close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայրենիք կամ մահ

Քաղաքական

16 Հունիսի 2021, 21:17
 Հայրենիք կամ մահ

Հայոց մեծագույն Ցեղասպանությունը բառերի վերածելու համար սահմռկել է անգամ Յ․ Օշականի նման բառեր արարող հսկան, շեշտելով, որ «Բառերը Պետք Է Հաւասար ըլլան Կատարուածի Տարողութեանը։ Իսկ Կատարուած Ցեղասպանութիւնը Սովորական Բառերու Նշանակութենէ Դուրս Երեւույթ Է»։

Մեր երկրում տիրող վերջին 8 ամիսների ցեղասպանությունը, հայրենի իշխանության ձեռքով կատարված, անշուշտ առանց համեմատելու, մեր դեմ կատարված առաջին անպարագրելի ցեղասպանության հետ, մեզնից շատերին այսօր կանգնեցրել են նույն սահմռկեցուցիչ դժվարության առջեւ։

Մեր օգտագործած բառերից ոչ մեկը այլեւս համարժեք չէ այն իրավիճակի նկարագրությանը, որը տիրում է մեր երկրում այս պահին։

Մենք օգտագործեցինք մեր բառարաններում տեղ գտած մեր անհամաձայնության, մեր բողոքի, մեր արդար ընդվզումի ողջ բառապաշարը, մեր տարածքների հանձնման ստորագույն եղելության, մեր ազգի դիմագիծն ու էությունը օրէօր էլ ավելի խեղաթյուրող, դեռ շարունակվող ցեղասպանության, մեր հետագա ոչնչացման ծրագիրը իրականացնող տիրող իշխանության հանդեպ։

Մենք մեր անկարողության պոռթկումը, ցասման ահռելիությունը, մեր ատելությունն ու հոգեկան, մտային ծանրագույն ապրումները փորձեցինք ամենազուսպ բառերից մինչեւ ամենաանզուսպ, ամենահասարակով ճչալ, արտահայտել, սակայն չկարողացանք ոչ երկիրը, ոչ էլ մեզ փրկել։

Իր ազգին թշնամի ներկա իշխանությունը հաղթականորեն դեռ տիրում է երկրում, դեռ շարունակում է թշնամու հետ իր գործարքը ի վնաս մեր երկրի, դեռ ատելություն ու թույն տարածելով, պատժամիջոցների դիմելով, բռնության հիստերիկ ճիչերի, փողոցային ամենավերջին հայհոյանքների ու խելակորույս աղաղակների սարսափ տարածելով, փորձում է կրկին իշխանության մնալ։

Հատկապես այսօր, երբ թուրքը իր էժանագին հաղթանակն է տոնում մեր երկրի վեհագույն տարածքում՝ Շուշիում, երբ ոչ միայն դարերով, այլ ընդամենը 30 տարի առաջ, ընդդեմ այդ նույն թշնամու դեմ է պայքարել մեր ժողովուրդը եւ փառավոր հաղթանակով ազատագրել այդ նույն տարածքը, որը մի պատահական ստահակի ձեռքով նվիրաբերվեց թշնամուն, հիմա մեր ժողովրդի մի զգալի զանգված ուզում է իր ժողովրդին ոչնչացրած թշնամուն գրկաբաց ընդունել, հանուն այդ նույն ստահակ իշխանավորի երկարակեցության։

Իսկապես հայոց բառարաններում տեղ գտած համեմատականներն ու ածականներն անզոր են այդ զանգվածին եւ կատարված երեւույթը, մտածելակերպը բնութագրելու։

Գուցէ պետք է իրապես լուռ ողբալ մեր ազգի այսչափ այլասերման, ազգասպանման համար, որովհետեւ սա նույնքան որեւէ արդարացման չենթարկվող, մարդկային մտքի ու զգայարանների մեջ չտեղավորվող իրավիճակ է, որքան ներկա իշխանության գործած ծրագրված դավաճանությունը։

Չէ՞ որ այն ինչ կատարվեց ու դեռ շարունակում է կատարվել մեր երկրում, մարդկային երեւակայությունից, պետությունների պատմությունից դուրս եղելություն է։

Բարեբախտաբար մեր անզորությանը կյանքի անբացատրելի շրջադարձն է օգնության հասնում։

Բոլորս ականատես ենք այն երեւույթին, որ երկուս ու կես տարի առաջ «հպարտ հեղափոխականը», իր հաղթանակի ճառում, իր համախոհների երջանիկ ծափերի տարափի տակ, աղբաման էր նետում մեր առաջին Հանրապետությունը ստեղծած ու մեզ հանձնած 131 Ամյա կուսակցությանը՝ ՀՅԴ-ը։

Այսօր այդ նույն ՀՅԴ անխոնջ, ազգանվեր հետեւորդները, կրկին արթնացած, տեր են կանգնում իրենց երկրին ու ժողովրդին, ահ ու սարսափի մատնելով իրենց աղբաման նետողների անկարող խմբակին, ինչպես ժամանակին ահ ու սարսափի էին մատնել նույն ջանասիրությամբ իրենց ոչնչացնել ցանկացող Թալաթներին ու թուրք պարագլուխներին։

Կյանքի շրջադարձի մեկ այլ փայլուն ապացույց է նաեւ այն, որ նույն ինքնակոչ «հեղափոխական» ը, այսօր ազգային հանցագործ դարձած, ամենաստորագույն միջոցներով փորձում է իշխանության մնալ, մինչդեռ նույն «հեղափոխականի» դավադիր ծրագրով մեղադրված, երկու տարուց ավել մեծ արժանապատվությամբ իր անօրէն կալանավորում-բանտարկությունը կրած ու իր անմեղությունը նույնքան արժանապատվորեն հաստատած Ռոբերտ Քոչարյանը, այսօր կրկին իր մարդկային բարձրության վրա մնալով, վաստակած քաղաքական փորձառությամբ, հաստատած երկաթէ կամքով, երկիրը փրկելու ձեռք է մեկնում։

Եվ ավելի հետաքրքիրն այն է, որ այդ «հեղափոխականների» երկու մղձավանջային ատելի թշնամիները՝ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ միասնաբար Դաշինք կազմած խորտակելու են իրենց այն դավաճան ինքնիշխանությունը, որն ամեն կերպ դեռ փորձում են պարտադրել ժողովրդին։

Բոլորովին պատահական չէ նաեւ, Քոչարյան եւ ՀՅԴ դաշինքը։ Շատերն են հիշում, երբ ներկա դավաճան իշխանության հոգեւոր հայրը՝ լտպ-ն հայրենիքից արտաքսեց հայրենիք կերտած կուսակցությանը1994ին, հատուկ հրամանագրով կասեցրեց ՀՅԴ գործունեությունը։

1998ին Ռ․ Քոչարյանը իշխանության գալով պատվով ետ ընդունեց ու վերականգնեց կուսակցության գործունեությունը։

ԵՍ ՄԻՇՏ ՇԵՇՏԵԼ ԵՄ ԵՒ ԿՐԿԻՆ ԵՄ ՇԵՇՏԵԼՈՒ, ՈՐ ՄԻԱՅՆ ՀՅԴ ԿԱՐՈՂ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՓՐԿԵԼ ԵՐԿԻՐԸ, ԱՅԼ ՍՏԵՂԾԵԼ ԱՄՈՒՐ, ԱԶԳԱՆՎԵՐ ԵՐԿԻՐ, ՈՐ ՄԻԱՅՆ ԱՅՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆԵԼ։

Դա կրկին հաստատվեց, երբ Նոյ․ 9-ի դավաճանության կապիտուլյացիան հայտնաբերվելուց հետո ՀՅԴ առաջինը արձագանքեց, դավաճանի հրաժարականը պահանջող իր ցույցերով։ Սակայն ավաղ, այն ջլատվեց, հաղթեց մեր ժողովրդի պառակտող հատկությունը։

Անցած 8 ամիսների ընթացքում մենք շատ ցավալի բացահայտումների ականատես եղանք՝ հասարակ ժողովրդի իրար դեմ թշնամությունից սկսած, ոստիկանության ծառայողների գազանությունից, զինվորական բարձրաստիճան անձանց անողնաշարությունից, մինչեւ անգամ հայրենիքի համար իրենց կյանքերը զոհաբերածների մարմինների հանդեպ արհամարհանք տեսանք եւ հուսալքված երբեմն ճչացինք, երբեմն երկար լռեցինք։

Մի քանի օր առաջ ես լսում էի իսրայելցի Ավներ Գվարյահու անունով մի երիտասարդի, պաղեստինցիներին ահաբեկելու համար ծառայած հատուկ գնդում, որը որոշել էր միջազգային հանրության եւ համապատասխան օրէնսդիր մարմիններին ներկայացնել այն գազանությունները, որոնք օգտագործում են պաղեստինցի հասարակ ժողովրդին ահաբեկելու, նրանց նվաստացնելու, նրանց ամենօրյա վախի մեջ պահելու համար։ Որ նրանք երբեք ապահով չզգան իրենց, մոռանան, որ իրենք են այդ հողի տերը։
Նա խոստովանում էր, որ մարդկայնորեն այլեւս անկարող է շարունակել կատարել իրենց հրամայվող ոճիրները։

Ես լսում էի ու մտածում մեր մասին, որ շուտով մեր երկրում է նույն վիճակը տիրելու, եթէ մենք շարունակենք հետեւել այս այլանդակ իշխանությանը։

Եւ միաժամանակ մտածում էի, մեր այն այսպես կոչված գեներալների եւ բարձրաստիճան զինվորականների մասին, որոնք մասնակից են եղել մեր երկրի վաճառքին եւ մինչեւ օրըս, մինչեւ այս հույժ ճակատագրական պահին անգամ դեռ լուռ են։

Մտածում էի, հպատակի հնազանդությամբ դավաճան ստահակին հսկող ու փայփայող ոստիկանների, կարմիր բերետավորների մասին ու մտածում՝ կգ՞ա այն օրը, երբ նրանք ուշքի գան, սթափվեն, որ իրենց անմարդկային բռնություններով խորտակում են նաեւ իրենք իրենց կյանքը։

Ես չեմ հավատում նրանց ոչ մեկի զարթոնքին, քանզի եթէ նրանք այդ հատկությունը ունենային ապա 8 ամիս առաջ այդ քայլին կդիմեին։

Ես միայն հավատում եմ ՀՅԴ կազմած Հայաստան Դաշինքին եւ հուսամ, մեր ժողովրդի գոնէ գիտակից հատվածը լրջորեն կմոտենա իր ապագային, որ այս Դաշինքում կտեսնի այն ուժը, որը կարող է երկիրը ետ ոտքի կանգնեցնել, փրկել նույնիսկ Արցախը, ինչպես դա արվեց Քոչարյանի օրոք, իր գլխավորությամբ։

Գիտեմ նաեւ, որ ներկա դավաճանապետը եւ իրեն գործուղողները դիմելու են ամեն միջոցի, մինչեւ իսկ բախումների ու տեռորների, որ շարունակեն մնալ իշխանության եւ ավարտին հասցնեն իրենց կես թողած պատվերը։

Այս բոլորը իմանալով, մեր ժողովուրդը այս վերջին շաբաթում պիտի մեծ լրջությամբ ու խոհեմությամբ, միասնաբար գործի, թիկունք կանգնի, վստահի, հավատա, առանց տատանվելու եւ մտածված ու արդարացի իր ձայնը տա Հայաստան Դաշինքին։

Վստահի ՀՅԴ այս զինանշանին, որը երբեք չի խաբել, ոտնատակ չի տվել իր ժողովրդին ու նրա ստեղծած արժէքները, երբեք չի դավաճանել իր սկզբմունքներին, որն է՝

ՀԱՅՐԵՆԻՔ ԿԱՄ ՄԱՀ։

ՄԱՐԻ ՌՈԶ Աբուսեֆյան
15 Հունիս, 2021

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica