close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության նախընտրական վարկերը` վերարտադրման գործի՞ք

Տնտեսական

31 Մարտի 2021, 13:31
 Կառավարության նախընտրական վարկերը` վերարտադրման գործի՞ք

Նախորդ տարի պոպուլիստական վառ փաթեթավորմամբ մեկնարկած «հակաճգնաժամային» երկրորդ միջոցառումը նպատակ ուներ չեզոքացնելու կորոնավիրուսի տնտեսական հետևանքները գյուղատնտեսության ոլորտում։

Բնականաբար, այս դեպքում ևս իշխող քաղաքական խմբակն իր դերի մեջ էր։ Կառավարության նիստում հաստատվեց հերթական ականջահաճո և բարձրագոչ նպատակը՝ գյուղատնտեսության ոլորտում սրվող և նոր առաջացող խնդիրների ֆոնին։

Իսկ իրականում այս միջոցառմամբ նախատեսված էր՝ գյուղատնտեսությամբ զբաղվող այն անձինք, որոնք չունեն ժամկետանց վարկային և հարկային պարտավորություններ, կարող էին ստանալ արտոնյալ վարկեր 2020թ․ ապրիլից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Այս վարկերի տոկոսային ծախսերը վճարում է (սուբսիդավորում է) պետությունը։

Փաստորեն, կառավարությունը մերժեց աջակցել այն գյուղացիներին, որոնք նաև հենց այդ կառավարության ապաշնորհության և անգործության հետևանքով են հայտնվել վարկային անելանելի բեռի տակ։

Իրականում այս գյուղացիներն են պետական աջակցության առաջնային շահառուները, սակայն այդպես էլ դուրս մնացին պետական սուբսիդավորմամբ մատչելի վարկ ստացողների շրջանակից։ Այսպիսով` նրանք մնալու են աղքատության ճիրաններում՝ սոցիալական նպաստի հույսին։

Պաշտոնական տվյալների համաձայն` 2020 թ. այս ծրագրով շուրջ 27 հազար տնտեսվարողներ ստացել են արտոնյալ վարկեր՝ 1 միլիոն դրամի չափով և զրո տոկոս տոկոսադրույքով, երկու տարի ժամկետով։ Ի դեպ, ծրագրի շահառուներից որևէ մեկը չի ունեցել ժամկետանց վարկային պարտավորություններ։

Ավելին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ այս ծրագրի միջոցով վարկառուների 25 տոկոսի մոտ արձանագրվել են արտոնյալ վարկի նպատակային օգտագործման խնդիրներ։ Այսինքն՝ ծրագրով ծախսված պետական միջոցների առնվազն 25 տոկոսն ունի փոշիացման իրական ռիսկ։

Գյուղատնտեսության ոլորտում օր օրի ահագնացող խնդիրների ֆոնին, սպասվող առարկայական լուծումների փոխարեն, օրվա քաղաքական իշխանությունն իրականում շարունակում է իր հակասոցիալական վարքագիծը։

Այս ամենի ևս մեկ օրինակ է 2021 թ․ մարտի 25-ի կառավարության նիստի 38-րդ հարցը (օրակարգը հասու է https://www.e-gov.am/sessions/ հղումով):

Մասնավորապես` կառավարությունը որոշեց 2021 թ․ ապրիլից մինչև հոկտեմբերի 1–ը կրկին և նույն խնդրահարույց մեխանիզմով իրականացնել գյուղատնտեսության ոլորտի` վերը նշված օժանդակության ծրագիրը, որն ավարտվել էր 2020 թ. դեկտեմբերին։ Պետական բյուջեից լրացուցիչ տրամադրեցին 1,6 միլիարդ դրամ՝ առանց հաշվի առնելու այս ծրագրի շահառուների շրջանակին, նպատակայնությանն ու հասցեականությանը վերաբերող և բացահայտված բազմաթիվ խնդիրները։

Բա ո՞ւր մնաց ձեր նախընտրական խոստումը՝ «նպաստից դեպի աշխատանք և կայուն եկամուտ»։

Ամփոփում․ իրական խնդիրներից շեղելու` իրենց խմբակի նեղ քաղաքական շահին ավելացել է նորը։ Վերարտադրվելու համար ունեն կենսական անհրաժեշտություն, իսկ դրա համար էլ կարիքն ունեն իրացնելու պոպուլիստական նոր չափաքանակներ։ Բնականաբար, այս նպատակով ջանք չեն խնայում, իսկ հանրօգուտ բանի անընդունակ են… 

 

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Կուտակումներ Փարաքարում
20 Հունիսի 2021, 10:37 Կուտակումներ Փարաքարում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica