close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջան-Թուրքիա միջանցքի ճակատագիրն այս ընտրություններից է կախված․ թուրք վերլուծաբան

Քաղաքական

21 Հունիսի 2021, 14:45
 Ադրբեջան-Թուրքիա միջանցքի ճակատագիրն այս ընտրություններից է կախված․ թուրք վերլուծաբան

Ակունքի խմբագրությունը թուրքերենից թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է թուրքական «Հաբերթյուրք» պարբերականի վերլուծաբան Չեթիներ Չեթինի հոդվածը, որը չնայած որոշ խեղաթյուրումների՝ լույս է սփռում մի քանի էական հարցի վրա։

Չեթիներ Չեթին

Անկարան մոտիկից հետևում է Հայաստանում այսօր նախատեսվող արտահերթ ընտրություններին։ Այդ ընտրությունների արդյունքները կորոշեն նաև Ադրբեջան-Թուրքիա միջանցքի ճակատագիրը։ Ակնկալվում է, որ ընտրությունների ժամանակ, որին մասնակցում են 22 կուսակցություններ և 4 դաշինքներ, հիմնական պայքարը կընթանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունների միջև։ Մոտ 2,6 միլիոն հոգի ընտրելու իրավունք ունի, սակայն գործազրկության պատճառով բազմաթիվ հայեր աշխատում են արտերկրում, գլխավորապես՝ Ռուսաստանում։

Անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի պատերազմում ստորացուցիչ պարտություն կրած Փաշինյանը բարդ իրավիճակի առաջ է։ Ադրբեջանի դեմ 6 շաբաթ տևած պատերազմի պարտության հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամին վերջ դնելու համար արտահերթ ընտրություններ կազմակերպելու կոչով հանդես եկած Փաշինյանը ապրիլ ամսին իր ֆեյսբուքյան էջով հայտարարել էր, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։ Մինչ արտահերթ ընտրությունները ժամանակավոր կառավարության ղեկին գտնված Փաշինյանը ընտրություններին վերստին դրեց իր թեկնածությունը։ Փաշինյանի հանդեպ հասարակության մեջ վստահության լուրջ խնդիր կա։ Նոյեմբերին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը որպես «ազգային շահերի նկատմամբ դավաճանություն» որակած հազարավոր հայեր դուրս էին եկել Երևանի փողոցներ․․․ Սակայն երիտասարդները դեռ Փաշինյանին համարում են Հայաստանը Արևմուտքի առաջ բացելու հնարավորության տեր առաջնորդ։

Մոսկվայի տեսանկյունի համաձայն՝ 46-ամյա Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում շուրջ 2 հազար ռուս խաղաղապահների մասին կետը ևս ներառող զինադադարի համաձայնագրի իրագործման երաշխավորն է։

Իսկ Փաշինյանի գլխավոր մրցակից Ռոբերտ Քոչարյանը ծագում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Խանքենդիից (Ստեփանակերտ-Ակունքի խմբ 66-ամյա Քոչարյանը ցանկանում է արգելել Ադրբեջանի՝ այս վայրերում հսկողության ընդլայնումը։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նրա բոլոր հայտարարությունները ևս այդ ուղղությամբ են եղել։ ԵԱՀԿ-ից դիտորդները կարծում են, որ Հայաստանում ընտրությունները մեծավ մասամբ արդար և ազատ կանցնեն։ Սակայն ասում են, թե որպես «Ղարաբաղի կլան» հայտնի Քոչարյանի ընտանիքը որոշ հատվածներում կարող է կեղծել ընտրությունները։

Այս ընտրություններում մրցակցում են նախկին 3 հանրապետության նախագահներ, այդ թվում՝ Քոչարյանը։ ՀԱԿ-ի կողմից առաջադրված Լևոն Տեր-Պետրոսյանը մշտապես պաշտպանել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարում է «Հայաստան» դաշինքը։ Իսկ Սերժ Սարգսյանը թեև անմիջականորեն չի մասնակցում ընտրություններին, սակայն ղեկավարում է Հանրապետական կուսակցության արշավը։ Սարգսյանը, 10 տարվա նախագահ լինելուց հետո, Փաշինյանի սկսած համաժողովրդական շարժման շնորհիվ 2018 թ․ ապրիլի 23-ին հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից։

«Gallup International» ընկերության կողմից հունիսի 7-10-ն արված հարցման համաձայն՝ ընտրողների 24,1 տոկոսը պատրաստ է իր քվեն տալ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին, իսկ 23,8 տոկոսը՝ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական հասարակություն կուսակցությանը։ Դժվար թե այս երկու քաղաքական գործիչները բացարձակ մեծամասնություն կազմեն։ Հայաստանում կարող է մի ժամանակաշրջան սկսվի, որում քաղաքական ճգնաժամերը հետևում են իրար։

Փաշինյանի մեկնաբանությունը՝ միջանցքի վերաբերյալ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ շաբաթ ուշագրավ ելույթ էր ունեցել Ադրբեջանի խորհրդարանում։ Էրդողանն իր խոսքում ոչ միայն շեշտել էր թուրք-ադրբեջանական եղբայրության մասին, այլ նաև՝ դիմել Հայաստանի իշխանություններին։ Էրդողանը կոչ էր արել Երևանին մտածել այն տնտեսական նախագծերի շուրջ, որոնք հնարավոր կլինի իրականացնել Բաքվի պահանջներն ընդունելու դեպքում։ Էրդողանն ասել էր․ «Ի վերջո, ղարաբաղյան հակամարտության լուծումը մեծ օգուտ կտա տարածաշրջանին։ Դրան ականատես կդառնանք ժամանակի ընթացքում»։ Էրդողանը որպես դրա օրինակ մատնանշել էր Սյունիքի շրջանից Ադրբեջանի՝ դեպի Նախիջևանի Ինքնավար Մարզ հասնող Զանգեզուրի միջանցք բացելու պլանը։ Էրդողանի խոսքով՝ այդ միջանցքով գործարկվելիք երկաթուղին «հայ քաղաքացիներին կշնորհի դեպի Մոսկվա և համայն աշխարհ ազատորեն շրջագայելու հնարավորություն։ Այդպիսով՝ նրանք կկարողանան ազատվել իրենք իրենց հանդեպ գործադրած շրջափակումից»։

Էրդողանի այդ ելույթից կես ժամ անց Փաշինյանը հետևյալն ասաց իր տեսանկյունից ամենախնդրահարույց շրջան Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում կազմակերպված հանրահավաքին․ «Ցանկանում ենք, որ ուղիներ բացվեն այս մարզում։ Քանզի դա պետք է թե՛ մեզ և թե՛ Ադրբեջանին»։ Սակայն Փաշինյանն այդ ելույթում նաև ընդգծեց, թե 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի տեքստում չեն օգտագործվել «Զանգեզուր» կամ «միջանք» բառերը։ Փաշինյանն այդպիսով ուզեց հանգստացնել իր ընտրազանգվածին, որը ենթադրում էր, թե Բաքվից Նախիջևան ճանապարհ բացելը փաստացիորեն կնշանակի, որ հայերը կորցնում են իրենց հսկողությունը այս շրջանի նկատմամբ։

https://www.haberturk.com/yazarlar/cetiner-cetin/3109590-azerbaycan-turkiye-koridorunun-kaderi-bu-secime-bagli

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica