close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բյուջեի կատարողականի բեմականացումը, կամ բոլորը մեղավոր են, բացի իրական պատասխանատուից

Տնտեսական

23 Ապրիլի 2021, 11:36
 Բյուջեի կատարողականի բեմականացումը, կամ բոլորը մեղավոր են, բացի իրական պատասխանատուից

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է 2020թ–ի բյուջեի կատարողականը։ Նրա խոսքով` համավարակը, պատերազմը, կառավարման ձախողումն ու անլուրջ վերաբերմունքն են հանգեցրել բյուջեի դեֆիցիտի 2 անգամ ավելացման, պարտքն էլ գերազանցել է ՀՆԱ–ի 63%-ը։ ։

Կառավարության այսօրվա նիստում ներկայացված 2020թ.–ի բյուջեի կատարողականը հաջորդ շաբաթ ԱԺ–ում  սպասվող բեմականացման սեղմագիրն էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։

«Լինելու է բեմականացում` լուրջ դեմքերով։ Մեղավորները լինելու են միջազգային շուկաները, COVID-ը, պատերազմը, մի խոսքով` բոլոր բոլորը, բացի իրական և թիվ մեկ պատասխանատուից` կառավարությունից»,– ասաց Ավետիսյանը։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունն  այսօրվա նիստում հավանության արժանացրեց 2020թ–ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և մինչև մայիսի 1-ն այն կներկայացնի ԱԺ–ի քննարկմանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նիստի ընթացքում նշեց, որ Հայաստանը կարողացել է դիմակայել 2020թ–ի կորոնավիրուսի համավարակի ու Արցախյան պատերազմի տնտեսական հետևանքներին` շնորհիվ 2019թ.–ի տնտեսական ցուցանիշների։

«Արդյունքում մենք ունեցանք ավելի մեծ դեֆիցիտ, քան ի սկզբանե նախատեսված էր»,– ասաց Ջանջուղազյանը` շեշտելով, որ սա այն գինն է, որը կառավարությունը վճարել է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի տնտեսական հետևանքները մեղմելու համար։

Թադևոս Ավետիսյանը նկատում է, որ 2019թ–ի ցուցանիշները գովերգելով` Ֆինանսների նախարարը մոռացավ նշել, որ 2019թ–ը նաև 2017-18թթ–ի տնտեսական իրողությունների տրամաբանական շարունակությունն էր։ Իսկ համավարակի հետևանքների մասին խոսելիս` Ջանջուղազյանը չասաց, որ մեր տնտեսական անկումը համաշխարհային անկման միջին մակարդակից 2-2.5 անգամ ավելի մեծ էր, և որ կառավարությունը տապալել է հարկային եկամուտների հավաքագրումը շուրջ 16 տոկոսով։

«Համավարակի դեմ պայքարին, կարելի է ասել` մատների արանքով նայեցին, կատակով, ծիծաղով, հեգնանքով։ Ասվում էր, թե COVID–ը կհաղթահարենք օղիով, պինցետով։ Այդ պահին լսողին կթվար, թե էդ COVID–ն եկել է ՀՀ տնտեսությունը փրկելու»,– ասաց Ավետիսյանը` հավելելով, որ այս անլուրջ վերաբերմունքի արդյունքում կառավարությունը կորցրեց համավարակի տարածումը կանխելու պահը, իսկ հետ արդեն ստիպված էր շատ ավելի մեծ ծախսեր անել` պայքարելով արդեն առկա հետևանքների դեմ։

«Դրանք բոլորը ոտքի վրա արված ծրագրեր են, որտեղ չկային ազդեցության գնահատման հստակ ցուցիչներ։ Ավելի շատ տվյալ պահին քաղաքական դրդապատճառներով ծրագրեր էին հռչակվում, փող էր դրվում, ծախսվում, հիշում եք, երևի, գումարը տրվում էր, հետո դիմում էին, թե` հետ վերադարձրեք, սխալվել ենք։ Կամ տարբեր ծրագրեր կային, որոնք բարդ սխեմաներ ունեին, ասենք` 1 դրամի հարկային պարտք ունեցողը չէր կարող օգտվել ծրագրից և այլն»,– ասաց տնտեսագետը։

Համավարակի հետևանքների չեզոքացման ծրագրերի վրա 2020թ.–ին 200 մլրդ դրամից ավելի գումար է ծախսվել, որը պետական ծախսերի ավելի քան 10 տոկոսն է։ Բայց Թադևոս Ավետիսյանը նկատում է, որ կառավարության նիստում այդ գումարների ու դրանց ծախսի արդյունավետության մասին անգամ չհիշատակվեց։

Ինչևէ, տնտեսագետի գնահատմամբ, համավարակը, պատերազմը, կառավարման ձախողումն ու անլուրջ վերաբերմունքը միասին հանգեցրին պետական բյուջեի եկամուտների կրճատման, ծախսերն էլ իրականացվեցին պարտքի ավելացման հաշվին։ Արդյունքում բյուջեի դեֆիցիտը նախատեսվածից 2 անգամ ավելացավ, կառավարության պարտքն էլ գերազանցեց ՀՆԱ–ի 63 տոկոսը։

Ֆինանսների նախարարն այսօր վստահեցրեց, որ կառավարությունը կձգտի առաջիկա 5 տարիներին պարտքը վերադարձնել 60 տոկոսի շեմին։

Թադևոս Ավետիսյանը կառավարության այս խոստմանը հակադարձում է նախկինում հնչած այլ խոստումներով։

«Իրենց կառավարման պարագայում դա այնքանով է հնարավոր, որքանով, օրինակ, հնարավոր է, որ մենք 2050թ.–ին կունենանք 5 մլն բնակչություն, որ մեր ՀՆԱ–ն 15 անգամ կավելանա, միջին աշխատավարձն էլ կյոթնապատկվի։5 տարի հետո ով մահանա, ով կենդանի մնա»,– ասում է տնտեսագետը` ֆինանսների նախարարին հիշեցնելով, որ 2021թ–ի բյուջեով պարտքը ոչ միայն չի նվազում, այլև մոտենում է 70 տոկոսին։

«Որքան էլ, որ թվեր բերեն, ակնհայտ է, որ սոցիալ–տնտեսական խնդիրները խորանում են, և դա է վկայում նաև ՀԲ վերջին հաշվետվությունը, որտեղ 2020թ.–ի աղքատության աճը 7 տոկոսային կետով է գնահատված։ Այսինքն` սա լուրջ թիվ է, որովհետև, եթե 26 տոկոս աղքատություն ունենք, 7 տոկոսով էլ ավելանա, ստացվում է, որ ամեն երրորդ քաղաքացին մեր երկրում աղքատ է»,– ասում է տնտեսագետը։

Թադևոս Ավետիսյանը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ կառավարության նիստում չհիշտակվեց նաև այն փաստը, որ 2020թ.–ի պետական բյուջեն տարվա ընթացքում արդեն իսկ երկու անգամ վերանայվել էր։ Այսպես. եթե ի սկզբանե բյուջեի եկամուտները նախատեսված էին 1 տրլն 697.6 մլրդ դրամ, ծախսերը`  1 տրլն 880.2 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը` 182.6 մլրդ դրամ, ապա հոկտեմբերին կատարված վերջին փոփոխությամբ  ծախսերը նվազեցվեցին 60 մլրդ–ով` սահմանելով 1 տրլն 637 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը մեծացվեց 300 մլրդ–ով` հասցվելով 459 մլրդ դրամի։ Համեմատության համար նշենք, որ այսօր ներկայացված բյուջեի կատարողականով եկամուտները 2020թ.–ին կազմել են 1 տրլն 560 մլրդ,  ծախսերը` 1 տրլն 894 մլրդ, դեֆիցիտը` 334 մլրդ դրամ։



Ո՞ւր է սահմանագիծը
13 Մայիսի 2021, 10:20 Ո՞ւր է սահմանագիծը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica