close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որքան էլ գործող իշխանությունը հնարավորություն ունենա միանձնյա կառավարություն կազմելու, այնուամենայնիվ, իրավիճակ է փոխվել

Քաղաքական

23 Հունիսի 2021, 11:44
 Որքան էլ գործող իշխանությունը հնարավորություն ունենա միանձնյա կառավարություն կազմելու, այնուամենայնիվ, իրավիճակ է փոխվել

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների թեմայով «Հրապարակ» թերթը զրուցել է լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանի հետ։

– Պարո՛ն Գանտահարյան, 3 ուժից կազմված խորհրդարան ձևավորվեց։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը կրկին առաջին տեղով անցավ։ Հիմա հաշվի առնելով նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների անցնելը՝ սա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի ներքաղաքական վիճակի վրա։ Եվ նաև Արցախի հարցով ի՞նչ է հնարավոր անել՝ հաշվի առնելով նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ռեսուրսները, Ռոբերտ Քոչարյանի գործոնը։

– Որքան էլ գործող իշխանությունը հնարավորություն ունենա միանձնյա կառավարություն կազմելու, այնուամենայնիվ իրավիճակ է փոխվել։ Իրավիճակ է փոխվել այն առումով, որ ի տարբերություն նախորդ Ազգային ժողովի՝ այսօր կան ավելի շատ փորձ ունեցող, կայացած ուժեր։ Կարծում եմ՝ նաև հակակշիռ, իր գործառույթները լիարժեք օգտագործող ընդդիմություն, ինչը նաև գործող Սահմանադրության իրավադրույթներից է բխում։ Այդ առումով հիմնականում իրավիճակ է փոխվել։ Եվ մենք ականատես կլինենք խորհրդարանական բովանդակային բանավեճերի և կզգանք ընդդիմության առկայությունը և հակակշիռ դերը։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև այն փաստը, որ մեզ առաջիկայում սպասում են ոչ միայն Արցախյան հակամարտության առումով, այլ նաև տարածաշրջանային առումով տարողունակ օրակարգեր։ Եվ այստեղ հսկայական է միակուսակցական իշխանության պատասխանատվությունը, որովհետև նաև մենք գնում ենք Արցախյան հակամարտության կարգավորման ամենակարևոր փուլերին ընդառաջ։ Որովհետև չմոռանանք, որ ներկայումս ոչ թե կարգավորման պայմանագիրն է ստորագրվել, ոչ թե խաղաղության համաձայնագիրն է ստորագրվել, այլ ընդամենը հրադադարի համաձայնություն [Նոյեմբերյան եռակողմ հայտարարությունը] է։

– «Անջատում հանուն փրկության» կոնցեպտը որքանո՞վ է կարող ազդել Արցախյան հակամարտության հայանպաստ կարգավորման վրա, և համակամարտության հայանպաստ լուծման համար ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։

– Նախ, կարծում եմ, որ «Անջատում հանուն փրկության» եզրաբանությունը, որն օգտագործվում է հայկական կողմից, ճիշտ չէ քաղաքական բովանդակային առումով, և չի բխում հայկական կողմի շահերից։ Բացատրեմ միտքս։ Երբ ասում ենք «Անջատում հանուն փրկության», բանաձևի երկրորդ բաղադրիչը՝ «փրկությունը», պարզ է, որ իր մեջ հասկանալիորեն ներառել է էթնիկ զտման չենթարկվելու առաջադրանքը, նոր ցեղասպանության չենթարկվելու առաջադրանքը։ Այնտեղ փաստորեն կա թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պետականորեն մշակված ցեղասպանական քաղաքականությունն ընդդեմ արցախահայության։ Սա հասկանալի է։ Եվ, ի վերջո, շատ կարևոր է, որ մենք փրկության գաղափարը միջազգային հանրությանը փորձենք համոզել։ Որ սա է իրականությունը․ պատմական տարբեր հանգրվաններում՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդեր և այլն, նաև Ապրիլյան պատերազմ, Արցախյան առաջին, երկրոդ պատերազմ, ադրբեջանական կողմը միշտ փորձել է ցեղասպանություն իրականցնել արցախահայության նկատմամբ։ Խնդիրը, կարծում եմ, բանաձևի առաջին բաժինն է՝ «անջատում»։ Երբ «անջատում» ենք ասում, դա ենթադրում է անջատում Ադրբեջանից, մինչդեռ իրավական առումով և ընդհանրապես իրավաքաղաքական առումով հայկական կողմը երբեք չի ընդունել, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է կազմել։ Արցախը և՛ Մուսաֆաթական Ադրբեջանի օրերին, երբ 1918 թվականին անկախացավ, Ադրբեջանի մաս չէր կազմել, և՛ նաև վերանկախացման օրերին։ 1991-ին Արցախը փաստորեն անջատվեց Խորհրդային Միությունից։

– Նկատի՞ ունեք՝ «Անջատում հանուն փրկության»-ը կարող է հակասության մեջ մտնել ինքնորոշման իրավունքի հետ։

– Այո, և ես դեմ եմ այդ եզրույթի օգագործմանը։ «Անջատումը» կարող է շատ դյուրին մեկնաբանվել՝ «անջատում Ադրբեջանից», մինչդեռ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել։ Արցախն ինքնորոշվել է, Արցախը Խորհրդային Միության փլուզման օրերին այլ հանրապետությունների նման Հայաստանի Հանրապետությանը «Միացում» է պահանջել, հետո նաև անկախություն։ Ո՛չ 1918-ին, ո՛չ էլ 1991-ին Արցախի իրավակարգը կարգավիճակային առումով երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Դրա համար «Անջատում հանուն փրկության» փոխարեն «Ինքնորոշման իրավունքի իրացում հանուն փրկության»․ կարծում եմ սա պետք է լինի, որովհետև ամբողջ բանակցային փիլիսոփայության մեջ հայկական կողմերի շահերից բխած առաջնային սկզբունքը [ազգերի ինքնորոշման իրավունքը] դա է եղել։ Եվ մենք պետք է չձևափոխենք մեր սկզբունքը։ Նույնիսկ, կարծում եմ, «կարգավիճակ» բառեզրը տեղին չէ օգտագործել, որովհետև կարգավիճակը կարող է լինել բարձրագույն ինքնավարությունն Ադրբեջանի կազմում, կարող է լինել Ռուսաստանի հոգատարություն, պրոտեկտորիատ և այլն։ Ուրեմն ամենաճիշտ իրավակաքաղաքական եզրույթը, որը բխում է զուտ հայկական շահերից, «Ազգերի ինքնորոշման իրավունք հանուն փրկության»։ Սա է․ մանավանդ, որ ազգերի ինքնորոշման իրավունքը նաև ԵԱՀԿ շրջանակներում, Հելսինկյան եզրափակիչ ակտի կարևորագույն սկզբունք է։ Առաջինը սա է պետք անել։ Շատ կարևոր գերխնդիր է մեր հետագա բանակցային ռազմավարությունը վերամշակելիս։

– Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պատերազմ սկսվեց, Արցախի հակամարտութան շուրջ բանակցությունները բավականին փակուղու մեջ մտան։ Նույնիսկ սահմանամերձ, վտանգի տակ գտնվող բնակիչները ձայն տվեցին Նիկոլ Փաշինյանին։ Հիմա թեկուզ այս վիճակում ընդդիմությունն ի՞նչ է կարող անել, որպեսզի չկրկնվի այն, ինչ եղավ 2020 թվականին, 2018 թվականից սկսած։

– Կարծում եմ, որ ընդդիմությունը նաև բանակցային նոր ռազմավարության հայեցակարգ պետք է մշակի և պիտի ամեն առիթով դրա մասին բարձրաձայնի։ Ընդդիմությունը, որին նաև ներառվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, շատ կարևորագույն օղակներ ունի նաև արտերկրում, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրներում [Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ], որտեղ ակտիվ գործում են Հայ դատի հանձնախմբերը։ Եվ այնտեղ բանակցային նոր հայեցակարգի հիմնադրույթների, սկզբունքների շուրջ պետք է լոբբիստական աշխատանքեր տարվեն։ Աշխարհաքաղաքական շրջանակներից նկատվում է որոշակի միտում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահական ձևաչափը վերագործարկելու։ Եվ այդ առումով այդ երեք երկրներում և այս դեպքում հատկապես Ֆրանսիայում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, ընդդիմության մշակած բանակցային նոր ռազմավարությունը, այդ իրավադրույթները, ելնելով ներկա իրավիճակից, պետք է անպայման թե՛ ներսում, թե՛ դրսում ներկայացվեն, հատկապես ազդեցիկ գոտիներում, այն երկրներում, որոնք միջազգային լիազորություններով առնչվել են միջնորդական առաքելություններ իրականացնելուն։ Կարծում եմ՝ նոր հայեցակարգի հիմանական դրույթները պետք է լինեն Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը։

– Նկատի՞ ունեք՝ տարածքային ամբողջականությունը ԼՂԻՄ սահմաններով։

– Այո, ԼՂԻՄ-յան տարածքները։ Երկրորդ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում։ Եվ երրորդը՝ Արցախի արդեն ճանաչված հանրապետության և Ադրբեջանի միջև դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթաց․ այս դեպքում ես նկատի ունեմ նաև վարչական տարածքները՝ Շահումյան, Գետաշեն, Մարտունաշեն։ Արցախի Հանրապետության վերագծումը։ Սրանք պետք է լինեն հիմնական իրավադրույթները, որոնք ընդդիմությունը պետք է ներառի իր նոր բանակցային ռազմավարական հայեցակարգում։ Եվ սա նաև համակարգի հատկապես դրսում հայկական լոբբիստական խմբավորումների, խմբակցությունների միջև։ Սա շատ կարևոր է ծանոթ պատճառներով անցած Արցախյան պատերազմից հետո․ Հայաստանի չի տիրապետում իր արտաքին քաղաքականություն կիրառելու նախկին գերիշխանությանը։ Եվ այստեղ փաստը ցույց տվեց, որ բազմաթիվ կարևորագույն հանգույցների, գերխնդիրների բանակցություններում մեր [հայկական կողմի] փոխարեն բանակցում էր Ռուսաստանի Դաշնությունը՝ սկսած ռազմագերիներից հասնելով մինչև սահմանային խնդիրներ և այլն։ Նույն կաշկանդվածությունը չունի Հայկական սփյուռքը։ Եվ քիչ առաջ ես նշեցի նաև Եվրոպան և հատկապես Միացյալ Նահանգները, որտեղ ակտիվ են հայկական լոբբիստական խմբավորումները։ Ուրեմն պետք է հնարավորություններ ստեղծել, որ Հայկական սփյուռքի քաղաքական գործոնի և Հայաստանի ընդդիմադիր դաշտի միջև այս համակարգումը լինի բանակցային նոր հայեցակարգ մշակելիս։

– Նշեցիք, որ ընդունելի չէ Ձեզ համար կարգավիճակի հարցի բարձրացումը։ Բանակցություններն ընթացել են հետևյալ կերպ՝ ԼՂԻՄ-ը շրջապատող մի քանի շրջան հանձնվում է, և կարգավիճակի հարցը մնում է հետագայի վրա։ Ի՞նչ խնդիր եք տեսնում կարգավիճակի հետ կապված։

– Ես «կարգավիճակ» [նկատի ունի «Անջատում հանուն փրկության»-ի համածիրում, ոչ թե բանակցային սեղանին քննարկվող հիմնական փաստաթղթերում] բառեզրին համաձայն չեմ։ Ես ասում եմ, որ «կարգավիճակ հանուն փրկության»-ի փոխարեն ասեն «ազգերի ինքնորոշման իրավունք հանուն փրկության», որովհետև կարգավիճակը կարող է նաև ոչ անկախ կարգավիճակը լինել։ Դրա համար առաջին կետը, կարծում եմ, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է լինի։ Գուցե փուլային մոտեցում է սա՝ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնում, Արցախի Հանրապետության ճանաչում և դրանից հետո Արցախի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ։ Սա իր մեջ տրամաբանություն ունի։ Ուրեմն առաջին հերթին ԼՂԻՄ-յան սահմանների վերականգնման մասին է խոսքը, հատկապես նկատին ունեմ Շուշիի և Հադրութի վերադարձը։


Սերգեյ Առաքելյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica