close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չպետք է թույլ տալ, որ ոտնահարվեն հայության շահերը. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Հասարակություն

23 Ապրիլի 2021, 20:37
 Չպետք է թույլ տալ, որ  ոտնահարվեն հայության շահերը. Հակոբ Տեր-Խաչատուրյան

NEWS.am–ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ։

-Ամեն տարի ապրիլի 24–ից առաջ քննարկվում է այն հարցը, թե արդյոք ԱՄՆ նախագահն իր ելույթում կգործածի ցեղասպանություն բառը։ Ներկայումս ի՞նչ  գործոններ կան, որոնք կարող են ստիպել նախագահ Բայդենին արտասանել այդ եզրույթը։ Ի՞նչ կարող է տալ ԱՄՆ–ի կողմից ցեղասպանության ճանաչումը Հայ Դատի պայքարի ներկա փուլում։

-Մի քանի գործոններ կան, որոնք թույլ են տալիս մեզ  դրական սպասելիքներ ունենալ։ Առաջինը՝ Բայդենի անձնական դիրքորոշումն է այս հարցում։ Հայ Դատի Հանձնախմբի հետ առանձին հանդիպումների ընթացքում նա մշտապես դիրքորոշում է հայտնել, որ 1915–ի դեպքերը ցեղասանություն են։ ԱՄՆ իշխանությունների կողմից Բայդենը ներկայացված է եղել նաև Ցեղասպանության 100–րդ տարելիցի առթիվ Վաշինգտոնում կազմակերպված հիշատակի միջոցառումներին, այդ թվում՝ երկու կաթողիկոսների մասնակցությամբ մատուցված պատարագին։ Փոխնախագահ եղած ժամանակ ևս Բայդենը չի թաքցրել իր անձնական դիրքորոշումը։ Երկրորդ գործոնը Ցեղասպանության ճանաչման հարցում Հայ Դատի Հանձնախմբերի կատարած աշխատանքն է՝ հայկական լոբբիի ճնշումները։ Երրորդը թուրք–ամերիկյան հարաբերությունների սրացումն է։ Այսօր Թուրքիան, չնայած  ՆԱՏՕ–ի անդամ լինելուն և նրա ռազմական ներկայացվածությանը, վատ հարաբերություններ ունի ԱՄՆ–ի հետ։ Հույս ունենք՝ նախագահ Բայդենը  հաշվի կառնի այս բոլոր գործոնները, կարդարացնի մեր սպասումները և կանի այնպիսի հայտարարություն, որում աներկբայորեն կնշի ցեղասպանություն եզրույթը։

-Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են լրջորեն տուժել, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ըստ ձեզ՝ Բայդենը տուրք կտա՞ այդ ճնշումներին։

-Մինչև օրս ԱՄՆ բոլոր նախագահները տուրք են տվել այդ ճնշումներին և առաջնորդվել այն հաշվարկներով, որը պահանջում է Ամերիկայի շահը, այսինքն՝ չնեղացնել իրենց ռազմավարական դաշնակցին։ Այս տարի իրավիճակը մի փոքր այլ է։ Դա է պատճառը, որ թուրքական կողմն ակտիվացրել է ճնշումները Բայդենի վրա, քանի որ մտավախություն ունի, որ ԱՄՆ նախագահը կարող է անսպասելի հայտարարություն անել։

-Ապրիլի 24–ից առաջ ակտիվանում է նաև Հայոց ցեղասպանության ժխտողականության վերաբերյալ թուրքական լոբբինգը։ Ինչպե՞ս է Հայ Դատը հակազդում թուրքական լոբբինգին, և այդ աշխատանքներին ինչպե՞ս են օժանդակում Հայաստանի գործող իշխանությունները։

-Մենք տարին 12 ամիս աշխատում ենք այս ուղղությամբ, սա մեր պայքարի առաջնահերթ ուղղություններից  է։ Մեր աշխատանքների իրականացման հարցում նախկինում Հայաստանի իշխանությունների հետ համագործակցելու առումով որևէ խնդիր չի եղել։ Սակայն այսօր Հայաստանի իշխանությունների (խոսքը չի վերաբերում Արտաքին գործերի ինախարարությանը) կողմից հնչող հայտարարությունները, թե Թուրքիային չպետք է դիտել, որպես թշնամի, պետք է ստեղծել բարեկամական հարաբերություններ և այլն, թուրքական կողմը հաճախ խեղաթյուրում է և ցույց տալիս, որ պետք չէ մեր լոբբինգով խանգարել «հաշտության» գործընթացին։

-Այսինքն այս իշխանությունների հայտարարությունները կարող են ստվերել կամ դժվարացնե՞լ տասնամյակներ շարունակ տարվող Հայ Դատի աշխատանքները։

-Ստվերել չեն կարող, բայց, անշուշտ դժվարացնում են։ Մեր թշնամին հսկայական գումարներով լոբբիստներ է վարձում, Արևմտյան աշխարհում նրանք միլիոններ են ծախսում, որ մեր կամ Հայաստանի իշխանությունների օգտագործած ամեն մի բառն օգտագործեն ի վնաս մեզ։ Իհարկե, դա նրանց չի հաջողվում, սակայն վերջին ժամանակներս՝ հետպատերազմյան իրավիճակում այս իշխանությունները կեղծ խաղաղասիրական նպատակներով թշնամական պիտակավորումները սկսել են փոխել, ինչը, իսկապես մտահոգիչ է։ Հայաստանի իշխանությունների համար մեկ բան պետք է հստակ լինի. քանի դեռ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ ամբողջ աշխարհում ակտիվ ժխտողական քաղաքականություն է տանում, քանի դեռ համագործակցելով Ադրբեջանի հետ խեղաթյուրում է մեր պատմությունը և նույնիսկ վիճարկում է հայերի՝ բնիկ ժողովուրդ լինելը, չի հրաժարվում իր թշնամական նկրտումներից, ուրեմն այդ պետությունը մեզ համար թշնամի պետություն է։ Եթե թշնամի հասկացությունը գործող իշխանությունների հատուկ ջանքերի շնորհիվ «մաշվի», մեր կատարած աշխատանքները իսկապես կդժվարանան։  Մենք պայքարում ենք, որ նման բան տեղի չունենա։

-Արդյոք մտահոգություն ունե՞ք, որ իշխանությունները, օգտվելով հանրության անտարբերությունից,  գնան հայ–թուրքական սահմանի բացման և մեր  պահանջատիրությունից հրաժարման ճանապարհով՝ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման։

-Նախկին բոլոր իշխանությունների օրոք այս մտահոգությունը եղել է, սակայն այսօր առավել քան մտահոգված ենք։ Մեր դիրքորոշումն այն է, որ սահմանների բացումը պետք է լինի առանց նախապայմանների, քանի որ Թուրքիան է փակել սահմանները և այն բացելու համար նա չպետք է որևէ նախապայման առաջ քաշի։ Հետպատերազմյան Հայաստանում փոխզիջում հասկացությունը այլևս չկա, արդեն քանի ամիս է՝ այս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների ճանապարհով, որն ի վնաս մեզ է։ Չպետք է թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունները տեղի տան թուրք–ադրբեջանական ճնշումներին և Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու պատրվակով հայկական շահը ոտնահարվի։ Պատերազմում հաջողության հասնելուց հետո Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակը բացվել է, և նրանք այժմ էլ փորձում են թիրախ դարձնել Հայաստանը, իսկ սրան համարժեք արձագանք Հայաստանի իշխանությունների կողմից չի տրվում։

-Հանրության շրջանում շատ է քննարկվում այն հարցը, թե արդյոք հնարավո՞ր էր խուսափել արցախյան վերջին պատերազմից կամ դուրս գալ քիչ կորուստներով։ Դուք այս հարցի պատասխանը ունե՞ք։

-Մենք համոզված ենք, որ կարելի էր խուսափել այդ պատերազմից, եթե տարվեին բանակցություններ և ճիշտ դիվանագիտական աշխատանք, մանավանդ, որ այս իշխանությունները գիտեին թշամու ունեցած առավելությունները և որ չէին կարող այս պատերազմը տանել։ Դրա համար պետք էր ավելի ճկուն քաղաքականություն որդեգրել՝ խուսափելու համար այս պատերազմից, պետք չէր անել այնպիսի հայտարարություններ, որոնք չէին համապատասխանում իրականությանը, պետք էր հաշվի առնել աշխարհաքաղաքական գործոնները՝ չփչացնել Հայաստան–Ռուսաստան, Հայաստան–Իրան հարաբերությունները։ Այս ամենի համատեքստում իրենք պետք է զգուշավորություն ցուցաբերեին և խնայեին մեր ժողովրդին։ Իրենց արկածախնդրության պատճառով թշնամին խլեց Արցախի Հանրապետության մեծ մասը։

-Արցախյան վերջին պատերազմից հետո կարծես դանդաղել է Արցախի անկախության ճանաչման գործընթացը։ Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Հայ Դատը և Արցախի ո՞ր սահմաններով պետք է լինի ճանաչումը։ Առհասարակ, ի՞նչ կարող է տալ Արցախի միջազգային ճանաչումը այս իրավիճակում։

-Այսօր առաջնահերթ խնդիրը Արցախի կարգավիճակի հստակեցման հարցն է։ Արցախի միջազգային ճանաչումը և սահմանների հստակեցումը պարտադիր չէ, որ համընկնեն։ Այսօր շատ երկրներ, որոնք անկախություն են ստացել և միջազգային կազմակերպությունների անդամ են, մինչ օրս ունեն սահմանային խնդիրներ։ Հիմնական խնդիրը Արցախի ինքնորոշման իրավունքի կիրարկման՝ Արցախի անկախության հռչակմանը հասնելն է։ Չնայած Հայ դատի նվիրյալների և մեր ժողովրդի բարոյահոգեբանական ծանր վիճակին, այս ուղղությամբ աշխատանքները մեծ թափով շարունակվում են։

-Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց ուժով Զանգեզուրի միջանցքին տիրանալու մասին։ Ինչպե՞ս պետք է կանխել Հայաստանի դեմ ադրբերջանաթուրքական հնարավոր ագրեսիան։ Ի՞նչ անելիք ունի այս հարցում Դաշնակցությունը որպես համահայկական կուսակցություն։

-Արցախի մեծ մասին տիրանալուց հետո նրանք պատրաստվում են ոտնձգություն կատարել Զանգեզուրի նկատմամբ։ Սա պետք է լինի առաջին ահազանգը Հայ Դատի հանձնախմբերին՝ աշխարում ուժեղացնելու քարոզչական պայքարը, ցույց տալով ադրբեջանաթուրքական տանդեմի նոր նկրտումները։ Պետք է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա և կանխել Հայաստանի սուվերեն սահմանների նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր ոտնձգությունները։ Զուգահեռաբեր պետք է հատուկ աշխատանք տանել  Ռուսաստանի հետ, որպեսզի շարունակաբար շեշետենք այն վտանգը, որն այսօր առկա է և այդ երկրների նկրտումները՝ հիշեցնելով, որ Ռուսատանն ունի հատուկ հանձնառություն Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում։ Այս առումով լուրջ անելիք ունի Մոսկվայի Հայ Դատի գրասենյակը և մեր մյուս կառույցները։ Չի կարելի հույսը դնել այս իշխանությունների վրա, որովհետև նրանք շարունակաբար ապացուցում են իրենց ապիկարությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝  NEWS.am–ի տեսանյութում։

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ո՞ւր է սահմանագիծը
13 Մայիսի 2021, 10:20 Ո՞ւր է սահմանագիծը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica