close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատապարտյալների հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի առաջնությանը

Սպորտ

15 Ապրիլի 2021, 23:00
 Դատապարտյալների հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի առաջնությանը

2021 թվականի հոկտեմբերին, առաջին անգամ իրականացվելու է  շախմատի՝ օնլայն ձևաչափով համաշխարհային առաջնություն՝ աշխարհի բոլոր երկրների քրեակատարողական հիմնարկներից ընտրված դատապարտյալների ուժեղագույն թիմերի միջև։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, առաջնությանը մասնակցելու նպատակով ապրիլի 15-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել շախմատի առաջնություն քրեակատարողական բոլոր հիմնարկներից նախապես ընտրված շուրջ 24 լավագույն խաղացող դատապարտյալների միջև։ Այն իրականացվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի և շտաբի օժանդակությամբ։ Խաղն անցկացրել են շախմատի միջազգային մրցավար Վահագն Խաչատրյանը և հանրապետական մրցավար Գևորգ Մուրադյանը։

Ներկա է եղել նաև շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, որն իր բացման խոսքում նշել է այս խաղի կարևորությունը և ոգեշնչել  խաղացողներին՝ հաջողություն մաղթելով նրանց և ընդգծելով շախմատի դերը հասարակության, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձանց համար։ Գրոսմայստերը շնորհակալություն է հայտնել նաև Քրեակատարողական ծառայության վարչակազմին, որը մշտապես պատրաստակամ է եղել իրենց օժանդակել, և որի շնորհիվ քրեակատարողական հիմնարկներում այժմ մեծ տեղ ունի շախմատը։

Առաջնության արդյունքում հավաքականի թիմում ընդգրկվել են վեց լավագույն խաղացողները՝ Ռոբերտ Սարգսյանը, Իգիթ Գրիգորյանը, Ռուբիկ Մկրտչյանը, Նարեկ Հովակիմյանը «Արմավիր» ՔԿՀ-ից, Վազրիկ Միքայելյանը «Սևան» ՔԿՀ-ից և Արմեն Գորոյանը «Հրազդան» ՔԿՀ-ից։ Նրանցից Ռ․ Սարգսյանը, Վ․ Միքայելյանը և Իգ․ Գրիգորյանը համապատասխանաբար զբաղեցրել են առաջին երեք հորիզոնականները։

Հայաստանի հավաքականի թիմը Հայաստանը նախ ներկայացնելու է մայիսին կայանալիք շախմատի համաշխարհային կոնֆերանսին, իսկ հոկտեմբերին՝ շախմատի համաշխարհային առաջնությանը։ Հատկանշական է, որ կոնֆերանսին պետք է ցուցադրական խաղով ներկայանա 4 երկիր՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Իսպանիան և Հայաստանը։

Վերոնշյալ միջոցառումներին լավագույնս ներկայանալու համար հավաքականի թիմի հետ աշխատելու են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որակյալ մարզիչները։

Դեռևս 2015 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ազատազրկված անձանց վերասոցիալականացման և նրանց ազատ ժամանակը արդյունավետ օգտագործելու նպատակով սկսել էր համագործակցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ։

Համագործակցության շրջանակներում շախմատի ակադեմիայի  հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ և մասնակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հաճախ անցկացվել են շախմատային դասընթացներ և տարբեր միջոցառումներ։

Դատապարտյալներից շատերը, անազատության մեջ սովորելով և ուսումնասիրելով շախմատի գաղտնիքները, դարձել են այդ խաղի ջատագովներ և վարպետներ։ Արդյունքում՝ 2019 թվականի օգոստոսին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Քրեակատարողական ծառայության օժանդակությամբ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների թիմը մասնակցեց օնլայն ձևաչափով կազմակերպված շախմատի միջազգային փորձնական առաջնությանը՝ մրցելով շախմատային հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Իտալիայի, Բելառուսի լավագույն խաղացող դատապարտյալների հետ։ Հայաստանի թիմն այս առաջնությունում գրավեց 4-րդ հորիզոնականը։ 

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica