close
Եղանակը Երևանում
2 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ

Քաղաքական

17 Հունիսի 2021, 17:04
 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
Լրագրող Էդիկ Անդրեասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
 
ՀԱԿ-ը ոչ մի կերպ չի հասունանում: Էն ե՞րբ էր, որ ՀՀՇ գեղի կլուբից մի կերպ մի բան հավաքեցին ու, որպես ինտելեկտուալների նոր խմբակ, անունը դրեցին ՀԱԿ: Բայց մինչ օրս խակ են, չեն աճում և վերջ: Պատճառն էլ թերևս, այն է, որ առաջնորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, մնացել է անցյալում, իսկ իրենք հասել են մի տեղ, որտեղից երկու ճանապարհ կա՝ մեկը դեպի անցյալ, մյուսը՝ դեպի խիստ որոշակի անորոշություն՝ առանց Տեր-Պետրոսյանի: ՀԱԿ-ում այս վիճակից նեղված են, բայց քանի որ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի ոչինչ անել չեն կարողանում, քարոզարշավի այս բուռն օրերին զբաղված են մանր խուլիգանությամբ: ԽԱԿ խմբակի «ՉԻ»-ն, օրինյակ, այսպիսի բաներ է գրում. «Լևոն Տեր-Պետրոսյանը 25 տարի է՝ ուրիշ բան է ասում, բայց որոշ խոտակեր անասուններ էշի համառությամբ խեղաթյուրում են նրա խոսքը»: Բա եղա՞վ: Մի՞թե սեփական խայտառակությունն ու պարտվողականությունը շղարշելու համար անպայման պետք է վիրավորել այդ խայտառակությունն ու պարտվողականությունը տրամաբանված և հստակ փաստերով ներկայացնող մտավորական մարդուն:
 
Իսկ այդ մտավորական մարդը մեր լավագույն հրապարակախոսներից մեկն է՝ Վահան Իշխանյանը, որին ամենամեծ ցանկության դեպքում անգամ չես կարող մեղադրել քաղաքական կողմնապահության մեջ: Վահան Իշխանյանը, որպեսզի ոզնին էլ հասկանա, գրել է. «Ինչո՞ւ 25 տարի շարունակ միջազգային հանրությունը չէր կարողանում ստիպել որ հայկական զորքերը դուրս գան Արցախից, շատ պարզ, քանի որ այդ կոնֆլիկտում տեսնում էին ազգերի ինքնրոշման սկզբունքը, մի սկզբունք որի տակ նրանք բոլորը ստորագրել էին։ Հնարավո՞ր էր, որ միջազգային հանրությունը ճանաչեր նաև Արցախի ինքնրոշման իրավունքը։ Ոչ միայն հնարավոր էր, այլև ճանաչել էր՝ ի դեմս Մինսկի խմբի երեք համանախագահող գերտերությունների, 2007 թվականի Մադրիդյան սկզբունքների սկզբունքներից մեկը հենց ազգերի ինքնրոշման սկզբունքն է, և ըստ այդմ, Ղարաբաղը պետք է հանրաքվեով ինքնրոշվեր։ Իսկ ինչո՞ւ չիրկանանացավ։ Շատ պարզ, Ինքնրոշման պայքարը պահանջում է համբերություն ու հետևողականույթուն, հայ ժողովուրդը այդ հատկություններից չունեցավ բավարար չափով և թույլ տվեց իշխանությունը գրավեն Լևոն Տեր֊Պետրոսյանի աշակերտները, որոնք չէին հավատում Արցախի ինքնորոշման հնարավորությանը»: Ինչո՞ւ է այս ամենը գրում Վահան Իշխանյանը: Բանն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Հ1-ի եթերում, ինքզինքը մեծ ռահվիրա ներկայացնելով, պնդել էր, որ Արցախը կորցված է, պետք է հաշտվել, որ Ադրբեջանի կազմում մնա, իսկ Քոչարյանին մեղադրել էր պատերազմի տանելու մեջ միայն այն բանի համար, որ խոսել էր է Հադուրթն ու Շուշին նախկին Լեռնային Ղարաբաղի սահմանների մեջ վերադարձնելու հնարավորւթյան մասին։ Այսինքն, Տեր-Պետրոսյանը նույնիսկ Հադուրթն ու Շուշին վերադարձնլու մասին խոսելն էր արկածախնդրություն որակել և պնդել, որ հայերը չեն կարող լուծել Ղարաբաղի հարցը, այդ հարցը ցնորք է, զառանցանք: Հետևաբար ի՞նչ են ուզում Վահան Իշխանյանից, որի կարծիքով՝ «Տեր-Պետրոսյանի հարցազրույցը արթնացնում է մարդու մեջ որոճացող անկամ անասունին»:
 
Չկարողանալով հոդաբաշխ որևէ բան հակադրել Վահան Իշխանյանի հատու գրառմանը, Լևոն Տեր-Պետրոսյանի տհաս խմբակն իր բողոքի ձայնն է բարձրացել Վահան Իշխանյանի՝ հայ մտավորականների կոչին միանալու կապակցությամբ. «Սույնը հայտնվել է Ռոբերտ Քոչարյանի կարկառուն մտավորականների ցուցակում»,- գրում են նրանք: Հարց է առաջանում՝ իսկ դուք, որ Տեր-Պետրոսյանի ստվերում մտավորական եք երևակայում ձեզ, ո՞ր ցուցակում եք հայտնվել և, առհասարակ, երբևէ որևէ նորմալ ցուցակում հայտնվե՞լ եք:
 
Հ.Գ. Իմ կարծիքով՝ ՀԱԿ-ի անհանգստությունը բոլորովին այլ բանով է պայմանավորված: Նիկոլի ու «նիկոլիզմի» հեռանալով հեռանում են նաև այդ աղտեղության հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանն ու «լևոնիզմը»: Այս տեսանկյունից մեր ՀԱԿ գործընկերներին, ցավոք, ոչնչով օգնել չեմ կարող: Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ:
 
Հ.Գ.1 Տեսնես՝ Լևոն-Տեր Պետրոսյան- Նիկոլ Փաշինյան բանավեճում ո՞վ կհաղթի»:
 

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հաջորդ կիրակի`հունիսի 20-ին: Դրանք կդառնան քաղաքական ուժերի՝ երկար ամիսների առճակատման արդյունքը, որոնք սկսվել են Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում ցավալի պարտությունից հետո: Թե՛ գործող իշխանությունը, թե՛ ընդդիմությունը համաձայն են, որ միայն նոր ընտրությունները կարող են լուծել քաղաքական ճգնաժամը: 26 քաղաքական կուսակցություն և դաշինք թավշյա հեղափոխությունից ի վեր առաջին անգամ մտել են իշխանության համար պայքարի մեջ: Բայց իրական պայքարը, ինչպես ցույց են տալիս վերջին հարցումների արդյունքները, ծավալվելու է երկու առանցքային դերակատարների`վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի («Իմ քայլը») և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի («Հայաստան») միջև: «Lenta.ru»- փորձել է հասկանալ, թե ինչ դեր է խաղում «ռուսական գործոնը» նախընտրական մրցավազքում, և ինչպես են ազդելու գալիք ընտրությունները Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա:

Ճգնաժամային շրջան

Ապրիլի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս՝ շարունակելով ժամանակավորապես կատարել իր պարտականությունները մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանց նպատակն է երկիրը դուրս բերել քաղաքական ճգնաժամից: Ընդդիմությունը շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը 2020-ի աշնանից, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանագիր կնքեցին Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին: Այն ստորագրվեց այն ժամանակ, երբ Հայաստանի համար իրավիճակը դարձավ աղետալի: Զինված ուժերն անկյուն էին քշվել և ստիպված նահանջում էին մի քանի ճակատով, մինչդեռ ադրբեջանական զինուժը սպառնում էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին:

Փաշինյանի ձևական հրաժարականը ակնհայտորեն ձեռնտու չէ ինչպես ընդդիմությանը, այնպես էլ բնակչության մի զգալի հատվածին, որը հիասթափված է պոպուլիստ քաղաքական գործչի քաղաքականությունից: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ հրաժարականի դիմումը թույլ տվեց նրան պահպանել վարչական ռեսուրսը ընտրությունների ընթացքում և հնարավորություն տվեց ազդելու երկրում տիրող իրավիճակի վրա: Բնակչությունը դժգոհ է Փաշինյանի հետպատերազմյան քաղաքականությունից` սկսած ռուսական «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համակարգերի վերաբերյալ սկանդալից մինչև միջազգային ասպարեզում դաշնակիցների հետ հարաբերություններ կառուցելու անկարողությունը: Բացի դրանից՝ զինադադարից ավելի քան վեց ամիս անց իրավիճակը Հայաստանի սահմաններին մնում է անկայուն: Մասնավորապես՝ մնում են չլուծված երկու ցավոտ խնդիրներ՝ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը և հայ ռազմագերիների ճակատագիրը, որոնց մի մասը գերեվարվել են Հայաստանի տարածքում ռազմական գործողությունների դադարեցումից հետո:

Հայկական կողմի պահանջները որոշ արդյունքների հանգեցրին, չնայած լարվածությունը  սահմանին շարունակվում է: Հունիսի 12-ին Ադրբեջանը, Վրաստանի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, 15 գերիների հանձնեց Հայաստանին: Նրանք ազատ են արձակվել այն բանից հետո, երբ Երևանը Բաքվին տրամադրեց քարտեզներ, որոնք ցույց են տալիս Աղդամի շրջանում 97,000 հակատանկային և հակահրթիռային ականների տեղակայման վայրերը: «Ես կցանկանայի ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց որդիները այսօր չեն վերադառնա, այն բանի համար, որ նրանց վերադարձը կրկին հետաձգվում է: Հուսով եմ, որ նրանք ըմբռնումով կվերաբերվեն դրան»,- ասել է Փաշինյանը գերիների՝ հայրենիք վերադառնալուց հետո:

Բայց, չնայած բնակչության հետ երկխոսություն կառուցելու փորձին, իրավիճակը շարունակում է հիմնավորված վրդովմունք առաջացնել Հայաստանում: Ի վերջո, Ադրբեջանը նախկինում հայտարարել էր, որ 140 ձերբակալված անձինք փոխանակման ենթակա չեն, քանի որ նրանք կա՛մ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո, կամ՛ մեղադրվում են «վարձկան լինելու», «ահաբեկչություն» և «ռազմական հանցագործություններ» հոդվածներով: «Ադրբեջանը շահարկում է հայ բանտարկյալների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինվորներին գերության մեջ պահելու փաստը, նույնիսկ երբ սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից հրապարակված ապացույցներ և տեսանյութեր կան»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:

Աշխարհաքաղաքական վայրիվերումներ

Գերիներին վերադարձնելու և սահմաններն ապահովելու անպտուղ փորձերի ֆոնին՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ Փաշինյանը կոչ արեց խորացնել ռազմական և ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ի պատասխան «Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության»: Բայց Կրեմլը դեռ հետևում է իրավիճակի զարգացմանը և սպասում է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Ակնհայտ է, որ ռուսական կողմը Փաշինյանին չի դիտում որպես ուժեղ և համակարգված խաղացող, որի հետ կարելի է կառուցել երկարաժամկետ երկխոսություն: Ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանի  նկատմամբ կողմնորոշումը երկրորդ պլան է մղվել Փաշինյանի կառավարման տարիներին, մինչդեռ հազվադեպ ռուսամետ հայտարարությունները կապված էին բացառապես արտաքին քաղաքական մարտահրավերները հաղթահարելու փորձի հետ:

Այնուամենայնիվ, չնայած ամեն ինչին, Ռուսաստանը շարունակում է խաղալ խաղաղարարի դեր, իսկ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները փաստացիորեն բացառվում են ԼՂ  խաղից՝ չնայած դրան վերադառնալու բոլոր փորձերին: Այսպես՝ Ելիսեյան պալատում ընդունելով հայկական պատվիրակությանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արեց լիցքաթափել և վերսկսել երկխոսությունը՝ պնդելով, որ սահմանի խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Այնուամենայնիվ, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը համանախագահում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, վերջին տարիներին, ի վերջո, ցույց տվեց իր անկարողությունը ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու հարցում:

Այս իրավիճակում հենց ռուսական կողմի դիրքորոշումն է որոշում, թե որքան արագ Հայաստանը կարող է դուրս գալ քաղաքական փակուղուց և վերականգնվել Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո... Ավելին՝ պատմությունն ինքնին փաստում է, որ Հայաստանի առաջադեմ զարգացումը կախված է Անդրկովկասի հիմնական խաղաղարար Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունից: Հետևաբար, դեպի Ռուսաստան շրջադարձը, որին կարող են աջակցել միլիոնավոր հայեր, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ամենատրամաբանական որոշումն է թվում:

«Ռուսական գործոնն», իրոք, գրեթե հիմնական դեր է խաղում Հայաստանում նախընտրական մրցավազքում: Ներքաղաքական մարտերում հայ-ռուսական հարաբերությունների ապագայի թեման կապված է ԼՂ հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման և արդեն Հայաստանին գոյություն ունեցող աջակցության հետ լրացուցիչ ռազմական օգնություն ցուցաբերել չցանկանալու հետ: Դա հիմնականում պայմանավորված է Կրեմլի անվստահությամբ Փաշինյանի նկատմամբ, որը պատանդ դարձավ իր նախապատերազմական քաղաքականությանը և հասարակական տրամադրություններին: Կառուցելով իր դեմոկրատ կերպարը, որը չի կապվում հետխորհրդային էլիտաների հետ, նա ստիպված էր գործել ավելի որպես արմատական՝ կիրառելով հակառուսական հռետորաբանություն: Արդյունքում՝ դա հանգեցրեց Ռուսաստանի ռազմավարական անվստահությանը Հայաստանի ներկայիս կառավարության նկատմամբ:

«Հայաստանի քաղաքական օլիմպոս բարձրանալու հենց սկզբից Փաշինյանը ցույց տվեց իր բազմավեկտորությունը: Նրա ռազմավարությունը հիմնված է ուժերի միջև հակասությունների վրա խաղալու և միևնույն ժամանակ Հայաստանը հենց այդ հակասությունների առարկա դարձնելու վրա»,– նշել է ռուս քաղաքագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը։

Դուրս եկեք լճացումից

Բնականաբար, հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ չպետք է ակնկալել առաջընթաց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման հարցում: Ստեղծված իրավիճակում հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել և երկիրը դուրս բերել ներկայիս ընկճվածությունից միայն քվեարկության արդյունքների ամփոփումից և նոր կառավարության ձևավորումից հետո: Ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը բավականին մեծ է: Այնուամենայնիվ, եթե կուսակցություններից կամ դաշինքներից ոչ մեկը բավարար քանակի ձայներ չհավաքի, ապա Հայաստանում կարող է կոալիցիա կազմվել իշխող կուսակցության դեմ:

Հայաստանի Ազգային ժողով կուսակցությունների մուտքի շեմը չորս տոկոս է, դաշինքների համար`յոթ տոկոս։ Այսպես, թե այնպես, 26 կուսակցություն և դաշինք կմրցեն ձայների համար: Հայաստանում քարոզարշավը իսկապես եզակի է. դրանում ընդգրկված են երեք նախկին նախագահներ և երկրի ներկայիս ղեկավարը՝ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդն է: Երրորդ նախագահը՝ Սերժ Սարգսյանը, կուսակցական ցուցակներում չկա, բայց նրա Հանրապետական կուսակցությունը մտել է «Պատիվ ունեմ» դաշինք, իսկ քաղաքական գործիչն ակտիվորեն քարոզչություն է իրականացնում:

Բայց իշխանության համար հիմնական պայքարը ծավալվելու է հենց Փաշինյանի և Քոչարյանի քաղաքական բլոկների միջև: Gallup International Association-ի հայաստանյան դուստր ձեռնարկության կողմից անցկացված վերջին հետազոտության արդյունքների համաձայն` հարցվածների 23,8 տոկոսը պատրաստ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Մարտին այս ցուցանիշը մոտ 30 տոկոս էր, բայց այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է: «Հայաստան» դաշինքը շարունակում է մեծ ժողովրդականություն վայելել, որի վարկանիշը գարնան սկզբից ի վեր աճել է ավելի քան 15 տոկոսով: Հարցվածների 24,1 տոկոսն արդեն պատրաստ է քվեարկել Քոչարյանի քաղաքական ուժի օգտին:

«Պատիվ ունեմ» դաշինքը (7,4 տոկոս)՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, հետ է մնում երկու քաղաքական ուժերից: Ըստ վերջին տվյալների՝ նորացված խորհրդարան մուտք գործելու հնարավորություն ունեն ևս երկու կուսակցություններ՝ «Բարգավաճ Հայաստանը» (3,7 տոկոս)՝ գործարար Գագիկ Ծառուկյանի, և «Լուսավոր Հայաստան» (3,1 տոկոս)՝ իրավապաշտպան Էդմոնդ Մարուքյանի գլխավորությամբ:

Հարցումները ցույց են տալիս, որ իսկապես ռիսկ կա, որ Փաշինյանը պարտվելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում: 2018-ին իշխանության գալով թավշյա հեղափոխության արդյունքում, որը դատապարտում էր հետխորհրդային էլիտայի կոռուպցիան, նա անձամբ հայտնվել է հարձակման տակ՝ առաջացնելով հասարակության զայրույթը Լեռնային Ղարաբաղում պատերազմի պարտությունից և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականներին հեռացնելու որոշումից հետո՝ մեղադրելով նրանց հեղաշրջում հրահրելու ցանկության մեջ։

Արդյունքում՝ Փաշինյանը ծայրաստիճան թուլացած է ընտրություններից առաջ, նրա քաղաքական կուրսը բացահայտ վիճարկվում է պետական ապարատի մի մասի, այդ թվում՝ բարձրագույն ռազմական օղակների կողմից:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի հետազոտող, քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևի կարծիքով՝ Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները կշարունակեն աճել՝ անկախ նրանից, թե ով է հաղթելու: Միաժամանակ նա շեշտում է, որ Փաշինյանի հաղթանակն առավել նախընտրելի է Ադրբեջանի համար: «Պարզվել է, որ Փաշինյանը լավ է Ադրբեջանի համար, քանի որ նա իրավիճակը բերել է այն պատերազմի, որում Հայաստանը պարտվեց: Մյուս կողմից՝ նա արդեն որոշ չափով օգտագործված խաղաքարտ է Բաքվի համար: Դժվար կլինի նրանից մեկ այլ բան քամել»,- ասել է քաղաքագետը և հավելել, որ Փաշինյանի կայունությունն Ադրբեջանին առավել ձեռնտու է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու համաձայնագրերի իրականացման առումով:

Փոփոխություններ սպասելով

Քոչարյանը, որը, ըստ հարցումների, հասարակության աջակցության հարցում արդեն առաջ է Փաշինյանից, ընդհակառակը, պնդում է, որ մի կողմից կոշտ, պրագմատիկ հարաբերություններ կկառուցեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ և կայուն քաղաքական դաշինք՝ Ռուսաստանի հետ։ Ինչպես նշել է ինքը՝ քաղաքական գործիչը, իր թիմի՝ իշխանության գալու հիմնական նպատակներից են երկրի անվտանգության ապահովումը, տնտեսության վերականգնումը և ներքաղաքական լարվածության չեզոքացումը:

Հետաքրքիր են Քոչարյանի վերջին հայտարարությունները: Նա կարծում է, որ Հայաստանն ինքը պետք է լուծի իր խնդիրները և քայլեր ձեռնարկի՝ ապահովելու իր սահմանների անվտանգությունը, այլ ոչ թե միայն օգնություն ակնկալի դաշնակիցներից: Այդ պատճառով քաղաքական գործիչը խոստացել է լուծել Հայաստանի զինված ուժերի մարտունակության հարցը: Ընտրարշավի ընթացքում նա հիշել է, որ 1992-ի օգոստոսին, հաշված ամիսների ընթացքում, կամավոր ստորաբաժանումներից հնարավոր եղավ կազմել կանոնավոր բանակ, որը դարձավ հաջողության բանալին: Գործող կառավարությունը, կարծում է Քոչարյանը, արել է հակառակը. այն վերադարձրել է 1992-ի սկիզբը, ինչը դարձավ Լեռնային Ղարաբաղի պատերազմում պարտության հիմնական պատճառներից մեկը:

«Զենքի կորուստները լրացնելու համար կպահանջվի երեք տարի: Սրանք մեր ժամկետներն են»,– ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա ընդգծում է, որ գործող կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, մեղավոր է Ադրբեջանի հետ սահմանին ներկայիս սրման մեջ․ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել սահմանները ամրապնդելու համար, և այժմ, երբ Ադրբեջանը առաջ է շարժվել, «գոռում է ամբողջ աշխարհի վրա» և օգնություն է խնդրում: Միևնույն ժամանակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գրեթե բոլոր երկրները շատ ավելի լավ հարաբերություններ ունեն նրա անդամ չհանդիսացող Ադրբեջանի հետ, քան Հայաստանի:

Իհարկե, այս իրավիճակը պահանջում է ներքին լուրջ բարեփոխումներ: «Իմ իշխանության գալու փաստն արդեն պտտելու է այս բոլոր անիվները: Ժամկետները բավականին սեղմ կլինեն, և հաջորդ օրը բոլորը կզգան, որ թափանիվը սկսել է շրջվել, վերականգնվել է վերահսկելիությունը»,- ասել է Քոչարյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում: Նա համաձայն է, որ Ադրբեջանի հետ սահմանին նույն իրավիճակը պետք է լուծվի առաջին հերթին բանակցությունների միջոցով, բայց եթե Հայաստանը «իր ատամները ցույց չի տալիս թշնամուն», այսինքն՝ չի վերականգնում բանակի մարտունակությունը, այդ միջադեպի կարգավորումից հետո նման իրավիճակ կարող է առաջանալ նաև այլ սահմաններին:

Այսպես, թե այնպես Քոչարյանին հաջողվել է իր շուրջը համոզիչ քաղաքական թիմ հավաքել, որի կազմում են նրա վաղեմի գործընկերները և «Դաշնակցություն» կուսակցության՝ Հայաստանի ամենահին քաղաքական ուժի ներկայացուցիչները: Խաղադրույք է կատարվել պրոֆեսիոնալների և մենեջերների վրա, որոնք կարող են փոխել Հայաստանի զարգացման վեկտորը՝  թե՛ արտաքին, թե՛ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների կառուցման հետ կապված, թե՛ ներքին՝ ուղղված Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին և տնտեսության բարելավմանն ուղղված բարեփոխումներին:

Հետաքրքիր է, որ Քոչարյանն արդեն հայտարարել է վարչապետի պաշտոնակատարի պարտության դեպքում Փաշինյանի քաղաքական նախագիծը փակելու իրավական հնարավորությունների մասին: Քոչարյանը խոսել է ամերիկացի գործարար Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի գործունեության դեմ պայքարելու մտադրության մասին: Նա նշել է, որ կա երկու մոդել. «Կա՛մ արգելք, կա՛մ նրանք իրենց ճանաչում են որպես օտարերկրյա գործակալներ: Եթե նրանք պատրաստ են հանդես գալ որպես օտարերկրյա գործակալներ, նրանք խիստ հսկողության տակ կլինեն: Սա այն մոդելն է, որը կիրառվում է այլ երկրներում»:

«Մենք պարզապես կձևավորենք օրենսդրական դաշտը, որից հետո կլինեն կա՛մ խիստ սահմանափակումներ, կա՛մ ուղղակի արգելք այդ կազմակերպության գործունեության համար»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Հայաստանի պատմության վերջին տասնամյակները իսկապես ողբերգական են ստացվել: Խորհրդային միության փլուզումից հետո ռազմավարական ուղին հեռու է հաջող լինելուց, չնայած հակառակ զգացումներին, որոնք երկրում տիրում էին 1994 թվականից՝ Ադրբեջանի դեմ տարած հաղթանակից հետո: Այս ամենն անցյալում է: Իր զարգացման ներկա շրջանում Հայաստանին անհրաժեշտ է, քաղաքական իմաստով, հույզերից անցնել ռազմավարական հաշվարկների:

Միանգամայն հնարավոր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն հայոց պետականության նոր շրջանի սկիզբ: Ապագայում Հայաստանը կարող է վերականգնվել ռազմական պարտությունից, բայց միայն տնտեսական աճի և միջազգային ասպարեզում դաշնակցային կապերի հաստատման միջոցով, ինչը միակ միջոցն է Լեռնային Ղարաբաղի տարածքների կորստի դեմ: Այնուամենայնիվ, դրա համար անհրաժեշտ է քիչ հավատալ բարձր քաղաքական կարգախոսներին, ավելի քիչ խաղալ հույզերի հետ և սովորել նայել ինքն իրեն՝ առանց ինքնավստահության՝ բարեկեցության ամենավատ թշնամու:

Հայաստանում նախընտրական մրցավազքի վերջին օրերը ծավալվում են ամենաբարդ ներքին և միջազգային հակասությունների ֆոնին: Ընտրողները պարզապես կանգնած չեն այն հարցի առաջ, թե որ կուսակցությունը կգա իշխանության: Կարևոր է, որ հունիսի 20-ին հայերը ընտրեն առավել սուր խնդիրների լուծման ուղիները: Երկիրը կշարունակի՞ Ռուսաստանի հետ մերձեցման ճանապարհը, ինչպես ցանկանում են Քոչարյանի կողմնակիցները, թե՞ կվերադառնա բազմավեկտոր քաղաքականությանը, որին հավատարիմ էր Փաշինյանը: Ի՞նչ հարաբերություններ կստեղծի Հայաստանը հարևանների, «ժառանգական թշնամիներ»՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Ընտրողներն իրենք կփորձեն պատասխանել այս և այլ ցավոտ հարցերի, նրանք այլ ելք չունեն, քան քվեարկել ու ընտրել երկրի զարգացման հետագա ուղին: Այլ տարբերակներ, ներառյալ՝ փողոցային իշխանափոխությունը, կարող են միայն սրել քաղաքական ճգնաժամը, և Հայաստանը տանել դեպի անդունդ: Ի վերջո, այս խորհրդարանական ընտրությունների իրական գինը, որոնք տեղի են ունենում Հայաստանի նորագույն պատմության ամենադժվար պահերից մեկում, պետության պահպանումն է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica