close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաոս Կովկասում. երկրորդ Մերձավոր Արևելք

Հասարակություն

19 Ապրիլի 2021, 13:58
 Քաոս Կովկասում. երկրորդ Մերձավոր Արևելք

Հարցազրույց Յերժի Մարեկ Նովակովսկու հետ

Յերժի Մարեկ Նովակովսկի. ծնվել է 1959թ.Լեհաստանի Ռադոմ քաղաքում։ Լեհ հրապարակախոս, լրագրող, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 1991 թվականից եղել է նախագահ Լեխ Վալենսայի խորհրդականը` Արևելքի հարցերով: 1997-2001 թթ. եղել է Լեհաստանի Հանրապետության վարչապետի միջազգային հարցերով գլխավոր խորհրդականը։ Եղել է «Tygodnik Powszechny» թերթի գլխավոր խմբագիրը։ Երկար տարիներ եղել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների կենտրոնի փոխնախագահը։ 2009-2014թթ. աշխատել է Լատվիայում որպես ԼՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2014-2018թթ.` ԼՀ արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանի Հանրապետությունում:

Ներկայացվող հարցազրույցը վարել է լրագրող Մաճեյ Գրզեշչուկը։ Սույն թվականի մարտի սկզբին հարցազրույցը ցուցադրվել է լեհական «TVP» հեռուստաալիքով և տարածվել համացանցով: Յերժի Նովակովսկու բոլոր մտքերը չէ, որ ընդունելի են մեզ համար, այնուամենայնիվ, ներկայացված վերլուծության հետ արժե ծանոթանալ:


Մ.Գ. ‒Ո՞վ է պատասխանատու ղարաբաղյան վերջին պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտության համար։ Ի՞նչ կարծիք ունեք ՀՀ-ում ծավալվող ներքաղաքական խմորումների վերաբերյալ, և դրանք կարո՞ղ են արդյոք անկանխատեսելի ընթացք ունենալ:

Յ.Մ.Ն. ‒ Հարցը շատ բազմաբովանդակ է ու բազմաշերտ: Այն ունի նաև նախապատմություն ու ճանաչողական լայն սպեկտր։ Սկսեմ նրանից, որ ՀՀ-ում զինվորականության, ԳՇ-ի կողմից երկրի ղեկավարի հրաժարականի պահանջը (որում առկա են համարյա բոլոր բարձրաստիճան զինվորականների ստորագրությունները) առաջին հայացքից աննախադեպ է թվում։ Հարկ է նշել, որ հայ իրականության մեջ նմանատիպ, բայց փոքր-ինչ այլ ձևով ու սցենարով իրադարձություն էլի է տեղի ունեցել։ Դա եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ, երբ նմանատիպ բովանդակությամբ հրաժարականի պահանջ էր դրվել երկրի զինվորական վերնախավի կողմից։ Բովանդակային առումով դրանք հար և նման են. Դրվում է ընտրված նախագահի (վարչապետի) հրաժարականի պահանջ երկիրը կառավարելու անկարողության պատճառով։ Եթե ավելի առարկայական խոսենք, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԼՂ հարցում զիջումների գնալու, Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրելու պատրաստակամությունը եղել է այդ պահանջի առանցքը։ ՀՀ վերանկախացման տարիներին ԼՂ հարցը եղել է թիվ մեկ քաղաքական օրակարգը…Եվ ոչ միայն քաղաքական: Կարելի է ասել, որ մնացյալ բոլոր հարցերը ՀՀ-ում ածանցյալ են այդ հիմնահարցին, սերտաճած ու փոխկապակցված են։

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր սպայակույտի (ԳՇ) ամենակայացած պետական ինստիտուտի և բարոյական հեղինակության, հոգևոր առաջնորդի (կաթողիկոս) պահանջը շատ կարևոր է ՀՀ իշխանությունների ապագայի համար։ Պետք է ասել, որ այս պահանջին են միացել նաև պետական ինստիտուտներ ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններ և նույնիսկ երկրի նախագահը՝ Ա. Սարգսյանը։

Ն.Փաշինյանի ճամբարը, որը 2018 թվականից ղեկավարում է երկիրը, չի կատարել իր անիրական խոստումներից և ոչ մեկը, առավել ևս Ղարաբաղի հարցում։ Որքան էլ զարմանալի թվա, բայց Ղարաբաղյան պատերազմում հիմնական մեղավոր ճանաչվող Ն.Փաշինյանը վերոշարադրյալ պայմաններում շարունակում է մնալ երկրի առաջնորդը: Պատերազմում պարտության մեղավորների փնտրտուքը շարունակվում է: Իմ կարծիքով` հակամարտող երկու ներքին քաղաքական ճամբարների մեղադրանքները` ուղղված միմյանց, որքան էլ զարմանալի թվա, ճիշտ են: ՀՀ պարտության պատճառներից ես կառանձնացնեի հետևյալները.

1. ՀՀ-ն և նրա ժողովուրդը պատերազմին պատրաստ չեն եղել ո՛չ բարոյահոգեբանական, ո՛չ տնտեսական և ո՛չ էլ բանակի ռազմատեխնիկական հագեցվածության ու սպառազինության առումով։

2. Պիտի ասել, որ հայկական կողմը ինքնագոհ թմբիրի մեջ է եղել երկար տարիներ` համոզված լինելով, որ իր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է։ Ավելին՝ հնարավոր ռազմական լուրջ բախման պարագայում կար մեկ ելք՝ հայկական բանակի հաղթանակը։ ՆԱՏՕ-ական Թուրքիայի կողմից սեփական ռազմատեխնիկական նորագույն միջոցներով ու տեխնոլոգիաներով, ինչպես նաև իր հրահանգիչ մասնագետներով երկար տարիներ պատրաստվող ադրբեջանական բանակը, ցավոք, ոչ մի լուրջ արձագանքի չէր արժանանում հայերի կողմից։ Հարկ է նշել նաև իսրայելական ռազմատեխնիկական աջակցության ու լայնամասշտաբ արդյունավետ համագործակցության հանգամանքը։

Այս ամենով հանդերձ` մնում եմ այն կարծիքին, որ այսպիսի արդյունավետ, ավարտ, այսպիսի հաղթանակ նաև ադրբեջանական կողմը չէր ակնկալում։ Պատերազմն ավարտվեց, կարելի է ասել, սպասվածից ավելի լավ արդյունքներով Ադրբեջանի համար, քան ինքը կարող էր ենթադրել։ Ռազմական գործողություններն ավարտվեցին ԼՂՀ-ից մնացած «փշրանքների» վրա ռուս խաղաղապահների հաստատումով։

Իրականում պատերազմը հնարավոր եղավ կանգնեցնել ՌԴ շատ կարծր դիրքորոշման և կտրուկ, գործուն միջոցների ու քայլերի շնորհիվ, ինչը, ըստ իս, արդեն վաղօրոք համաձայնեցված էր. Խաղաղապահների տեսքով ռուսական զինված ուժերի մուտք ու հրադադար` համաձայնագրի կողմերի համաձայնությամբ։

ՀՀ-ում Ն. Փաշինյանի դեմ թիվ մեկ մեղադրանքը, ըստ ընդդիմախոսների, նրա ապազգային կեցվածքն է, անհասկանալի քաղաքականությունը արտաքին ու ներքին ասպարեզներում, բանակի ռազմատեխնիկական ոչ բավարար սպառազինումը և այլն։ Մեղադրանքները հասնում են այնտեղ, որ Ն.Փաշինյանն իր կադրային ոչ խոհեմ քաղաքականությամբ փաստացի կազմալուծել ու թուլացրել է բանակը։ Ես կավելացնեի նաև պատերազմը «բերելու», մոտեցնելու Ն. Փաշինյանի հրահրիչ արտաքին քաղաքականությունը, որն արագ տեմպով հանգեցրեց Ղարաբաղյան հարցի այսօրվա հանգուցալուծմանը։ Իր հերթին իշխանությունը Ն.Փաշինյանի գլխավորությամբ ունի իր հակափաստարկները, մասնավորապես՝ բանակի անպատրաստվածությունը գալիս է նախորդ շրջանից։ Ինչ-որ առումով երկու կողմերն էլ ճիշտ են:

Իմ ունեցած հարցման տվյալներով` ՀՀ-ում բնակչության 48%-ը կողմ է վարչապետի հրաժարականին, 37 %-ը պաշտպանում է Ն.Փաշինյանին։

Շատ կարևոր է հավանաբար նաև այն հանգամանքը, որ, իր վերանկախացման պահից սկսած, հայ հասարակության ու պետության քաղաքականությունը կառուցված էր, ես կասեի, ինքնարժևորման ու ինքնահաստատման այն հիմքի վրա, որը կոչվում է հաղթանակ։ Ընդորում, այս հաղթանակի հոգեբանական և աշխարհայացքային արժեքն այն էր, որ «հաղթել են թուրքերին»։ Հայաստանում թուրքերը և ադրբեջանցիները նույնացվում են։ Իսկ այդ հետքը գալիս է ցեղասպանված լինելու և իր պատմական հայրենիքի կորստյան կնիք ցավի հետ։

Այսպիսով` առկա մտածողության մեջ ԼՂ ազատագրումը, ռազմական անուրանալի հաղթանակը ինչ-որ իմաստով «պատասխան» էին ցեղասպանություն կազմակերպած թշնամուն՝ թուրքին Պետք է նշեմ, որ իմ ճանաչած հայերի 90 %-ը, բացի պարզ հայրենասիրությունից, այս հարցում նաև շովինիստական հայրենասիրության կրող է։ Եվ հիմա, երբ հայության հպարտությունը, ազգային ինքնագիտակցությունը ձևավորած ու սերունդ ծլեցրած խարիսխը՝ Ղարաբաղը, փաստացի գոյություն չունի… Սա Նման է համազգային իղձերի և ծրագրերի` իր մասշտաբներով աննախադեպ կործանման։

Ի՞նչ պետք է անի ՀՀ-ն այս ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական մեծագույն աղետից հետո։ Այսօր հայերը անձնազոհ պայքարով պահել են Արցախի մի պատառիկը, բայց դասական դրամայի կանոններով ամբողջությամբ կախման մեջ են հայտնվել ՌԴ-ից։ Եթե հիմնովին վերլուծենք ՀՀ հակոտնյա ուժերի բախումը, ապա այն կոնֆլիկտ է, աշխարհայացքային իմաստով, հայ պետականության լինելիության շուրջ:

Մ.Գ.‒ԼՂ հակամարտությունը չի՞ հանգեցնի արդյոք Մերձդնեստրի, Աբխազիայի կամ Հվ.Օսեթիայի շուրջ ստեղծված իրավիճակի նման մի իրավիճակի, երբ գլխավոր դերակատարը և՛ դրական հերոս է, և՛դահիճ։

Յ.Մ.Ն.‒Հաճախ էր ասվում, որ ԼՂ հակամարտությունը սառեցված է։ Իմ պաշտոնավարման տարիներից ի վեր եղել եմ այն համոզմանը, որ այն մշտապես «ծխացող» է` ժամանակ առ ժամանակ բոցկլտացող փայլատակումներով։Միայն ռուս խաղաղապահների ժամանումով է, որ հակամարտությունն ստանում է սառեցված տեսք: Ինչպես ԽՍՀՄ նախկին տարածքի այն բոլոր հակամարտությունները, որոնց վրա դրվել էր «հրդեհվելու արգելք», որոնք, սակայն, հրաշալի գործիք են ՌԴ-ի ձեռքում` հրշեջի ու հրձիգի դերերում հանդես գալու, շանտաժով ինչ-որ նպատակի հասնելու համար։

Մի քանի օր առաջ ռուսական «Կոմերսանտ»-ում հայտնված քարտեզը պատահականություն չէր։ Այնտեղ ԼՂ-ն նշված էր որպես «տարածք», որը վերահսկվում է ռուսական ռազմական (խաղաղապահ) ուժերի կողմից։ Սա սկսում է նմանվել առավելապես Մերձդնեստրին, որովհետև Աբխազիայի ու Օսեթիայի պարագայում ռուսական «օգնող ձեռքը» այլ կերպ է ներկայանում։ Բոլորովին պատահական չեն նաև լուրերը այն մասին, որ ԼՂ պաշտոնական լեզուն, հայերենից զատ, պետք է լինի նաև ռուսերենը։ Այսպիսի «ձնծաղիկների» ի հայտ գալը խոսում է ռուսական ներկայության երկարաժամկետ հաստատման մասին։

Այս հակամարտության մեջ ամենակարևորը, այնուամենայնիվ, ՀՀ դիրքորոշումն է։ Իրականում հայերը, ըստ իս, ունեն երեք ճանապարհ, և ընտրված ճանապարհից է կախված լինելու հայ ժողովրդի, ՀՀ պետականության` տարածաշրջանում ուժերի հարաբերակցության գործոն լինելու հանգամանքը։

1.ՀՀ-ն համակերպվում է Արցախի կորստյան հետ և փորձում է հարաբերություններ հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ` բացելով բոլոր տարանցիկ ճանապարհները, հեռանկարում ունենալով տնտեսական զարգացման հնարավորություն, որը կբերի ՀՀ-ին ապահով երկրի համարում` համեմատաբար կայուն տնտեսությամբ ու բարեկեցությամբ։ Հայերի համար սա բարեկեցիկ պետություն ստեղծելու ամենակարճ, բայց ոչ ամենահեշտ (ազգային նպատակների առումով) ճանապարհն է։ Իմ համոզմամբ` այսօրվա Հայաստանը դեռևս պատրաստ չէ այս տարբերակին, և այդ առումով նույնիսկ անորոշ է և հարց, թե երբևիցե պատրաստ կլինի՞ դրան։ Նույնիսկ հիմա հայերի ջախջախիչ մեծամասնությունը վստահ է, որ Արցախը պետք է լինի Հայաստանի մաս կամ անկախ, բայց ոչ երբեք Ադրբեջանի կազմում։
Պարտությունից մինչ նոր հաղթանակ երկար ճանապարհ է։

2.Այս ճանապարհը, որը ես կանվանեի իսրայելական, մի տարբերակ է, երբ Հայաստանը «սեղմում է ատամները կռճտոցով», իր բոլոր կարողությունները Սփյուռքի ներգրավմամբ և համազգային ամբողջ ներուժն ուղղում է իր տնտեսության` արագացված տեմպերով մոդեռնիզացմանն ու այն կազմակերպական նոր հիմքերի վրա դնելուն։ Ինքն է որոշում, թե այդ հարցում ինչպես հենվել Ռուսաստանի կամ Արևմուտքի վրա կամ էլ ներդաշնակ հավասարակշռություն պահել երկուսի նկատմամբ։ Սրան զուգընթաց համբերատար սպասում է ռևանշի՝ հետ բերելու պատերազմում կորցրածը։ Ավելի կարճ և հասկանալի` սառը հարաբերություններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, աննախադեպ արագ զարգացող տնտեսություն, բանակի, կրթության, տրանսպորտային ուղիների և նորագույն տեխնոլոգիաների զարգացում հիմնարար արմատական ու արդյունավետ քայլերով։ Այս սցենարը հայ քաղաքական մտքի շրջանակներում, ըստ իս, այժմ գերակշռող է։

3.Այս տարբերակը հարավօսեթականն է: Այս պարագայում Հայաստանը վերածվում է ռուսական կիսագաղութի`տնտեսական և քաղաքական առումով ամբողջությամբ կախման մեջ հայտնվելով ՌԴ-ից և նրա կամքից։

Եթե նայենք իրատեսորեն, ապա հայերի ընտրությունը երկրորդ և երրորդ տարբերակների միջև է, չնայած որ կան և հնչում են առաջին ուղին սատարող ձայներ, հատկապես իշխանական ճամբարից։ Հստակ է, որ երկրի բանակի վերնախավը, քաղաքական ուժերի մեծամասնությունը միանշանակորեն ցանկանում են երկիրը տանել երկրորդ ուղիով։
Փաշինյանի ճամբարը, իմ համոզմամբ, վախենում է ազգային համընդհանուր ցասման հետևանքներից ու չի բարձրաձայնում իր տեսլականը, այսինքն`առաջին ուղին։
Երկրի հակամարտող գաղափարական-քաղաքական հոսանքների երկարաձգվող պայքարը կարող է հանգեցնել հարավօսեթականացման սցենարին, ինչը իրականում երկու կողմերն էլ չեն ցանկանում, բայց ակամա կարող են նպաստել դրան։

Այսօր Թուրքիան, Ռուսաստանը, ես հույս ունեմ` նաև Արևմուտքը կարող են առանձին-առանձին, մեծ հաշվով, դրական տեղաշարժերի պատճառ դառնալ հենց Հայաստանում`չանտեսելով իրենց նպատակները, բայց միաժամանակ նաև նպաստելով ՀՀ-ի` նոր, ժամանակակից պետություն դառնալուն։

Մ.Գ. – Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն են Պուտին-Փաշինյան հարաբերությունները այս ամենի խորապատկերին։

Յ.Մ.Ն. – Ես դեմ եմ քաղաքական վերլուծականներում անհատականացմանը, երբ հարցը վերաբերում է միջպետական հարաբերություններին։ Վստահ եմ, որ Պուտինը դույզն-ինչ վստահություն չունի Փաշինյանի նկատմամբ, սակայն համաձայնողական, պարտվողական կեցվածք ունեցող Փաշինյանի` Հայաստանի իշխանության ղեկին լինելը երաշխավորում է խաղաղապահ ուժերի թեկուզ ոչ երկարաժամկետ, այնուամենայնիվ առանց միջադեպերի ներկայությունն ու ՌԴ վարկանիշը իր առաքելության մեջ։ Այս վիճակը ձեռնտու է երկու երկրներին ու նրանց առաջնորդներին։ Փաշինյանի պարագայում կա իշխանությունը պահելու, «շունչ քաշելու» խնդիր, իսկ ռուսական կողմի համար` իր առաքելության՝ տարածաշրջանում ռազմական ներկայության արդարացվածության ու հաջող ընթացքի հիմնավորման անհրաժեշտություն։ ՀՀ-ում կան ռուսական ռազմական բազաներ, որոնց առկայությունը երկրում Փաշինյանը կասկածի տակ չի առնում` չնայած այն բանին, որ իշխանության է եկել` օգտագործելով նաև «հավերժական դաշնակցի» դեմ ամբոխավարական կարգախոսները։

Հարկ է նշել, որ, չնայած այդ ամենին, հայաստանյան ներկա իշխանության լեգիտիմությունը կասկած չի առաջացրել ՀՀ-ի հակառակորդ քաղաքական ճամբարում։ Որպես հետևանք` ռուսական կողմը ունի շատ պրագմատիկ մոտեցում Փաշինյանի՝ իշխանության գլուխ մնալ-չմնալու հարցում։ Ըստ իս`սա Պուտինի համար իդեալական, երանելի վիճակ է, երբ ժողովրդական ու ժողովրդավար(արևմտյան բոլոր չափորոշիչներով) Հայաստանի ղեկավարը այնուամենայնիվ ծնկում է իր առջև`ստիպված լինելով կախվածության մեջ գտնվել ոչ թե ժամանակին իրեն աջակցած Արևմուտքից, այլ երկիրը տապալումից «փրկած» Ռուսաստանից։ Այս համատեքստում հետաքրքիր է ՌԴ վերաբերմունքը Հայաստանի բանակի, սպայակույտի կողմից վարչապետի հրաժարականի պահանջի նկատմամբ։ Պիտի նշեմ, որ Հայաստանի բանակը բավական ինքնուրույն միավոր է, չնայած որ դաշնակցային պարտավորություններով ու բազմաթիվ թելերով կապված է եղել և է ՌԴ-ի հետ։ Ըստ իս`գեներալների մի ստվար հատված հասկանում է, որ ինչ-որ իմաստով դավաճանվել է ՌԴ-ի կողմից, սակայն դրա հիմնական պատճառը համարում է ՀՀ քաղաքական ղեկավարության արտաքին և ներքին անհասկանալի, ոչ միանշանակ քաղաքականությունը։ Իմ համոզմամբ` նրանք ձգտելու են ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ձևավորելու նոր՝ «զտարյուն» հայկական քաղաքական միտք և ուղի, որը ապագայում տեսանելի կդարձնի Ադրբեջանի նկատմամբ ռևանշի հնարավորությունը։ Սա ՌԴ-ի համար մեծ գլխացավանք է, որովհետև, պաշտոնապես լինելով Հայաստանի դաշնակիցը, կարող է դեմ լինել ՀՀ-ում ռազմաքաղաքական առումով գերակշռող ուժերին, և, որ ամենակարևորն է, այդ ուժերը կարող են իրենց հետևից ՌԴ-ին տանել հակամարտության Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Սա ամենևին ՌԴ պլաններում չի տեղավորվում, որովհետև այժմ նա, Հայաստանն ունենալով որպես դաշնակից, չի ցանկանում նաև Ադրբեջանը տեսնել որպես Թուրքիայի վիլայեթ։ Այս կամ այն կերպ Արցախում իր ներկայությամբ ՌԴ-ն ունի լծակներ, ինչպես նաև տնտեսական կապեր Ադրբեջանի հետ, որի հետ ունի նաև անմիջական սահման անհանգիստ հյուսիսկովկասյան խառնարանում։ Ադրբեջանին իշխելու համար ՌԴ-ին Թուրքիան բացարձակապես պետք չէ։ Այս ժամանակահատվածում` ռազմաքաղաքականից մինչև տնտեսական համագործակցություն, ատոմակայանի կառուցում, ՌԴ-ին Թուրքիան անհրաժեշտ է Արևմուտք-ՆԱՏՕ դաշինքում ճաք առաջացնելու և Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում նկատելի անջրպետը խորացնելու նպատակով` այդպիսով նվազագույնի հասցնելով Թուրքիայի` Արևմուտքի դաշնակիցը լինելու կարևորությունը։ Թուրքիայի` ոչ վստահելի դաշնակից լինելը ՆԱՏՕ-ում ունի բավական թանկ գին, որը, սակայն, ռուսական քաղաքական ու պետական միտքը միշտ պատրաստ է եղել վճարելու, քանզի ՌԴ-ում տիրապետող է այն միտքը, որ ՌԴ գլխավոր հակառակորդը և մրցակիցը ՆԱՏՕ-ն է և ԱՄՆ-ն։ Թուրքիայի մուտքը Ադրբեջան անուղղակիորեն թուլացնում է արևմտյան դաշինքը իր համար բավական շահեկան տարբերակով։ Հենց այս դեպքերի ընթացքն է, որ ինձ համոզում է այն բանում, որ ՌԴ-ն միտումնավոր Կովկասը վերածում է «ՄերձավորԱրևելքի»` դրան բնորոշ անլուծելի խնդիրների թնջուկով։ Այս համատեքստում Վրաստանի այսօրվա դեստաբիլիզացիան վերոնշյալ հարցերում ունի իր չափաբաժինը։ Կառավարությունների հերթական հրաժարականները, քաղաքական ճգնաժամերը Հարավային Կովկասում կարող են դառնալ ՌԴ հաղթաթղթերից` շատ դեպքերում իր ռազմական ներկայությունը անհրաժեշտ ու պարտադիր դարձնելու նպատակով։ Այս մեծ խաղի նշանակությունը շատ ավելի մեծ է, քան ինքնին ԼՂ կամ ՀՀ խնդրինը։ Սա ի վերջո հաղթաթղթերով աշխարհաքաղաքական թղթախաղի մասնակցելու ՌԴ նախապատրաստությունն է։

Մերձավոր Արևելքում Արևմուտքը տասնամյակներ շարունակ ոչ մի կերպ չի կարողանում որևէ հարց լուծել առանց ՌԴ մասնակցության ու ներկայության, այլապես այն կարող է վերածվել համատարած քաոսի:Այս իմաստով Հարավային Կովկասը մի նոր Մերձավոր Արևելք է, որտեղ ներգրավված են բոլորը, որտեղ դարձյալ ջոկերի ու հարց լուծելու հավակնություն ունեն թե՛ Արևմուտքը, թե՛ՌԴ-ն։
Իմ համոզմամբ` այս օրակարգի առանցքային խնդիրներից մեկը, եթե ոչ առաջնայինը՝ ԼՂ հակամարտությունը, այժմ կմնա առանց հանգուցալուծման, մինչև աշխարհաքաղաքական հիմնական դերակատարները ուժերի նոր հարաբերակցություն կձևավորեն։

Թարգմանությունը՝ Թաթուլ Հարությունյանի

«Դրօշակ», թիվ 4 (1650), ապրիլ, 2021 թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica