close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

107 կոնգրեսականներ նախագահ Բայդենին կոչ են արել ապրիլի 24-ի ելույթում հստակ և ուղիղ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

Սփյուռքի ձայնը

22 Ապրիլի 2021, 11:55
 107 կոնգրեսականներ նախագահ Բայդենին կոչ են արել ապրիլի 24-ի ելույթում հստակ և ուղիղ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը ապրիլի 9-ին հայտնել էր, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործողությունների շնորհիվ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը նախաձեռնել էր երկկուսակցական ստորագրահավաք՝ ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ անելով ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ստորագրահավաքը նախաձեռնել են հայտնի կոնգրեսականներ և մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի Սփեյերը։

Սույնով հայտնում ենք, որ երկկուսակցական նամակին է միացել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 107 կոնգրեսական։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատում է. «Մենք շնորհակալ ենք կոնգրեսական Շիֆին, Հայկական խմբի ղեկավար կազմի իր գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ստորագրել են այս երկկուսակցական նամակը, որով նախագահ Բայդենին կոչ են անում վերջ տալ Ամերիկայում թուրքական ժխտողականությանը։ Միանալով ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների Պալատին` դատապարտելով ու ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը, Սպիտակ տունը կարող է այս շաբաթ ավարտել Անկարայի ժխտողականությանը ամերիկյան մեղսակցության ամոթալի դարաշրջանը»:

Ստորև ներկայացնում ենք նախագահ Բայդենին ուղղված երկկուսակցական նամակի հայերեն թարգմանությունը։

 

«Մեծարգո նախագահ Բայդեն

 Այս ամսվա վերջին՝ ապրիլի 24-ին, աշխարհը կհիշատակի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի համակարգված սպանությունը և միլիոնավորների տեղահանությունը 1915-1923 թթ.: Արդեն տասնամյակներ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, սակայն Միացյալ Նահանգների նախագահը լռություն է պահպանում: Մենք միանում ենք Ամերիկայի հպարտ հայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր սատարում են ճշմարտությանն ու արդարությանը՝ խնդրելով Ձեզ ապրիլի 24-ի հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու և իբրև փոխնախագահ պաշտոնավարելու ժամանակահատվածից, ներառյալ 212-րդ բանաձևի պաշտպանությունը, որով 1990 թ. ապրիլի 24-ը հայտարարվեց որպես Հայոց ցեղասպանության 70-րդ տարելիցի ազգային ոգեկոչման օր։ Մենք նաև գնահատում ենք, որ իբրև փոխնախագահ, 2015 թ. Դուք Ազգային տաճարում ներկա գտնվեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը։ Այդ նույն ընթացքում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարեց. «Չարիքը թաքցնելը կամ ժխտելը նման է նրան, որ թողնես վերքը արնահոսի՝ առանց վիրակապելու»:

Մեկ դար առաջ տեղի ունեցածի պատմական փաստը վիճարկման ենթակա չէ: Ժամանակի ամերիկյան դիվանագետները փաստաթղթավորել են հայերի զանգվածային սպանդը, չնայած նրանք խոսք չունեին այն բանի համար, ինչի ականատեսն են եղել: Միայն տասնամյակներ անց էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը, և դա արեց հատուկ ` հաշվի առնելով հայ ժողովրդի բնաջնջման փորձը:

Այս տարի պատշաճ կերպով որակելով ցեղասպանությունը, Դուք կմիանաք Ներկայացուցիչների պալատին և Սենատին, որոնք ճնշող մեծամասնությամբ 2019 թ ընդունեցին ճանաչման բանաձևեր։ Ավելին, Կոնգրեսի գրադարանը արդեն ձեռնարկել է կարևոր մի քայլ և Հայոց ցեղասպանության թեմայով գրքերը դասակարգել «Հայոց ցեղասպանություն»՝ պատմականորեն ճշգրիտ խորագրի ներքո:

Պարո՛ն նախագահ, ինչպես նախորդ տարի ասացիք ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ՝ «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել և այն պետք է ավարտվի: Մենք ձեզ հորդորում ենք հետևել ձեր հանձնառություններին և ասել ճշմարտությունը»:

  

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

22 ապրիլի 2021 թ․

Ո՞ւր է սահմանագիծը
13 Մայիսի 2021, 10:20 Ո՞ւր է սահմանագիծը
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica