close
Եղանակը Երևանում
2 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արձանագրվել է ԶԼՄ աշխատակիցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու 4 դեպք. հայտարարություն

Հասարակություն

21 Հունիսի 2021, 18:27
 Արձանագրվել է ԶԼՄ աշխատակիցների մասնագիտական գործունեությունը  խոչընդոտելու 4 դեպք. հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների և դրան նախորդող քարոզարշավի ընթացքում ԶԼՄ աշխատակիցների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Հայտարարությունը ստորև․

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրվել է ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման 4 դեպք։

Մասնավորապես՝ 29/45 ընտրատեղամասում, որտեղ պետք է քվեարկեր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ընտրական հանձնաժողովը Հանրային հեռուստաընկերության և «168.am» լրատվական կայքի օպերատորներ Դավիթ Մաճկալյանին և Հենրիկ Սարգսյանին արգելել է նկարահանումներ իրականացնել՝ պատճառաբանելով, որ ԿԸՀ-ի հավատարմագրման վկայականի հետ պարտադիր է անձնագրի առկայությունը։ Այս պահանջը հակասում էր Ընտրական օրենսգրքի 32 հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին, որոնց հղում կատարելով՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին հաջողվել է խնդիրը հարթել։

Գորիսի 34/03 ընտրատեղամասի բակում անհիմն սահմանափակվել է «ParaTV»-ի լրագրող Գրիգոր Գևորգյանի աշխատանքը․ նրան արգելել են նկարահանել արկղի մեջ լցված քվեաթերթիկները։ Կապանի 35/37 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձն իր հեռախոսով նկարել է «Զանգեզուր TV»-ի լրագրող Անուշ Միրզոյանի գործողությունները, ցուցաբերել անհարգալից վերաբերմունք և կաշկանդել աշխատանքը։ Երևանի 9/21 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձինք վիրավորական, ագրեսիվ պահվածք են դրսևորել «FreeNews.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի նկատմամբ, խաթարել նրա ազատ գործունեությունը։

Ընտրություններին նախորդող քարոզարշավը նույնպես ուղեկցվել է լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումներով․ հունիսի 7-18-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 դեպք։ 

Համեմատության համար նշենք, որ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել է ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման 3 դեպք, 2017-ի ԱԺ ընտրություններին՝ 5 ֆիզիկական և 14 այլ ճնշումների դեպք, 2012-ին՝ համապատասխանաբար 3 և 4։

Քանի որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած ոտնձգություն սպառնալիք է խոսքի ազատության և հասարակության տեղեկացված լինելու իրավունքին, պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել հունիսի 20-ի վերոհիշյալ միջադեպերը և իրավական գնահատական տալ դրանց։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, շարունակելու ենք հետևել իրադարձությունների զարգացումներին և կոչ ենք անում իշխանություններին, ընդդիմադիր քաղաքական ուժերին և նրանց համակիրներին, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ հետընտրական ժամանակաշրջանում դրսևորել միմյանց նկատմամբ զսպվածություն, հանդուրժողականություն և հարգալից վերաբերմունք, հրաժարվել ատելության խոսքից, թշնամանքից և հայհոյախոսությունից։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica