close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի ախորժակը բացվել է, պատահական չէ, որ իրավիճակը հենց հիմա սրվեց. Աշոտ Մելքոնյան

Հասարակություն

21 Հուլիսի 2021, 18:11
 Թուրքիայի ախորժակը բացվել է, պատահական չէ, որ իրավիճակը հենց հիմա սրվեց. Աշոտ Մելքոնյան

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հուլիսի 14-ին Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվեց ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ, թեև այս պահին Հայաստանը չունի ԱԳ նախարար։

Ըստ շրջանառվող լուրերի, հենց Արմեն Գրիգորյանն էլ նշանակվելու է արտգործնախարար։ Այս ամենը հանրության շրջանում տարակուսանք է առաջացրել՝ հաշվի առնելով Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն ու մոտեցումները Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ, հատկապես նրա հարցուզրույցներից մեկից հետո, որի ժամանակ այդպես էլ հստակ չասաց՝ Թուրքիային Հայաստանի թշնամի համարո՞ւմ է, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում այդպես էլ հստակ պատասխան չէր տվել, թե արդյոք Թուրքիան Հայաստանի թշնամի՞ն է, թե՞ ոչ:

 
 
 

Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան՝ Գրիգորյանն ասել էր. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։

Ի դեպ, այսօր շատ փորձագետներ մտավախություններ ունեն, որ ՀՀ քաղաքական վերնախավն այս մտածելակերպով կարող է գնալ Կարսի պայմանագրի ճանաչմանը։

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն ասաց՝ ներկայիս իշխանության վարած քաղաքականության արդյունքում ոչինչ չի բացառվում։

«Այսօր ես մեր արտաքին քաղաքական ուղեգծից գլուխ չեմ հանում, որովհետև արտգործնախարարություն, որպես այդպիսին, դեռևս չի ձևավորվել, այդ մասին չի էլ խոսվում, թե որն է մեր տեսլականն այս հարցում»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։

Նա ընդգծեց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը մշակվում է երկրի առաջին դեմքի կողմից, տվյալ պարագայում՝ Նիկոլ Փաշինյանի, և չի բացառվում, որ այդ արտաքին քաղաքականության մեջ նման բան տեղի ունենա և ընդունելի դառնա ՀՀ իշխանությունների համար։

«Ես չեմ բացառում, որ գնան Կարսի պայմանագրի ճանաչմանը, և այդ ճանապարհն ընդունելի դառնա ՀՀ ղեկավարության համար։ Իմ պատկերացմամբ՝ ՀՀ վարած այս քաղաքականությունը տանում է հենց դրան, ուրիշների համար գուցե այդպես չէ։ Ամբողջ խնդիրը հետևյալն է, որ մենք դեմ չենք մեր հարևանների հետ նորմալ հարաբերություններ ունենալուն, սակայն հարց է ծագում՝ արդյո՞ք հարևանը ցանկանում է ունենալ բարիդրացիական հարաբերություններ, և արդյո՞ք նա այդ հարաբերությունների մեզ միշտ զիջողի, կրավորական վարքագիծ դրսևորողի դերում չի պատկերացնում։

Համոզված եմ, որ այդպես չի լինելու, թուրքի ախորժակն ընթացքում անընդհատ բացվելու է։ Նախիջևանի ուղղությամբ տեղի ունեցած գործընթացներն էլ կարող ենք այս համատեքստում դիտարկել, որ Թուրքիայի ախորժակը բացվել է, պատահական չէ, որ իրավիճակը հենց հիմա սրվեց, մեզ վրա «միջանցք» ունենալու հարցում ճնշում բանեցնելու համար անընդհատ նման պրովոկացիաների է  դիմում»,- ընդգծեց նա։

Նշենք, որ Կարսի պայմանագիրը ստորագրվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին, պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ,  նաև Սուրմալուի գավառը, որը  երբեք չէր գտնվել Թուրքիայի կազմում, այդ թվում՝ Արարատ լեռը՝ իր հարակից շրջաններով։ Պայմանագրով Ադրբեջանին է անցել  Նախիջևանի  շրջանը, որի արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Հայաստանի և Թուրքիայի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս  գետերով։

Մինչ օրս Կարսի պայմանագիրը համարվում է անօրինական ու անվավեր, քանի որ պայմանագիրը կնքող կողմերից և ոչ մեկը չի հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտ։ Թյուրըմբռնումների և տասնամյակներ տևած նենգափոխումների պատճառով առ այսօր տիրում է այն սխալ տեսակետը, որ Կարսի պայմանագիրն է որոշում, այսպես կոչված, հայ-թուրքական սահմանը։

Դո՛ւք մենք չենք
29 Հուլիսի 2021, 16:44 Դո՛ւք մենք չենք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica