close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 80,2%-ով․ տուրիզմի ոլորտը դեռ ճգնաժամի մեջ է

Տնտեսական

26 Ապրիլի 2021, 21:47
 Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 80,2%-ով․ տուրիզմի ոլորտը դեռ ճգնաժամի մեջ է

2020 թվականին, 2019-ի համեմատ, Հայաստան է ժամանել 1,5 միլիոնով կամ ավելի քան 80 տոկոսով քիչ զբոսաշրջիկ, ինչը հարվածել է նաեւ հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսին, որի անկումը գրեթե 50 տոկոս է։ Հայաստանից նույնքան զբոսաշրջիկ քիչ է մեկնել արտասահման, ինչը մասնակիորեն փոխհատուցել է ներգնա տուրիզմի անկումը։ 

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսի համավարկի սահմանափակումներից մեծապես տուժել է զբոսաշրջության ոլորտը։ Եթե 2019 թվականին համաշխարհային զբոսաշրջությունը 9,2 տրիլիոն ԱՄՆ դոլար կամ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ, GDP) 10,4 տոկոսն էր, ապա 2020 թվականի ընթացքում զբոսաշրջության շրջանառությունը նվազել է 4,5 տրիլիոն դոլարով կամ 49 տոկոսով՝ կազմելով համաշխարհային ՀՆԱ-ի 5.5 տոկոսը։ Այս ժամանակահատվածում համաշխարհային ՀՆԱ-ն նվազել է 3,7 տոկոսով, այսինքն՝ համաշխարհային զբոսաշրջության անկումը մոտ 13 անգամ ավելի արագ է եղել։

2020 թվականին միջազգային զբոսաշրջիկների թիվը եղել է 381 մլն՝ նվազելով 74 տոկոսով, համեմատության համար նշենք, որ 2009 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ զբոսաշրջիկների թիվը կրճատվել էր ընդամենը 4 տոկոսով։

Ճանապարհորդության և զբոսաշրջության խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի ընթացքում զբոսաշրջության ոլորտում կրճատվել են շուրջ 62 մլն աշխատատեղեր և մնացել է 272 մլն աշխատատեղ։ Այդպիսով, 18,5 տոկոսով ավելացել է այս ոլորտի գործազուրկների թիվը։

Երկրների կարանտինային ռեժիմով պայմանավորված ավելի շատ տուժել է արտագնա զբոսաշրջությունը, քան ներգնան, քանի որ արտագնա հանգստի չմեկնող մարդկանց մի մասը հանգիստը կազմակերպել են իրենց երկրում, և դրա արդյունքում է, որ ներգնա զբոսաշրջությունը կրճատվել է 45 տոկոսով, իսկ արտագնան՝ 69,4 տոկոսով։

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կոմիտեի կանխատեսումների համաձայն՝ կորոնավիրուսի նահանջի և համատարած պատվաստումների արդյունքում զբոսաշրջության նախկին ցուցանիշները կարող են վերականգնվել 2,5-4 տարվա ընթացքում։

Իրավիճակը գրեթե նույն է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում։ Տնտեսական ճգնաժամը, տեղաշարժի սահմանափակումներն ու պատերազմական գործողությունները մեծ հարված հասցրին զբոսաշրջության ոլորտին։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականին Հայաստան են ժամանել շուրջ 1,5 մլն-ով կամ 80,2 տոկոսով ավելի քիչ զբոսաշրջիկներ։ Իսկ Հայաստանից հանգստի մեկնողների թիվը կրճատվել է 1,5 մլն-ով կամ 81,5 տոկոսով, ինչը կանխատեսելի էր։

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի կրճատումն էլ իր հերթին հանգեցրել է կացության և հանրային սննդի ծառայությունների ծավալների 45 տոկոսով կրճատմանը։

Ուշագրավ է, որ զբոսաշրջության ոլորտը սպասարկող ծառայությունների ավելի մեծ անկումը կանխել է ներգնա զբոսաշրջությունը, մասնավորապես՝ Հայաստանից հանգստի մեկնողների մի մասը իրենց գումարները ծախսել են Հայաստանում։ Հետևաբար, զբոսաշրջության այս ճգնաժամից ավելի շատ տուժել են Երևանում գործող հյուրանոցային և հանրային սննդի բիզնեսները, քան մարզերինը, քանի որ առավել վճարունակ երևանցիները իրենց հանգիստը կազմակերպում էին մարզերում տեղակայված հանգստի օբյեկտներում՝ ապահովելով կայուն պահանջարկ։

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վերականգնումը կարող է տևել մի քանի տարի, նույնիսկ էկոնոմիկայի նախարարի կանխատեսած 3 անգամից ավելի աճի պարագայում՝ ոլորտը չի հասնի մինչճգնամային՝ 2019 թվականի ցուցանիշներին։ Վարակակիրների բարձր ցուցանիշների դեպքում Հայաստանը կշարունակի մնալ այցելությունների համար կողմնորոշիչ «սև ցուցակում»։ Բացի այդ, արցախյան վերջին պատերազմի և անվտանգության նկատառումներից ելնելով՝ զբոսաշրջային ընկերությունները պարտադրված են վերանայել հարավային ուղղությամբ զբոսաշրջային փաթեթները, որոնք ընդգրկում էին Արցախի և Սյունիքի պատմամշակութային և բնական հուշարձաններ այցելությունները։

2020 թվականին զբոսաշրջության ոլորտում գործող հազարավոր ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Նրանց մեծ մասին հաջողվել է նաև 6-12 ամսով երկարաձգել իրենց վարկերի մարումների ժամանակացույցը, ինչը թույլ է տվել խուսափել սնանկությունից։ Այնուամենայնիվ, բանկերը չեն կարողանալու անընդհատ հետաձգել վարկերը, հետևաբար, 2021 թվականի ընթացքում զբոսաշրջության ոլորտի աջակցության պետական ծրագրերի խիստ կարիք է զգացվելու։

Արամ Աճեմյան

Կուտակումներ Փարաքարում
20 Հունիսի 2021, 10:37 Կուտակումներ Փարաքարում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica