close
Եղանակը Երևանում
15 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հետևի մուտքով է մտել հանդիպման, իսկ կանանց Ապրիլի 7-ին մեկուսացրել են․ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար

Քաղաքական

8 Ապրիլի 2021, 18:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հետևի մուտքով է մտել հանդիպման, իսկ կանանց Ապրիլի 7-ին մեկուսացրել են․ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար

Շատ տհաճ երևույթ էր՝ կային մարդիկ, այդ թվում նաև ես էի գնացել, որ մեր հարցերը ուղղեինք Նիկոլ Փաշինյանին, բայց հնարավորություն չունեցանք մասնակցելու հանդիպմանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ անդամ Ներսես Ներսեսյանը՝ մեկնաբանելով Մոսկվա այցի ընթացքում Փաշինյանի հանդիպումը միայն մի քանի տասնյակ իրավաբանների հետ, որոնց էլ նախապես բաժանել էին գրված հարցեր Փաշինյանին ուղղելու համար։

Նա մանրամասներ պատմեց՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանը դահլիճ հասել հետևի մուտքով, թաքուն բարձրացել 11-րդ հարկ, և նրան դիմավորող հայ համայնքի ներկայացուցիչներն այդպես էլ չեն  կարողացել տեսնել, հանդիպումը տեղի է ունեցել ուշացումով։

Ավելին, Ապրիլի 7-ին կանանց բերման ենթարկելու սցենարը Փաշինյանի թիմը խաղարկել է նաև Մոսկվայում․ հանդիպումից առաջ տեղի է ունեցել միջադեպ։

«Հայկական կողմի անվտանգության համակարգի ներկայացուցիչների պահանջով մեր մի քանի աղջիկների մի քանի ժամով մեկուսացրին, որպեսզի չխանգարեն․ թե ի՞նչը չխանգարեն՝ այդպես էլ չհասկացա։ Ակտիվիստներ էին, ովքեր այս ամբողջ ընթացքում մշտապես կազմակերպչական աշխատանքով էին զբաղվել, այդ թվում նաև Արցախի աջակցության միասնական շտաբի գործունեությանն էին մասնակցել, և չեմ կարծում, որ այնքան վտանգավոր էին, որ հենց անվտանգության ներկայացուցիչների ցուցումով պետք էր դուրս հրավիրել, այնուհետև մոտ 3 ժամ կասեցնել նրանց ազատությունը։ Երևույթը շատ տհաճ էր, չեմ կարծում, որ ապրիլի 7-ին նման միջադեպ պետք է տեղի ունենար»,-ասաց Ներսես Ներսեսյանը։

Ռուսաստանի հայ համայնքի պառակտում՝ այսպես է որակում Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավարը Փաշինյանի հանդիպումը միայն նորաստեղծ «Հայ իրավաբանների ասոցիացիայի» անդամներին հետ։ Կարծում է՝ հանդիպումը պետք է տեղի ունենար կա՛մ Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը, կա՛մ եկեղեցու համապատասխան դահլիճում, որտեղ մշտապես տեղի են ունենում նման հանդիպումներ, պետք է հնարավորություն ունենային մասնակցելու հայ համայնքի տարբեր շերտերի ակտիվ ներկայացուցիչներ, նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ովքեր ռեալ մասնակցություն են ցուցաբերել Հայաստանի զարգացմանը կամ գոնե պատրաստվում էին։

«Այլապես գաղտնի, փակ հանդիպում կազմակերպել նախապես պատրաստված հարցերով, չեմ կարծում՝ այդքան էլ սազական է որևէ պետության ներկայացուցչի, առավել ևս ղեկավարի։ Վերջին պահին ենք իմացել, այդ թվում նաև ցանկի մասին, հայկական որևէ կազմակերպություն նախապես չի իմացել հանդիպման մասին։ Ես ճանաչում եմ հանդիպման կազմակերպիչ Շահեն Պետրոսյանին, բազմաթիվ իրավաբանների, որոնք մասնակցել են, բայց հրավեր չեմ ստացել։ Հանդիպումն անակնկալ էր նաև մնացած մեր գործընկեր կազմակերպությունների համար։ Նման կերպով պառակտել համայնքը չի կարելի։ Անթույլատրելի և անհանդուրժելի է հայկական Սփյուռքի պառակտումը է և հատվածական մոտեցումը։ Այս գործընթացը արդեն բավականին երկար ժամանակ տեղի է ունենում՝ այդ թվում նաև Ռուսաստանում»,-ասաց Ներսես Ներսեսյանը։

Նա փաստեց, որ վերջին տարիներին Ռուսաստանում ևս ՀՀ իշխանությունները փորձ են արել գտնել յուրայինների, ոչ յուրայինների, կասեցնել որոշ կազմակերպությունների, անհատների ակտիվությունը։

«Եվ այսօր ունենք այն պատկերը, որ ռուսահայ համայնքը գերակշիռ մասով իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ ներկա կառավարության գործունեությանը, ինչի վառ ապացույցն էր նաև երեկվա հանդիպումը, որտեղ չկար որևէ մեկ կազմակերպություն, որևէ մեկ գործիչ, որը հասարակական ակտիվ կյանքով զբաղվելով հանդերձ՝ նաև ներկայացնում է այլ հանրույթ»,-ասաց Ներսես Ներսեսյանը։

Նա վստահեցրեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեին հանդիպելու Փաշինյանին, միայն մեկ բան ունեին հարցնելու՝ բացատրություն իր կատարած գործերի համար, ցանկություն ունեին իրենց վերաբերմունքը հայտնելու այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, փորձելու էին պարզաբանումներ ստանալ՝ մինչև երբ է նա երկիրը տանելու կործանման։

Տարածված լուրերը, թե Ռուսասատնի «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ղեկավար Շահեն Պետրոսյանն օգնում է Փաշինյանի կնոջը՝ անշարժ գույք ձեռք բերել Մոսկվայում, Ներսես Ներսեսյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց, ասաց՝ տեղեկություն չունի, բայց փաստեցմ որ նա ներկա էր նաև Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպմանը։

«Սա պետական քաղաքականություն է՝ Շահենի, Ներսեսի կամ այլի հարցը չէ, ՀՀ պետությունը մշտապես փորձում է գտնել մարդիկ, որոնց միջոցով կփորձեն ցույց տալ իրենց հանդեպ լոյալ մարդկանց․․․ ցավալին այն է, որ այդ այցից հետո մոռացվում են այդ մարդիկ մինչև հաջորդ այցը»,-ասաց Ներսես Ներսեսյանը։

ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի հետ Փաշինյանի 3 ժամանոց հանդիպումը, նրա գնահատմամբ, անիմաստ է։

«Բնականաբար, պետք է հանդիպի, ներկայացնի իրավիճակը, բայց նա այն կառավարիչը չէ, որ կարող է երաշխավորել իր կողմից ղեկավարվող երկրի, պետական ինստիտուտների անխափան աշխատանքը։ Այսինքն, Փաշինյանը այս պահին չի տիրապետում պետական կառավարման լծակներին, և ինքը կարող է ընդամենը ապահովել որոշակի գործընթացների անխափան ընթացքը։ Մնացած առումներով բոլորն էլ հասկանում են, որ անիմաստ է նրա հետ բանակցել․ կարծում եմ, հարցերի շատ լայն շրջանակ չի էլ քննարկվել»,-ասաց Ներսես Ներսեսյանը։

Արդյո՞ք Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ Ադրբեջանը Մեղրիով Թուրքիային միացնելու միջանցքի և հայ-թուրքական սահման բացման գործընթացը չի մոտեցնի․ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավարն ասում է՝ իրենց դիրքորոշումն այն է, որ Թուրքիան քանի դեռ չի դադարել իր ցեղասպան գործունեությունը, քանի դեռ ներողություն չի խնդրել ու չի փոխհատուցել Ցեղասպանության հետևանքով Հայաստանին հասցված վնասները, Թուրքիայի հետ որևէ բարեկամական, գործընկերային հարաբերություն կա՛մ  երկրորդ պլան է մղելու Հայկական հարցը՝ Հայ դատը, կա՛մ ուղղակի դատապարտված է շատ կարճ ժամանակ հետո կրկին խափանվելու, և ավելին՝ որպես շանտաժ մեր դեմ օգտագործվելու համար։

«Այսինքն, մենք դեմ չենք, որ մեր հարևանների հետ ունենանք բաց սահմաններ, ավելին՝ մենք միշտ պահանջել ենք ապաշրջափակել Հայաստանը, բայց պետք է ապաշրջափակվել որպես սուվերեն պետություն։ Ցանկացած հարաբերություն հարևանների հետ պետք է հիմնված լինի մեր ազգային, պետական շահի առաջնայնության վրա։ Այնինչ այս պահին, ինչ առաջարկում են մեր պետական գործիչները, ոչ այլ ինչ է, քան աննպատակ, անհետևանք շողոքորթություն»,-ասաց նա։

Ներսես Ներսեսյանը չի կարծում, որ սահմանների բացումը մեզ օգուտ կբերի։ Ավելին, վստահ է, որ կհայտնվենք դեմպինգի վտանգի տակ։ Բայց, նրա խոսքով, նույնիսկ սա չէ հարցը, հարցն այլ տեղ է՝ արդյո՞ք մենք արժանապատիվ պետություն ենք, մեզ հարգել գիտենք, արդյո՞ք մենք ունենք մեր պահանջատիրությունը, և նույնիսկ եթե մենք պատրաստ ենք ինչ-որ բան տալ, մենք ի՞նչ ենք ստանում դրա դիմաց։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica