close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քչերին է հայտնի, որ Ախուրյանում ՀՕՄ-ը շուրջ 80 տուն կառուցեց. ՀՅԴ-ի լայնածավալ ծրագրերը Շիրակում

Քաղաքական

30 Հուլիսի 2021, 17:39
 Քչերին է հայտնի, որ Ախուրյանում  ՀՕՄ-ը շուրջ 80 տուն կառուցեց. ՀՅԴ-ի լայնածավալ ծրագրերը Շիրակում

ՀՅԴ-ի՝ Շիրակի մարզում ծավալած գործունեության և իրականացրած ծրագրերի մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանի հետ:

 

- Պարո՛ն Մելքոնյան, հայտնի է, որ 1990 թ. հետո Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր գործուն մասնակցությունն ունեցավ հայաստանյան քաղաքական, մշակութային, կրթական, սոցիալական և մի շարք այլ հարցերում։ Տեղյակ եմ  նաև, որ Շիրակի մարզում էլ կուսակցությունը ծավալել է ակտիվ գործունեություն, կցանկանայի որոշակի մանրամասներ ներկայացնեիք։

-Կուսակցության՝ Հայաստան վերադառնալուց հետո Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շատ ակտիվ գործունեություն ծավալեց Շիրակի մարզում։ Գաղտնիք չէ, որ Արցախյան ազատամարտում  Դաշնակցությունը շատ մեծ և կարևոր դերակատարություն ունեցավ, որին անմասն չմնացին նաև մարզի կուսակցական կառույցի ընկերները։ Բայց ես այսօր  կցանկանայի ավելի շատ խոսել կուսակցության՝ սոցիալական ոլորտում  ծավալած գործունեության մասին։ Ինչպես գիտեք, կուսակցության քույր կառույց է Հայ օգնության միությունը, որի անմիջական ջանքերի շնորհիվ մարզի մի շարք համայնքներում կյանքի կոչվեցին բազմաթիվ սոցիալական ծրագրեր։ Քչերին է հայտնի, որ Ախուրյանում  ՀՕՄ-ը շուրջ 80 տուն կառուցեց և նվիրեց երկրաշարժից հետո անօթևան և ծնողազուրկ երեխաներին։ Թաղամասը, որը կրում է Արշավիր Շիրակյանի անունը, ներառում է նաև Նիկոլ Աղբալյանի անվան վարժարանը, Լևոն Շանթի անվան մանկապարտեզը, ինչպես նաև ՀՕՄ-ի՝ Ախուրյանի «Մոր և մանկան  առղջության կենտրոնը», որը ֆինանսավորվում է ՀՕՄ-ի կողմից մինչ օրս։ Մարզում կյանքի կոչվեցին նաև որբախնամ և ուսանողական ծրագրեր, որոնց շրջանակում շուրջ 300 պատանի դրամական աջակցություն է ստացել և շարունակուն է ստանալ։ Մարզում մեծ արձագանք ունեցան նաև վատառողջ երեխաների հայտնաբերման, փաստաթղթերի վերականգման, «Մանկապարտեզներում առողջ սնունդ» ծրագրերը։

Վերադառնալով մեր օրեր՝ ասեմ, որ համավարակի պատճառով մեր շատ հայրենակիցներ հայտնվեցին ծանր սոցիալական պայմաններում։ Այդ օրերին իրականացվեց «Միասին կհաղթենք» ծրագիրը, որը Շիրակի մարզի շուրջ 450 ընտանիքների տրամադրեց սննդի փաթեթներ։ 44-օրյա պատերազմի հետևանքով Շիրակի մարզում ժամանակավոր ապաստան գտած մեր հայրենակիցների համար իրականացվեցին սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր։ Պետք է նշեմ, որ զոհված, վիրավոր զինծառայողների, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքները միշտ գտնվում են մարզի կուսակցական կառույցի ուշադրության կենտրոնում։

-Իսկ ի՞նչ ծրագրեր ունի  ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեն առաջիկայում։

- ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեին կից շուտով գործելու են ոլորտային հանձնախմբեր, որոնց նպատակն է խորապես ուսումնասիրել մարզում առկա խնդիրները և հնարավորության շրջանակներում փորձել, եթե ոչ լուծում տալ, ապա բարձրաձայնել, վեր հանել և հասցնել հարցը պատկան մարմիններին։ Օրերս մարզային կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկեց «Օգնիր պատրաստվել դպրոցին» ծրագիրը, որը նպատակ ունի  մարզի սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաներին նախապատրաստելու նոր ուսումնական տարվան:

Նկատի ունենալով ՀՅԴ Արթիկի կոմիտեի հաջողված փորձը՝ այս տարի որոշեցինք այն կիրառել մարզի մյուս համայնքներում ևս։ Խոսքը «Նվիրիր գիրք գյուղական դպրոցին» ծրագրի մասին է: Ցավոք, գրադարաններն այսօր  ժամանակակից որակյալ մանկական գրականության պակաս ունեն։ Դա հատկապես վերաբերում է գյուղական բնակավայրերի գրադարաններին, որտեղ նոր գրքերը գրեթե չեն հասնում։ Այդ բացը լրացնելու համար ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ջանքերով մեկնարկեց «Նվիրիր գիրք գյուղական դպրոցին» նախաձեռնությունը, և մոտ օրերս գրքերի առաջին խմբաքանակը կհասնի հասցեատիրոջը։

Տեղեկացնեմ նաև, որ ս/թ օգոստոսի 1-ին, Մարզային կոմիտեի նախաձեռնությամբ, ՀՅԴ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը Շիրակի մարզի ազգաբնակչությանը հնարավորություն է տալու ստանալու անվճար խորհրդատվություն։ Հունիս ամսից մեր գրասենյակը սկսել է աշխատել քաղաքացիների հետ։ Ընդունելության օրեր ենք նշանակել եւ ամենօրյա ռեժիմով շփվում ենք քաղաքացիների հետ, ծանոթանում նրանց խնդիրներին, փորձում մեր ուժերի չափով աջակցել։ Շուրջ 15 տարի ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Երիտասարդական միության աջակցությամբ մարզում իրականացվում են բակային ճամբարներ՝ նպատակ ունենալով պատանիների մեջ ձևավորել ազգային գիտակցություն և  սեր առ Հայրենիք։ Ցավոք, վերջին երկու տարիների ընթացքում ծրագիրը համավարակի պատճառով խափանվեց, սակայն այդ բացը լրացվեց. Շիրվանյան երիտասարդական կենտրոնի և ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի «Մենք ենք Գյումրի» հանձնախմբի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ երկշաբաթյա բակային ճամբար անցկացվեց Գյումրիում, իսկ օգոստոսին ճամբարներ են  կազմակերպվելու նաև Արթիկում և Աշոցքում։

Շատ ենք կարևորում պատանիների և երիտասարդների ազգային դաստիարակության հարցը, ուստի մեր կողմից տարվող աշխատանքները նպաստում են հայրենասեր քաղաքացու ձևավորմանը և կրելու են շարունակական բնույթ։

- Պարո՛ն Մելքոնյան, ինչպիսի՞ն է լինելու աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին կուսակցության մարզային կառույցի մասնակցությունը։

-Այդ մասին առաջիկայում առավել հանգամանալից կխոսենք, բայց պետք է նշեմ, որ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցը լուրջ դերակատարություն է ունենալու առաջիկա ՏԻՄ ընտրություններում։

 

Զրուցեց Արա Նախշքարյանը

 

 

 

Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica