close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ դիվանագիտությունը մոտ էր Ղարաբաղի հարցի լուծումներին, պետք էր ամրապնդել պետությունը և գնալ առաջ․ Յուրի Սուվարյան

Քաղաքական

1 Հունիսի 2021, 20:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ դիվանագիտությունը մոտ էր Ղարաբաղի հարցի լուծումներին, պետք էր ամրապնդել պետությունը և գնալ առաջ․ Յուրի Սուվարյան

Հայկական դիվանագիտությունը անցած 30 տարիներին մոտ էր Ղարաբաղի հարցի լուծումներին, հնարավոր էին տարբերակներ, պետք էր ամրապնդել պետությունը և գնալ առաջ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակագիտական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։

Նա բերեց Պաղեստինի, Հյուսիսային Կիպրոսի օրինակները․ կոնֆլիկտներ, որոնք ձգվում են երկար տարիներ, բայց ժողովուրդները չեն հանձնվում։ Արցախի պարագայում, նրա դիտարկմամբ, շտապեցինք, չգիտես ինչու, կամ էլ թուրք-ադրբեջանական ագրեսիան էր չափազանց մեծ։

Յուրի Սուվարյանը ծնվել է Արցախի Սղնախ գյուղում, որն այսօր Ադրբեջանը զավթել է։ Արցախյան շարժման տարիներին Երևանից միշտ կապի մեջ է եղել Շարժման ակտիվիստների հետ, նրանցից ստանում էր ինֆորմացիա։

«Հայտնի սեսսիայի օրը սպասում ենք սեսսիայի արդյունքին և բոլոր հնարավոր աղբյուրներով տարածում արդյունքները․ այդ տիպի ակտիվ կապի մեջ եմ եղել Ղարաբաղյան շարժման ընթացքում բոլոր ակտիվ ընկերների հետ։ Ղարաբաղյան շարժման ակտիվիստները, որ գալիս էին Երևան, պարբերաբար հանդիպում էին ղարաբաղցի մտավորականության ներկայացուցիչների հետ, միշտ ես մասնակցել եմ, և տեղյակ էինք ընթացիկ բոլոր խնդիրներին և այն խնդիրներին, որոնք պիտի լուծվեն առաջիկայում։ Չասեմ՝ շտաբի էր վերածվել մեր տունը, բայց վերածվել էր տեղեկատվական կենտրոնի»,-ասաց նա։

Արցախի տնտեսական զարգացման առաջին ծրագիրը Յուրի Սուվարյանն է մշակել իր թիմով 1994 թ-ին ու տրամադրել Ղարաբաղին։ Պատմեց, որ այնտեղ հիմնական խնդիրները գյուղատնտեսության, արդյունաբերության, տրանսպորտի, բնակչության սոցիալական հարցերի լուծմանն էին վերաբերում։

«Առաջին հերթին խնդիր էր, թե այնտեղ գոյություն ունեցող կոլտնտեսությունները և սովխոզները ինչ ճակատագիր պիտի ունենան։ Մենք մեր ծրագրով կարծում էինք, որ պետք է դառնան ֆերմերային տնտեսություններ, բայց հետո սեփականաշնորհեցին, ինչպես Հայաստանում էր։ Գյուղատնտեսությունը շատ արագ ոտքի կանգնեց, քանի որ նպաստավոր պայմանները կային՝ հողը բերրի էր, ոռոգման հնարավորությունը կար, անասնապահությունը կար, այդ հենքի վրա սկսեց զարգանալ սննդի արդյունաբերությունը։ Հետո արագ կարգավորվեց հանքարդյունաբերության զարգացման հարցը, գետերի վրա սկսեցին կառուցել փոքր հիդրոէլեկտրակայաններ, և Ղարաբաղը դարձավ պարենային առումով նույնպես ինքնաբավ։ Տնտեսությունը զարգանում էր, պետք էր շարունակել զարգացումը, այն կդառնար լավ, հզոր պետություն»,-ասաց Յուրի Սուվարյանը։

Այսօր ինչ ճակատագիր կունենա Ղարաբաղը՝ դժվարանում է ասել, բայց հուսով է, որ հայաբնակ մնացած տարածքը հիմք կդառնա, որ գոնե վերականգնվի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։

«Հիմա ինքնաբավության մասին խոսել չի լինի, որովհետև շատ հողատարածքների զարգացմանը, որտեղ հաց էին աճեցնում, մեծ վնաս հասցվեց, անասնաբուծությանը նույնպես մեծ վնաս հասցվեց, որովհետև շատ հողատարածքներ, որտեղ արածեցնում էին անասուններին, հիմա մերը չեն։ Այն, ինչի վրա կառուցված էր հանքարդյունաբերությունը, կա, բայց հիմա էլ կոմունիկացիաների խնդիրը կա, Վարդենիսով գնացող ճանապարհը շատ օգտակար էր, բայց այն հիմա չի աշխատում։ Չգիտեմ, վերջին շրջանում այնքան շատ են մտահոգությունները Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ, որ տնտեսական զարգացման մասին ժամանակ չի եղել մտածել, բայց տարածքի 75 տոկոսը արդեն մերը մերը չէ, իսկ այնտեղ ջրեր են, հանքեր են, հողատարածքներ են, անտառներ են, խոտհարքեր են»,-ասաց Յուրի Սուվարյանը։

Նա հիշեցնում է, որ Ադրբեջանը նախկինում անընդհատ աշխարհով մեկ խոսում էր, որ, իբրև թե, իրենց տարածքի 20 տոկոսը գրավել են, իրենք փախստական են դարձել և այլն։ Հիմա, ասում է, մենք էլ պետք է ասենք՝ ԼՂԻՄ-ի տարածքը պետք է վերադարձվի Ղարաբաղի կազմ։ Ինչպիսին կլինի կարգավիճակը, դեռ պիտի քննարկվի, բայց ինքնավար մարզի տարածքը, որ դարեր շարունակ հայաբնակ է եղել, պիտիվերականգնվի և մարդիկ պիտի վերադառնան իրենց տները․ այս խնդիրը պիտի դրվի և լուծվի։

Յուրի Սուվարյանը նկատում է, որ 1994թ-ի հաջողությունները մենք ունեցանք նաև այն պատճառով, որ թատերաբեմում էին մարդիկ, որոնք ստացել էին հայրենասիրական դաստիարակություն, հայրենասեր մարդիկ էին։

«Պետք է այս անցած տարիներին չմոռանայինք հայրենասիրական դաստիարակության մասին։  Այսօր՝ համընդհանրացման շրջանում, ամեն մի երկիր ձգտում է հարևանից ինչ-որ բան պոկել․ տարածքային նկրտումներ ունեն,  փափուկ ուժի գործիքներն օգտագործելով՝ փորձում են ազդեցության գոտիներ ստեղծել, դրա համար ամեն երկիր պետք է շրջահայաց լինի, հայրենասիրական դաստիարակության հարցերը պետք է շեշտադրվեն»,-ասաց նա։

Յուրի Սուվարյանը վստահեցրեց, որ Ղարաբաղի ժողովուրդը միշտ ձգտել է միանալ Հայաստանին, և Շարժումը հենց այդ ձգտումից էր։ Այն ժամանակ բոլորը, ասաց նա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները ապրում ու շնչում էին Ղարաբաղով։

Վերլուծելով տեղի ունեցածը՝ նա եզրակացրել է, որ մեր ժողովրդի քաղաքակրթական մակարդակը շատ ավելի բարձր է, քան քաղաքագիտական մակարդակը, անհրաժեշտ պահին ճիշտ քաղաքական որոշում ընդունելու կարողությունը, պետության կազմակերպչական կարողությունը։

Անկախ պետություն ունենալը շատ ցանկալի է, ասաց Յուրի Սուվարյանը, երազի պես մի ցանկություն է, բայց պետք է կարողանալ այդ պետությունը պահել և զարգացնել։ Նա համոզված է, որ պետական կառավարչական, կազմակերպական միտքը պիտի լինի վերին աստիճանի հայրենասեր, ամեն մի թիզ հողի համար պայքարող, նման պարագայում այսպիսի երևույթներ, որ տեղի ունեցան, տեղի չէին ունենա։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica