close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգի վրեժի ու հայրենիքի կարոտի ընթացքը շարունակվում է նաև այսօր․ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ «Նեմեսիսի» 100-ամյակին

Քաղաքական

20 Ապրիլի 2021, 19:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգի վրեժի ու հայրենիքի կարոտի ընթացքը շարունակվում է նաև այսօր․ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ «Նեմեսիսի» 100-ամյակին

«Նեմեսիս» գործողության 100-ամյակին և Հայ Դատի արդար պայքարի մարտիկներին նվիրված՝ «Դարերու վրեժը» խորագրով պատմագեղարվեստական երեկոյի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդես եկավ ելույթով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ելույթում նա արժևորեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին հրապարակային պատժելու գործողությունը ու նկատեց, որ հայ ազգի վրեժի ու հայրենիքի կարոտի ընթացքը շարունակվում է նաև այսօր։

Ներկայացնում ենք Հակոբ Տեր-Խաչատուրյանի ելույթն ամբողջությամբ․

Սիրելի հայրենակիցներ

Այսօր մենք հաւաքուած ենք այստեղ նշելու «Նեմեսիս» գործողութեան 100-ամեակը։ Հաւաքուած ենք արժանին մատուցելու հայ ազգի վրիժառու բազուկը խորհրդանշող հերոս զաւակներուն։

Ուղիղ հարիւր տարի առաջ Սողոմոն Թեհլիրեանը Պեռլինի մէջ հրապարակային մահապատիժի ենթարկեց Հայոց ցեղասպանութեան հիմնական ոճրագործներէն՝ Թալէաթին։ Այդ ճիւաղի գնդակահարումը արդարահատոյցն էր բիւրաւոր հայերու կոտորածներուն, հայրենազրկման ու տառապանքներուն։ Ու նաեւ՝ խորհրդանշական սկիզբն էր հայոց մեծ վրէժին, որ իր էութեան մէջ պարտութիւնը մերժող ազգի արդարութեան եւ արժանապատուութեան իւրօրինակ դրսեւորումն է։

Առաջին աշխարհամարտէն ետք, անկումի մէջ գտնուող Օսմանեան կայսրութեան վերջին խորհրդարանն ու զինուորական ատեանները ընդունեցին ոճիրն ու սահմանեցին մահապատիժ մարդկութեան դէմ գործադրուած այդ ոճիրներուն նկամամբ, որոշումներ որոնք չգործադրուեցան սակայն. իսկ միջազգային հանրութիւնը դատական գործընթաց չիրականացուց եւ չտուաւ պատշաճ վճիռներ։

Արդ՝ 1919 թ. Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովը պատմական որոշում կայացուց՝ հաշուեյարդարի ենթարկելու Ցեղասպանութեան կազմակերպիչներու եւ դաւաճաններու նկատմամբ։ Ի կատարումն այդ որոշումին, մանրակրկիտ ծրագրուեցաւ եւ գործադրուեցաւ  աննախադէպ գործողութիւն մը, որ ստացաւ «Նեմեսիս» անունը։ Բազմաթիւ արժանապատիւ հայ երիտասարդներ իրենց կեանքի նպատակը դարձուցին երիտթուրք պարագլուխներու զգետնումը։ Քանի մը տարիներու ընթացքին, աշխարհի տարբեր անկիւններու մէջ մահապատիժի ենթարկուեցան բազմաթիւ թուրք ցեղասպանները։ Արդարութեան պատժիչ ձեռքը անողոք էր եւ ամենահաս։ Սողոմոն Թեհլերեան, Արամ Երկանեան, Արշաւիր Շիրակեան, Ստեփան Ծաղիկեան, Միսաք Թորլաքեան, Պետրոս Տեր Պօղոսեան, Արտաշէս Գէորգեան, Շահան Նաթալի, Արմէն Գարօ եւ բազում այլ հայորդիներ իրենց գործով եկան հաստատելու, որ արդարութիւնը պէտք չէ աղերսել, այլ՝ պարտադրել, որ արժանապատուութիւնը պէտք չէ մուրալ, այլ՝ վաստակիլ։

Այդ երիտասարդները հետագային հանդիսացան խորհրդանիշները հայ վրիժառու բազուկին եւ ոգեշնչողը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար 1960-ականներուն սկսած Հայ Դատի հետապնդման արշաւին եւ 1970-80-ական թուականներուն սկիզբ առած արդարութեան մարտիկներու պայքարին։ Ու այդ նուիրեալներն եւս եկան փաստելու, որ կեանքը պայքար է ու պայքարը՝ կեանք, որ հայրենիքի կորուստի հետ արժանապատիւ հայը չի համակերպիր։

Ես չեմ գիտեր եթէ կայ աշխարհի մէջ ուրիշ ժողովուրդ, որ վրէժը դարձուցած ըլլայ անձնանուն, որ կորսուած հայրենիքի մորմոքէն կարօտը դարձուցած ըլլայ անձնանուն. կ՛երեւի թէ մենք միակն ենք, վկայ՝ մեր Վրէժներն ու Կարօտները։ Ու ցաւօք, ազգի վրէժի ու հայրենիքի կարօտի ընթացքը կը շարունակուի նաեւ այսօր։   Մեր պարտականութիւնն է աներեր շարունակել պայքարը վերաշեշտաւորելու համար արդարութիւնը եւ վերանորոգելու համար ամբողջական Հայաստանի տեսլականը։

Յաւերժ փառք ու խոնարհում Դրոյի ժառանգ մեր խենթ հերոսներու յիշատակին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica