close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուսուցիչը ոչնչացրեց Արթուր Մկրտչյանին, աշակերտը՝ նրա հայրենի Հադրութը

Քաղաքական

14 Ապրիլի 2021, 16:54
 Ուսուցիչը ոչնչացրեց Արթուր Մկրտչյանին, աշակերտը՝ նրա հայրենի Հադրութը

Ուղիղ 29 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի ապրիլի 14-ին, Ստեփանակերտի իր տանը սպանվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանը: Արթուր Մկրտչյանի մահվան հանգամանքները մինչ օրս չեն քննվել ըստ պատշաճի, իսկ եթե եղել են որոշակի քրեական կամ լրագրողական հետաքննություններ, ապա դրանք առավել շատ հարցեր են առաջացրել, քան պարունակել սպառիչ պատասխաններ: Ամենակարևորը՝ ողբերգական դեպքի միակ վկան, Արթուր Մկրտչյանի կինը, որը դեպքի ժամանակ եղել է միևնույն բնակարանում, մինչ օրս չի խոսել: Ըստ այդմ՝ մինչ օրս հստակ տվյալներ չկան` ինչպես է դա տեղի ունեցել, սպանությո՞ւն էր, թե՞, ինչպես հետագայում փորձեցին ներկայացնել, դժբախտ պատահար կամ, որ ամենաանարժանահավատն է, ինքնասպանություն:

Արթուր Մկրտչյանը ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի անդրանիկ նստաշրջանում (գումարվել է 1992 թ. հունվարի 6-8-ը) ընտրվում է ԼՂՀ ԳԽ նախագահ: Հստակ էր, որ ՀՀ տերպետրոսյանական իշխանություններն ուղղակի ցնցված էին այն փաստից, որ Արցախում ղեկավար է ընտրվել դաշնակցական գործիչ: Եվ ՀՅԴ-ի հանդեպ գերագույն ատելությամբ լցված առաջին նախագահը պարզապես չէր հանդուրժելու Արցախում ազգային իշխանության ձևավորման փաստը:

Լևոն Տեր-Պետրոսյանի չարակամ վերաբերմունքն առ Արթուր Մկրտչյան ունեցել է նաև նախապատմություն: Անցքերին ծանոթ Աշոտ Պետրոսյանն այդ առիթով իր «Արթուր Մկրտչեան» գրքում (այլ գործիչների մտքերի հետագա մեջբերումները ևս այդ նույն գրքից են) այդ առիթով նշում է. «Լևոն Տեր-Պետրոսյանի և իր շրջապատի վերաբերմունքն ու դիրքորոշումը Արթուր Մկրտչյանի հանդեպ գոյացել է կանխապես, և այն ունի իր նախապատմությունը: Շարժման հենց սկզբից Արթուր Մկրտչյանի և իր համախոհների հայացքները էապես տարբերվում էին ՀՀՇ-ի վերածված «Ղարաբաղ» երկրորդ կոմիտեի ղեկավարության հայացքներից: Դեռևս 1988-89 թվականներին գաղափարական ուժգին բախումներ եղան, և Արթուրը վճռականորեն պաշտպանում էր իր տեսակետը: Պետական համալսարանի մեծ սրահի մեծահավաք մտավորականության առջև պարզորոշ սահմանազատվեցին երկու տեսակետներ, երկու հոսանքներ ձևավորվեցին: Մեկը ներկայացնում էին Արթուր Մկրտչյանը, Իգոր Մուրադյանը, ազգային և ազգայնական մտավորականներ ու ժողովրդի գործուն մասը, որոնց ազգային ինքնագիտակցությունը ամուր հիմքերի վրա էր: Մյուսի կարկառուն առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանն էր` իր շրջապատով: ՀՀՇ-ի համար, ինչպես հաստատեց ապագան, իշխանությունը նպատակ էր և գերխնդիր: Արթուրենց համար իշխանությունը միայն միջոց էր ազգային նպատակների իրագործման ճանապարհին»:

Արթուր Մկրտչյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի լարված հարաբերությունների մասին Կիմ Բալայանը նշել է. «Ընտրություններից հետո (խոսքը 1991 թ, դեկտեմբերի 28-ին և հունվարի 11-ին կայացած ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորների ընտրությունների և Արթուր Մկրտչյանի՝ ԳԽ նախագահ ընտրվելու մասին է -Վ.Ս.), երբ Արթուրը եկավ Երևան, չորս օր Լևոն Տեր-Պետրոսյանը նրան չընդունեց: Եվ դա այն պատճառով, որ Արթուրը դաշնակցական էր»: Երջանկահիշատակ զորահրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը ևս հաստատում է վերոհիշյալ միտքը. «Առաջին հերթին կուզեի նշել Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ առաքինի պահվածքը Արցախի նախագահի նկատմամբ, նրա վերաբերմունքը, որ շատ կարևոր էր փոքրիկ երկրի ճակատագրական պահին: Հայության երջանկության համար պայքարող մարդուն դժվար  է դիմակայել այն վիճակին, երբ քո ազգի ղեկավարը քեզ չի ընդունում, որպեսզի հնարավոր լինի համադրյալ ուժերով հաղթահարել ազգային կյանքի դժվարությունները և հասնել ընդհանրական նպատակների իրականացմանը»: Ըստ ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ «…Արթուրը մեծ պատասխանատվությամբ անցավ աշխատանքի, բայց ամենամեծ հարվածը ստացավ սկզբից: Դա այն է, որ ՀՀ նախագահը չշնորհավորեց ընտրության կապակցությամբ: Շատ վատ ազդեց Արթուրի վրա, որովհետև հիշում եմ, երբ հանդիպեցի Արթուրին, ասում էր, թե` այդպիսի բան ինչպես կարող էր լինել: Որովհետև մենք էլ շատ լավ գիտակցում էինք, որ Ղարաբաղում կարելի չէ ունենալ մի իշխանություն, որը հակադրված լինի Հայաստանի իշխանությանը: Մենք պատկերացնում էինք այսպես` ճիշտն այն է, որ Ղարաբաղում լինի, այսպես կոչված, դաշնակցական իշխանություն, իսկ Հայաստանում ` ոչ դաշնակցական, սակայն  ներքուստ ամեն ինչ համադրված ու համաձայնեցված լինի: Եվ ուզում էինք այդ զանազանությունը տեսանելի դարձնել արտաքին աշխարհին»:

Արթուր Մկրտչյանի եղերական մահը ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ Վալերի Բալայանը ներկայացրել է հետևյալ կերպ. «…Եվ ահա այդ զանգն ու Գոհարի սարսափելի ճիչը: Ինչ-որ բան էր ճչալով ասում, որ ոչ մի կերպ հասկանալ չէի կարողանում: Սակայն պարզ էր, որ ահավոր բան է կատարվել: Մեր տները մոտ էին, երեք րոպեի ճանապարհ էր բաժանում: Հասա իրենց բնակարանը, որ լցված էր արյունով, և Արթուրն էր ընկած միջանցքասրահի ու հյուրասենյակի մեջտեղում… Դեռ ողջ էր: Վերցրինք, շտապ օգնության վրա դրինք, տարանք հիվանդանոց, որտեղ և մահացավ` գիտակցության չգալով»:

Անդրադառնալով մահվան հանգամանքների ուսումնասիրմանը՝ Կիմ Բալայանը նշել է. «Մինչև հիմա տարբեր վարկածներ են պտույտ գործում դեպքի վերաբերյալ, սակայն ես, որպես քրեագետ, կարող եմ միանշանակ ասել, որ կրակոցը կատարված է ընդհուպ մոտ դիրքից, այսինքն` զենքը հպած, և կնոջ` Գոհարի ներկայությամբ է դեպքը տեղի ունեցել, և ժամանակին ընդունել են Գոհարի բացատրությունները, թե ինչպես է եղել դեպքը: Կային, իրոք, որոշ հանգամանքներ, որոնք մեզ անհանգստացնում էին: Օրինակ` դեպքի վայրում չկար գնդակը, որն անցել էր գլխի միջով և կպել պատին: Պարկուճը հայտնաբերվել է, բայց գնդակը տեղում չհայտնաբերվեց: Իբրև քրեագետ կարող եմ ասել, որ մահառու ուժի վերաբերյալ կասկածներ առաջացան, որովհետև մահառու գնդակի ուժը բարձր էր գնդակից: Կարելի բավականին փաստարկներ բերել, թե որ պարագային նույն «Մակարով»-ից արձակված գնդակը այդպիսի ուժ ձեռք կբերի: Այն պարագային, եթե վառոդը շատ լցնեն: Այդպիսի բազմաթիվ կասկածներ կան: Մոտ կետից արձակման հանգամանքը պարտադիր կերպով չի խոսում հօգուտ դժբախտ պատահարի: Մեկ ուրիշն էլ այդ կետից կարող էր կրակել` զենքի փողը հպած վիճակով»:

Ամփոփելով՝ փաստենք, որ տերպետրոսյանական իշխանությունները, ծայրահեղ անհանդուրժողականություն ցուցաբերելով ազգային ուժերի հանդեպ, Արցախյան առաջին գոյապայքարի ամենաթեժ շրջանում ոչնչացրին ազատագրվող Արցախի ղեկավարին: Հայ ժողովուրդը, սակայն, չընկրկեց, և ուղիղ երկու տարի անց՝ 1994 թ., ազատագրված էին ոչ միայն Արթուր Մկրտչյանի հայրենի Հադրութի շրջանը, այլև պատմականորեն Արցախի ու Սյունիքի մասը կազմած մի շարք այլ շրջաններ:

28 տարի անց՝ 2020 թվականին, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի դեմ ուղղված դավադիր գաղափարներն ու պարտվողական ծրագրերը վերստին ի հայտ եկան: Մի տարբերությամբ միայն, որ իրագործողը ոչ թե նա էր, այլ նրա կիսագրագետ աշակերտը՝ Նիկոլ Փաշինյանը: Եվ տերպետրոսյանական շրջանակների օլիգարխների՝  Թուրքիայի հետ բարեկամություն հաստատելու քողի տակ թուրքական կապիտալը ՀՀ բերելու մոլեգին տենդի, պատերազմի իմիտացիայի արդյունքում թշնամուն հանձնվեցին ոչ միայն ազատագրված շրջանները, այլև Արթուր Մկրտչյանի հայրենի Հադրութի շրջանն ու բերդաքաղաք Շուշին:

Ճակատագրի հեգնանք՝ Տեր-Պետրոսյանի ռեժիմը սպանեց Արթուր Մկրտչյանին, իսկ նրա աշակերտ Նիկոլ Փաշինյանը «սպանեց» Արթուր Մկրտչյանի հայրենի Հադրութն ու Արցախի անկախությունը:

 

Վահե Սարգսյան

Դէպի ուժեղ Հայաստան
12 Մայիսի 2021, 20:20 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica