close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞րն է սահմանագիծը կամ սորոսածին մի հետազոտության հետքերով

Հասարակություն

26 Հուլիսի 2021, 12:40
 Ո՞րն է սահմանագիծը կամ սորոսածին մի հետազոտության հետքերով

Հայաստանում պաշտոնապես դեռ չէր մեկնարկել Բոլոնիայի գործընթացը, երբ մեր կրթական համակարգի դռները բացվեցին «միջազգայնացման» առջև։ Օրինակ՝ դեռ 1992-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ներմուծվեց բարձրագույն կրթության երկաստիճան համակարգը (բակալավրիատ, մագիստրատուրա)։

Անկախությունից ի վեր միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ ու վարկեր են հոսել դեպի Հայաստանի կրթության և գիտության ոլորտներ (հիմնական դոնորներից են՝ Համաշխարհային բանկը, Եվրամիությունը, «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանը» (Ջ. Սորոսի հիմնադրամ) և այլն)։ Սա հանգեցրել է լրջագույն կախվածության օտար կառույցներից և ֆոնդերից, կախվածություն, որը վաղուց հատել է թույլատրելի սահմանագիծը։ 

Միայն մեկ զեկույցի օրինակով բացեմ փակագծերը։ 

2012-2013 թվականներ։ Սորոսի հիմնադրամը Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական համալսարանի վերլուծական մի կենտրոնի հետազոտություն է պատվիրում՝ «Բարձրագույն կրթությունը Հայաստանում այսօր. առկա խնդիրների վերլուծություն»։ Հետազոտության նպատակը՝ ուսումնասիրել Հայաստանում բարձրագույն կրթության առկա խնդիրները և հանդես գալ հետագա քայլերի առաջարկություններով: 

Հետազոտության մեջ նշվում է, որ Սորոսի հիմնադրամն անկախությունից ի վեր «զգալի ֆինանսական միջոցներ ու ջանքեր» էր ներդրել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում ռեֆորմների իրականացմանն աջակցելու համար, սակայն սպասված արդյունքներն ուշանում էին։ Բանից պարզվում է` «որևէ առաջընթաց չի նկատվում, և նույնիսկ ստեղծվում է կայուն հետընթացի տպավորություն» (էջ 3)։ 

Ավելին, հարցազրույցներին մասնակցած անհատների մեծամասնությունը ռեֆորմների գործընթացը բնութագրում է որպես «ձախողված» (!) (էջ 13)։ Նրանցից «շատ քչերն են ընդունում բոլոնյան ռեֆորմները որպես իրենց շահերից բխող բարեփոխում» (!) (էջ 17)։ 

Ձախողումների հիմնական պատճառներից մեկը, ըստ փորձագետների, «քաղաքական ռեժիմի կողմից իրականացվող անհամաչափորեն ինտենսիվ վերահսկողությունն է» (էջ 17)։  Նրանք բացատրում են. «Հայաստանում միայն պետությունն ունի փոփոխությունների վեկտորը, այն է՝ բարեփոխումների ուղղությունը սահմանելու իշխանություն, քանի որ դե ֆակտո նրան է պատկանում քաղաքականություն և իրավական ակտեր ընդունելու և իրականացնելու մենաշնորհը» (էջ 31): 

Ի՞նչ խոսք, հետաքրքիր պատճառ է։ Ցավոք, չի հստակեցվում, թե ո՞վ պետք է ունենա կրթության ոլորտում փոփոխությունների վեկտորը որոշելու մենաշնորհ, եթե ոչ՝ պետությունը։ Գուցե Սորո՞սը… (Այս հարցի ճիշտ պատասխանը գտնելու համար պետք է քննել, թե իրականում ինչ  նկատի ունեն այս մարդիկ, երբ խոսում են ուսումնական հաստատությունների ինքնավարության և տարատեսակ ազատությունների մասին…)։

Բայց զեկույցում հատկապես հետաքրքրական են երկու եզրակացություններ 

1. «Հայաստանի բարձրագույն կրթությունը չի շարժվում ՆԱԽԱՆՇՎԱԾ ռեֆորմների ճանապարհով» 

Պարզվում է՝ Սորոսի հիմնադրամն «ակնկալում էր, որ իրականացվող ռեֆորմները կնպաստեին նրան, որ երկիրը շարունակեր իր առաջընթացը ժողովրդավարական զարգացման ուղով` հավատարիմ մնալով բաց հասարակության այն արժեքներին (!), որոնք կազմում են ԲՀՀ-Հայաստանի առաքելության առանցքը» (էջ 2)։ 

Ուշադրություն դարձրեք, որ Հայաստանում կրթական բարեփոխումները, փաստորեն, պետք է կազմակերպվեն ոչ թե ըստ մեր ազգային անվտանգության հայեցակարգի և պետական ռազմավարության, այլ ըստ Սորոսի հիմնադրամի առաքելության։ 

Սա դեռ ամենը չէ. փաստաթղթում նշվում է նաև հետևյալը․ «ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող իրադարձություններն ավելի մեծ ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության, հասարակության հիմնական կառույցների և աշխարհքաղաքական իրավիճակի վրա (!), քան նմանատիպ իրադարձությունները տարածաշրջանի այլ երկրներում (!)» (էջ 7)։ 

Հայաստանին ընծայված ինչպիսի՜ առանձնահատուկ դեր և ուշադրություն… Երևի Սորոսի հիմնադրամի ուժը հիմնականում Հայաստանի վրա է պատում, որովհետև այս հիմնադրամն Ադրբեջանում փակվեց 2014 թ.-ի դեկտեմբերին, իսկ Թուրքիայում՝ 2018-ի նոյեմբերին: Թե ինչո՞ւ փակվեցին այդ գրասենյակները, կարելի է հարցնել թուրքերի հետ ծրագրերի մասնակցած մեր հայրենակիցներին։ Նրանց կարելի է տալ մեկ հարց ևս՝ ո՞վ է շահում, երբ բաց հասարակության արժեքները ներխուժում են Հայաստան, իսկ Ադրբեջանում և Թուրքիայում պետական մակարդակով դռները փակվում են դրանց առաջ։ 

Երկրորդ եզրակացությամբ կենացներն սկսում են քաղցրանալ։ 

2. «Բոլոնյան մոդելը» որդեգրելու գաղափարը բավարար օժանդակություն չի ստանում շահագրգիռ կազմակերպություններից շատերի և բնակչության լայն շրջանների մոտ (!)» (էջ 4)։ Հիմնվելով տարբեր հարցազրույցների արդյունքների վրա՝ փորձագետներն ավելացնում են, թե, ամենայն հավանականությամբ Հայաստանում կրթական բարեփոխումներին աջակցում է «գիտակից և նվիրյալ անձանց 100-հոգանոց խումբ»(!) (էջ 45)։ 

Այսինքն՝ 2013 թվականի դրությամբ՝ Բոլոնյան գործընթացի ակտիվ աջակիցների թիվը, կոպիտ հաշվարկներով, եղել է ընդամենը հարյուր հոգի։ Սորոսի հիմնադրամի համար իրավիճակը բարդանում է նրանով, որ ըստ փորձագետների՝ Հայաստանում կան բարեփոխումների «հակառակորդներ», որոնք կազմել են «ընդդիմադիր կոալիցիա» և «կա՛մ բավարար չափով չեն աջակցում բոլոնյան ռեֆորմներին, կա՛մ պարզապես ընդդիմանում են դրանց» (էջ 4)։

Բայց սա ամենևին չի հուսահատեցնում մեր փորձագետներին, որոնք հանդես են գալիս իրավիճակը շտկելու ուշագրավ առաջարկություններով․ 

Ա) Նրանք առաջարկում են որդեգրել տակտիկական նոր մոտեցումներ եւ զբաղվել «քարոզչության իրականացմամբ»(!), որն ուղղված կլինի «բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը» (էջ 32) և «բարեփոխումների համար դաշտի ձևավորմանը» (էջ 47): Նրանց հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ ոչ փոխկապակցված նախաձեռնություններն ու անհատները «մնում են մեկուսացված, ինչի հետևանքով չի ստեղծվում կրիտիկական զանգված կամ բեկումնային կետ (!)» (էջ 31): (Թարգամանաբար սա կնշանակի՝ եթե հոժարակամ չգնաք մեր նախանշած ուղիով, ապա այս ռեֆորմը կպարտադրենք քարոզչությամբ և համապատասխան կրիտիկական զանգվածի ձևավորմամբ)։ 

Բ) Փորձագետներն առաջարկում են ներգրավել երիտասարդների, «որոնք թեև բարձրագույն կրթության ոլորտի ավելի քիչ իմացություն ունեն, բայց թերևս ավելի ակտիվ են (!) հարցերի վերհանման և լուծման համար» (էջ 46)։ (Այսինքն՝ մեծ հաշվով` թքա՛ծ փորձի ու մասնագիտականության վրա։ Կարևորը՝ ակտիվությունն է… Ուրեմն ինչո՞ւ զարմանալ, որ մերօրյա ռեֆորմի մշակմանը և քննարկումներին մասնակցում են անհատներ, որոնք պարզապես քաղաքացիական ակտիվ դաշտից ցատկել են կրթական ոլորտ…)։

 Գ) Բացի այդ, բարեփոխումների կողմնակիցներն օգնության կարիք ունեն, քանի որ կարող են «լռեցվել բազմամարդ «ընդդիմադիր կոալիցիայի» կողմից։ Ուստի առաջարկվում է «խթանել կիրառական ուսումնասիրությունները», որից հետո հնարավոր կլինի «քարոզչական գործունեություն իրականացնել» (էջ 48)՝ օգտագործելով այդ հետազոտությունների արդյունքները: (Ասել կուզի՝ հակառակորդների բերանը փակելու համար հետազոտություններ են պետք, այլապես մարդկանց չի ստացվում համոզել, որ ընթացող բարեփոխումները կարևոր են, պետքական և բխում են նրանց իսկ շահերից)։

Դ) «Հիմնադրամը, այդուհանդերձ, չի կարող հաջողության հասնել, եթե գործի միայնակ կամ մեկուսացված» (էջ 5),- գրում են փորձագետները։ Ուստի այն «կարող է օգնել մոբիլիզացնելու այլ աղբյուրներից ուղղվող ֆինանսական միջոցները և այլ տեսակի օժանդակությունը» (էջ 48)։ 

Համառոտ այս վերլուծությունը ցույց է տալիս, որ Բոլոնյան գործընթացը (առնվազն 2013 թ.-ի դրությամբ) ամենևին չի վայելել ժողովրդականություն, իսկ հարցումներին մասնակցած անհատներն այդ գործընթացը բնորոշել են որպես ձախողված։ Սորոսի հիմնադրամը, սակայն, գործի է դրել ոչ միայն սեփական միջոցները, այլև ներգրավել է այլ աղբյուրներից եկող ֆինանսական միջոցներ ու «այլ տեսակի օժանդակություն»՝ կրթական ոլորտը ըստ իր արժեքների «բարե»փոխելու համար։ Թե որքանով է Թուրքիայի հատուկ ծառայություններին հաջողվել այս ֆոնդերի միջոցով խուժել մեր կրթական համակարգ, թողնենք պատկան մարմինների քննությանը։

Միամիտ չլինենք։ Բազմաթիվ երկրներ կրթության և գիտության ոլորտներում գլոբալացման հուժկու ալիքին չեն կարողացել (կամ չեն ցանկացել) դիմակայել։ Սակայն գործընթացներին մասնակից դառնալը մի բան է, իսկ կրթական ոլորտի դուռն ամբողջությամբ բացել սորոսահաճ արժեքների առաջ՝ բոլորովին այլ բան (այն էլ այնպիսի՛ ծանրագույն աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է)։

Այսպես՝ պետության թուլամորթ կեցվածքից հրճված, սորոսահպատակ, սորոսամերձ և սորոսահաճ շրջանակները դանակը հասցրին ոսկորին… Եվ օդում կախված մի հարց մնաց՝ մեր անվտանգության, կրթության և հայագիտության խրամատները շարունակելու են լքվա՞ծ մնալ, թե՞ վերջապես կգտնվի մի իշխող ուժ, որ հստակ սահման կգծի, որից այն կողմ ո՛րևէ օտար ֆոնդ և կառույց առաջ անցնելու իրավունք չի ունենա։

  

Աննա Աղլամազյան

Լեզվաբանության մագիստրոս

ապրիլի 27, 2021 թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica