբեր կողմերից, արձանագրել՝ որ գյուղից է, ինչ տարիքի ու Շուշիում հիմնել թանգարանը։ Պատերազմի աղետալի օրերին, երբ ինքը դիրքերում էր և սպայի հոտառությամբ հասկացավ, որ քաղաքը կորցնում ենք, մի կողմից կռվում էր, մյուս կողմից կազմակերպում թանգարանի գորգերի դուրսբերումը․ 160 գորգ կարողացան փրկել։

«Ես չեմ կարողացել գնամ, Շուշիում էի, ամբողջ պատերազմը Արցախում եմ եղել։ Այդ տղան՝ վարորդը, որը միայնակ գորգերը հանում էր Շուշիից, ասացի՝ շատ զգույշ մնա, որովհետև ճանապարհը խոր ձորի եզրով է, այն կողմն արդեն իրենք էին, ասացի՝ քեզ վրա հաստատ արդեն սկսելու են կրակել։ Զանգեց, ասաց՝ կրակում են, ասացի՝ լուսարձակներդ հանգցրու, ասաց՝ արխային՝ տանելու եմ, ու տենց 30-40 կմ գիշերով սարի ճանապարհով Աստծո օգնությամբ բերել, հասցրել է այդ տղան մենակ»,-պատմեց Վարդան Աստծատրյանը։

Հոկտեմբերի վերջին, նոյեմբերի առաջին օրն էր։ Շատերը պատկերացնում են, թե Շուշին նոյեմբերի 8-ին են գրավել, ասաց նա, բայց այդպես չի եղել, արդեն նոյեմբերի 2-3-ին ադրբեջանցիները Շուշիի ճանապարհին տիրապետում էին՝ և՛ ներքևից, և՛ վերևից։

«Ես առաջին պատերազմն էլ եմ անցել, 2016-ինն էլ, ես սպա եմ, պատկերացնում եմ զինվորական գործը, տեսա, որ Շուշիի վրա Քարինտակով եկան, դա մանյովր էր՝ իբր այդտեղով պիտի մտնեին, որ մեր բոլոր ուժերը էդ կողմի վրա գնան, բայց իրականում Շուշիից դեպի Գորիս մի 10 կմ այն կողմ Զառիսլու գյուղով, անտառներով եկան իրենց հարվածային խմբերը։ Այդտեղ զինտեխնիկա պետք չէր։ Քանի որ օդը իրենցն էր, ամբողջը տեսնում էին, պատերազմելն իրենց համար շատ հեշտ էր այս անգամ, այդտեղ պատերազմելու բան էլ չկար»,-պատմեց նա։

Հյունոտի կիրճով էլ են շուշեցի հայերը իջել, դուրս եկել։ Վարդան Աստծատրյանն այդ ընթացքում Շուշիից Լիսագոր է գնացել, հետո շարունակել կռիվը։

«Գորգերը ես պարտավոր էի դուրս բերել, որովհետև իրենց համար այդ թանգարանը շատ կարևոր էր, մինչև այդ էլ միշտ պոլեմիկայի մեջ էինք մտնում ինտերնետով, իրենք ասում էին՝ մերն է, ես՝ իրենց, խոսում էինք, քննարկում։ Գիտեին այդ թանգարանի մասին, ես դա չէի կարող թողնել»,-ասաց նա։

Թանգարանի շենքը, սակայն, տեղափոխել չէր լինի, ու Ադրբեջանի նախագահն ու կինը, մեկ շաբաթ առաջ, հենց Շուշիի թանգարանի շենքում՝ նույն սրահում, էլի գորգերի ցուցադրություն են բացել։ Աշխարհի բոլոր գեոլոկացիաները դրված է այդ շենքի վրա, որ այդտեղ Շուշիի գորգերի թանգարանն է, ասաց Աստծատրյանը, հիմա նրանք իրենց ոճից դուրս չեն գալիս՝ պատրաստ բանը վերցնում են, ասում՝ մերն է։

Երևան տեղափոխված գորգերը, որ հանգրվանել են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, իրենց խորհրդաբանությամբ պատմում են Արցախի մասին։

Գորգ կա, օրինակ, որը Մետաքի ճանապարհն է պատկերում, որ Արցախով է անցել․ երկայնակի կապույտի՝ գիշերվա և կարմիրի՝ ցերեկվա միջով քայլում են ուղտերը, այսինքն, գիշեր-ցերեկ առանց հանգստի գնացել, եկել են ուղտերը։

Գորգ կա, որ ամբողջ միջնամասն է կա՛մ կապույտ՝ գիշեր, կա՛մ կարմիր՝ ցերեկ, ու միատոն, առանց որևէ նախշի․ դա էլ «Աշխարհի արարման 7-րդ օրն» է՝ այդ օրը ոչ մի բան չի կատարվել ու հանգստություն է։

«Սա Շուշիում գործած գորգ է՝ 250 տարեկան, պրոֆեսիոնալ մանուֆակտուրաներում գործված գորգերն են, որոնք գործում էին եվրոպական շուկայի համար՝ 18-19-րդ դարերում»,-ներկայացրեց Վարդան Աստծատրյանը։

Գորգերի մեջ նաև սվաստիկաներ կան․ անգամ աստղի մեջ է սվաստիկա։ Թանգարանի հիմնադիրը բացատրեց, որ ուզում են ասել, որ այդ աստղը պտտվում է, և որ կողմ պտտվում է՝ սվաստիկայի թևերը այդ կողմ են ուղղված։ Կա աջ կողմ պտտվող սվաստիկա և ձախ կողմ պտտվող։ Ցույց է տալիս, որ շարժումը անվերջություն է։

Մեղվի սիմվոլիզմն էլ է շատ տարածված, ցույց տվեց Վարդան Աստծատրյանը մեղվի պատկերը գորգի վրա։

«Շատ հետաքրքիր խորհրդանիշ է մեղուն․ աշխատասիրությունը՝ պարզ է, բայց մեղվի ընդհանուր, ոչ նյութական խորհրդանիշը դա Մեծ մոր պաշտամունքն է։ Որովհետև մեղուների մոտ մայրիշխանություն է, իսկ բոլոր հին ժողովուրդների մոտ մայրիշխանությունը կա, հենց հողը մայրն է՝ Անահիտն է հայերի մոտ, հույների մոտ Գեան է, շումերների մոտ՝ Իշտարը»,-ներկայացրեց Վարդան Աստծատրյանը։

Գորգերի վրա պատկերված են նաև մարդուկներ՝ տղամարդ և կին․ տղամարդը՝ արու ուղտին նստած, լիարժեք է՝ մեծ չափի, ուղիղ, ամուր ոտքերով, ամուր թևերով, լուրջ դեմքով, իսկ կինը պատկերված է երեխայի նման՝ փոքրիկ, կեռ, թույլ ոտքերով, էգ ուղտի վրա նստած։ Վարդան Աստծատրյանն ասում է՝ դա խորհրդանշում է, որ տղամարդիկ ծնվում են արդեն լիարժեք, կայացած, չփոխվող սկզբունքներով, իսկ կնոջը ինչպես կամենան, այնպես էլ կարող են փոխել, կինը հարմարվող, ճկվող է, դրա համար, ասում է, տղա երեխաներին գերի չէին տանում, սպանում էին, իսկ աղջիկներին հավաքում, տանում էին, որ ձուլվեն իրենց մեջ։

Կան նաև չար դեմքեր գորգերի վրա․ պոզերով, սուր ականջներով։

«Քանի որ գորգերում շատ առասպելաբանական թեմաներ կան, իսկ առասպելներում և՛ չարը կա, և՛ բարին կա, պարզապես գորգերը եղել են հին մշակույթի մասսայականացման ձևը»,-ասաց Վարդան Աստծատրյանը։

Ձորի բերանով, հանգցրած լուսարձակներով, կրակոցների տակ Հայաստան հասցրած Շուշվա գորգերը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում նորմալ ընդունել են, համարակալել։

«Հաճելի զարմանք էի ապրում՝ ինչ ձևի են արել ամեն ինչ, ոչ մի բան չի կորել»,-ասաց Վարդան Աստծատրյանը։

Ապա թանգարան-ցուցադրություն են կազմակեպել հենց այդ շենքում, խորհրդանշական օր՝ փետրվարի 20-ին, Արցախյան շարժման մեկնարկի օրը։

Այդուհանդերձ, Շուշիի գորգերի թանգարանը անորոշ ժամանակով է գտնվում Ճարտարապետության ազգային թանգարանում, և հայտնի չէ՝ որտեղ պիտի տեղափոխվի։

«Շուշիի գորգերի թանգարանը պիտի լինի առանձին թանգարան, որովհետև հենց թանգարանային հավաքածու է այս հավաքածուն, բոլոր նմուշներն արձանագրված են, հայտնի է որ գյուղից են, նման բան աշխարհում հազվադեպ կտեսնեք։ Ուսումնասիրել եմ թանգարանային նմուշի կարգավիճակը, թե չէ աշխարհում գորգեր շատ կան, բայց եթե հավաքեն, դա թանգարան չի լինի, դա հավաքածու կլինի, իսկ սա թանգարան է»,-ասաց Վարդան Աստծատրյանը։

Շուշիում՝ հենց հայկական թանգարանի շենքում, Ալիևները գորգերի նոր թանգարան են բացել։ Իրենց ոճն է՝ պատրաստին վերցնել, ասում է Վարդան Աստծատրյանը։ Եթե մեր ոճն էլ հիմնադրելն ու պատրաստելն է, ապա ճիշտ ժամանակն է դա ի ցույց դնել Շուշիի գորգերի տեղահանված թանգարանին նոր՝ առանձին, շենք տրամադրելով․ Ալիևն ու կինը ՀՀ ղեկավարին մարտահրավերն արդեն նետել են։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․ 

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica