close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 90-ականների օլիգարխների և ՆԳ համակարգի վարքագիծն այսօր վերակենդանացել է․ Բագրատ Եսայան

Քաղաքական

26 Հուլիսի 2021, 22:36
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 90-ականների օլիգարխների և ՆԳ համակարգի վարքագիծն այսօր վերակենդանացել է․ Բագրատ Եսայան

Փաշինյանի գաղափարակից օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը օրը ցերեկով քաղաքի կենտրոնում թիրախավորված կրակեց մարդկանց վրա, բայց նա շարունակում է հպարտորեն կրել իմքայլական մանդատը և շուտով կմտնի ԱԺ․ տրամաբանորեն պետք է հակառակը լիներ․ նույնիսկ այդքան թմբկահարված նախկին պաշտոնյաները նման սկանդալից հետո անմիջապես հրաժարական էին տալիս՝ հիշենք, օրինակ, դեպքը, երբ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի թիկնազորի անդամը ապտակել էր նրա տեղը զբաղեցրած քաղաքացուն, Բեգլարյանն անմիջապես հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից, Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը հրաժարվեց նախարարի պաշտոնից, քանի որ որդին ծեծկռտուքի մեջ էր հայտնվել։ Ուրեմն ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանի թիմի օլիգարխի արյունը ավելի կարմիր է, քան նախկիններինը։ Փաստորեն նորերը գերազանցում են հին մերժվածներին։

«Սա միակ դեպքը չէ, որ ներկաները գերազանցում են նախկիններին․ հիշենք թեկուզ Վայոց Ձորի տխրահռչակ մարզպետ Տրդատ Սարգսյանի կազմակերպած ծեծը բանակի սպայի հանդեպ, որը մինչև օրս գտնվում է կոմայի մեջ, և այդ մարզպետն այսօր ևս ԱԺ պատգամավոր է դարձել»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանը։

Նա նաև ընդգծեց, որ Խաչատուր Սուքիասյանի եղբորը «խուլիգանություն» հոդվածով են դատել, այն դեպքում, որ նա օգտագործել է զենք և կա վիրավոր այդ զենքի գործադման հետևանքով, և դա բնութագրվել է որպես խուլիգանություն։

«Տպավորություն է ստեղծվում, թե արդարադատություն է իրականցվում, այնինչ իրականում մի հատ խեղկատակություն է բեմադրվում»,-ասաց Բագրատ Եսայանը։

Խեղկատակության ու անպատժելիության մեկ այլ օրինակ է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կեցվածքը, որը 6-7 աշխատակիցների հետ ծեծի ենթարկեց Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին՝ պաշտոնից չհրաժարվելու և «Հայաստան» դաշինքին սատարելու համար։

«Այն դեպքում, երբ համայնքի ղեկավար, ավագանի, ԱԺ ղեկավար, նախարար․․․ այս մարդիկ քաղաքական պաշտոններ են զբաղեցնում։ Այս մարդիկ ընտրվել են ժողովրդի կողմից՝ իրենց քաղաքական ծրագրերը իրականացնելու համար, և այս առումով նրանք անձեռնմխելի են, նրանք որևէ մեկի ենթական չեն, մարզպետն ո՞ւմ շունն է, որ համայնքապետից պահանջի հրաժարական տալ։ Նրանք սա չեն հասկանում, նրանք պետականաշինության հետ որևէ առնչություն չունեն»,-ասաց Բագրատ Եսայանը։

Նախկիններից Ռուբեն Հայրապետյանը ևս ԱԺ պատգամավորի մանդատը վար դրեց «Հարսնաքարում» ծեծկռտուքից հետո։

«Շատ բաներում սրանք կերազեին Ռուբեն Հայրապետյանի չափ տղամարդկությւոն ունենալ․ այս ղզիկները, որ բախտի բերմամբ, թե պատահմամբ, կիսագրագետ իրենց ընտրազանգվածի՝ տրամաբանական որևէ վերլուծության անընդունակ զանգվածի կողմից եթե ստանում են որոշակի ձայներ, ոչ այնքան ձայներ, ինչքան ֆիքսվել է ԿԸՀ և ՍԴ կողմից, նրանց թվում է, թե այդ ձայներով տղամարդ դարձան։ Նրանք ուղղակի կերազեին Ռուբեն Հայրապետյանի նման տղամարդու արժեհամակարգ ունենալ»,-նկատեց Բագրատ Եսայանը։

Նա հիշեցրեց մուրճը ձեռքին ամբողջ հանրապետությունով մեկ վազվզող հոգեպես անհավասարակշիռ անձին, որն այսօր-վաղը նշանակվելու է երկրի վարչապետ, և ասաց, որ ամեն ինչ գալիս է երկրի առաջին դեմքից։

«Երբ հոգեպես անհավասարակշիռ անձնավորությունը մուրճով սպառնում է հասարակությանը, բնականաբար նրա խուրդա պաշտոնյաներն էլ իրենց այդպես պետք է պահեն։ Նաև հիշենք, որ ՍԴ-ն խեղկատակային որոշում է ընդունում, որ մուրճով խոսելը քաղաքական լեքսիկոն է։ Դատարկ շիշը որպես բռնության գործիք բնութագրվեց Արմեն Թավադյանի դեպքում, և նա դրա համար կալանավորվեց, հիմա մուրճը իրավապահները որակում են որպես սիմվոլ․ սրանից մեծ անբարոյականացում, արժեհամակարգի խեղաթյուրում ուղղակի հնարավոր չէ պատկերացնել»,-ասաց նա։

Նրանց ամբողջ հաշվարկն այն է, որ այն ընտրազանգվածը, որը ձայն էտվել սրանց իշխանությանը, հրճվում է, որ մուրճով գլուխներ են կոտրվելու, նկատեց Բագրատ Եսայանը, սա անթույլատրելի է։

1991թ-ին ժողովուրդը ոգևորված լցվեց հրապարակ, բայց եկավ ՀՀՇ-ն, լկտիությունը, թալանը, ռազբոյներ, բեսպրեդել, գործարանների վայրի սեփականաշնորհում կամ ուղղակի խլում: Խաչատուր Սուքիասյանը հենց այդ շրջանում առաջինը աճած օլիգարխներից է։ Այժմ նա, Փաշինյանի թիմի հետ, ԱԺ-ում պայքարելու է օլիգարխիկ համակարգի և կոռուպցիայի դեմ։ Ինչպես ժողովուրդը կասեր՝ «աղվեսին հավաբնին պահակ ենք նշանակել»։

Բագրատ Եսայանը չցանկացավ առանձնացնել միայն Խաչատուր Սուքիասյանին․ ասաց՝ այն վարքագիծը, որը կար 1990-ական թվականներին թե՛ Ներքին գործերի համակարգի կողմից, թե՛ օլիգարխների կողմից, այսօր վերակենդանացել է։

«Այսօր քրեական աշխարհը բավականին լուրջ ազդեցություն ունի բանակում․ ես սա պատրաստ եմ փաստերով ապացուցել։ Երբ բանակում արձակուրդ տրամադրելը, տուն թողնելը թելադրվում է շատ դեպքերում այլ վայրերից»,-ասաց նա։

Բագրատ Եսայանը նշեց, որ Ներքին գործերի համակարգում վերջերս հրապարակվել է մի փաստաթուղթ, որն իրավունք է տալիս ինչ-որ անձի երթևեկել առանց ստուգման ենթարկվելու վտանգի։

««Նարուշիլովկա» ասվածը առաջին անգամ 1993 թ-ին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի կողմից է շրջանառության մեջ դրվել, և որոշ արտոնյալներ այն ժամանակ, այո, ազատ էին իրենց ավտոմեքենայում ունենալ և՛ զենք, որը կրակում էր այն ժամանակ, և՛ զինամթերք, և՛ թմրամիջոցներ․ նույն բանը հիմա է։ Եվ այն, ինչ հրապարակվեց՝ այդ «նարուշիլովկան», փաստաթուղթ, որն իրավունք է տալիս առանց ստուգման ենթարկվելու երթևեկել քաղաքում, ցույց է տալիս, որ այդ արտոնյալների թիվը արդեն մի քանի հարյուրի է հասել»,-ասաց Բագրատ Եսայանը։

1990-ականներին տնտեսության վերաբաշխման, թալանի, սեփականշնորհման անվան տակ գործարաններ ձեռք գցելու, մարդկանց սպառնալիքով սեփականազրկելու գործելակերպը, որը դադարեցվեց 1998 թ-ից հետո, նրա դիտարկմամբ, հիմա վերակենդանացել է։

«ԱԺ-ն օրենք է ընդունել, որ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտները կարող են բռնագանձել․ ես ասեմ՝ անաշխատ եկամուտները, պետությունից գողացած եկամուտները հետ գանձելու օրենքը կա, և կարծում եմ ԱԺ խմբակցություններն այս ուղղությամբ կաշխատեն։ Նախորդ 3 տարիներին սրանք ստացել են ավելի քան 250 միլիոն դոլարի պարգևավճար․ այդ պարգևավճարները անաշխատ եկամուտներ են, պաշտոնեական դիրքը չարաշահելով ստացած եկամուտներ են, և եթե նրանք իսկապես եկել են անաշխատ եկամուտները վերադարձնելու համար, առաջին հերթին իրենց ստացած պարգևավճարները պետք է վերադարձնեն պետբյուջե․ այս նախաձեռնությունը լինելու է հաստատ»,-ասաց Բագրատ Եսայանը։

«Հայաստան» դաշինքի երկու պատգամավորներ՝ Սյունիքի համայնքապետեր, այսօր էլ շարունակում են մնալ կալանքի տակ այն դեպքում, որ պատգամավորական անձեռնմխելիություն ունեն։

«Սա ամենամեծ խախտումներից է, որ նախաքննության մարմինները կամ դատարանները իրենց թույլ են տալիս այսօր։ Երկու անձ այս ընթացքում ստացել են պատգամավորական անձեռնմխելիություն, այսօրվա օրենքում պատգամավորական անձեռնմխելիության գործադրման դրույթը ճանաչվել է ոչ սահմանադրական Ռոբերտ Քոչարյանի մասին ընդունված ՍԴ նախադեպային որոշմամբ։ Այն պարտադրում էր օրենքում ընդունել դրույթ, որ գործառութային անձեռնմխելիություն ստացած անձի նկատմամբ քրեական գործը ոչ թե «կարող է» կասեցվել, այլ «միանշանակ կասեցվում է»։ Հերիք չէ՝ այս իշխանությունը չի իրացրել այդ որոշումը, որ պարտադիր է, «կարող է» բառը չի փոխարինել «պետք է»-ով, չնայած դրան, պարտավոր էին այն պահից, որ ԿԸՀ-ն ստորագրեց արձանագրություն մանդատները բաշխելու մասին, այն պահից, երբ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը ստացան պատգամավորական անձեռնմխելիություն, այդ պահին հենց դատախազը պետք է հանձնարարեր կասեցնել քրեական գործը և անմիջապես ազատ արձակվեին։ Դրանից հետո, եթե կա հիմք ազատությունից զրկելու, նորից դատախազը պետք է գար ԱԺ, թույլտվություն ստանար քրեական հետապնդում իրականացնելու»,-ասաց Բագրատ Եսայանը։

4-5 օր է՝ դատախազությունը չի կատարում իր պարտավորությունը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica