close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոլորվածների թիվը մեր հասարակության մեջ բավականին մեծ քանակություն է կազմում․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

23 Հունիսի 2021, 10:07
 Մոլորվածների թիվը մեր հասարակության մեջ բավականին մեծ քանակություն է կազմում․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»

«Սեյրան Օհանյանին մինչ ընտրությունների արդյունքների մասին կարծիք հարցնելը, նախ հարցրինք՝ Ձեզ շնորհավորե՞նք ԱԺ անցնելու կապակցությամբ, թե՞ ոչ։ «Եթե ուզում եք ընդհանուր արդյունքների գնահատման առումով ասեք, իհարկե, պետք է շնորհավորեք, որովհետև մենք մեր մոտակա խնդիրը, կարելի է ասել, ստեղծված իրավիճակում կատարել ենք։ Մեր հիմնական խնդիրը, իհարկե, այս իշխանություններին պետական կառավարումից հեռացնելն է, իշխանություններ, որոնք երկիրը բերել են այս վիճակի, պարտության, և այս անհաջողությունների շարանը մեր երկրում դեռևս շարունակվում է։

Մենք 2-րդ ուժը կլինենք խորհրդարանում և նաև այս գործունեությամբ մենք կարող ենք ասել, որ այս իշխանությունների դեմ պայքարը փոխել է ընդհանուր առմամբ քաղաքական պատկերը, քաղաքական լանդշաֆտը, և իրական ընդդիմություն կլինի այսօր խորհրդարանում»,- ասաց Օհանյանը։

- Իսկ ի՞նչ է տալու դա մեզ, պարոն Օհանյան, Դուք գալիս էիք իշխանության, բայց դարձաք ընդդիմություն խորհրդարանում։ Դա մեզ, երկրին ի՞նչ է տալու։ Դա Հայաստանը զե՞րծ է պահելու պետականության կորստից, նոր տարածքների հանձնումից, Սյունիքում միջանցքի տրամադրումից։ 

- Տեսեք՝ դա մեր պետությանն ինչ է տալու։ Նախևառաջ իրական ընդդիմություն է լինելու, որն իր գործունեությամբ շարունակելու է ազդեցությունն այս իշխանությունների վրա, որպեսզի նրանք ճիշտ աշխատեն, փորձեն ուղղություն վերցնել։ Ճնշումներն այս իշխանության վրա ավելի ուժգին են լինելու, և, ի վերջո, գիտե՞ք, առանց ընդդիմության խորհրդարան չի ձևավորվի։ Եվ ընդդիմությունն է, որ հակակշիռների, սաստման ճանապարհով բերում է նրան, որ իշխանությունները ճիշտ գործեն։ Այս վերջին երեք տարիների ընթացքում Դուք տեսաք՝ իրական ընդդիմություն չկար, ամբողջ իշխանությունը ՔՊ-ականների ձեռքն էր, և իրենք Ազգային ժողովում ինչ ուզում՝ անում էին։

- Հիմա էլ ինչ ուզեն՝ անելու են, որովհետև ունենալու են էլի սահմանադրական մեծամասնություն՝ 71 մանդատը քիչ չէ։

- Փորձելու են անել, բայց մեր գործունեությամբ մենք փորձելու ենք սաստել։

- Ինչպե՞ս, պարոն Օհանյան, եթե դուք այնտեղ ունենալու եք սահմանափակ թվով պատգամավոր, իրենք էլ 71 հոգով ինչ օրենք ուզենան՝ ընդունեն, ինչ ուզենան՝ անեն, ինչպե՞ս եք արգելելու նրանց։

- Վահե, հիմա քո հարցերի տրամաբանությունը մի կողմից ես տեսնում եմ, բայց մյուս կողմից չեմ հասկանում տրամաբանությունը․ կգա ժամանակը, կտեսնենք։ Մեր անաչառ գործունեությամբ, մեր անկախ կեցվածքով, մեր թիմի պրոֆեսիոնալիզմի համապատասխան գնահատականներով, փորձագիտական գործունեությամբ՝ նաև։ Ընդդիմության խնդիրն ի՞նչն է, ընդդիմության խնդիրը հակակշիռ լինելն է, նաև փորձելն է  սաստել, ազդել, որպեսզի իշխանությունները խախտումներ չանեն, ճիշտ ուղու վրա դնեն իրենց գործունեությունը։

- Իսկ անձամբ Դուք գնալո՞ւ եք խորհրդարան։

- Մենք դեռևս չենք որոշել, դաշինքը համապատասխան վերլուծություն անելուց հետո վերջնական որոշում կընդունի, և ես դրանից հետո կասեմ։

- Փաստորեն, արձանագրեք, որ Ռոբերտ Քոչարյանը և իր թիմն իրենց խոստումը չկատարեցին։ Չէ՞ որ ասել էր՝ գալու է իշխանության և «կրելու է» Նիկոլ Փաշինյանին, բայց չարեց այն, ինչ խոստացել էր։

- Գիտեք, այս կարճ ժամանակահատվածում շատ դժվար էր հասնել հաջողությունների, մանավանդ որ հասարակության մեջ որոշակի տրամադրությունների առկայությունը, որն էդ պոպուլիստական աշխատանքի շնորհիվ այսօրվա իշխանություններն են սերմանել։ Այսինքն՝ մեր հասարակության մեջ ես տեսնում եմ հայրենասիրական դաստիարակության որոշակի անկում, ես տեսնում եմ հասարակությանը սևի և սպիտակի բաժանում։ Այդ ամենը բերել է նրան, որ, իրականում, մոլորվածների թիվը մեր հասարակության մեջ բավականին մեծ քանակություն է կազմում։ Մենք էլ չկարողացանք աշխատել այս 12 օրվա ընթացքում։ Իհարկե, շարունակելու ենք, բայց կփորձենք մեր գործունեությամբ նորից հին արժեքներն ինչ-որ մի կերպ հետ բերել։ Հակառակ դեպքում Դուք ո՞նց եք կարծում, էլի, որ պարտված իշխանություններն այսքան մեծ քանակությամբ ձայն են ստանում։ Իհարկե, բավականին մեծ քանակությամբ նաև խախտումներ են եղել, ե՛ւ վարչական ռեսուրսների, ե՛ւ շրջիկ խմբերի մասով, ե՛ւ բանակի ուղղորդված քվեարկումներ ու նաև մեր թիմի որոշ աշխատակիցների վրա ճնշումներ, որոնք պետական համակարգում են։ Այդ ամենը նաև բավականին լուրջ ազդեցություն է ունեցել։

- Եվ հիմա, ինչպես Օնիկ Գասպարյանը դիմեց Վարչական դատարան, այնպես էլ դուք կդիմեք Սահմանադրական դատարան։

- Սահմանադրական դատարան ես չեմ դիմելու, դիմելու է դաշինքը, և դաշինքի իրավաբանական թիմը լուրջ կաշխատի, և որոշում կընդունեն, որոշման մասին իրենք կասեն, ես իրավասու չեմ իմ կողմից նման պատասխան տալու»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica