close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ նախապայմանով է բացվել Գորիս-Կապան մայրուղին

Քաղաքական

28 Օգոստոսի 2021, 17:16
 Ի՞նչ նախապայմանով է բացվել Գորիս-Կապան մայրուղին

Երբ Փաշինյանն ու թիմակիցներն ասում էին, թե, բացի նոյեմբերի 9-ի հայտարարությունից, այլ փաստաթուղթ չկա, դրանով ստորաբար խաբում էին սեփական ժողովրդին: Այդպիսի մեկ փաստաթուղթ իր փաստացի գոյությունը մատնանշեց 44-օրյա պատերազմից 39 օր անց՝ դեկտեմբերի 18-ին, երբ հրամայվեց զորքերը հետ քաշել Կովսականի և Սանասարի հատվածներից՝ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հակամարտող կողմերը կանգ են առնում հայտարարության ստորագրման պահին իրենց զբաղեցրած դիրքերում: Փաշինյանը հայրենիքի տվյալ հատվածի դավաճանական հանձնումը բացատրեց որպես իր ու Ալիևի «բանավոր ըմբռնումների» արդյունք:

Բանից պարզվեց՝ այդ «ըմբռնումները» ոչ թե բանավոր են, այլ գրավոր, և որ Փաշինյանն անգամ այդտեղ է խաբել հայ ժողովրդին: Հասարակությունից գաղտնի պահված այդ փաստաթղթի իրավական գոյության մասին հայտնի դարձավ արդեն 2021 թ. փետրվարին, երբ շրջանառվեց ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ եռակողմ հուշագիրը՝ իր համապատասխան դրույթներով, որով սահմանվում են Գորիս–Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։

ՀՀ կառավարությունը մեզ ներկայացված գրավոր պատասխանով հաստատել է, որ շրջանառվող փաստաթուղթը իրական է, իսկ հարցին, թե ինչո՞ւ էին մինչ այդ ՀՀ բարձրաստիճան անձինք բազմիցս հայտարարել, թե այլ (գաղտնի) փաստաթուղթ գոյություն չունի, ՀՀ կառավարությունից, բնականաբար, չէին պատասխանել:

Ինչևէ: Փաշինյանական խունտայի դավադիր գործողությունների հետևանքով, 2020 թ. դեկտեմբերի 18-ից սկսած, ստեղծվեց նոր իրադրություն. ՀՀ ՊՆ-ի՝ 2020 թ. դեկտեմբերի 19-ին տարածած հայտարարության 3 կետերը հետևյալն էին. «1. Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: 2. Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: 3. Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»:

Ի հավելումն 2020 թ. դեկտեմբերի 19-ին տարածած հայտարարության՝ ՊՆ-ի՝ 2021 թ. փետրվարի 11-ին տարածած հայտարարության մեջ ավելացված է ևս մեկ պարբերություն. «Այսպիսով, վերոնշյալ համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայությունները: ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունն ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև»:

Սյունիքի օգոստոսյան ճգնաժամը

Իբր խաղաղություն բերած Փաշինյանի այս դավադիր քայլերը, բնականաբար, կարճ ժամանակ անց բերելու էին ողբերգական հետևանքների: Եվ դրանք չուշացան: Բազմաթիվ մանր սադրանքներից հետո օգոստոսի 25-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակեց Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվեցին: Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակեցին նաև Գորիս-Որոտան հատվածը՝ կտրելով Գորիսի շրջանի Շուռնուխ, Որոտան, Բարձրավան և Կապանի շրջանի Նոր Առաջաձոր գյուղերի կապը շրջկենտրոնների հետ: Նշված գյուղերում ստեղծվեց հումանիտար ճգնաժամ:

Ադրբեջանական կողմի հետ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների բանակցությունների արդյունքում օգոստոսի 27-ին Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվեցին։

Վերստին դավադիր հայտարարություններ

Օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստում անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին և վերստին արտաբերելով իր՝ «խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի» մասին, Սյունիքի ճգնաժամի բուն պատճառը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց, որ «...Ադրբեջանը Էյվազլի և Չայի-Զամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը...»

Հիշեցնենք՝ Էյվազլիի ավերակները Որոտանից ուղիղ գծով ընդամենը մոտ 1․5 կմ են հեռու, իսկ Փաշինյանի հիշատակած Չաի-Զամի լիճը Նոր Առաջաձոր համայնքի հարևանությամբ է: Այսինքն՝ Փաշինյանը ճանապարհի փակ հատվածները մատնանշելու համար կարող էր գործածել կա՛մ Որոտան և Նոր Առաջաձոր, կա՛մ, առնվազն, Քարահունջ-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար տարբերակները:

Փաշինյանի՝ վերոհիշյալ աղմկահարույց հայտարարության ուղերձն այն էր, որ ՀՀ իշխանությունները Գորիս – Կապան ճանապարհահատվածի նշյալ հատվածները համարում են Ադրբեջանի տարածք: Դրա պաշտոնական հաստատումը եղավ նույն օրը: Լրատվամիջոցին տված հարցազրույցում իր սրբապիղծ վարքագծով հայտնի ոմն Էդուարդ Աղաջանյան, որն այսօր հայտնվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի աթոռին, օրը ցերեկով հաստատեց, որ խորհրդային կոլխոզ-սովխոզների միջև բաժանված և դրա հենքի վրա ամերիկյան նավիգացիոն համակարգի (GPS) գծած ՀՀ-Ադրբեջան «սահմանը» լիարժեքորեն ընդունելի է և հիմք ՀՀ իշխանությունների համար: Նա, մասնավորապես, հայտարարել է հետևյալը. «...Գորիս-Կապան ճանապարհահատվածն ունի երկու կտոր, որոնք ադրբեջանական  կողմում են, և կարծում եմ, որ վարչապետն այս շեշտադրումներով է խոսել ստեղծված իրավիճակի մասին՝ ընդգծելու համար, որ ադրբեջանական զինված ուժերը հայկական սուվերեն տարածք չեն ներխուժել, այլ ճանապարհի այն հատվածում են, որը ադրբեջանական կողմում է: Ճանապարհի այդ հատվածը, փաստացի, այն պայմաններում, երբ հիմա քննարկում ենք այս հարցը, հետպատերազմյան իրողություններից ելնելով և հաշվի առնելով, որ վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ադրբեջանական հատված է, խոսքը ճանապարհի հայկական հատվածի մասին չէ: Կար պայմանավորվածություն, որ այդ հատվածով անխափան երթևեկություն պետք է տեղի ունենա, որը պետք է երաշխավորվեր, այդ թվում՝ ռուսական սահմանապահ և համապատասխան ստորաբաժանումների կողմից: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, Ադրբեջանի կողմից նպատակային սադրիչ գործողություններ են»:

Աղաջանյանը մատնանշում է ՀՀ պաշտպանության նախարարության՝ 2020 թ. դեկտեմբերի 19-ին և 2021 թ. փետրվարի 11-ին տարածած հայտարարությունները, որոնց համաձայն՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Այսինքն՝ նախորդ ամիսներին հայկական կողմի գոնե պաշտոնական հայտարարություններում «վիճարկելի տարածք» համարված հատվածներն այսօր ՀՀ բարձրագույն իշխանությունն ուղղակի համարեց ադրբեջանական:

Հետևություններ

  1.  Ադրբեջանը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացել է՝ որպես նախապայման պահանջելով, որ հայկական կողմը պաշտոնապես հայտարարի դրանց ադրբեջանապատկան լինելու մասին:
  2. Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, որը դեկտեմբերի 18-ից Ադրբեջանին էր հանձնվել փաստացի, այս միջադեպով ՀՀ բարձրագույն իշխանության կողմից նաև իրավականորեն պաշտոնապես հանձնվեց թշնամուն:
  3. Գորիս-Կապան միջպետական (այլևս «ադրբեջանապատկան») ճանապարհը վերաբացվել է ժամանակավորապես, ռուսական կողմի միջնորդությամբ և «Ադրբեջանի բարի կամքի շնորհիվ», մինչև կվերագործարկվի Տաթև-Աղվանի-Կապան այլընտրանքային ճանապարհը: Այն վերագործարկվելու պես՝ ամիսներ առաջ «վիճարկելի», իսկ օգոստոսի 27-ից «ադրբեջանական» հայտարարված Գորիս-Կապան միջպետական ճանապարհը կհանձնվի թշնամուն:
  4. Փաշինյանի խունտայի կողմից շարունակվում է Հայրենիքի վաճառքը:

Վահե Սարգսյան   

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica